Եթե կան ոլորտներ, որ պանդեմիայի շրջանում հնարավոր է հեռավար դասապրոցեսով լրացնել բացթողնվածը, կամ բիզնեսի տեսակ կա, որ հնարավոր է տնից կառավարել, ապա սպորտը, մանավանդ թիմային մարզաձևերը՝ անհնար է: Զրուցեցինք սպորտի ոլորտի մասնագետների հետ (երկու Գևորգ Ալեքսանյաններ), թեման՝ սպորտը եւ կարանտինը:
Հարցազրույց Հունահռոմեական ըմբշամարտի վաստակավոր մարզիչ ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Ալեքսանյան, ըմբշամարտը կոնտակտային մարզաձև է և հնարավոր չէր հեռավար մարզում անցկացնել: Ինչպե՞ս կարողացաք հաղթահարել կարանտինային շրջանը: Եվ, ի՞նչ ծրագրեր խափանվեցին, ի՞նչ սպասելիքներ դեռ կարող եք ունենալ:
— Ինչպես գիտեք, 2020-ը Օլիմպիական խաղերի տարի էր, որը քառամյա ցիկլի կարևոր մասն էր, սակայն ամեն ինչ խառնվեց, ընդհուպ Օլիմպիական խաղերի չեղարկում: Լավ է, որ վերջնական որոշում կայացվեց՝ ուղիղ մեկ տարի հետաձգել. և վարկանիշայինները, և խաղերը: Անորոշություն մեջ ենք. ի վերջո, ամբողջ տարվա պլանավորում ունեինք, միանգամից ջուրը լցվեց: Իսկ ինչպե՞ս ազդեց այն մեր մարզումների վրա: Բնականաբար, ամբողջ աշխարհի սպորտը տուժեց այս պանդեմիայից: Մենք փորձեցինք հնարավորինս պահել մարզիկների տոնուսը, որ, եթե բացվեն մարզումների, հավաքների, մրցաշարերի անցկացման «դռները», գոնե ֆիզիկապես պատրաստ լինենք, որ մարզիկի պատրաստականությունն այն աստիճանի չիջնի, որ մեկ տարի պետք լինի վերականգնվելուն: Թե որքանով այն ստացվեց, համենայնդեպս, մենք փորձեցինք:
— Այսինքն, Դուք ևս հեռավար մարզումային ծրագրերո՞վ աշխատեցիք:
— Այդ մեթոդն էլ օգտագործվեց, բայց քանի որ ես Արթուրի հայրն եմ, և մենք նույն ընտանիքում ենք, փորձեցինք հնարավորինս, բացօթյա տարածքում մարզվել, իհարկե, պահելով պարետի հրահանգները: Երբ կարանտինը մեղմացվեց, մարզադպրոցի սաների հետ աշխատեցինք, որպեսզի իրենց մարզումային ու ֆիզիկական վիճակը փրկեինք: Այս շաբաթ ըմբշամարտի աշխարհի ֆեդերացիան օնլայն ժողով անցկացրեց, որ հասկանանք, թե ինչ ունենք, ինչ պիտի անենք: Վերջնական որոշում չկա, բայց հունիսի 20-ից հետո ֆեդերացիան կփորձի մրցումային նոր օրացույց կազմել, այդ ժամանակ միայն Հայաստանը կկազմի իր ծրագրերը. եթե հնարավոր լինի՝ մարզումներ, հավաքներ կանցկացնենք:
— Բոլորիս հուզող հարցը. ի վերջո, ե՞րբ է սկսվելու Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի կառուցման աշխատանքները:
— Թարմ նորություն. ավարտվել են նախագծա-նախահաշվային աշխատանքները, ԱԻՆ-ը և Քաղշինն էլ իրենց եզրակացություններ են տալու. եթե ուղղումներ լինեն, մի 10 օրում էլ դրանք են արվելու: Հետո պատվիրատուն հայտարարելու է շինարարի տենդեր: Մի 40 օրից էլ, երբ շինարարը պարզ դառնա, ապա կարող ենք հույս ունենալ, որ շուտով կսկսվեն շինաշխատանքները, բյուջեով գումարը նախատեսված է, ոչ մի խնդիր չկա և, եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա 2021-ի վերջ կամ 2022-ին արդեն Գյումրիում կունենանք եզակի սպորտային բազա, որը համեմատաբար նմանն ունի Ծաղկաձորում, բայց մի քանի առավելություններով: Կարծում եմ, այդպիսով ոչ միայն մարզումային կյանքը կակտիվանա, այլև սպորտային զբոսաշրջությունը:
Հարցազրույց Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մանկապատանեկան ֆուտբոլի ղեկավար ԳԵՎՈՐԳ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Ալեքսանյան, մեր մարզում մեծ թվով երեխաներ ֆուտբոլով են մարզվում: Եվ կարանտինի շրջանում նրանք զրկվեցին մարզվելու հնարավորությունից: Մյուս կողմից էլ, շատ կարևոր է երեխաների ֆիզիկական զարգացածությունն ու առողջությունը: Ինչպե՞ս անցկացրեցիք կարանտինը, ի՞նչ ելքեր փորձեցիք գտնել ստեղծված իրավիճակից:
— Կարանտինի ժամանակահատվածում մեր բոլոր մարզիչներն օնլայն տարբերակով՝ ամենշաբաթյա ցիկլային ծրագիրը ներկայացրել են 11-16 տարեկաններին, իսկ վերջիններս էլ անհատական առաջադրանքները կատարել են: Չէի ասի, թե լրիվ բավարարվել է, ինչպես կուզենար աշխատել մարզչական շտաբը, բայց եղած միակ հնարավորությունը դա է եղել: Առանց մարզչի հետ շփման, թե որ երեխան՝ որքանով կկատարեր առաջադրանքը, դա հարցի մյուս կողմն է: Մենք նաև մեծ թվով 7-10 տարեկան մարզվող երեխաներ ունենք, իրենց ոչ մի տեղեկություն հատկացնել չստացվեց: Սպասում ենք, թե ինչ է լինելու… ՀՀ առաջնության տարբեր տարիքային խմբերում մեր բոլոր թիմերը գնում էին 1-ին եռյակում, բայց հաշվի առնելով կարանտինը, ՀՖՖ-ն զրոյացրեց բոլորի, այսպես ասած, հաշիվները: Կարանտինի մեղմացումից հետո, նոր-նոր սկսել էինք իբր մարզվել, այն էլ մի երեխայի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, և ֆեդերացիան ստիպված եղավ մարզումների դադարեցման հրահանգ իջեցնել:
— Իսկ մի՞թե հնարավոր չէր հեռավորությունը պահպանելով մարզվել, ի վերջո, ֆուտբոլի խաղադաշտն ընդարձակ է:
— Բնականաբար, հենց դա էլ հաշվի առնելով էինք սկսել մարզումները, իհարկե, պահպանելով բոլոր կանխարգելիչ միջոցները. դիմակ, ձեռնոց, սոցիալական հեռավորություն, նաև այնպես էինք պլանավորել, որ թիմերն իրար չէին հանդիպում, բայց, ինչպես նշեցի, ստիպված եղանք դադարեցնել:
— Սպորտը կարծես թե ամենատուժված ոլորտն է:
— Այո, բոլորս էլ շատ-շատ նեղվում ենք: Ամեն սպորտաձև էլ իր առանձնահատկությունն ունի, բայց ֆուտբոլը… Օնլայնով որքան ուզում ես առաջադրանք տուր, բայց, եթե թիմով աշխատանք չի տարվում, մարզիչը սանի սխալները տեղում չի կարող ուղղել, ցույց տալ, ինչի՞ մասին է խոսքը:
— Պարոն Ալեքսանյան, մի այսպիսի զավեշտ մտքովս անցավ. երբ հեռավար դասապրոցեսների մասին հումորներ ծնվեցին, ընտանեկան կենցաղ մեջբերվեց, պատկերացրեցի, թե ֆուտբոլով մարզվող երեխան, ասենք տանը գնդակն ինչպես է հարվածում ու լսվում է մայրիկի ճիչը. «Սաղ խշրեցի՜ր…»…
— (Ծիծաղում է): Բայց, դե, իհարկե, տանը չեն մարզվել… Բակում, առանձնացված մի մասում է, բնականաբար, երեխան անհատական աշխատել:
— Իսկ ե՞րբ է առաջնությունը սկսվելու:
— Սեպտեմբերից պիտի սկսվի, բայց, անշուշտ, հրահանգի ենք սպասում: Որ սկսենք էլ, մի ամիս երևի ազատ գրաֆիկ տրամադրվի, որպեսզի թիմային աշխատանքը վերականգնվի:
Պիտակներ՝ #covid_19