ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիմնադրվեց «Տեր-Ավագենց Գագիկ Պետրոսյան Մենք ու ՄԵՆՔ բարեգործական հիմնադրամը»

«Ճշմարիտ առատաձեռն նա է, ով տալիս է նրանից, ինչն անձամբ իրեն է պատկանում»:

Մահաթմա Գանդի

 Գյումրիի «Արաքս» հյուրանոցի սրահում պաշտոնապես հայտարարվեց «Մենք ու ՄԵՆՔ բարեգործական հիմնադրամի» մեկնարկի մասին և անցկացվեց անդրանիկ բաց նիստը: Մինչ այդ ռուսաստանաբնակ գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանն իր ընտանիքի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և այլ հյուրերի հետ այցելել էր «Շիրակ» գերեզմանատուն՝ մեր հերոսների Պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու: Իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու ադմինիստրատիվ շենքում ֆինանսական աջակցություն ցուցաբերեց Արցախյան վերջին պատերազմում նահատակված մեր հերոս եղբայրների ընտանիքներին: Ինչպես մեզ փոխանցեց Հիմնադրամի տնօրեն Թորգոմ Գևորգյանը, այստեղ գումարի չափը չէր կարևոր, այլ վերաբերմունքը, իսկ Գագիկ Պետրոսյանը չէր էլ ուզում, որ այդ մասին որևէ լուր տարածվեր:




«Բազմաթիվ ու բազմիմաստ հիմնադրամներ կան աշխարհում, շատ կազմակերպություններ ու բարեգործական ծրագրեր կան, և մենք դրանցից ոչ մի բանով չենք տարբերվում. մեզ միավորում է բարի գործ անելը,- ասաց Թորգոմ Գևորգյանը,- այդ հազարավորների պես, մենք էլ ենք ստեղծվում բարություն, համերաշխություն, սեր սփռելու, միմյանց թև-թիկունք լինելու համար: Բայց նմանություններով հանդերձ, մենք մյուս բարեգործական հիմնադրամներից տարբերվում ենք. մենք ստեղծվում ենք մեր երկրին, մեր Հայրենիքին օգնելու համար: Մենք շատ դժվարին և պատասխանատու շրջան ենք ապրում, ինչը մեր վրա լուրջ պարտավորություններ է դնում. օր առաջ Հայրենիքը տեսնել վերքերն ապաքինած, զարգացած, հավատով: Մեծ ջանք է պահանջվում ոչ միայն մեզանից, այլև Հայրենիքի ապագայով մտահոգված յուրաքանչյուր անհատից: Մեր նպատակն է համախմբել այս մարդկանց ու ներդնել նրանց մասնագիտական ուժն ու կարողությունը: Մեր երկիրն այսօր ավելի խորն է հայտնվել քայքայված տնտեսության ճիրաններում, մեր սրտերում սուգ է, մեր տրամադրություններն անկում են ապրում: Սա ցանկացած հային է վերաբերում, և Գագիկ Պետրոսյանն անմասն չէր կարող մնալ ու չարձագանքել ազգային ցավին, քանզի նա բազմիցս է ապացուցել, որ Հայրենիքի ու հատկապես իր ծննդավայրի ազնիվ զավակն է: Իհարկե, նա չէր ուզենա, որ ես սա բարձրաձայնեի, բայց… նա մեծ դերակատարություն է ունեցել 44-օրյա պատերազմի ողջ ժամանակահատվածում: Նրա հետ մասնավոր զրույցներում, բազմիցս եմ լսել, որ բազմաթիվ նորարարական և հախուռն ծրագրեր է մտմտում. ուզում է օգնել հաշմված զինվորներին, զոհվածների ընտանիքներին, ուսանողներին, մշակույթի գործիչներին… Բարեգործ լինելու հմար պարտադիր չէ հարուստ լինելը, բարեգործություն անելու համար առաջին հերթին պետք է լինել բարի… Եվ այդ մտքերը կարևոր որոշում կայացնելու հիմք հանդիսացան ու որոշվեց ստեղծել նոր ու զարգացող Հայաստանի համար այս հիմնադրամը: Անվանումը պատահական չէ. առաջին «Մենքը» դա մենք ենք՝ բոլորս՝ մինչև պատերազմը: Իսկ երկրորդ «ՄԵՆՔ»-ը հապավում է՝ Մեր Երկրի Նոր Քաղաքացի»:

 

Գագիկ Պետրոսյանի խոսքը հուզումնալից էր: Նա պատմեց, որ երբ մեկ տարի առաջ ծանր հիվանդ էր ու հիվանդանոցում էր պառկած, իր մոտ հեռախոս չկար, և իրեն խնայելու համար, ասել են, թե պատերազմում հաղթել ենք: «Երբ արդեն լավ էի, ու հեռախոսը վերցրեցի, տեսա, թե ինչ է իրականում կատարվել… Մի քանի օր, անկախ ինձանից, ոչ ուտում էի, ոչ խմում… Աստծո կամքով, ապաքինվեցի: Անընդհատ մտքումս էր, որ զոհված երեխեքի ընտանիքներին օգնեմ… հոգուս պարտքն էր, գիտեի, թե 20-30 հոգի են: Բայց երբ ինձ Թորգոմը ներկայացրեց մոտ 120 զոհված, ես սարսափեցի. մի քաղաքից՝ Գյումրիից, 44 օրվա ընթացքում այդքան վիշտ ու կսկիծ… ոնց-որ մի եղեռնական շրջան… Այսօր Պանթեոնում ես պապանձվել էի, շատ ընտանիքների միակ զավակներն էին այնտեղ հանգչում: Ես տեսա 40-45-ամյա հոր, որ ծերունի էր դարձել… Ես չեմ ուզում, որ այս մարդկանց մենք մենակ թողնենք: Պետությունն ինչ է անում, մարզը կամ քաղաքը ինչ է անում՝ դա իրենց գործն է: Ես շատ ընկերներ ունեմ, ես նրանց մոտ վստահություն եմ վայելում, ուզում եմ նրանց էլ ներգրավել հիմնադրամի գործերին: Հիմնադրամը բաց հաշվեհամար է ունենալու, անգամ յուրաքանչյուրի նվիրաբերած մեկ լուման կերևա»:

Հոգաբարձուների խորհուրդը կազմվել է 7 անդամից՝ քաղաքում հայտնի, հարգանք վայելող մեր համաքաղաքացիներից՝ Վազգեն Մահտեսյան, Սուսաննա Մկրտչյան, Անդրանիկ Կարապետյան, Գառնիկ Մկրտչյան, Լուսինե Սանոյան, Սոնա Հարությունյան, ինչպես նաև Գագիկ Պետրոսյանի որդին՝ Արթուր Պետրոսյանը, իսկ կինը՝ Օքսաննա Գեորգիևնան, որպես պատվավոր անդամ:

«ՏերԱվագենց Գագիկ Պետրոսյան Մենք ու ՄԵՆՔ բարեգործական հիմնադրամի» առաքելությունն է. ՀՀ-ում, մասնավորապես, Շիրակի մարզի զոհված զինծառայողների ընտանիքներին, վիրավոր, հաշմանդամ դարձած զինծառայողներին, ծնողազուրկ երեխաներին, մանկատան երեխաներին, ծերանոցներին, ուսանողներին, տաղանդավոր անձանց, և այլ շահառու խմբերին բազմակողմանի օգնություն և աջակցություն ցուցաբերել: Նրանց առջև ծառացած խնդիրները լուծելուն օժանդակելը, ստեղծագործների գաղափարներին կյանք տալը, սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, առողջապահական, գիտական և այլ հանրօգուտ նախագծերի և ծրագրերի ներկայացնելն ու իրականացնելը…

 

Գագիկ Պետրոսյանը՝ տիկնոջ Օքսաննա Գեորգիևնայի հետ

Տեր-Ավագենց Գագիկ Պետրոսյան

Ռուսաստանաբնակ գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանը Սոչի է տեղափոխվել 25 տարի առաջ, սակայն իր կապերը հարազատ քաղաքի հետ երբեք չի կտրել. իր բացակայության ընթացքում Գյումրիում շարունակվել է «Ույուտ» կոնցեռնի գործունեությունը: Իսկ մոտ 2 տարի առաջ Գյումրիում բացվեց մեր տարածաշրջանի միակ «Դելֆինարիան»՝ ՌԴ-ում գործող «Ծովային աստղ» դելֆինարիումների ցանցի շարունակությունը, որի տնօրենը հենց Գագիկ Պետրոսյանն է:

Գյումրու  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամ, ինչպես ժողովուրդն է կոչում՝ «Գեղցոնց ժամը», որը կառուցվել էր 1812թ-ին՝ թաղամասի բնակիչների հանգանակություններով՝ եղբայր քահանաներ Տ. Պետրոսի և Տ. Ավագի կողմից, 1926թ. և 1988թ. երկրաշարժերի պատճառով խարխլվել, բայց չէր փլվել։ 2003 թվականին՝ եկեղեցու այդ վիճակը հանգեցրեց  ինքնափլուզման. կանգուն էր մնացել միայն ժամերգության գավիթը: Պապերից եկած՝ հավատքի տաճարի կարևորության խորհուրդը Գագիկ Պետրոսյանին մղել էր եկեղեցին վերհառնելուն. 2014թ-ին նրա հանգանակությունների շնորհիվ եկեղեցաշինության սկիզբ դրվեց: 2015թ. հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, և ձեռամբ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի՝ օծվեց Գյումրու «Սբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին: Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով, բարձր գնահատելով եկեղեցաշինության գործում ունեցած ավանդը, եկեղեցու բարերար Գագիկ Պետրոսյանը պարգևատրվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանով:

— Պարոն Պետրոսյան, ովքե՞ր են Տեր-Ավագենք:

— Մեր ազգությունը հենց լենինականցի են, գյումրեցի: Տեր-Ավագն եղել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու վերջին քահանան: Նա և եղբայրը՝ քահանա Պետրոսն են 1812-ին եկեղեցին կառուցելու գործում մեծ դերակատարություն ունեցել: 1937թ. ռեպրեսիայի ժամանակ մեր ազգից շատերը իրենց ազգանունները փոխել են՝ Տեր-Ավագյաններ չեն, բայց հորեղբայրներս Տեր-Ավագյան են:

— Բարեգործությունը հոգու պարտք կոչեցիք:

— Ինձ գիտեցողները գիտեն իմ բնավորությունը… ես ոչ մեկին ոչինչ ցույց տալու կարիք չունեմ: Ինձ համար բացարձակ միևնույն է, թե կողքից ով, ինչ կմտածի: Ես ուզում եմ կոնկրետ իմ քաղաքին օգնել… Այն, ինչ ես այսօր տեսա՝ մոտ շփում ունենալով, անհնար է, որ բառերով փոխանցեմ… Տեսնելով այսքան ցավ իմ քաղաքում, ուզեցի, որ հենց Գյումրիի համար կարողանանք մեր ունեցած հնարավորությունները ներդնել: Ես ուրիշների վրա հույս չեմ դնում, դրա համար ավելի լավ է կոնկրետ հնարավորություններով, կոնկրետ մարդկանց աջակցել, որ ինչ-որ արդյունքի հասնենք, հետագայում՝ արդեն մարզին… Կարծում եմ, որ այս փուլում՝ մոտակա մի քանի տարում, մենք հիմնականում մեծ գործ, շատ խնդիրներ ունենք լուծելու զոհված զինծառայողների, հաշմանդամ դարձածների կյանքի որակը, կենսամակարդակը բարելավելու ուղղությամբ:

— Իսկ ինչպե՞ս եք փորձլու ֆոնդ ձևավորել, իհարկե, բացի Ձեր ներդրումներից:

— Ես ունեմ լավ ընկերներ, ովքեր ինձ վստահում են: Շատերն անցած տարի շատ գումարներ նվիրաբերեցին… ու կորցրեցին հավատն ու վստահությունը, բայց մեր պարագայում՝ հավատում են, որ ամեն մի լումա իր նպատակին կծառայի: