Հարցազրույց Գյումրու գլխավոր ճարտարապետ ՀԵՆՐԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ:
— Պարոն Գասպարյան, ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մի լուսանկար էր տեղադրել. խոսքը Շահումայան փողոցի կողմից կենտրոնական շուկայի դիմային հատվածի մասին է, ոնց որ աղքատ բարաքներ, գետո լինի՝ կախ ընկած բրեզենտներ, պոկված ու կախ ընկած ինչ-որ հատվածներ… Բա գնել էին շուկան, խոստացել էին բարեկարգել…
— Ոնց որ պակիստանյան շուկա… ես էլ եմ հիասթափված, կարծում եք աչքաթո՞ղ ենք արել:
— Հա, բայց ձեր ձեռքը «մահակ» չկա՞, որ բանեցնեք:
— Կա, բայց իրենք էլ պաշտպանական «հնարք» ունեն. ազատեք էդ տարածքը բուդկեքից, մենք էլ սարքենք:
— Իսկ այդ բոլոր տնակ-վաճառատներն օրինակա՞ն են տեղադրված:
— Կեսն օրինական են, կեսն՝ ապօրինի: Անգամ վերջերս դատարանն դրանցից մեկը օրինական էր ճանաչել…
— Այսինքն, լուծում չպիտի՞ լինի:
— Միայն և բացառապես քաղաքական կամք պետք է դրսևորել, որոշում պետք է կայացնել, ու լրիվ հանել՝ առանց բացառության: Պիտի խառնվեն պետությունն ու ուժային կառույցները, որ կարողանան հարցին լուծում տալ:
— Կառավարությունից հանձնախումբ են կազմել, գալիս են, որ իբր Գյումրու զարգացման ռազմավարություն մշակեն, բա իրենց տարեք, թող պտտվեն, տեսնեն, մենք էլ «հարցախեղդ» կանենք:
— Դիմեք, կհուսանք, որ մի բան կլինի: Հարց բարձրացրեք, կարող եք ասել, որ տեղական մարմինները չեն կարողանում, ի վիճակի չեն այդ հարցը լուծելու:
— Պարոն Գասպարյան, Գ.Նժդեհի փողոցում գտնվող նախկին բաղնիքի շենքից, որը երկաթյա կոնստրուկցիաներով շուրջ 30 տարի է կանգնած է և ուղղակի աղբավայր էր հիշեցնում: Նույնն էլ Տեքստիլի հանրակացարանը…
— Այդ հանրակացարանի սեփականատրերերը մի մասը մաքրեցին: Շենքում կան սեփականատերեր, որոնց պետք է հանեն՝ փոխհատուցում են պահանջում: Ժամանակին գնացել, սենյակ են առել, սեփականաշնորհել են: Պետությունը որևէ պարտավորություն չունի, իսկ այդ շենքի բաժնետերը մի քանիսի համար տուն գնեց, հանեց, իսկ մի քանիսի հետ չի կարողանում լեզու գտնել: Չնայած, ասեմ, որ մենք պատրաստվում ենք գերակա շահ ճանաչել այդ հատվածի նկատմամբ՝ սեփականատերերին էլ հետը: Ինչ վերաբերում է Տեքստիլի բաղնիքին, դա երկու սեփականատերերի է պատկանում, որոնք դատական քաշքշուկների մեջ են, ու մենք դատարանի որոշմանն ենք սպասում: Աղբն էլ արդեն մաքրել են:
— Աբովյան ճեմափողոցում, Քըրք Քըրքորյանի հատվածում, պատմական միջուկում գտնվող այդ փողոցին ոչ համահունչ վերին կիսակառույց հարկի հարցն ինչ է լինելու:
— Որոշում արդեն կայացվել է: Համաձայնությունը կա՝ վերին հարկն իջեցնելու են:
— Հա զրուցում ենք, հա փորձում ենք քաղաքի համար լավ նորություններ իմանալ, հայտնել բնակիչներին. մեկ-մեկ ֆանտաստիկ ներդրումային ծրագիր ենք լուսաբանում, մեկ մյուսի հեքիաթներն ենք լսում, վերջը հիմա ի՞նչ իրատեսական ներդրումային ծրագիր կա:
— Հեքիաթ պատմողներ, փչոցներ ու դատարկախոսներ շատ են եկել-գնացել, իրատեսական լուրջ ծրագիր չկա…
— … Շոկոլադի գործարան, շինանյութերի արտադրության գործարան էին հիմնում, թռչող քաղաք էին հիմնում, լոգիստիկ կենտրոն, էկո քաղաք, չոր նավահանգիստ…
— Էդ չոր նավահանգիստը կառավարությանն էր:
— Այսինքն, այս պահին գլոբալ առումով շինարարություն չունենք: Կարծեմ, միայն Հայաստան հիմնադրամի կողմից 9-հարկանիների կառուցումն է:
— 7-հարկանի… կրճատեցին երկու հարկը:
— ԱՄՆ-ում հեռուսամարաթոն էր անցկացվել՝ Գյումրու համար և, եթե չեմ սխալվում, Արթին բարեգործական կազմակերպության կազմակերպածն էր և, ի դեպ, շուրջ 450 հազար դոլար էր հավաքվել:
-Դա ԱՌԴԱ բարեգործականի կազմակերպածն է երևի, ովքեր այստեղ սոցիալական բնակարան էին կառուցում, սակայն հիմա որոշել են սոցիալական բնակարան կառուցելու փոխարեն ԲԳՎ ծրագիր իրականացնել:
— Այսինքն, դարձյալ մեկը տունը կծախի՝ մյուսը կտնավորվի:
— Ստացվում է այդպես. 18 բնակարանի շինարարության փոխարեն 30 տուն կգնեն:
— Էլի բնակմակերեսի ավելացում չենք ունենա:
— Այո, տեղափոխություն կլինի՝ մեկը կծախի՝ կգնա այստեղից, մյուսը տնակ կտեղափոխվի… շրջանառություն կլինի…
— Բա էկո քաղաքը բավականին հետաքրքիր էր, ի՞նչ եղավ:
— Էկո քաղաքի ծրագիրը իջեցվեց հողի ձեռք բերման ծրագրի… անուններ են դնում՝ էկո քաղաք, խելացի գոմ, ինտենսիվ այգի…
— Շուկային վերադառնալով. կարծեմ Ավտոկայանի տարածքում մեծ հողատարածք պիտի շուկայի վերածվեր:
— Դա հնարավոր է, առայժմ վաճառականների հետ քննարկումներ են, բանակցություններ, որ տեղափոխվեն: Դա համայնքապետարանն է ուզում կառուցել, երբ համոզված լինենք, որ շուկայի առևտրականները համաձայն կլինեն տեղափոխվելու, աշխատանքները արագ թափ կառնեն:
— Ի՞նչ կասեք Սևյանի ակումբի շենքի ճակատագրի մասին:
— Որքանով գիտեմ, դա դեռ ուժի մեջ է, գումարի հավաքագրման ընթացքում են: Նելլի անունով մի կին կա, որի երազանքն է եղել այդ շենքը վերածել ֆիլհարմոնիայի, դիմել է վարչապետին, բայց թե երբ, ոնց կլինի՝ դա չգիտեմ:
— Պարոն Գասպարյան, իսկ քաղաքի դիմագիծը գեղեցկացնելու առումով, համայնքապետարանի կողմից խիստ որոշում կա՞, ասենք, օբյեկտներն իրենց կողք-բոլորը բարեկարգեն: