ՀՈՒՇԵՐ

Հանձնվելու տարբերակ չկա

Աջից՝ Թամարա Վարդանյանի պապը, ընտանիքի հետ

…Սովորաբար մարդն իր կյանքի մերձսահմանային իրավիճակներում անցյալն է վերհիշում, խորասուզվում վերագնահատումների մեջ: Թամարային, չգիտես ինչու, բանտախցում այցելում էին հոր հուշերը: Հայրը վերապրել էր Եղեռնը, Հայրենական պատերազմը: Դառը կյանք էր բաժին ընկել նրան: Գուցե իր ներկա կայնքն աղե՞րս ուներ հոր կյանքի և այն իրողության հետ, որը նա մի կերպ, անհավանական ուժերով ձգում էր այժմ: Ինքն ու եղբայրներն այն ժամանակ ուշադրությամբ համակված, լսում էին հորը: Թամարայի պապը՝ Հովհաննեսն, ու նրա ընկերը հարուստ մարդիկ են եղել Արևմտյան Հայաստանում: Երբ Ալեքսանդրապոլ են եկել, երկուսով հյուրանոցներ են կառուցել՝ «Իտալիա» և «Ֆրանսիա» (Գյումրու ներկայիս Աբովյան փողոցում): Դրանք  նախկին ՊԱԿ-ի և այժմյան «Արաքս» հյուրանոցի տեղում են գտնվել: Հետո, երբ ՊԱԿ-ի շենքում կտտանքների են ենթարկել Հովհաննես պապին, նա սենյակների տեղաբաշխումը ճշգրիտ իմացել է և չեկիստներին ցույց է տվել, թե ինչպես պետք է տանեն իրեն: Հայրը՝ Խաչիկ Քոչարյանը, Հայրենական պատերազմի ժամանակ դասակի հրամանատար է եղել: Մի անգամ այսպիսի դեպք է պատմել իր զավակներին. գերմանացիները ռմբակոծում էին դիրքերը, սովետական զինվորները՝ բեկորներից պաշտպանվելու համար, թաքնվել էին խրամատներում: Հանկարծ հայերը լացի ձայն են առել: Նկատել են, որ օջաղուլեցի Երջանիկը կծկվել ու լաց է լինում: Հարցրել են. «Ա՛յ մարդ, ի՞նչ է եղել»: Սա թե. «Ի՞նչ գործ ունեի ես ըստեղ: Աղջիկ օր ծնված լինեի, հիմի թոնրի շուրթին նստած կեղնեի, մի քիչ էլ բոզություն կենեի՝ գլուխս մի կերպ կպահեի, իսկ հըմի ընկել եմ էս մսաղացը՝ ո՞վ մեռնի, ո՞վ սաղ մնա»: Հայերը սկսել էին հռհռալ նրա «երազանքի» վրա: Մինչդեռ մյուս զինվորները տարակուսած մտածել էին, թե էս հայերը հո՛ չե՞ն գժվել: Որպեսզի պատճառաբանեին իրենց չգժվելու փաստը, կիսատ-պռատ ռուսերենով թարգմանել էին Երջոյի ասածը, ու նրանց էլ էր համակել քրքիջը: Այս պատմությունը հիշելով, Թամարան մտածել էր, որ այժմ որքան կցանկանար տղամարդ լիներ, ֆիզիկապես կարողանար հաղթահարել իրեն բաժին ընկած տառապանքները: Իսկ դեռ որքա՞ն դժվարություններ էին իրեն վիճակված հաղթահարել: Ինքն հստակ կանխատեսում էր դրանք:

Քանի որ հայրը քարտաշ էր, պատերազմից հետո՝ 1947 թվականին, Ամասիայի կամուրջը կառուցելու հանձնարարություն է ստացել: Նրա ղեկավարությամբ աշխատել են հայ կալանավորները. մեկն, ասենք, Տեքստիլից բիազ էր գողացել, մյուսը մի այլ գործով էր «վառվել»… դե, սոված մարդիկ էին` ի՞նչ անեին: Մինչև գոտկատեղը Արփաչայի մեջ կանգնած աշխատել են՝ չեկիստների հսկողության ներքո: Կառույցի շինարարության ավարտից հետո, կամուրջը պետք է ընդունեին զինվորական մասնագետները: Բանվորների հետ շինարարության ղեկավարը պետք է կանգներ կամրջի տակ: Հայրն ասել է. «Սարքողը ես եմ, էս մարդիկ բանվորություն են արել՝ ինչո՞ւ պիտի իմ հետ կիսեն պատասխանատվությունը»: Լսող չի եղել: Գնդապետը հրաման է արձակել ու տանկերն անցել են կամրջով՝ ամրությունը փորձարկելու համար: Իրար ետևից 7 տանկ են անցել կամրջով: Փորձարկումը նորմալ է ընթացել: Այնուհետև սպաները սեղան են գցել: Շինարարները սպասվող խնջույքին մասնակից չէին կարող լինել: Բայց հայրը չէր կարող նրանց անուշադրության մատնել: Նա ասել է, թե  աշխատողները սոված են, նրանց էլ պետք է հացկերույթի կանչել: Գնդապետը բարի էր գտնվել, թույլ էր տվել: Մարդիկ այդ օրը կուշտ փորով հաց էին կերել:

Հայրն ասում էր, թե ամեն մի հիվանդություն կարող է բուժում ունենալ, բայց ստախոս մարդն անբուժելի է: Մեկը պատերազմից հետո նրա դեմ սուտ մատնություն էր տվել, թե, իբր, գերի է ընկել: «Չէկա» էին տարել, 12 օր պահել, ծեծել, որպեսզի խոստովանանք կորզեին չկատարած մեղքի համար: Մինչդեռ ամբողջ  իրականությունն այն էր, որ երկու անգամ դասակով թշնամու օղակի մեջ հայտնվելով, կարողացել էր մանևրելու միջոցով, փրկել իր մարտիկներին, դուրս գալ շրջափակումից: Նույնիսկ մի անգամ մազապուրծ է եղել յուրայինների ձեռքով սպանվելուց: Մարտի գնալիս հրամկազմը պետք է զինվորներին առաջնորդեր: Դեպքեր էին լինում, երբ մարտիկները, որ վրեժ ունեին հրամանատարից, թիկունքից սպանում էին նրան: Խաչիկը, ով արտաքինով ռուսի էր նման, մարտերից մեկի ժամանակ թիկունքում լսել է, թե ինչպես են ադրբեջանցիները պայմանավորվում՝ իրեն սպանել: Չեն կարծել, որ հայ կլինի: Իսկ նա շրջվել է ու թուրքերեն ասել. «Մինչև ձեր մտածածն անեք, ես երեքիդ էլ կգյուլեմ»: Սրանք ապշել են ու վախվորած խնդրել, որ ների իրենց՝ չմտածված քայլի համար: «Չանես էդ բանը՝ գլխիդ մեռնինք»,- աղաչել են ադրբեջանցիները: Ինքը դասակի հրամանատար էր՝ գնդակահարելու իրավունքը նրան ի պաշտոնե էր տրված, բայց ներել էր:

«Իսկ որոշ հայ պաշտոնյաներ պատրաստ են այժմ կրակի բերանն ուղարկել իրենց հայրենակցուհուն»,- մտածում էր Թամարան ու լուռ արտասվում բանտախցում: Գոնե մի լույսի շող ընկներ, անորոշությունը սղոցում էր նյարդերը, ընկճում էությունը, իսկ եկող օրվա հետագիծը տակավին աղոտ էր: Բանտախցի խուլուհամր պատերը ճնշում էին և ոչ մի լավատեսական հույս հնարավոր չէր կորզել իր մեջ տիրող զգացումներից, սպասումներից: Գիտեր, որ Տաջիկստանում իրեն մինչև  20 տարի ազատազրկում էր սպառնում: Նա հասկանում էր, որ մեխի գլխին բռունցքով հարվածել չի լինի` ո՞վ է ինքը: Ուրեմն` ավելի ճիշտ չէ՞ ինքնասպան լինել, քան թե մուսուլմաններին գերի ընկնել: Որոշ ոստիկաններ խորհուրդ էին տվել՝ գնալ ու հանրապետությունում որևէ չբացահայտված հանցանք վերցնել իր վրա, որովհետև մարդը դատվում է այն երկրում, որտեղ գործել է իր վերջին հանցանքը: Մի դատախազի պատմել էր եղելությունը: Վերջինս կարծել էր, թե կինը արկածներ է հորինում: Հարցրել էր, թե ի՞նչ գույնի է Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանատան դուռը, որտեղ նա ապաստան էր խնդրել: Երբ Թամարան անսխալ պատասխանել էր, դատախազի կասկածները ցրիվ էին եկել, խոստացել էր օգտակար լինել նրա գործում: Միայն` այդքանը: Թամարան ինքն իրեն հարց էր տալիս` մի՞թե այսչափ անհուսալի է վիճակը:

Թամարա Վարդանյանն արդեն հստակ պատկերացնում էր, թե արտահանձնելու դեպքում իրեն Տաջիկստանում ինչ է սպառնում: Գեներալը Կուրգան-Տյուբեում 5 ամիս ձերբակալված է եղել՝ իրեն սպանելու կասկածանքով: Բնական է, որ հաշվեհարդարն իր հանդեպ սպասել չէր տա: Որոշեց ակնոցի ապակին կոտրել, դրա բեկորով ինքնասպան լինել: Բայց ճակատագիրն, այնուամենայնիվ, անակնկալ էր պատրաստել նրա համար:

2011 թվականի փետրվարի 14-ի գիշերը, 9 ամիս խցում մնալուց հետո, երազ տեսավ` ամպերում խաչին գամված Հիսուս Քրիստոսն էր: Շնչասպառ արթնացավ. ի՞նչ կարող էր խորհրդանշել երազը: Պատմեց իր խցակցին՝ բանկերից մեկի նախկին փոխտնօրեն Անահիտին, ով իր հետ էր նստած` բնակարանների վաճառքի խաբեության մեղադրանքով: Վերջինս, լսելով նրա պատմած երազը, հուսադրեց. «Դա հրաշք է: Քեզ կամ չեն հանձնի կամ՝ կազատեն»: Կես ժամ անց խցի դուռը բացվեց, ներս մտան բանտապետն ու տեղակալը. «Թամարա Վարդանյան, դուք ազատ եք»: Դա հրաշք էր Թամարայի համար, լսածին չէր հավատում, մի՞թե երազը մարգարեական էր:

Դուրս գալով գաղութից, գնաց կալանավայրերի վարչություն: Այնտեղ նրան որոշում տվեցին, ըստ որի, Տաջիկստանի իրավապահների կողմից ներկայացրած պահանջն այլևս անվավեր է: Թամարայի այն հարցին, թե, այդ դեպքում, ինչո՞ւ են իրեն 9 ամիս պահել գաղութում, վարչության աշխատակիցն ասաց. «Չգիտեմ, գնա, ստացիր հայկական անձնագիրը, մեղք ես»:

Տաջիկստանում Թամարա Վարդանյանի նկատմամբ հարուցված քրեական գործի հայցով նրանից պահանջվում էր վերադարձնել 100 հազար ԱՄՆ դոլար, դրա շուրջ կեսն արդեն վճարել է: Թամարան բացատրում է, թե չնայած իր անմեղությանը, ինքը ստիպված է եղել իրենից պահանջվող գումարի կեսը մի կերպ ճարել և փակել: Իր այդ քայլը ոչ թե պետք է դիտել իբրև իր մեղավորության ընդունում, այլ աղջկա փրկության համար «գլխագին» վճարելու պարտավորություն: «Աղջիկս տաջիկների մոտ գտնվում է պատանդի կարգավիճակում` նա մի քանի վիրահատություններ է տարել: Իսկ տաջիկների համար նրա կյանքը` եղած-չեղած, եթե փողը չստանան, աղջկաս հետ կվարվեն ինչպես ուզեն»: Բայց Թամարան մտադրվել է դիմել Եվրադատարան` հույս է փայփայում, որ այնտեղ հնարավոր կլինի արդարության հասնել:

Թամարան այդ ընթացքում լուր էր ստացել Տաջիկստանից, որ աղջիկը, ով 6 երեխաների մայր է և մի քանի անգամ ծանր վիրահատություններ է տարել, մահացել է. ամուսինն ու տեգրը ծեծելով սպանել են նրան: Հետո այդ լուրը, բարեբախտաբար, հերքվել է: Այնուհետև իմացել է, որ աղջիկն հոգեբուժարանում է: «Հայաստանում հայտնի բարերարներից մեկը՝ իմ պատմությունն իմանալով, փող նվիրեց ինձ: Հոգեբուժարանի հասցեն ճշտեցի և ուրիշի անունով աղջկաս բժշկին փող ուղարկեցի, որպեսզի խնամի և հոգ տանի»:

***

Թամարա Վարդանյան

Թամարա Վարդանյանի օրերն անցնում են միօրինակ անորոշության մեջ: Վաղվա օրը ոչինչ չի խոստանում հոգեվիճակի բարելավման, Հայաստանում ապահով ապրելու համար: Հայրը մի զավեշտալի դրվագ էլ էր պատմել իր պատերազմական հուշերից: Մի ուզբեկ զինվոր՝ զուտ պատահականությամբ, գերմանական պահեստ էր պայթեցրել: Ընկերները հստակ իմանալով նրա մտավոր կարողությունները, դրանում ոչ մի կասկած չէին կարող ունենալ: Բայց նրա, այսպես ասած` մարտական պատրաստվածության մասին անգամ մոսկովյան թերթերն են գրել: Ու հրամանատարությունը որոշել է այդ ուզբեկին արձակուրդ տալ: Պետք է գնար հայրենիք: Քարտեզը ձեռքն էին տվել ու մանրամասն բացատրել, թե ինչպես հասնի Ուզբեկստան: Սա քարտեզին նայել-նայել, գլուխ չէր հանել ու, ի վերջո, որոշել է արձակուրդից հրաժարվել: Մինչդեռ որքան մարտիկներ կերազեին նրա տեղը լինել: Թամարան այժմ մտածում է` մի հնար լիներ, հրաշքով մի առիթ ներկայանար. արձակուրդ վերցներ իրեն վիճակված այս ցնորական կյանքից, մեկներ խաղաղ, հանդարտ ափեր, ուր կկտրվեր ամեն ինչից: Իր ավազե դղյակը կկառուցեր ու, թեկուզ ժամանակավորապես, կապրեր այնտեղ:

Կրտսեր աղջկան կուզեր հաճախակի տեսնել: Նա բժշկական բուհ է ավարտել, բայց այդպես էլ մասնագիտությամբ չաշխատեց: Ինչպես մայրը, տիրապետում է հրուշակագործության հմտություններին: Այժմ ապրում է ռուսական քաղաքներից մեկում` իր ընտանիքի հետ: Ամուսինը նույնպես լենինականցի է: Երկու որդի ունեն, երկուսն էլ սովորում են նույն ուսումնարանում` հետախույզ են դառնալու: Երբ դստեր ձեռքն հնար է լինում, նյութապես օգնում է մորը:

Այժմ Թամարան միայնության ու կարոտի պահերին հաճախ ունկնդրում է կրտսեր աղջկա կատարմամբ հնչող և հեռախոսի հիշողությանն հանձնած «Երբ որ բացվին դռներն հուսո» երգը ու մտածում, որ ժամանակին ինքն ամեն ինչ ունեցել է, բայց հիմա այդ ամենը կորցրել է: Սակայն նրան հույս է ներշնչում միակ միտքը. «Գիտեմ, որ դժոխք չեմ գնալու, որովհետև անմեղ եմ»:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Պիտակներ՝