Մարդու կյանքում բոլոր դրական և բացասական հույզերն ունեն մեծ նշանակություն: Դրանք ճանաչելը և կառավարելը կարևոր է նաև դպրոցականի համար: Հուզական ինտելեկտ. շատերին ծանոթ, մեծ մասին էլ` հետաքրքիր։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք հոգեբանական գիտությունների թեկնածու ՍԵԴԱ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ։
— Նախ՝ հասկանանք, թե ի՞նչ է հուզական ինտելեկտը:
— Բարդ անվանման պատճառով այս կարողությունը մարդկանց մեծամասնության համար դառնում է անորոշ և անհասկանալի: Հուզական ինտելեկտը, կամ ինչպես ես սիրում եմ ասել՝ «հուզական խելքը», մարդու բանականության և հույզերի մտերմությունն է, համագործակցությունը, որը դրսևորվում է ինչպես սեփական հույզերը գիտակցելու և կառավարելու, այնպես էլ այլ մարդկանց հույզերը ճանաչելու և կառավարելու ունակության մեջ: Այս դեպքում նույնիսկ ցանկացած բացասական հույզ ճանաչվում և ապրվում է, ու մարդը դրա ուժը կարողանում է ճիշտ օգտագործել: Այն արդյունավետ հաղորդակցման, ինքնաճանաչողության, այլ մարդկանց ճանաչողության, ինքնակառավարման, ոգեշնչման, մոտիվացիայի աղբյուր է: Եթե շատ համառոտ, ապա` այսքանը:
— Այս կարողությունը բացասական կողմ ունի՞։
— Միանշանակ, այն հզոր զենք է։ Սա, եթե չի օգտագործվում ի բարօրություն, ապա ի վնաս հաստատ կարող է կիրառվել: Հուզական ինտելեկտի մասին մի գրքում կարդացի, որ Սթիվ Ջոբսը եղել է բարձր հուզական ինտելեկտի տեր, բայց այդ կարողությունն օգտագործել է իր ենթականերին վերահսկելու նպատակով: Չգիտեմ, թե որքանով է հավաստի, բայց սա այդ կարողության բացասական դրսևորման օրինակ է:
— Աշակերտի հուզազգացական զարգացման հիմքն արդյո՞ք դպրոցում է դրվում, թե՞ ընտանիքում: Աշակերտի հուզական ինտելեկտը առնչվո՞ւմ է կրթական միջավայրի հետ, և ինչպե՞ս։
— Մարդու հուզական զարգացման, այդ թվում՝ հուզական ինտելեկտի հիմքը դրվում է տանը, իսկ հետագայում՝ կրթական միջավայրում: Ծնողները, առաջին հերթին մայրը, ծանոթացնում են երեխային սեփական հույզերի հետ. «Տղա՛ս, դու այսօր տխո՞ւր ես» կամ արտահայտում են սեփական հույզը. «ինչքա՜ն երջանիկ եմ, որ դու ծնվել ես»: Ընտանեկան դաստիարակության մեջ թույլ տրվող սխալների հետևանքով առաջացող հուզական խնդիրներն այլ թեմա են: Հուզական ինտելեկտի զարգացումը տրամաբանորեն պետք է շարունակվի կրթական միջավայրում: Կրթական միջավայրում, բացի գիտելիք ստեղծելու և վերարտադրելու բաղադրիչից, պետք է ներառված լինեն ուսուցչի և աշակերտների հույզերը՝ ինչպես ուսումնական նյութի, այնպես էլ անձնային փոխհարաբերությունների մեջ: Եթե ուսումնական գործունեության մեջ առկա է հետաքրքրության, ուրախության հույզերը, ապա այն արդեն արդյունավետ է: Ուսուցիչն ինքը կարող է նյութի ներկայացման ժամանակ շեշտը դնել ոչ միայն գիտելիքի, այլ նաև աշակերտի հույզերի վրա. «Ի՞նչ ես կարծում, ի՞նչ էր զգում հերոսը այդ քայլը անելիս» կամ՝ «Ես հիացած եմ քո պատասխանով»: Սա հուզական ինտելեկտի տարբեր կողմերը զարգացնող հարցադրումներ են:
— Ժամանակաշրջանը փոխվել է. տարիներ առաջ ուսման առաջադիմության հարցը հիմնականում դիտարկվում էր աշակերտի մտավոր կարողություններով, սակայն ժամանակի ընթացքում դա վերափոխվեց և հաստատվեց, որ դրանով չի կարող երաշխավորվել ուսման առաջադիմության հարցը։
— Այսօր բազմաթիվ հետազոտություններ հաստատել են, որ բարձր առաջադիմությամբ «գերազանցիկ» աշակերտը հնարավոր է դառնա լավ մասնագետ, բայց լինի հոգեբանական լուրջ խնդիրներով մարդ: Ուստի, այս առումով, EQ-ն կամ հուզական ինտելեկտը, հաղթում է IQ-ին կամ բանականության գործակցին: Այս առումով հուզական ինտելեկտը թույլ է տալիս մարդուն գտնել իր պոտենցիալը, սովորել և աշխատել սիրով և նույնիսկ բացասական հույզերը օգտագործել դրական ելքի համար: Ոչ միայն ունենալ աշխարհի մասին գիտելիքների պաշար, լինել խելացի, այլ նաև կարողանալ արդյունավետ փոխհարաբերվել մարդկանց հետ: Այս շարքը կարելի է շարունակել:
— Ուսումնառության ընթացքում ակնկալվող մակարդակ ձեռք բերելու համար ի՞նչ կարևոր նախապայմաններ են անհրաժեշտ աշակերտին։
— Նախևառաջ իմանալ, թե ինչ է սովորելն իր համար կամ «ինչո՞ւ սովորել»: Այստեղ ուսուցիչը ևս գործ ունի անելու։ Ես այս մասին հաճախ եմ խոսում ուսանողների հետ: Որովհետև, եթե այդ «ինչու»-ին միացել է հետաքրքրության, արդյունքի ակնկալման երջանկության, գործընթացից ստացվող բավարարվածության ապրումները, մարդը կսովորի՝ ինչքան էլ բարդ լինի: Մինչև սա դառնա ինքնուրույն գիտակցված վերաբերմունք աշակերտի մոտ, այստեղ գործ ունեն անելու և՛ ծնողները, և՛ ուսուցիչները: Ինձ թվում է՝ միակ բանալին այս մոտեցումն է: Կրթության խնդիրն է՝ մոտիվացնել, ներշնչել։ Ուստի, այն ուսուցչից ևս բարձր հուզական ինտելեկտ է պահանջում՝ համադրած մասնագիտական գիտելիքներով:
ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ