ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կարանտինն ու զբոսաշրջությունը

Հարցազրույց Շիրակի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող ՆԱԻՐԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Նաիրա, զբոսաշրջությունը շատ երկրների համար տնտեսության  զարգացման հիմնական ոլորտներից է: 2019-ին, մասնավորապես Շիրակի մարզում, մեզ կարծես թե հաջողվեց զարկ տալ այս ոլորտի զարգացմանը, և սպասելիքները մեծ էին: Սակայն համաճարակը  խառնեց, այսպես ասած, բոլոր խաղաքարտերը:

— Իրականում, եթե խոսենք կոնկրետ Շիրակի մարզի մասին, ապա 2019-ին տուրիստական կազմակերպությունները, հյուրատները, ռեստորանները և այլն, ամբողջությամբ զբաղված էին, և 2020-ի հետ կապված լուրջ սպասելիքներ ունեին: Մեր ուսումնասիրությամբ, շատերը պատրաստվել էին այս տարվա համար. նոր տարածքներ էին գնել, կամ եղածը ընդլայնել, համապատասխան գույք էին գնել, մեծ ծախսեր էին արել, բանկերից մեծ վարկեր էին վերցրել… Եվ այս մարդիկ, համաճարակի հետ կապված, այժմ փակուղու մեջ են հայտնվել: Մնացին վարկերի տոկոսների տակ, շատերը կորցրեցին իրենց աշխատանքը: Եթե ընդհանուր ասենք, թե տնտեսությունը վնաս կրեց, ապա առաջին ոլորտներից մեկը զբոսաշրությունն է: Նաև զբոսաշրջության հետ մեծ թվով ներդրումներ ևս ի չիք դարձան: Ունեինք Համաշխարհային բանկի հետ կապված ծրագիր, ըստ որի, Գյումրու «Կումայրի պատմական կենտրոնը» պիտի վերակառուցվեր, վերականգնվեր, բայց ի ուրախություն մեզ, այն կշարունակվի: Մյուս տարի կունենանք Մարմաշեն վանական համալիրի վերականգնման ծրագիրը, ճանապարհը պետք է ասֆալտապատեն: Ունենք նաև «IDEA» հիմնադրամի և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիր՝ «Բարեկամության այգու» վերականգնումը: Կար ծրագիր քաղաքային պետքարանների և շատրվանների հետ կապված, բայց այն չեղարկվեց, որովհետև Համաշխարհային բանկն ուշադրությունը սևեռեց այլ ծրագրերի վրա: Ցավոք, դրամաշնորհային ծրագրերն էլ այս տարի շատ քիչ են:

Ի՞նչ ես կարծում, որ ասում են՝ «զարկ տանք ներքին տուրիզմին»՝ սա իրատեսակա՞ն է մեր մարզի համար:

— Այո, բայց ցավով պիտի նշեմ, որքան էլ Գյումրիում համաճարակային պատկերը ահագնացող չէ, միջմարզային ճանապարհները բաց են, հյուրատները, սպասարկման ծառայություններն ամենօրյա հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկում են, սակայն քաղաքային տուրիզմի հայտ համարյա չկա, քանզի մարդիկ ուզում են ավելի շատ հանգստանալ բնության գրկում, մեկուսացված վայրերում: Շատ արդիական են դարձել սրբատեղիները, օրինակ, Մարմաշենի վանական համալիրում շաբաթ-կիրակի մարդաշատ է, բայց, ցավոք, Շիրակի մարզն այդպիսի տեղեր շատ չունի, բնությունից էլ կաղում ենք: 2-3 անգամ հանդիպում-քննարկումներ են եղել մեր մարզի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների, ձեռնարկատերերի, հյուրանոցա-հյուրատների, սրճարանա-ռեստորանատերերի հետ: Փորձում ենք նրանց համար ստեղծել փաթեթներ, մարզային քարտեր, որոնք հնարավորություն կունենան վաճառել և ներքին գործընկերային կապեր հաստատել: Պետք է հասկանանք, ինչ համակարգ ընտրել, որը ճիշտ աշխատելաոճ կթելադրի: Բացի այդ, ունենք ծրագիր՝ ամբողջ մարզը գովազդելու, հանրայնացնելու: 3-4 տեսահոլովակ է նախապատրաստվում…

Եթե չեմ սխալվում, արդեն իսկ կային նման տեսահոլովակներ, սակայն Գյումրուն, Շիրակի մարզին կամ հպանցիկ էին անդրադառնում, կամ՝ անտեսում:

— Այո, կան: Հիմա էլ Զբոսաշրջության պետական կոմիտեն նախաձեռնություն է սկսել՝ պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի հետ, և Շիրակի մարզը դարձյալ դուրս է մնացել այս ցանկից: Անդրադառնալով մեր կենտրոնին, ասեմ, որ համաճարակից դուրս գալու համար զբոսաշրջության ոլորտի համար բավականին աշխատանքներ ենք տարել: Մեր մյուս՝ կայուն համայնքներ ծրագիրը, չի գործում, բայց լիահույս ենք, որ հյուսիսային մարզերում շատ է անհրաժեշտ նման ծրագրերի գործարկումը, և մինչև տարեվերջ հստակ դիրքորոշում կունենանք, թե այն ծրագրերը, որոնք արվում էին Վայոց Ձորում, Գեղարքունիքում, արվեն նաև Լոռի-Տավուշ-Շիրակում՝ կոնկրետ համայնքներին օժանդակություն տրվի: Եվ մյուս ծրագիրն էլ պրոֆեսիոնալ զբոսավարների ասոցիացիայի հետ համատեղ է՝ «Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում» ծրագիրը, որը համաճարակի ընթացքում առցանց դասընթացներ անցկացրեց, որի նպատակն էր՝ աշխատանքով ապահովել թվով 10 պրոֆեսիոնալ գիդերի՝ որոշակի ժամանակահատվածում, իսկ գիդերն էլ իրենց հերթին պիտի փոխանցեին իրենց գիտելիքները, տեսածը, լսածը, փորձը՝ մեր գաստրոբակերի սեփականատերերին: Սա բավական մեծ ծրագիր էր, և մենք հաջողությամբ այն իրականացրեցինք: Մեր օրինակով ցույց տվեցինք, որ կարելի է նման մի օրինակով գիդերին զբաղվածություն ապահովել, փորձի փոխանակում իրականացնել: Եվ այդուհետ, վերադառնալով ներքին տուրիզմին, պետք է ասեմ, որ շատ-շատ դժվարությունների մեջ են մարդիկ հայտնվել, որոնք մեծ հույս էին կապել զբոսաշրջության հետ: Պատկերացրեք, հյուրանոցները դատարկ են, սրճարանները դատարկ են կամ կիսադատարկ, եթե հյուրեր էլ գալիս են, ապա մեկ օրով, կամ մի քանի ժամով:

Իսկ այս շրջափուլը հիասթափություններ չի՞ բերել:

— Ես պոզիտիվ մարդ եմ, և դրական էմոցիաներով եմ տրամադրված: Գտնում եմ, որ սա ժամանակահատված է, որպեսզի ոլորտը մաքրվի, վերանայվի: Գիտեմ, շատ դժվար է, մարդիկ կորցրել են ֆինանսական միջոցներ, հույս, մոտիվացիա, հիասթափվել են, բայց այդպես սայլը տեղից չի շարժվի: Ինչ խոսք, հնարավոր է, որ որոշ մասը դուրս մնա ասպարեզից, իսկ նրանք, ովքեր առավել հնարամիտ կգտնվեն, կփորձեն շատ լավ պատրաստվել եկող տարվան:

Արդյո՞ք կրեատիվ գաղափարների բազա ստեղծելու հնարավորություն չունենք, որպեսզի մեր մարզի հնարավորությունները մեծացնենք:

— Շատ ունենք, և բոլորի կարծիքն է, որ Շիրակի մարզի երիտասարդությունը շատ լավն է. եթե խնդրի լուծում է անհրաժեշտ՝ մենք համախմբվում ենք ու միասնական ուժ դառնում: Այս պարագայում միացել են, մենք բոլոր հարթակներում գովազդում ենք մեր մարզը, օգտագործում ենք մեր «հումորի քաղաք» հասկացությունը, անգամ վերջերս դիմակներ ենք ստեղծել՝ հումորային գրառումներով: Եվ մեզ միացավ նաև Շիրակի մարզպետը. սա միջոց է, որ հումորի միջոցով մարդկանց ժպիտ պարգևես, որը կորել է դիմակի հետևում: Տարբեր եղանակներով փորձում ենք մաքսիմումը անել: Եկել է ժամանակը, որ մարզերի միջև մրցակցություն լինի, մինչևդեռ, ինչ խոսք, շատ կուզենայի, որ մենք երկրների միջև մրցակցության ուժ ներդնեինք: Պիտի փաստեմ, որ ոչ մի մարզ այս պահի դրությամբ զբոսաշրջության ոլորտն արթնացնելու փորձ դեռ չի արել, մենք մի քայլ առաջ ենք, մենք բավական գաղափարներ ենք փորձում կյանքի կոչել:

Պիտակներ՝