ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կեղծիքով ընտրված Սահմանադրությունը կարո՞ղ է գոյություն ունենալ

Հարցազրույց Հայ Ազգային Կոնգրեսի իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ ԱՐՄԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ։

Պարոն Խաչատրյան, ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի՝ ՍԴի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ արված հայտարարությունը հայ հասարակության տարբեր շերտերի մոտ տարակարծությունների տեղիք է տվել: Մի մասը բացատրում է, որ ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը նախազգուշացնող կոմպոնենտներ է պարունակում: Իսկ մի մասն էլ ներկայացնում է, որ նման բան չկա, ավելին՝ բարձր են գնահատում երկրի իշխանությունների գործելաոճը: Ըստ էության, ի՞նչ է ասվում հայտարարության մեջ:

— Ասվում է, որ Հայաստանում կա ճգնաժամ, կա խնդիր, որ պետք է լուծել, որովհետև, մեծ հաշվով, այդպես երկար անհնար է շարունակելը: Ինձ մի բան անհասկանալի է. այսպես ասած՝ հակահեղափոխական շրջանակների հրճվանքը, քանզի որևէ դատապարտող տող չկա հայտարարությունում, այլ անհանգստություն է՝ ստեղծված իրավիճակի շուրջ: Ես ուրիշ բան կուզենայի ասել իրենց իրավապաշտպան ու իրավագետ համարողներին. եթե այդ մարդիկ ժամանակին Հրայր Թովմասյանից ու նրա գրած Սահմանադրությունից մեզ պաշտպանեին, այն ժամանակ ոտի կանգնեին, արտահայտվեին կեղծ Սահմանադրության դեմ, ապա մենք այսօր չէինք ունենա այս իրավիճակը: Պետք է անկեղծ գտնվեն ու չհրճվեն այդ ամբողջ հայտարարության մեջ մեկ նախադասություն գտնելով, որն աղավաղելով ցույց տան, թե իբր ԵԽԽՎ-ն դատապարտել է ՀՀ իշխանություններին: Բայց կա մեկ ուրիշ խնդիր. այս հայտարարությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր հեղափոխական իշխանությունն իր՝ հեղափոխական կոչմանն համարժեք չի գործում: Որովհետև արդեն 1,5 տարի չեն կարողանում լուծել այս խնդիրը, ուրեմն պետք է իրենց գործողություններն ու մոտեցումները վերանայեն: Որովհետև, կարծում եմ, դատաիրավական համակարգի փոփոխությունները պակաս կարևոր չեն, քան գործադիր և օրենսդիր իշխանությունը նախկին ռեժիմից մաքրելը: Սա չի նշանակում, որ պետք է կացնային քաղաքականությամբ դա անեին, բայց, այնուամենայնիվ, կար բոլոր իրավական ճանապարհները՝ այս խնդիրը լուծելու կամ արդեն լուծած, վերջացրած լինելու համար: Ու գնալով ավելի է ակնհայտ դառնում այն փաստը, որ այս Սահմանադրությունը, որն ուղիղ գրված էր Սերժ Սարգսյանի վրով, սա ո՛չ խորհրդարանական է, ո՛չ վարչապետական է, այլ սա հատուկ Սերժ Սարգսյանի կառավարման շարունակականությունն ապահովելու համար էր գրված: Ու որքան ուշ այս Սահմանադրությունից հրաժարվեն, որը փորձանք է մեր երկրի ու պետականության համար, այնքան ավելի շատ են նմանատիպ ճգնաժամեր լինելու:

Ըստ Ձեզ, ինչո՞ւմն է կայանում իշխանությունների հապաղումը. եթե եղել է հեղափոխություն, այլ ոչ թե իշխանափոխություն, ապա օրենսդիրն ու գործադիրը փոխվել են, սակայն երրորդ (դատաիրավական) իշխանությունում փոփոխությունները շոշափելի չեն: Արդյո՞ք առաջին երկուսի փոփոխությունից կարճ ժամանակ անց չպետք է մտածեին երրորդ իշխանության փոփոխության մասին, մանավանդ հենց սկզբից խոսում էին անցումային արդարադատությունից ու վեթինգիցՍակայն այն տեղի չունեցավ: Մի՞թե 1,5 տարին քիչ էր, որպեսզի հասցնեին այդ հարցերով զբաղվել, թե՞

— Ես ձեռնպահ կմնամ կարևորության հերթականությունը նշելուց, որովհետև վստահ եմ, որ Ձեր նշած իշխանության ճյուղերի հարցը պետք է միաժամանակ կամ զուգահեռ լուծվեր: Կարծում եմ, գործադիր և օրենսդիր իշխանությունը փոխելը բավականին հեշտ էր, չնայած այդ ճանապարհին նույնպես սխալներ եղել են. օրինակ, առանց Ընտրական օրենսգրքի փոփոխության անցկացվեց 2018թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրություները: Իսկ դատական իշխանության դեպքում, գուցե իշխանություններն իրենք պիտի բացատրեն, թե ինչու է ձգձգվում:

Լավ, իսկ լուծման ճանապարհ Դուք ո՞րը կառաջարկեիք:

— Ես, այնուամենայնիվ, կառաջարկեի Վահե Գրիգորյանի նամակում առաջարկած լուծման տարբերակը, որով ԱԺ-ն դիմում էր սահմանադրական մարմիններին՝ դատարանակազմությունը Սահմանադրական դատարանում ավարտին հասցնելու համար: Կարծում եմ, դա ամենաիրատեսական, օրինական և տրամաբանական ճանապարհն էր և որին այս իշխանությունները, չգիտես ինչու, չանդրադարձան:

Ոչ միայն չանդրադարձան, այլև վարչապետի ասուլիսի ժամանակ հարց բարձրացվեց, թե ինչու Վահե Գրիգորյանը չի մասնակցում Սահմանադրական դատարանի նիստերին, ինչին վարչապետն արձագանքեց, թե կճշտեն

— Այո, փոխանակ այդ հարցը դառնար քննարկման առարկա, թե ինչ պատճառով Վահե Գրիգորյանը նիստերին չի մասնակցում, հենց այստեղ պետք էր շեշտադրումը իշխանությունը տաներ այլ ուղղությամբ, և հենց Վահե Գրիգորյանի պատճառաբանությունները հաշվի առնելով, գնար հարցի լուծման:

Վարչապետի հանձնարարությամբ, ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժով: Արդյո՞ք այն, իրոք, միտված է լինելու Սահմանադրական դատարանի ճգնաժամի հաղթահարմանը:

— Կտրականապես դեմ եմ Սահմանադրության մեջ մի քանի փոփոխություններ անելը, մարտավարական հարցեր լուծելը, որովհետև ակնհայտ է, որ Սահմանադրությունը չպիտի հարմարեցնել կամ 2-3 հարց լուծելու համար: Մենք անընդհատ կրկնում ենք, որ 2015թ. ներկայացված Սահմանադրական փաստաթուղթն ունեցել է մեկ գերակա խնդիր՝ երկարացնել Սերժ Սարգսյանի իշխանությունը, նպաստավոր պայմաններ ստեղծելու նրա իշխանության վերարտադրության համար: Իսկ հանրաքվեին Հայաստանի ժողովուրդը չի քվեարկել կողմ այս Սահմանադրությանը: Այն արտահայտությունը, որ արեց վարչապետը, երբ խոսեց Հրայր Թովմասյանից, ասաց՝ կեղծիքով ընտրված որևէ մարդ չի կարող պաշտոնավարել նոր Հայաստանում: Իսկ կեղծիքով ընտրված Սահմանադրությունը կարո՞ղ է գոյություն ունենալ: Եթե կեղծիքը մերժում ես, պիտի մերժես ամբողջությամբ, այլ ոչ տեղ-տեղ, մաս-մաս: Էլ չեմ ասում, որ 2015-ին վարչապետը ստորագրել է «ՈՉ»-ի շտաբի դիմումի տակ, երբ դիմում էինք Սահմանադրական դատարան՝ Սահմանադրական հանրաքվեի արդյունքները վիճարկելու համար:

Ուղղակի այն ժամանակ նա վարչապետ չէր:

— Սակայն իր վերաբերմունքն հաստատել է ներկայիս Սահմանադրության վերաբերյալ: Այնպես որ, ոչ թե հանձնաժողով է անհրաժեշտ ստեղծել, որը կզբաղվի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելով, այլ պետք է հասարակական, քաղաքական լայն շրջանում քննարկում անցկացվեր, հաշվի առնվեր առաջարկությունները, որից հետո նոր միայն հանձնախումբ ստեղծվեր, և ոչ այս տեսքով, այլ հասարակության լայն շրջանակներից ընդգրկված կազմով: Տեսեք, 1995թ-ին, մինչև Սահմանադրության փաստաթղթի հաստատումը, նախ Գերագույն խորհուրդ է բերվել Սահմանադրության 6 տարբերակ, դրա մեջ եղել է և՛ սուպերնախագահական, և՛ կիսանախագահական, և՛ խորհրդարանական, և այլ մոդելներ: Ընտրվել է մի մոդել, որը նոր միայն դրվել է հանրաքվեի: Չեմ կարծում, որ մի քանի փոփոխություներով, կեղծված ու մերժված Սահմանադրական փաստաթղթով կլուծվի մեր երկրի առջև ծառացած խնդիրները, որը կերաշխավորի Հայաստանի բնականոն զարգացումը: