ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հանդուրժողականության տարի հռչակելով՝ մենք ուղերձ ենք հղել աշխարհի երկրներին եւ ժողովուրդներին»

Հարցազրույց ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանության երկրորդ քարտուղար ԱՀԼԱՄ ՌԱՇԻԴ ԱԼ ՍԱԼԱՄԻԻ հետ:

Օրիորդ հյուպատոս, Էմիրությունների դեսպանատունը շուրջ 4 տարի է՝ գործում է Հայաստանի Հանրապետությունում. հետաքրքիր է, ինչպիսի ծրագրեր են իրականացվում դեսպանության կողմից:

— Հայաստանի Հանրապետությանը և Արաբական Միացյալ Էմիրություններին կապում են ջերմ հարաբերություններ, և այս հարաբերությունները նոր չեն: Տարիներ շարունակ, առավել ևս վերջին տարիներին մեծ զարգացումներ են ապրել: Նաև երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելություններն են դրա վառ ապացույցը: Հատկանշական է նախագահ Արմեն Սարգսյանի հունվարյան այցելությունը մեր երկիր: Ինչպես նաև Էմիրությունների կողմից տարբեր պատվիրակությունների այցը Հայաստան, Շարժայի էմիրության կառավարության անդամների այցը: Մայիսին տեղի է ունեցել ՀՀ-ԱՄԷ միջկառավարական հանձնախմբի նիստը: Պաշտոնական այցով Հայաստան էր այցելել նաև Հանդուրժողականության և խաղաղության համաշխարհային խորհրդի նախագահ՝ Ահմադ բին Մուհամադ ալ-Ջարուանը: Ինչո՞ւ եմ նշում այս պաշտոնական հանդիպումները. որովհետև բարձր մակարդակով հանդիպումներն ամրապնդում և խորացնում են բարեկամ երկրների միջև հարաբերությունները: Հարկ եմ համարում նշել նաև քաղաքական խորհրդակցությունները երկու երկրների միջև, որոնք տեղի են ունեցել Աբու Դաբիի Արտաքին գործերի նախարարությունում: Գրեթե բոլոր ոլորտներում, ինչպես օրինակ, մշակույթի, նորարական տեխնոլոգիաների, գյուղատնտեսական, տնտեսական ոլորտներում ծրագրեր իրականացվում են:

— 2007թ. ԱՄԷի և Հայաստանի միջև վավերացվել էր գյուղատնտեսական ոլորտին առնչվող համաձայնագիր: Սակայն 2019թ. ապրիլին ՀՀ ԱԳՆի՝ Երկկողմ հարաբերությունների «Արձանագրություն» պաշտոնաթղթում հրապարակված տվյալներում ես գյուղատնտեսական բնամթերքի ապրանքաշրջանառության ցուցանիշներ չտեսա:

— ԱՄԷ-ի կողմից կա գյուղատնտեսական ոլորտում մեծ ներդրումների բարձր հետաքրքրություն, և այս առումով հանդիպումներ են տեղի ունեցել Էկոնոմիկայի նախարարության հետ, որպեսզի ծանոթանանք, թե ինչպիսի հնարավորություններ կան և ինչպես կարելի է այն իրականացնել: Բացի այս, համագործակցության տեսանկյունից, քննարկումներ ենք ունեցել հատկապես գյուղատնտեսության ոլորտում փորձի և տեղեկությունների փոխանակման, աջակցության և ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավման, արդի ոռոգման համակարգ ստեղծելու, ինչպես նաև արտահանման բերքի ծավալներն ավելացնելու մասով: Բացի այդ, ԱՄԷ-ն հետաքրքրված է հատկապես օրգանական գյուղատնտեսությամբ և ցանկություն ունի հենց օրգանական միրգ-բանջարեղեն արտահանել: Էմիրությունների ներդրողների և գործարարների կողմից կա հետաքրքրություն Հայաստանում գյուղատնտեսական հողեր ձեռք բերելու և արդեն իսկ կան 200-ից ավել էմիրաթցիներին պատկանող գրանցված կազմակերպություններ:

— Ենթադրում եմ, որ այլ ոլորտներում ևս կան ներդրումներ:

— Իհարկե՝ կան: Հատկապես հետաքրքրություն կա  անշարժ գույքի և հյուրանոցային ոլորտներով:

Որքան տեղյակ եմ, յուրաքանչյուր շաբաթ 16 չվերթ է իրականացվում մեր երկրների միջև, և բավական մեծ թվով զբոսաշրջիկներ են այցելում ու մեկնում:

— Իհարկե, ամեն օր տեղի ունեցող չվերթներն արդեն իսկ փաստում են երկկողմ զբոսաշրջության աճը և զարգացումը: Ի համեմատություն նախորդ տարվա, այս տարի մենք ակնկալում ենք մոտավորապես կրկնակի թվով՝ 20 հազար և ավել էմիրաթցիների այցելություն Հայաստան:

Վերջին տարիներին Դուբայը դարձել է աշխարհի ամենահայտնի հանգստավայրերից մեկը, որտեղ ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ են այցելում: ԱՄԷն մեզ հայտնի է իր զարմանահրաշ կառույցներով. դուք անգամ անապատն եք ծաղկեցնում, անգամ ծովն եք «կառուցապատում»… Հետաքրքիր է, թե Հայաստանն ինչո՞վ է գրավիչ էմիրաթցիների համար:

— Այո, Դուք ճիշտ նկատեցիք. մինչ մեր երկրի կազմավորումը, այդ տարածքում եղել է անապատ: Պետության հիմնադիր նախագահ շեյխ Զայիդ բին Սուլթան Ալ-Նահյանի ճիշտ կառավարման շնորհիվ համախմբվեց Էմիրությունները, և երկրի ընդերքի հարստության ճիշտ ղեկավարման շնորհիվ մենք ունեցանք այն զարգացումը, ինչ ունենք: Ըստ համաշխարհային ցուցանիշի, ԱՄԷ-ն 2-րդ տեղն է գրավում՝ անվտանգության և խաղաղության առումով՝ դառնալով հանդուրժողականության մայրաքաղաք: Եվ երբ երկիրն անվտանգ է, այն գրավիչ է դառնում ներդրողների համար: ԱՄԷ-ն բաց քաղաքականություն է վարում, պարզեցված հարկային օրենքներ ունի, և մեր երկիրը ողջունում է օտարերկրացի ներդրողներին: Իսկ զբոսաշրջիկի համար ստեղծված են բարձրակարգ ծառայություններով ու մատուցմամբ, զարգացած ճանապարհներով, ժամանցի ու զվարճանքի հիանալի վայրերով, զարգացած ենթակառուցվածքներով հնարավորություններ:

Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ հատվածին. առաջին հերթին էմիրաթցի զբոսաշրջիկին գրավում է Հայաստանի մոտ լինելը. 2,5-3 ժամում հասնում ես: Ինչպես և Էմիրությունները, Հայաստանը ևս համարվում է խաղաղ ու անվտանգ երկիր՝ իր խաղաղ ու հյուրասեր բնակչությամբ, և սա լուրջ մոտիվացիա է: Բացի այս, օդն է մաքուր, եղանակն է հաճելի, ջուրն է համեղ: Մեր երկիրը, համարվելով անապատային, շատ շոգ է, և մարդիկ ստիպված են շոգերից «փախնել», և Ձեր երկրի օդն ու եղանակային պայմանները գրավիչ են դառնում: Մեզ դուր է գալիս հայաստանյան սնունդը, որը շատ համեղ է: Դուք ունեք հիանալի զբոսաշրջային վայրեր՝ գրավիչ զբոսաշրջիկների համար. մանավանդ Ծաղկաձորը՝ ձմռանը, Տաթևի ճոպանուղին, Ջերմուկում՝ ջրվեժը… Մի խոսքով, Դուք բավական լավ տեղանքներ ունեք՝ զբոսաշրջիկներին գրավելու համար:

Եվ, իհարկե, Գյումրին, որն ունի յուրահատուկ պատմամշակութային ճարտարապետություն…   Ունե՞ք Ձեր սիրելի կամ նախընտրելի հայկական ուտեստը:

— Այո, իհարկե. ես սիրում եմ խորովածը, աղցանները, նախուտեստները, ընդհանուր առմամբ, շատ սիրեցի հայկական սնունդը: Ես իմ ընկերներին միշտ ասում եմ, որ հայաստանյան ռեստորաններում մաքուր, օրգանական համեղ սնունդ է մատուցվում, մսեղենը ճիշտ ու համեղ է պատրաստված, մրգերն ու բանջարեղենը ևս շատ համեղ են:

— 2019-ը ԱՄԷն հայտարարել է «Հանդուրժողականության տարի»: Անցած ամիս, ԱՄԷի կողմից Շիրակի մարզի մոտ 300 սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների 20կգոց սննդի պարկեր տրվեցին, ինչի համար համար թույլ տվեք երախտագիտություն հայտնել: Այդուամենայնիվ, հանդուրժողականությունը մեծ իմաստ է ընդգրկում: Տեսեք, Ձեր երկրում տարբեր ազգեր են ապրում, մեր երկիրն այս առումով միատարր է, բայց դա չի նշանակում, թե մենք այլ ազգերին չենք հանդուրժում, ԱՄԷն այլ կրոն է դավանում, մենք՝ այլ, և մենք բարեկամ երկիր ենքՀանդուրժողականությունն, ըստ Ձեզ, է՞լ որտեղ պետք է «փնտրել»:

— «Հանդուրժողականության» տարի հռչակելով՝ մենք ուղերձ ենք հղում աշխարհի երկրներին և ժողովուրդներին, հատկապես որտեղ տիրում են պատերազմներ, վեճեր, ահաբեկչություններ, ծայրահեղականություններ: Մենք շատ ենք կարևորում հանդուրժողականության դերը, մենք երբևէ տարբերություն չենք դնում մարդկանց միջև՝ կլինի կրոնական, ազգային, ռասայական և այլն, մենք գտնում ենք, որ բոլորը հավասար են: Բացի այն ծրագրից, որ Դուք նշեցիք, և որը մյուս մարզերում ևս իրականացվել է, մենք նաև վիրահատության կարիք ունեցող երեխաներին ենք աջակցել, նրանց վիրահատման ծախսն ենք հոգացել: Հատուկ կարիքավոր երեխաների մանկատանն ենք աջակցություն ցուցաբերել: «Հանդուրժողականության տարվան» նվիրված այս և այլ նմանատիպ նախաձեռնություններով դեռ պետք է հանդես գանք: Մենք չենք ասում՝ օգնություն, մենք ասում են՝ աջակցություն: Մենք դեռ Շիրակի մարզում շարունակելու ենք մեր ծրագիրը: Հանդուրժողականության օրինակ և վառ ապացույց կարելի է համարել Հայաստանի Հաղարծին եկեղեցու վերականգնումը, որին աջակցել է ԱՄԷ-ի Գերագույն Խորհրդի անդամ, Շարժայի կառավարիչ, Նորին Վսեմություն շեյխ դոկտոր Սուլթան Բին Մուհամմադ Ալ Կասսիմին, նա գումար էր տրամադրել եկեղեցու վերականգնման և շրջակա ճանապարհի վերանորոգման ու բարեկարգման համար: Մենք այցելել էինք, և տեսանք, որ զբոսաշրջիկների կողմից մեծ հետաքրքրություն է վայելում Հաղարծին վանական համալիրը: Ինչպես տեսաք, մենք ոչ մի տարբերություն չենք դնում կրոնի և ազգերի միջև:

Նախկին դեսպանի և Գյումրու քաղաքապետի միջև նախապայմանավորվածություն կար Գյումրիում մանկապարտեզի կառուցման մասով:

— Մենք խնդրել ենք ավելի մանրամասն ներկայացնել նախահաշվարկը, նախագիծը, բայց դեռ վերջնական ծրագիրը չենք ստացել:

Զրուցենք որպես մարդկության թույլ սեռի ներկայացուցիչներՏեսեք, քրիստոնեությունը խիստ սահմանափակումներ չունի. օրինակ, կանանց չի պարտադրվում կրել այս կամ այն հագուստը, կա բարոյականության նորմեր ու չափանիշներ, որոնք ընդունելի պետք է լիեն: Իսկ, օրինակ, մահմեդականությունը պարտադրում է կնոջը հիջաբ կրել: Խոսենք Էմիրություններում գենդերային հավասարությունիցկնոջ դերից, որքանով է կարևորված կնոջ ներգրավվածությունը տարբեր ոլորտներում, արդյո՞ք արաբ կինն իրավունք ունի մեքենա վարել, աշխատանք ունենալ և այլնՄեր տպավորությամբ, արաբական երկրներում կնոջ համար շատ սահմանափակումներ կան:

— Դա այնքան էլ այդպես չէ: Դա բացարձակապես չի վերաբերում հատկապես Էմիրությունների կանանց: Ես կին եմ, էմիրաթցի եմ, ահա, աշխատում եմ իմ երկրից դուրս, դիվանագիտական կորպուսում: Էմիրություններում կան շատ կին նախարարներ, կին դեսպաններ, ճարտարապետներ, բժիշկներ… Բոլոր ոլորտներում կարող է կինն աշխատել, չկա որևէ սահմանափակում, նա կարող է տղամարդու կողքին հավասարապես մասնակցել կյանքի կառավարման, ղեկավարման բոլոր ոլորտներում: Մեզ մոտ կինը ոչ միայն մեքենա, նաև օդանավ է վարում, մենք ունենք կին-զինվորական օդաչու Մրիամ ալ Մանսուրին, որը պարգևատրվել է ՄԱԿ-ի կողմից: Վերջերս մեր նախագահ շեյխ Խալիֆա բին Զաիդ Ալ-Նահյանի կողմից հրովարտակ է արձակվել, որի համաձայն, նոր ձևավորվող ազգային պառլամենտի 50 տոկոսը պարտադիր կին պետք է լինեն: Սա արդեն իսկ ապացույց է, որ կինը մշտապես աջակցություն է ստանում ղեկավարության կողմից:

Ինչ վերաբերում է հագուկապին. իհարկե, մենք սիրում ենք պահպանել մեր ավանդույթները և սովորույթները, իսկ ազգային տոներին հատկապես սիրում ենք հագնել ազգային ավանդական զգեստները: Ժամանակի զարգացմանը զուգընթաց, փոխվում են նաև ազգային հագուստները, միջազգային նորաձևության կենտրոններից արդեն մեր նիկղաբիներն ու գլխաշորերն առավել վառ գույների, նախշազարդերով են առաջարկվում: Էմիրություններում ընդունված է, որ տղամարդիկ հագնեն սպիտակ զգեստներ, կանանց և տղամարդկանց գլուխները պետք է լինեն փակ, և դա կարելի է նորաձև լինի:

Գյումրի այցելած նախարարին հարցրել էի, թե մարդկությունն երջանկություն է փնտրում, իսկ Դուք մի ամբողջ Երջանկության նախարարություն ունեքՍա շատ տպավորիչ է: Ի՞նչ գործառույթներ է իրականացնում այս նախարարությունը:

— Այս միտքը ծնվել է 2016 թվականին, այն ԱՄԷ-ի փոխնախագահ, վարչապետ, Դուբայի ղեկավար Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից է հիմնվել: Եվ Երջանկության նախարարը կին է՝ երիտասարդ Օհուդ Ալ Ռումին, որի հետ Դուք ծանոթ եք։ Սա ևս մեկ ապացույց Ձեզ, որ երիտասարդ կին նախարար ունենք: Այս նախարարության քաղաքականությունն է՝ ապահովել իր բնակչի երջանկությունը, հեշտացնել նրա կյանքը, աջակցել հասարակությանը, պարզեցնել նրանց կյանքի առօրյան: Տարբեր կենտրոններ են ստեղծվել, որոնք զբաղվում են քաղաքացիների խնդիրները կարգավորելով. կլինի դա դատարան, թե պետական բյուրոկրատական ապարատի հետ առնչվող այլ հարցեր, հաշված ժամերի ընթացքում նախարարության կենտրոններից հարցերը կարգավորվում են: Հատուկ կարիք ունեցողներին, ծերերին պետական պաշտոնյան անձամբ է այցելում, և աջակցում բոլոր հարցերում ու անհրաժեշտ գործողություններում:

ԱՄԷն հետաքրքրված է արհեստական բանականությամբ, ունեք անգամ նույնանուն նախարարություն. ինչպե՞ս եք տեսնում դրա զարգացումն ու նշաձողի մինչև ո՞ր աստիճանին կարող է հասցվել այն…  Ռոբոտը պետք է մեր կյանքը հեշտացնի՞:

— Գիտությունը մշտապես զարգանում է և չի կարող նույն տեղում կանգնած մնալ: Այսօր արհեստական բանականությունն ապագայի գիտություն է, և մեր պետությունը մշտապես նայում է ապագային ու փորձում է ապագա սերունդների համար ժառանգություն թողնել, որպեսզի նրանք ունենան բարեկեցիկ ապագա ու կյանք: Այսօր ամեն տեղ կան արհեստական բանականության անհրաժեշտություն՝ ռոբոտները, նորարական տեխնոլոգիաները, փորձում ենք էլ ավելի զարգացնել կրթության, հատուկ կենտրոնների զարգացման միջոցով: Վերջերս  Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաքթումի կողմից նոր հրովարտակ էր դուրս եկել, որ պետք է ուսումնասիրվի նաև տիեզերքը, և հատուկ այդ նպատակով կենտրոն է ստեղծվել, համագործակցելու ենք ՆԱՍԱ տիեզերական ընկերության հետ: Կարծում ենք, գիտությունն ու տեխնոլոգիան սահման չունի, և մենք պետք է զարգանանք:

Ի՞նչ կուզենա հայաստանցիներին փոխանցել օրիորդ հյուպատոսը:

— Նախ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ հարցազրույցի համար. բավական հետաքրքիր հարցեր հնչեցին: Ես մշտապես ասում եմ, որ Հայաստանում զգում եմ ինչպես իմ տանը: Հայ ժողովուրդը հյուրասեր է, բարի է, մեծահոգի է: Առանձնակի ուզում եմ նշել հայերի ներդրումը մեր պետության կառուցման գործում, քանի որ, մինչ այդ էլ հայեր եղել են, որոնք օգնել են մեզ՝ կառուցելու մեր պետությունը: Մենք գնահատում ենք դա: ԱՄԷ-ում կա մոտ 7000 հոգանոց հայ համայնք, որը ստանում է մեր սերն ու աջակցությունը, և նույն սերն ու հոգածությունն էմիրաթցիներն են ստանում Հայաստանում: Էմիրաթցիները մեկ անգամ այցելելով Հայաստան, ցանկանում են կրկին այցելել, և նույնիսկ ցանկանում են այստեղ հող կամ շինություն ունենալ, որ մշտապես կապվեն այս հիասքանչ երկրի հետ:

Շուկրան (շնորհակալություն): Եվ վերջին հարցս. արդյո՞ք Շիրակի մարզում որևէ ներդրումային ծրագիր կիրականացնեք:

— Մենք պատրաստակամ ենք համագործակցելու Հայաստանի կառավարության հետ: Եվ այն ծրագրերը, որոնք կառաջարկվեն՝ մենք նույն պատրաստակամությամբ կլծվենք դրանք իրագործելուն:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ