[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1699″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1698″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1697″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1696″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”1700″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]Ֆրունզիկ Մկրտչյան-արտիստի ձևավորման ընթացքում իր յուրօրինակ տեղն է գրավել ոչ միայն նրա աստվածատուր շնորհը, այլև՝ հայրենի քաղաք Լենինականը: Սերը թատրոնի նկատմամբ արթնացել է Տեքստիլի ակումբում, որը հետագայում պիտի կրեր նրա անունը: Ապագա դերասանն ակումբում ներկայացվող բեմադրությունները դիտում էր դահլիճի դռան բանալու անցքից: Հեռվում, բեմական խավարի մեջ շարժվում էին դերասանների ստվերները, ամեն ինչ աղոտ էր, անհասկանալի, բայց՝ հետաքրքիր. ախր բեմում շատ բան էր կատարվում… Հետո արդեն՝ հասուն տարիքում, նույն ներկայացումները դիտելիս, նույն տպավորությունը պիտի այցելեր, սակայն՝ վերարժեվորումների համակարգում:
Մհերի առաջին բեմելը հենց Տեքստիլի ակումբում էլ կայացավ: Այս ակումբում նա հնարավորություն ունեցավ իր փայլուն դերասանական ձիրքով ու ցայտուն խաղով նկատելի դառնալ: Հրավիրեցին Ա.Մռավյանի անվան պետթատրոն, ուր սովորեց դրամատիկական ստուդիայում: Դերասանական մեծ ներուժով երիտասարդն իր հայրենի քաղաքում փորձ ձեռք բերելով, մտադրվում է մեկնել Երևան՝ այնտեղ, որպես ճշմարիտ դերասան, ինքնահաստատվելու, ինչն հայրենի քաղաքում գրեթե անհնար էր: Մայրաքաղաքում Մհեր Մկրտչյանի ուղին սկսվեց Սունդուկյանի անվան Մայր թատրոնից:
Մհերին մեծ էկրան տանող առաջին ֆիլմը «01-99» կարճամետրաժն էր: Անեկտոդային սյուժեով այս ֆիլմում դերասանի կերպավորած Գարսևանն ամրագրեց նրա ամպլուան: Ռեժիսորներն անվրեպ նկատեցին փայլուն կատակերկագին ու սկսեցին մեկը մյուսին հերթ չտալով, նկարահանել նրան իրենց ֆիլմերում: Սակայն Մհերն իրեն առավել հոգեհարազատ էր համարում դրամատիկ դերասանի ամպլուան: Եղբայրը մինչ օրս էլ Մհերին մեծ տրագիկոմիկ է համարում: Իսկ երբ ռեժիսորին հարցրի, թե, այնուամենայնիվ, նա եղբայրների միջև համեմատության ինչպիսի՞ եզրեր է տեսնում, ասաց. «Մհերը խելոք էր, ինչն իմ մասին չէի ասի: Ես ավելի շատ մշեցու բնավորություն ունեմ՝ ավելի կոպիտ եմ ու ծայրահեղ: Ու մի շատ կարևոր բան էլ կար. նա ավելի տաղանդավոր էր, քան ես»:
Անդրադառնալով Մհեր Մկրտչյանի դերասանական տաղանդին, տարիներ առաջ օպերատոր Ռուդոլֆ Վաթինյանին դիմեցի, թե ի՞նչ արժանահիշատակ դեպք կարող է հիշել դերասանի հետ աշխատանքից: Հիշեց «Լուսանկար» կարճամետրաժ ֆիլմի նկարահանումները. «Դա իմ ու Աբոյի (Ալբերտ Մկրտչյան)՝ Կինոմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ավարտական դիպլոմային աշխատանքն էր: Ֆրունզի հետ փորձում էինք մի դրվագ, երբ նա փոստատարի դերում պիտի ռազմաճակատից ստացված նամակը հանձներ հարազատին: Նրա ուրախությունը, ցնծությունը, հրճվանքը փոխվում էր մորմոքի, երբ դրանից հետո տալիս էր նաև «սև թուղթը»: Այս կոնտրաստային իրավիճակները Ֆրունզը փայլուն խաղաց: Ես անզոր էի՝ չէի կարող չլացել: Կինոխցիկը միացված չէր: Որոշեցինք նկարահանել: Այս անգամ դրվագը պակաս տպավորիչ ստացվեց: Ֆրունզին հարցրեցի, թե ինչո՞ւ այնպես չստացվեց, ինչպես քիչ առաջ: Նա էլ, թե. «Էն ժամանակ դու լացում էիր, ես էլ՝ քեզ հետ: Հիմա չես լացում, ո՞նց խաղամ: Իրոք, Ֆրունզը մեծ տրագիկոմիկ դերասան էր»:
Մհեր Մկրտչյանը կարծում էր, որ դերասանն ունիվերսալ պետք է լինի, կարողանա վերամարմնավորել այն, ինչը կա յուրաքանչյուր մարդու մեջ՝ թե՛ կոմիկականը, թե՛ ողբերգականը: Ըստ նրա, ժանրային առանձնահատկություններից որևէ մեկում թերացումը, ինքնին, խոսում է դերասանական շնորհի պակասի մասին: Իր նկատմամբ խստապահանջ էր, և դա բնական արտիստական կենսապայման էր: Դերակատարումը նրա համար սկսվում էր նախ հեղինակի և ռեժիսորի, ապա նաև կերպարի հետ «կռվից»: Իսկ դրանից հետո, ամենամեծ «կռիվն» ինքն իր հետ էր. կարո՞ղ է արդյոք հաղթահարել այդ դերը… Այստեղ օգնության էր հասնում ինքնաճանաչողությունը, որն անկեղծորեն հիշեցնում էր իր իսկ հնարավորություններն ու առավելությունները: Ահա այսպիսի մշտառկա բացահայտումներից էլ սկսվում էր Մհեր Մկրտչյանի դերասանական հերթական երկունքը:
Երբ նրան ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում էր շնորհվել, նա իր բարեկամների հետ տանը նշում էր այդ առիթը: Զգուշացված էր նաև, որ իրեն զանգելու և շնորհավորելու է Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Զանգն հնչեց՝ շնորհավորանքն հաղորդվեց: Ֆրունզը ընկալուչը դրեց ու մտախոհ ասաց. «Հավատացեք, ինձանից դերասան կստացվի»:
Լենինականը, թերևս, աշխարհում միակ կետն էր, որին ամենից ամուր էր կապված դերասանը: Նրա, ինչպես և ռեժիսոր եղբոր կինոկենսագրությունում, մեր քաղաքն առաջին տեղում էր: Հավանաբար, պատճառն այն է, որ երկուսն էլ ինքնօրինակ երանգի՝ կատակերգականի և ողբերգականի մշտահոլով կոլորիտի ծնունդ են: Իսկ «Հին օրերի երգն» ու «Մեր մանկության տանգոն» եղբայրների տուրքն էր հայրենի քաղաքին: Չափազանց հուզիչ ու մարդկային ֆիլմեր:
Կոնտրաստային վիպաշարում Մհեր Մկրտչյանը միևնույն հաջողությամբ վերամարմնավորման հրաշքներ էր ցուցադրում: Արտիստին մշտապես նյարդայնացնում էր իր մեջ միայն կատակերգակին տեսնողների «կարճատեսությունը»: Նա մտերիմներին ասում էր. «… Իրանք հեչ բան չեն հասկընա»: Ինքը նաև համոզված էր, որ ողբերգակ դերասան է, ասում էր. «Չըխնդաս, լավ նայե աչքերիս մեջ՝ դու էլ կհամոզվիս»:
Ս.ՀՈՒՆԱՆՅԱՆ[/vc_column_text][/vc_column][/vc_row]