ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Կարծում էի՝ մարզպետը կլանայինից վեր կկանգնի»

Մրցույթ

Հունվարի 14-ին կայացել էր Գյումրու «Մոր և մանկան Ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ, որին մասնակցում էին տնօրենը՝ Աշոտ Կուրղինյանը, և Գյումրու բժշկական կենտրոնի ու վերը նշված հիվանդանոցի բժիշկ-տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը:

Աշոտ Կուրղինյանը 50 գրավոր հարցերից հավաքել էր 100 միավոր, իսկ Ժորժիկ Սերոբյանը՝ 96 միավոր։ Բանավոր փուլի 5 հարցերին երկու թեկնածուներն էլ տվել էին ճիշտ պատասխաններ։ Երբ երկուսն էլ ներկայացրել էին հիվանդանոցի զարգացման ծրագրերը, յոթ հանձնաժողովականներից մեկը «դեմ» էր քվեարկել Ժորժիկ Սերոբյանին, իսկ Աշոտ Կուրղինյանը 7 «կողմ» ձայն էր հավաքել։

Նախքան մրցույթը լուրեր տարածվեցին, որ Ժորժիկ Սերոբյանը ՇՊՀ ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանի որդին է, ավելին՝ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի թիմակիցը, ինչպես նաև մարզպետի մոտ ընկերոջ՝ ԵՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի ժ/պ Կարեն Պետրոսյանի քեռու որդին է: Եվ շատերն արդեն պնդում էին, որ հաղթող կճանաչվի Ժորժիկ Սերոբյանը…

… Ու չսխալվեցին. հունվարի 17-ին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը «Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի» տնօրենի պաշտոնում հաստատեց հենց Ժորժիկ Սերոբյանին՝ նրա հետ կնքելով 7-ամսյա աշխատանքային պայմանագիր:

 

«Մարզպետը փորձությունը չբռնեց»

Մարզպետի որոշման հրապարակումից հետո Աշոտ Կուրղինյանը մամլո ասուլիս հրավիրեց:

Իր խոսքում նա, մասնավորապես, ասաց. «Սա բացահայտ սուբյեկտիվ որոշում է: Սա դասական առումով՝ հովանավորչություն է: Կարող ենք սահմանում տալ. կոռուպցիայի ամենահստակ և ուժեղ դրսևորումը հենց հովանավորչությունն է: Ես տեղեկություն ունեմ, թե որտեղ, ով, ում հովանավորչությամբ է նշանակվել: Բայց այս դեպքում ում չէ, հոգնակիով պետք է ասել, մի փոքրիկ խումբ կամ խմբակ է, և թե ինչպիսի նպատակներ են հետապնդում… Այն եռյակը, որ հանդես եկավ որպես մեկ միավոր, որ ասում են՝ մենք մեկ չենք, այլ երեք, բոլորիդ հայտնի է, թե ովքեր են այդ եռյակում… Բոլորիս հայտնի, հեղափոխությունից հետո, տխրահռչակ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, որը հեղափոխության ալիքը, այսպես ասած՝ «բինգո» բռնելով, նման օրակարգ առաջ տարան ու, փառք Աստծո, չհաջողեցին: Եվ այդ խումբը, Գյումրի քաղաքում կատարում է իր ուրույն գործը՝ այն համեմելով հեղափոխության փոփոխությունների սոուսով: Շարժումը, որը մի ժամանակ կոչվում էր «Նոր Հայաստան, նոր հայրապետ», հիմա էլ կարող է կոչվել «Քաղաքը մերը բդի լինի»… Դե, դիմացն էլ քաղաքապետի ընտրություններ են: Սա ասում եմ, քանի որ տեսնում եմ, թե էս վերջին մեկ տարում ով, ինչ պաշտոնի է նշանակվում, ով՝ ինչ է անում, ով՝ ում բարեկամն է»:

Խոսելով 7-ամսյա պայմանագիր կնքելու մասին, Կուրղինյանն ասաց, որ հիվանդանոցը փորձադաշտ չէ, որպեսզի տեսնեն, իրենց նշանակած մարդը կհաջողի՞ աշխատել, թե ոչ: Որևէ մեկին 7 ամսով հնարավոր չի լինի կազմակերպչական «զրո» ունակությունները ցույց տալ: Եվ միայն հիվանդանոցը չէ, որ փորձադաշտ չէ, այլ հիվանդներն ու աշխատակիցները ևս փորձադաշտի նմուշներ չեն:

Ըստ Կուրղինյանի, մեկ տարի աշխատող մարզպետը, որը ներկայանում է թափանցիկ աշխատող, այդ ընթացքում այցելել է համարյա  բոլոր հիվանդանոցները, սակայն երբեք չի այցելել իրենց հիվանդանոց: Միայն մի երկու անգամ է հրավիրել, որպեսզի անհիմն բողոքների մասով խոսեն. Առաջին անգամ, քաղաքացին բողոքել էր, թե կիրակի օրով, իր քույրիկն այցելել է հիվանդանոց, սրսկում կատարելու համար գումար են պահանջել: Սակայն կոնկրետ՝ «Դու փող տվե՞լ ես» հարց չեն տվել, որովհետև չի տվել: Բժշկուհին ասած է եղել, թե կիրակի օրով ինքը պարտավոր չէր հասնել հիվանդանոց: Սա առիթ էր, որպեսզի ինձ կանչեին, այսպես ասած, «նա կավյոր»: Իսկ երկրորդ դեպքն ավելի խայտառակ է. մարզպետի կաբինետում, մարզպետի ընկերը (Կարեն Պետրոսյանը), ասել է. «Տիկոն իմ ընկերս է, բայց պտի պատասխան տաս, թե ընչի քու հիվանդանոցում կեսարյանովից դեղ են ուզել»: Գնումների մասին օրենքով մենք ձեռք ենք բերում այն դեղը, որն էժան է: Բայց ծանր դեպքով հիվանդի համար, այո, ավելի ուժեղ ազդեցության դեղ ուզել ենք: Այս բացատրությունս չանցավ, հետո ասացին, թե իբր բժիշկը փող է ուզել: Պարզեցի, որ հիվանդի կողմից շնորհակալություն հայտնելու համար 10 հազար դրամ փող են զոռով տվել բժշկին: Երկու դեպքերն էլ պարզվեց՝ անհիմն են: Ու մարզպետին ասացի, թե մարզպետ ջան, այստեղ հարց չկար, որ քո ենթակային՝ ինձ, կանչեցիր «նա կավյոր» ու այլ քաղաքացու ներկայությամբ փորձեցիր «կոտրել»: Ընդամենն այս երկու հանդիպումներն են եղել: Մի հիվանդանոցի, որտեղ ռեֆորմներ են կատարվում, կարգ է ստանում, որտեղ նոր ծննդատուն են սարքում, որտեղ… Ամենակարևորը, երբ մարզպետարանի կայքը տարաբնույթ առիթներով լուրեր է դնում. մեկ բուռ աղ լցնելը, ժապավեն կտրելը, իսկ կառավարության որոշմամբ, մարզի համար որոշվում է նոր ծննդատուն կառուցել, այս մասին կայքը լռում է: Ինչո՞ւ… Ես գտնում եմ, որովհետև «Ավստրիականի» հետ էր առնչվում»:

Այնուհետև Կուրղինյանը մեջբերեց դեկտեմբերին հիվանդանոց այցելած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքերը, որը լրատվամիջոցներին ասել էր, որ շատ գոհ է Ա.Կուրղինյանից ու Ա.Իսահակյանից: Իսկ մրցույթի հետ կապված հարցին պատասխանել էր, որ եթե ինքը լիներ, տնօրենի փոփոխություն չէր կատարի: Բայց դա ոչ թե հովանավորչություն է, այլ ոլորտի ղեկավարի գնահատական, մանավանդ, որ նախարարը մրցույթին ոչ ներկա է եղել, ոչ էլ որևէ կերպ փորձել է միջամտել:

Կուրղինյանն հայտարարեց, որ մարզպետը փորձությունը չհանձնեց. «Ես կարծում էի, որ նա վեր կկանգնի կլանայինից, բայց նա, միանշանակ, քննությունը չբռնեց: Ես իմացա, որ նա տեսնելով այս ասուլիսը, վաղը ԶԼՄ-ներին հրավիրելու է: Հաստատ համոզված եմ, չգիտեմ վաղն ինչ փաստարկ ասես բերելու են, անգամ հնարավոր է «պլենդուզից ցածր», որպեսզի կարողանան արդարացնել այսօրվա որոշումը: Ես գիտեմ, որ օրինակ կբերեն 2018 թվականին անցկացրած խայտառակ աուդիտը»: Բժշկի խոսքով, շատ դաժան աուդիտ է անցկացվել, փորձել են գտնել որևէ բան, ապա ուղարկվել է իրավապահ մարմիններ: «Ի՞նչ կարծիքի եք, հեղափոխական ֆոնին, եթե թերություններ լիներ, հանցակազմ լիներ, գործը կփակեի՞ն,- հարցնում է Կուրղինյանը և պատասխանում,- իհարկե՝ ոչ: Եթե պետությանը վնաս է հասցվել, ապա վերականգնել կտային: Գործը կարճվել է առանց դրա: 5-օրյա ժամկետ ունեին՝ գործը ետ չեն կանչել: Ոչ մի ֆինանսական զերծարարություն, հափշտակություն չի հայտնաբերվել… Ինչ-որ թուղթ են ձեռքերը գցել, թե իբր հիվանդանոցի լաբորատորիա է բերվել բրուցելոզով արյուն, կովի, թե մարդու… Ես ոչ մի նման թուղթ չեմ տեսել, ու ոչ մի թղթի տակ չեմ ստորագրել, ոչ կնիքել: Ոչ մի խնդիր չունեմ ես: Մարդու, որը 5 հոգու ղեկավարելու փորձ չունի, բերել դնել 219 աշխատակցի ղեկավարելու: Որ ի՞նչ: Եթե տնօրենը վատն է, եթե տնօրենի գործողությունների արդյունքում հիվանդանոցը 100 տոկոս տուժում է, եթե ֆինանսական պարտքերի տակ է գցել հիվանդանոցը, եթե կոլեկտիվը դեմ է, չեն սիրում, թոշակի է գնացել, բեր փոխի, հիմա անունն ի՞նչ ես դնում: Էլի եմ ասում, չեմ կառչած աթոռին, բայց ափսոսում եմ: Սա տնօրեն փոխել չէր, սա հիվանդանոցն ինձանից խլել էր, իմ ձեռքից իմ կյանքի գործը խլել էր: Սա ես չեմ հանդուրժելու, խլել են այն ծրագրերը, որոնք ես սկսել եմ, բայց չթողեցին, որ ավարտին հասցնեմ: Արդար չէ: Ամեն գնով փորձեցին սրան հասնելու: Ես էլ շատ պաշտպանված չեմ: Ասում եմ այն, ինչի պատասխանատուն եմ: Կարող եմ հիմնարկ առ հիմնակ մատնանշել, թե ում, որտեղ, ինչի համար են նշանակել»:

Կուրղինյանը նշեց, որ իրեն անթիվ անհամար զանգեր են գալիս, Ֆեյսբուք սոց. կայքում ևս շատ-շատ են գրառումները, մարդիկ առաջարկում են բողոքի շարժում իրացնել, բայց ինքը դրա կողմնակիցը չէ ու չի պատրաստվում աշխատակիցներին հորդորել, որպեսզի հիվանդներին թողնեն ու փողոց փակեն: Թե ինչ է պատրաստվում առաջիկայում անել, ասաց, որ միգուցե դուրս գա ու որևէ բան կազմակերպի, սակայն դեռ չի որոշել, միայն գիտի, որ գնալու է մինչև արդարությունը հաղթանակի: Հակառակ դեպքում, նշանակում է, քաղաքում բան չի փոխվել, և մարդկանց որոշակի շրջանակ ուղղակի ական են դնում 2018 թ. հեղափոխության տակ: Այստեղ իշխանությունները չեն խնդիրը, այլ տեղային կլանային խումբն է, որն անգամ ֆեյսբուքում ֆեյքեր են բացել ու անհարիր գրառումներ արել:

Նաեւ կարդացեք՝ Ի պատասխան բժիշկ Աշոտ Կուրղինյանի ասուլիսի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը բրիֆինգ էր հրավիրել: