ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Կյանքը աստիճան է

Իմ ու ամուսնուս միության հիմքը սերն էր: Չէինք էլ մտածում հարստության կամ շքեղ ապրելակերպի մասին: Կարևորը մեզ միացնող սերն էր, փոխադարձ մեծ սերը: Ամուսինս համեստ կարողության տեր ընտանիքից էր, միակ աշխատողը սկեսրայրս էր, ապրում էին տնակում, յոլա գնում շատերի պես՝ ոչ լավ, ոչ էլ վատ: Թեպետ շատ էի երազում հարսանեկան ճերմակ զգեստ հագնելու մասին, բայց գիտակցելով սկեսրանցս հնարավորությունները՝ համակերպվեցի այն մտքին, որ ինձ պիտի տանեն առանց հարսանեկան արարողության: Ամեն բան երկրորդական էի համարում. չէ՞ որ սիրելիս կողքիս էր, նրա ծնողներն անչափ սիրում էին ինձ, ես երջանիկ էի. սրանք էին էականը:

Մեր ամուսնությունից մեկ տարի անց ծնվեց առաջնեկս: Իմ ուրախությունն անչափ էր, կյանքը կատարյալ էր թվում, ի՞նչ հոգ, որ դրամի նեղություն էինք քաշում, որ սկեսրայրս այլևս չէր հասցնում բազմանդամ ընտանիքի հոգսը հոգալ, իսկ ամուսինս գործազուրկ էր: Ամուսնուս ջերմությունն ու ուշադրությունն իմ նկատմամբ փարատում էին ամեն մտահոգություն: Հիշում եմ, թե ինչպես ինձ չէր թողնում գիշերներն արթուն մնամ երեխայի պատճառով, ինքն էր ամեն ինչ անում, միայն թե ես հանգիստ լինեմ:

Ես նվիրված էի իմ ընտանիքին և անտրտունջ դիմանում էի ամեն նեղության: Առանց ափսոսանքի սկեսրոջս առաջարկեցի ինձ հետ տարած օժիտից որոշ բաներ վաճառել, հացի փող անել: Իսկ երբ սկեսրայրս ծանր հիվանդացավ, և մենք հայտնվեցինք ծայրահեղ աղքատ վիճակում ու պարտքերի մեջ թաղված, ամբողջ ունեցած-չունեցածս տվեցի սկեսրոջս, որ տանի շուկա: Ծնողներիցս էլ գումար խնդրեցի, որ կարողանանք ամուսնուս քրոջն ամուսնացնելիս գոնե մարդավարի սեղան սարքենք, ամոթով չմնանք:

Երբ երեխաս դարձավ չորս տարեկան, դիմեցի հորս, որ իր ընկեր-ծանոթների միջոցով ինձ մի գործի տեղավորի: Հորս ընդառաջեցին: Եղավ մի պահ, երբ ողջ ընտանիքի հոգսն ընկավ ուսերիս, տան միակ աշխատողը ես էի: Ամուսինս իր անգործությունն արդարացնում էր՝ ասելով. «Որտե՞ղ աշխատեմ, հիմա ո՞վ է աշխատում, որ… Գործ չկա, բոլորն էլ պարապ են»: Աշխատավարձիցս որոշ գումար էի տնտեսել, որ հավաքեմ, ինձ համար գոնե ամուսնական մատանի գնեմ (այն ևս վաճառել ու ապրուստի փող էինք արել): Սկեսրայրս մահացավ և տնտեսածս այդ գումարը տվեցի ամուսնուս, որ թաղման ծախսերը հոգա:

Այս ամենին չէի անդրադառնա, եթե ամուսնուս վերաբերմունքը չստիպեր ինձ՝ իրեն որոշ բաներ հիշեցնելու:

Այնպես ստացվեց, որ մեր բարեկամներից մեկը ամուսնուս տարավ Ռուսաստան՝ աշխատելու: Մի քանի տարի անընդհատ գնալ-գալով կարողացավ բավական գումար ետ գցել: Իհարկե, էլի շնորհիվ ինձ. ես մեր ապրուստի համար նրանից գումար չէի ուզում, ինքս էի հոգում ամեն ինչի մասին՝ թողնելով, որ իր աշխատած փողը նա հավաքի: Երբ վիճակներս արդեն լավ էր, որոշեցինք երկրորդ երեխան ունենալ: Կարողացանք այստեղ տուն առնել, խանութ բացել, բարեկեցիկ կյանքով ապրել: Սակայն, տարօրինակն այն էր, որ ամուսինս օրեցօր սկսեց փոխվել. դարձել էր քմահաճ, ինքնահավան, կոպիտ: Իր պահվածքով կարծես ուզում էր հասկացնել՝ «Փող աշխատողը ես եմ, ինչ ուզեմ՝ կանեմ»: Անգամ ծնողներիս, որոնք նեղ պահերին այնքան օգնել էին մեզ, իր վերաբերմունքով արգելում էր գալ մեր տուն, ինձ երեսով էր տալիս, թե ծնողներս իր վզին են նստած, գալիս են, ուտում-խմում, գնում: Որպեսզի տանը մշտապես վեճեր չծագեին, մերոնց հասկացրեցի՝ քիչ գան մեզ հյուր: Բայց ահավորը հետո պիտի պարզվեր…

Շուտով նկատեցի, որ ամուսինս սկսել է չափից դուրս շատ հետևել իրեն. միշտ մաքուր հագուստ էր պահանջում, թանկարժեք օծանելիք օգտագործում, երկար ժամանակով բացակայում էր տանից: Արդեն սկսել էի երանի տալ այն օրերին, երբ մենք սոված էինք, բայց սիրով ու համերաշխ էինք ապրում: Փորձեցի խոսել հետը, բայց նա միայն հոխորտաց. «Քեզ դրել ես երազածդ աղջկա տեղը: Ի՞նչ է, գիտես դու ես, որ կա՞ս: Ուզում ես ինձ կյանք բացատրե՞լ: Սրա՜ն նայիր: Կարող ես գնալ հերանցդ տուն»: Ես չէի ուզում ընտանիքս քայքայվեր: Որոշեցի ամեն գնով դիմանալ:

Բայց, երբ իմացա, որ սիրուհի ունի, համբերությանս բաժակը լցվեց: Վերցրի երեխաներիս ու հեռացա: Մոտ երկու տարի մնացինք բաժանված: Այդ ընթացքում նա հասցրել էր բանկերից խոշոր գումարներ վերցնել՝ գրավ դնելով մեր տունը, խանութը: Գործը, որի համար վարկ էր վերցրել, տապալվել էր: Ամուսինս լրիվ սնանկացել էր: Եվ, երբ բոլորը երես էին թեքել նրանից, հիշել էր մեզ՝ ինձ ու երեխաներին: Ես ներեցի նրան, քանի որ սիրում ու խղճում էի: Խղճում, որովհետև չհասկացավ, որ կյանքը աստիճան է ու շատ հաճախ վերևում գտնվողը գլորվում է ցած՝ կորցնելով ամեն ինչ:

Ս.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: