ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կինը կարող է հանդուրժողականություն բերել քաղաքականություն

Հարցազրույց «Շրջապատ» շաբաթաթերթի խմբագիր ՍՅՈՒԶԻ ՄԵԽԱԿՅԱՆԻ հետ:

— Տիկին Մեխակյան, օրերս վերադարձաք Թբիլիսիից, որտեղ մասնակցում էիք «Ֆրիդրիխ Նաումանի» անվան հիմնադրամի «Եվրոպացի կանանց ակադեմիայի»՝ «Լիդեր կանայք քաղաքականությունում» խորագրով սեմինարին: Ինչպե՞ս ընդգրկվեցիք:

— «Ֆրիդրիխ Նաումանի» անվան հիմնադրամը բազմաթիվ ծրագրերով է աշխատում՝ գենդերային հավասարությունը, կինը և քաղաքականությունը, խոսքի ազատությունը և այլն: Բացի իր հիմնական գործունեությունից, հետևում է, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում Արևելյան գործընկերության անդամ երկրների քաղաքական գործընթացներում և, որն է կանանց դերն այդտեղ: Ինչպես հիշում եք, անցած տարի հոկտեմբերին ես մասնակցեցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին համարով և՝ արդեն որպես կին քաղաքական գործիչ, հրավեր ստացա մասնակցել սեմինարներին: Ես անկուսակցական եմ, բայց քանի որ Հայ Ազգային Կոնգրես կուսակցությունն առաջարկեց իր անունից ներկայանալ, համաձայնեցի: Ասեմ, որ Հայաստանից միայն ես եմ մասնակցում, մասնակիցներ կան Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Ադրբեջանից և այլն:

— Ի՞նչ են տալիս նմանատիպ հանդիպումները տարբեր երկրների կին քաղաքական գործիչների հետ:

— Բոլոր տեսակի շփումները, նախևառաջ, փորձի փոխանակում են ենթադրում, միևնույն ժամանակ՝ միմյանց ազգային ավանդույթների ներկայացում, նաև հնարավորություն՝ սերտ հարաբերություններ ստեղծելու այլազգիների հետ: Ուզում եմ հատկապես նշել իմ և Ադրբեջանի ներկայացուցչի հետ շփումները, որովհետև տեսնում ես, որ այն կողմում ևս գաղափարապես հասուն մարդիկ են ապրում, ովքեր կողմ են խաղաղ համագործակցության: Նա լրագրող է և շատ հետաքրքիր մտքեր է արտահայտում: Չնայած նաև պիտի նշեմ, որ հատկապես հայկական ջերմ բնավորությանս շնորհիվ՝ բոլորի հետ լավ հարաբերություններ եմ ստեղծել (ծիծաղում է):

— Տիկին Մեխակյան, ինչպիսի՞ն է կնոջ դերը քաղաքականության մեջ արտերկրում ու Հայաստանում: Կա՞ն համեմատության եզրեր:

— Ետխորհրդային երկրներն այնքան էլ մեր պատկերացրած Եվրոպան չեն, ինչպիսին, օրինակ, Գերմանիան, Ֆրանսիան կամ Իտալիան է: Այդ երկրներում իրավիճակները համարյա նույնն են, նման են: Այն, ինչ ես կարող եմ ասել հայաստանյան քաղաքական դաշտի վերաբերյալ, նույնը կարող է ասել ուկրաինացին, մոլդովացին, վրացին, ադրբեջանցին: Իրենց մոտ էլ ընտրական շրջանում կան վարչական լծակների չարաշահում, ընտրակեղծարարություն, ձայների «կաշառում», կոռուպցիա: Կանանց ներգրավվածության մասով ևս պատկերը գրեթե նույնն է՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս: Ասեմ նաև, որ սեմինարի մասնակիցներից երկուսն ընտրված քաղաքապետ են, երկուսը Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորներ, մի քանիսը պատգամավոր են եղել ու հիմա նորից պատրաստվում են մասնակցել ընտրությունների: Ինչպես գիտեք, ես ևս մասնակցում էի ՀՀ ԱԺ ընտրություններին՝ որպես ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի համամասնական ցուցակով ԱԺ պատգամավորության թեկնածու:

— Ի՞նչ է տալիս նման սեմինարներին մասնակցությունը, ու ստացած գիտելիքներն արդյո՞ք կիրառելի են Հայաստանում:

— Այս ծրագիրը պատրաստում է կին քաղաքական գործիչ: Մեզ սովորեցնում են՝ սկսած նպատակակետ ունենալուց ու դրա իրագործման ճանապարհային քարտեզ գծելուց, պլանավորումից, քարոզարշավային գործընթացը կազմակերպելուց, խոսքի ու պահվածքի վարպետությունից մինչև հագուկապ, դիմահարդարում, պրոֆեսիոնալ լուսանկարահանում և այլն: Այս ամենը դասավանդում են տվյալ բնագավառի հմուտ մասնագետները: Բացատրում են նաև քաղաքականության մեջ ինչպես պայքարել տղամարդկանց հետ, ինչպես ինքնավստահություն ձեռք բերել, հաստատուն քայլել այդ ասպարեզում ու երբեք չընկրկել: Հետո ի՞նչ, որ կին ես: Այո, դու կարող ես լինել և՛ խոհանոցում, և՛ քաղաքականության մեջ, կարող ես քո դիրքորոշումը հայտնել ու միշտ քո բարձունքում լինել, և թող հակառակ սեռը գիտակցի, որ դու թույլ չես, իրենց հավասար ես, դու գիտակ ես, այդ բնագավառն ուսումնասիրել ես ու կարող ես քո երկրի համար զարգացում ապահովել՝ քո կարողություններն ու հնարավորությունները ներդնելով:

— Դուք ակտիվ պատրաստվում եք քաղաքական գործընթացների, կարելի է ենթադրել, որ առաջիկայում լուրջ մարտահրավերներ եք նետելու քաղաքական գործիչներին:

— Եկեք իրականությունից չփախչենք. Հայաստանն այն երկիրն է, որտեղ քաղաքացի լինելով, ոչինչ չես կարող անել: Պետք է լինել քաղաքականության մեջ, որպեսզի քո գործունեությամբ կարողանաս երկրի զարգացումներում քո լուման ներդնել: Կստացվի ինձանից այն քաղաքական գործիչը, ում մասին գովեստով կխոսեն ու կարտահայտվեն, չգիտեմ, ցույց կտա ժամանակը: Գյումրու ավագանու ընտրություններին գուցե շատերի համար անսպասելի էր քաղաքապետի կին թեկնածու տեսնելը, ու գուցե ինձ ձայն չտվեցին՝ մտածելով, որ տղամարդ քաղաքապետն ավելի շատ բան կարող է անել: Բայց չի բացառվում, որ երկրորդ անգամ ևս փորձեմ:

— Ի՞նչ կարող է փոխել կինը հայաստանյան քաղաքականության մեջ:

— Կինը, նախևառաջ, կարող է հանդուրժողականություն բերել քաղաքականություն: Գյումրու ՏԻՄ ընտրությունների ժամանակ տղամարդ թեկնածուներից որոշները ինչ մուր ասես իրար վրա չշպրտեցին, սակայն որևէ մեկը երբևէ չփորձեց իմ նկատմամբ՝ մանավանդ որպես ընդդիմության թեկնածու, սև փիառ իրականացնել: Միգուցե դա հենց հանդուրժողականությունն էր: Բացի դրանից, կինն ավելի էմոցիոնալ ու խորքային է ընկալում յուրաքանչյուր հարց, ու ով է ասել, որ քաղաքականության մեջ ռոմանտիկա պետք չէ: «Եռանկյունի» ֆիլմում Լյուբան գալիս ու կեղտոտ դարբնոցը մաքրում է, նույն կերպով էլ քաղաքականությունը կարող է մաքրվել կնոջ ներկայությամբ: Եվ այս պարագայում կին-տղամարդ համագործակցությամբ կարելի է երկրին մեծ նպաստ բերել:

— Տիկին Մեխակյան, ո՞րն է այս դասընթացների վերջնարդյունքը ու ի՞նչ է տալու այն Ձեզ:

— Սա եռափուլ դասընթաց է, որի առաջին երկու փուլը տեղի ունեցավ Թբիլիսիում: Երրորդ փուլը Բաթումիում է լինելու՝ մայիսին: Կմասնակցեմ, կգամ ու այդ ժամանակ կկարողանամ ասել՝ ինչի հասանք վերջնարդյունքում և ինչ կարող եմ անել ստացած գիտելիքներով: Սա բացառիկ հնարավորություն է մասնակիցներիս համար, ինչի համար շնորհակալ եմ «Ֆրիդրիխ Նաումանի» անվան հինադրամին և, իհարկե, Հայ Ազգային Կոնգրեսին:

ՄԱՐԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ