«Ճարտարապետությունը երկար ու ձիգ դարեր եղել է հայ մշակույթի կարևորագույն բնագավառը: Սկսած մ.թ.ա. 3-րդ հազարամյակից, երբ Հայկական լեռնաշխարհն ամբողջությամբ ընդգրկվեց մշակութային մեկ ընդհանրության մեջ, աստիճանաբար սկսեցին կազմավորվել կառուցողական զորեղ ավանդույթներ: Հայկական ճարտարապետության ազգային կերպարը, սակայն, ձևավորվեց վաղ միջնադարում, երբ 301թ. Հայաստանն աշխարհում առաջինն ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն: Ըստ հայ հնագույն պատմիչների՝ Գրիգոր Լուսավորիչը, Տրդատ Գ թագավորը, ավերելով հեթանոսական տաճարները, նրանց մեծ մասի տեղում կառուցեցին առաջին քրիստոնեական եկեղեցիները՝ դրանով իսկ կապելով դարերով սրբագործված վայրերը նոր կրոնի հետ: Արդեն 4-5-րդ դդ. Հայաստանում ձևավորվեցին և 7-րդ դարում լայն տարածում ստացան կենտրոնագմբեթ եկեղեցիների բազմաթիվ տիպեր: Այդ դարն, իրավամբ, համարվում է հայ ճարտարապետության Ոսկե դարը, երբ ստեղծվեցին Մաստարայի, Պտղնիի, Արուճի, Էջմիածնի Սբ. Հռիփսիմե և Սբ. Գայանե եկեղեցիները, Բագավանի ու Թալինի տաճարները, Հառիճավանքը և, իհարկե, հայկական ճարտարապետության գլուխգործոց Զվարթնոց տաճարը…»,- այս ծանոթագրությունը մեջբերված է Լևոն Լաճիկյանի հերթական՝ գծանկարային բացիկաշարքում ներկայացված Հայաստանի և երկրի սահմաններից դուրս գտնվող 24 եկեղեցիները ներկայացնող նկարագրականում:
Հարցազրույց արվեստաբան, նկարիչ ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆԻ հետ
— Պարոն Լաճիկյան, հերթական հաճելի նորությունն ենք տեսնում, որն, ինչպես Դուք ներկայացրեցիք, տաք—տաք, տպագրատնից եք բերել մեր խմբագրությանը նվեր. շնորհակալություն: Նման մեկ գծանկարային բացիկաշարք ունեիք նվիրված Գյումրուն: Այս մեկը ևս շարք է՝ իր մեջ զետեղելով հայկական թվով 24 եկեղեցիները…
— Այո, ներկայացված է և՛ Հայաստանի, և՛ պատմական Հայաստանի, Սփյուռքի, և՛ Ֆրանսիայի, և՛ Լիբանանաի, և՛ Իրանի հայկական եկեղեցիները:
— Նախքան հարցազրույցը մի զարմանալի թիվ ասացիք, ինչը մեր երկրի իրական մշակութային գանձարանն է ներկայացնում…
— Այո, վերահաստատում եմ, դա օդից իջեցված թիվ չէ, այլ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի և այլ մասնագետների հաշվառած թիվն է՝ սկսած այն փոքրիկ խաչքարից, մատուռից և վերջացրած հայտնի համալիրները՝ Հայաստանում հաշվառվում է շուրջ 25 հազար պատմական հուշարձան: Եվ այսքանից մի քանիսը կարելի է նշել, որոնք ընդգրկված են որպես զբոսաշրջային երթուղի՝ Գառնի-Գեղարդ, Հաղպատ-Սանահին, Գոշավանք-Հառիճ, Սևան, Կեչառիս… Փաստորեն, մնացածի համար իրազեկված չենք:
— Ասել է, թե մենք մեր երկրի հարստությանն անծանոթ ենք, մեզանից բացառիկները գիտեն այդ ամենի մասին, մինչդեռ ինչպիսի՜ զբոսավայր—դրախտավայրի կարելի էր մեր երկիրը վերածել:
— Դա դեռ մեր հանրապետությունում, իսկ եթե ամբողջ պատմական Հայաստանը վերցնենք, ապա տասնապատիկ անգամ ավել է:
— Եվ ցավով պիտի նկատենք, թե որքանն է ավիրված:
— Անշուշտ, բայց դա միայն պատմական Հայաստանին չի վերաբերում, այլ նաև մեր երկրում բազմաթիվ պատմական հատվածներ ավիրակ կամ կիսավիրակ վիճակում են գտնվում: Թե ինչու ես այս գործը ձեռնարկեցի. այն գծանկարները, որոնք ներկայացրել եմ, անձամբ եմ տեսել, սկզբում ես սովորական էի ընդունում՝ որպես հայկական ճարտարապետության շինություններ: Բայց երբ մի քիչ խորանում ես, պատմությանն ես ծանոթանում, կամ ես, որպես արվեստաբան, մտածեցի, որ Հայ ժողովրդի պատմությունը կարելի է գրել ոչ միայն ճակատամարտերի և քաղաքական վերադասավորումների մասով, կամ չորուցամաք տարեթվերով, այլ մշակույթի միջոցով տալ Հայ ժողովրդի պատմությունը, որովհետև դա կլինի մեր հոգու պատմությունը: Ընդհանրապես, արվեստի պատմությունը ես չեմ դիտարկում լոկ որպես հուշարձանի ստեղծման պատմություն, այլ որպես հոգևոր մշակույթ: Որովհետև մենք՝ մեր ստեղծարար (կրեատիվ) միտքն արտահայտել, արտացոլել ենք մեր ստեղծագործություններում:
— Դուք մի լուծում եք առաջարկել բացիկների այս շարքում. բացիկի դարձերեսում զետեղված է երկլեզու հակիրճ նկարագրություն, թե որ եկեղեցին է, և ինչ ճանաչողական նշանակություն ունի:
— Եթե փորձենք առանձնացնել, թե որն է այս շարքի հայտանիշները, առաջինն այն է, որ սրանք լուսանկարներ չեն, այլ գծանկար է: Իսկ երբ գծանկարում ես, սկսում ես մի քիչ այլ կերպ հասկանալ գծերը, որը մի ուրիշ աշխարհ է, որն ես ընդհանրացրած ասում եմ գծաշխարհ: Սրանք ունեն գեղարվեստական, գեղագիտական արժեք, հենված մեր պատմական հուշարձանների վրա, որովհետև ես տեղանքներ կա, որ գծանկարում միջավայրը փոխել եմ: Երկրորդ քայլն այն է, որն, ի դեպ, «Էդիտ-պրինտ» տպագրատան հրատարակիչն առաջարկեց, որ եթե այս բացիկաշարքը շուկա է մտնում, ապա թող ասելիքով նոր լինի, այսինքն գեղարվեստականից զատ, նաև իմացական, ճանաչողական նշանակության լինի: Սկզբում մտածեցինք, որ զբոսաշրջիկների համար հետաքրքիր առաջարկ կլինի, հետո, երբ ինքս հակիրճ համառոտագրեցի եկեղեցու նշանակության պատմությունը, որն, ի դեպ, շատ բարդ է, ափսոսում ես սեղմել, խտացնել, ապա այն ճանաչողական նշանակություն ունի լայն դիտահորիզոնով. ցանկացած հայի համար է, սփյուռքահայի համար է, օտարերկրացու համար է…
— Դուք նաև նշեցիք, որ փորձել եք ոչ թե ուղղակի թարգմանություն ներկայացնել, այլ՝ հաշվի առնելով այլազգիի ազգային նրբերանգները, այլ մոտեցմամբ եք ներկայացրել:
— Այո, ասենք ֆրանսիացու, անգլիացու համար Սբ. Գայանե եկեղեցին հետաքրքիր է որպես ճարտարապետական առումով, որպես բազիլիկ կառույց, բայց իրենց չի հետաքրքրում, որ եկեղեցուն կից՝ գերեզմանոցում թաղված են Դանիել Բեկ-Փիրումովը, Լուսինե Զաքարյանը, Րաֆֆու՝ «Խենթ»-ի գլխավոր հերոսը: Դա մեզ համար է հետաքրքիր: Հաշվի եմ առել, թե հասցեատերերն ովքեր են:
— Պարոն Լաճիկյան, նկատեցի՝ եկեղեցիների շարքի մեջ կա մզկիթանմանը՝ խաչով: Սա արդյո՞ք նշանակում է, որ տարածաշրջանն ուղղակի ազդեցություն է թողել ճարտարապետության վրա, նկատի ունեմ՝ եկեղեցաշինությունը, մանավանդ, Դուք բազմաթիվ եկեղեցիներ եք տեսել և ուսումնասիրել:
— Ցանկացած արվեստ, հայկականը դրանից դուրս չէ, կրում է ազդեցություններ: Դուք բացիկաշարքի տուփում տեսաք 25-րդ բացիկը՝ տիտղոսաթերթը՝ Հայկական ճարտարապետության զարգացման վերաբերյալ: Եվ եկեղեցիներիս շարքը զուտ որևէ դարաշրջանի վերաբերյալ չէ, այլ տարբեր, մինչև մերօրյա: Ինձ համար շատ դժվար էր որևէ մեկի գծանկարն առանձնացնելը: Ներկայում հատուկ զբաղվում եմ նաև Թուրքիայի հայկական եկեղեցիներով, ոչ միայն Պոլիսինը, այլ նաև Դիարբեքիրինը, Կեսարիայինը… Այնքան հետաքրքիր է, նաև ուսումնասիրել եմ Սինգապուրի հայկական եկեղեցին: Ես գտնում եմ, որ սա լոկ ճարտարապետություն չէ, դա հայ ժողովրդի հոգու պատմությունն է, տվյալ տարածաշրջանում հայկականի հավաքական կերպարն է, ազգային թանձրացումը կա: Եվ որտեղ կա հայկական եկեղեցի, ապա շուրջը կա հայկական դպրոց, մշակութային տուն: Ինձ համար եկեղեցին ոգու տաճարն է, որտեղ պատարագվում է մեր երեկը, այսօրն ու ապագան:
Իսկ Ձեր հարցին… Ինչպես մեր ճարտարապետությունն է ազդեցություն թողել եվրոպական ճարտարապետության վրա՝ Թորոմանյանի ուսումնասիրմամբ, ավստրիացի գիտնական Յոզեվ Ստրիժիկովսկու գրքում էլ կա, թե ինչպես է հայկական եկեղեցիների խաչվող կամարներն ազդել գոթական տաճարների վրա, և սա ապացուցված է: Եվ մյուս կողմից չենք կարող ասել, թե չենք կրել ազդեցություն այլոցից:
— Ի՞նչ շարք է սպասվում ապագայում:
— Գյումրին՝ իր եկեղեցիներով, իր համայնապատկերով՝ լրիվ առանձնահատուկ է: Այս գծանկարային ձևաչափն օգտագործելով, ուզում եմ շարունակել Գյումրու ճարտարապետական գծանկարումը՝ հայտնի շենքերը, կառույցները, պատմությունները: Մենք չգիտակցված սիրով ենք սիրում մեր քաղաքը: Բայց լավ կլինի, որ բնազդայինից զուտ, իմանալով՝ խորը սիրենք: Եվ հերթում է Պոլիսի հայկական ճարտարապետության ներկայությունը: