Փորձելով ուշադրության կենտրոնում պահել, հաճախակի ենք անդրադառնում Գյումրիում մեծ նախաձեռնություններով հանդես եկող անհատների, ներդրողների, մանավանդ, այդպիսիսք շատ չեն: Գյումրիի «Մուշ» թաղամասում, 5,5 հեկտար հողատարածքի վրա կառուցվող «Սպորտ սիթիին» վերջին անգամ անդրադարձել ենք անցած տարի, երբ ավարտին էին մոտենում հողահարթեցման աշխատանքները եւ պիտի փռվեր արհեստական խոտածածկը: Բայց այդ ընթացքում սկսվեց COVID-19-ի շրջանը: Չնայած դրան, «Գյումրի սպորտ սիթի» զարգացման հիմնադրամի հիմնադիր Հրանտ Պետրոսյանը ձեռնունայն չնստեց. նախ՝ տարածքում սահադաշտ հիմնեց, այդպիսով ձմեռային հանգստի հաճելի ժամանցի վայր ստեղծելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների համար: Այնուհետեւ՝ համերգային ծրագրեր, Գյումրու տոնին նվիրված միջոցառումներ, եւ այլ ակտիվ ծրագրերով աշխուժություն հաղորդվեց քաղաքի ծայրամասային թաղամասին:
Հարցազրույց «Գյումրի սպորտ սիթի» զարգացման հիմնադրամի հիմնադիր, Հայաստանի վաստակավոր մարզիչ, աղջիկների մականախաղի դպրոցի հիմնադիրներից, գյումրեցի ՀՐԱՆՏ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ:
— Հրանտ, անցած տարվա մարտին Դուք ասուլիսով հանդես եկաք, կային խնդիրներ՝ կապված խոտածածկի ներմուծման, սիթիի տարածքի հետ: Հիմա ո՞ր կետում եք, ի՞նչ փոփոխություններ կան:
— Այո, և մեզ հաջողվեց վարչապետի օգնականի հետ կապ հաստատել, պայմանավորվածություններ ենք ձեռք բերել, վերջապես խոտածածկը արդեն բերված է: Այս ընթացքում 30-40 աշխատակից այստեղ զբաղվածություն է ունեցել, փորման, կոմունիկացիոն համակարգի անցկացման և այլ աշխատանքներ են կատարվել: Դեռ շատ առաջ գնալ չի հաջողվել: Օրինակ բերեմ Արթուր Ալեքսանյանի սպորտ համալիրը. լավ գիտեք, որ 10 տարի անց հաջողվեց մի ինչ-որ կետի հանգել, այն էլ, դեռ չենք կարող ասել, թե թափով առաջընթաց կա: Որովհետև մեր երկրում օրենքները լոկ բյուրոկրատական քաշքշուկների համար են, որովհետև համակարգն այնպես է ստեղծված, որ մեկի մոտ մի թուղթն է, մյուսի մոտ ստորագրությունը, երրորդի մոտ՝ կնիքը: Ու այս ողջ ճանապարհն անցնելու համար մի երկու կյանք է պետք: Բայց, եթե նպատակ ունես, ու նպատակդ միայն քո անձնական կյանքի բարելավմանը չէ միտված և, եթե անձնական կարողություններն ես ներդրել, ուրեմն ստիպված ես դժվարությունները հաղթահարելով առաջ գնալ: Հիմա այն խնդրի առաջ ենք, որ դեռ համայնքային իշխանության հետ զսպանակն ենք ձգում. հողատարածքն օգտագործելու իրավունքն են տվել, ասում են՝ կառուցելու իրավունք պիտի հանես… Այսինքն, մեր պետության մեջ միայն «էշություն» անելու իրավունքն են տալիս: Մեր ղեկավարության ասելիքն էլ կարծես այն է՝ թե հոժար եղի, որ իրավունք տվել ենք: Կարծես մեր ամենամեծ հայրենասիրական դրսևորումն այն է, թե ով դոշից ամենամեծ խաչն է կրում, ու ով յոթ հարկանի հայհոյանքը լավ է կառուցում մեր թշնամիների ուղղությամբ: Վերջ, հայրենասիրությունն ավարտված է: Ստեղծող մարդիկ, էս հող ու ջրի համար ապրող մարդկանցից շատերը վերը նշածս անիմաստ խնդիրների պատին հանդիպելով, թողեցին գնացին, ու մենք չհասկացանք, որ մեր թշնամին առաջին հերթին հենց մենք ենք… Հասկացեք, լիքը ցավ կա մեջներս, դրա համար չխոսել չենք կարող:
Վերադառնալով մեր սիթիին՝ մարդիկ եկան, տեսան, որ ինչ-որ բան առաջ գնում է, հույսեր են կապել, հավատում են, որ դեռ փոփոխություններ մեր կյանքում կլինեն: Իսկ չինովնիկների տեսանկյունից՝ մենք մեղրի պահեստ ենք, իրանք՝ ձեռքերը շփող ճանճեր, ու որքան լավ բան կա մարդու մեջ՝ մեռցնում են: Բայց այդքանից հետո ես հպարտորեն խոստովանում եմ, որ աշխարհի շատ երկրներում լինելով, վերադարձել եմ իմ հայրենիք, ու ամեն ինչ պիտի անեմ իմ հայրենիքի երեխաների համար. չինացու կամ գերմանացու երեխան ավելին չէ, որ լավ բաներ տեսնի, վայելի, իսկ մեր երեխան միայն ինտերնետով ու ֆիլմերով այն տեսնի: Մեր երեխաներն արժանի են լողալ իմանալ, դահուկով սահել կարողանալ, 2-3 լեզու իմանալ, խաղալ, վայելել մանկությունը: Փառք Աստծո, Լենինականում դեռ կան էն «խելառ» մարդիկ՝ նկարիչ, երաժիշտ, ստեղծագործող, Հախվերդյանի խոսքերով. «Ունեմ ընկերներ՝ ինձանից խելառ…», որ պատրաստ են անելու, ջիգյարով գործի կպնելու, որպեսզի լավ հետք թողնեն:
— Ինչպես տեսնում եմ՝ Ձեր նպատակները քիչ—քիչ միս ու արյուն են առնում. ադմինիստրատիվ 4-հարկանի շենքն արդեն կառուցված է, ձնհալից հետո, ձնծաղիկի պես՝ խոտածածկը կերևա:
— Առաջին հարկում հանդերձարաններն են, սրճարանն է, բուժկետն է, ռեֆերիների սենյակներն են, անվտանգության կաբինետներն են: Երկրորդ հարկում նախատեսում ենք բեմային հատված՝ մշակութային ծրագրերի համար: Մայիսին՝ Շարլ Ազնավուրի ծննդյան օրը, պլանավորել ենք մեծ համերգ կազմակերպել՝ մեծ էկրաններով, լույսային էֆեկտներով: Ամռանը Ռոբերտ Էմիյանի անվան մրցաշար կկազմակերպենք: Նպատակս այն է, որ Գյումրին երբեք չնեղվի, թե տարածք չունի, հովանավոր գտնի, որ որևէ միջոցառում անցկացնի… Ահա տարածք, ահա հնարավորություններ: Մյուս հարկերում զարգացման դասասենյակներն են՝ երաժշտություն, լեզվի ուսուցման, և այլն: Էլի եմ ասում, դռները բաց են, թող գան էնտուզիազմով մարդիկ, թող սերունդներ կրթեն: Թե չէ մեր ազգին դարձրել են լացող, խեղճ… Ծնողները երեխաների համար ապագա չտեսնելով՝ տանում են երկրից դուրս: Կարծում եք՝ մեղավո՞ր են, որ փախչում են, ոչ, որովհետև զարգացման լայն հնարավորություններ չեն տեսնում, դպրոցներում կրթության մակարդակը խայտառակ է, մասնագիտություն ստանալու հնարավորություններն անհատական զարգացմամբ է հնարավոր… Կարիերայի ստեղծման հարթակները վերցված են հարուստների, չինովնիկների կողմից և այդ ամենը տեղի է ունենում Հայ Առաքելական եկեղեցու բարձր հովանավորությամբ: Հեռուստատեսությամբ ցածր մակարդակ է, նույն լացն է, նույն քաղաքագետ ու ինչագետ հորջորջվողների դատարկաբանությունն է, հին լացն է, էլի խաչքարն է, բայց իրական կյանքը լրիվ այլ է, պահանջն էլ այլ է: 21-րդ դարում 2000-ից ավել ցախավելով ավլող կա Գյումրիում: Երբ ես փոքր էի, երևի մի 10-15 հոգի էին: Օտարության մեջ մեր ինքնաթիռներից իջնողները ջամշուդներ ու ռավշաններ են, իսկ մենք դեռ մեծ-մեծ խոսելով, բոլորի հետ թշնամանալով, ինքներս մեզ խաբում ենք, թե դուխով ենք, մենք ենք, որ կանք: Հայաստանը թաղման բյուրո են դարձրել, եկեղեցի ու խաչքար են կառուցում, փոխանակ սերունդի զարգացման համար մեծ հնարավորություններ ստեղծելու:
— Եվ վերջում…
— Հարգելի հայրենի չինովնիկներ՝ մի՛ խանգարեք, թողեք սարքենք, զարգացնենք: