Հարցազրույց Գյումրու համայնքապետի գլխավոր խորհրդական ԿԱՐԱՊԵՏ ՄԽՉՅԱՆԻ հետ:
— Քաղաքում անօթևանության, բնակարանաշինության, գործազրկության խնդիրներից զատ կարևոր են ներդրումային ծրագրերը, սուբվենցիոն ծրագրերը, նաև վարկային ծրագրերը: Որպես քաղաքապետի գլխավոր խորհրդական՝ տնտեսության գծով, այս տարվա համար կա՞ն ծրագրեր նախատեսված:
— Չնայած այն բանին, որ առայժմ ծրագրերը քննարկման փուլում են, սակայն, իմ կարծիքով, դրական ֆոնի վրա են: Այս պահին ինչ-որ կետին ենք հասել, և կարող եմ ասել, որ գարնանն արդեն դրական տեղաշարժեր կլինեն: Մենք ունենք նախանշած 5 սուբվենցիոն ծրագիր, որի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 1մլրդ 423մլն դրամ: Ուղղակի, դեռևս նախագծային փուլում են, դեռ մրցույթ չի հայտարարվել և հնարավոր է գնային փոփոխություններ լինեն: Այս գումարն արտահայտում է պետության, համայնքի և մասնավորի՝ նախանշված 5 սուբվենցիոն ծրագրերում ներդրումային չափը: Որից 753 մլն դրամը դարձյալ փողոցաշինական ծրագրի գումարն է՝ 50/50 տոկոս համահարթեցմամբ: Նախատեսվում է Վարդանանց հրապարակի շատրվանների արդիականացում՝ երգող, պարող, լուսաձայնային…
— Զարմանալի է, եթե չեմ սխալվում, դեռևս 2014թ. համայնքի բյուջեից շուրջ 35մլն տրամադրվեց՝ նույն այդ նպատակի համար… Այս անգամ որքա՞ն գումար է նախատեսվում երգող—պարող շատրվաններին «երգեցնելու» համար:
— Ըստ նախագծի՝ 113մլն դրամ: Այն շատ գեղեցիկ տեսք է ունենալու: Օրինակ, Վանաձորինը 160 մլն էր կազմել ու տեսեք՝ այն շատ գեղեցիկ է: Շատրվանների կառուցմամբ մասնագիտացած չինական ընկերությունը մեզ նախագիծ է ուղարկել, որին շատ ենք հավանել, սակայն, ինչպես և ասացի, մրցույթ կանցկացվի:
— Հավատացեք, գեղեցկությանը դեմ չենք, արդիականացմանը, բնավ, դեմ չենք, սակայն դրա կողքին մենք ունենք մի քանի շատրվաններ, որոնք, մեղմ ասած՝ աչքաթող են արված. «Պուրակ»-ինը, «Ֆանտաններ» թաղի գյումեցոնց լեզվով ասած՝ «Քառսունքի տորթը», ի վերջո, քաղաքի սրտում ու մշակութային գլխավոր օջախի մոտ գտնվող՝ թատրոնի շատրվանները…
— Ճիշտ եք ասում, չեմ հակադրվում: «Պուրակինը», որ նշեցիք, ինչպես գիտեք, Համաշխարհային բանկի վարկային ծրագրով նախատեսվում է քաղաքի պատմական հատվածի՝ Ջիվանու փողոցից մինչև Տերյան փողոցի վերանորոգում, և այդ թվում նախատեսված է շատրվանների վերանորոգում ու վերագործարկում: Իսկ թատրոնի դիմացի շատրվանների հետ կապված. մենք ուզում ենք, նախատեսում ենք ունենալ այն տեսակի ջրային միջավայր, որն անմիջական կոնտակտ կունենա մարդկանց, զբոսնողների հետ…
— Ինչպիսին Երևանո՞ւմ գործարկվեց:
— Այո, Երևանում երկու տեղ նման ոճի շատրվաններ կառուցեցին, ինչը մեծ հաճույք է պարգևում քաղաքացիներին:
— Ասել կուզեք, մենք կազատվենք թատրոնի տարածքի կիսաատրակցիոնային—կիսախաղահրապարակային վիճակի՞ց:
— Այո և, եթե նկատել եք, մենք կենտրոնից հեռացրել ենք զովացուցիչ ըմպելիքների՝ վրանային, ժամանակավոր տաղավարները: Ինչ վերաբերում է Ձեր ասած «Քառսունքի տորթին», ապա դրա վերաբերյալ քաղաքային իշխանության հետ քննարկում եղել է, բայց ավելի շատ մարզպետարանն է դրանով զբաղվում կառուցողի՝ Թարխանյանի դստեր հետ ինչ-որ քննարկումներ են գնում:
— Խոսենք մեկ այլ թեմայից… քաղաքային պետքարաններ: Միշտ խոսում ենք զբոսաշրջություն զարգացնելուց, բայց «խեղճ» զբոսաշրջիկը գալիս ու անցորդներին սարսափած թախանծում է, թե որտեղ կարող են հոգալ իրենց կարիքները:
— Քաղաքի կենտրոնական հատվածներում, այգիներին ու պուրակներին կից նախատեսված է կառուցել 3 զուգարան: Յուրաքանչյուրը 10քմ տարածքում կլինի, 3 առանձնացված խցիկներով՝ սեռային բաժանումով և հաշմանդամություն ունեցող անձանց համար: Այս հարցը դեռ քաղաքաշինության կոմիտեի հետ քննարկելու ենք, որ հստակ տեղերը ֆիքսենք: Ինչպես գիտեք, քաղաքում թանգարանները ներշենքային զուգարաններ կառուցեցին՝ զբոսաշրջիկ հյուրերի համար: Սրանց թվին կավելանա նաև այս երեքը: Ճիշտ է, բիոզուգարաններն ավելի մոբիլ են, բայց գիտեք, որ սպասարկման խնդիրներ կային: Ծրագրի նախնական գումարը 18մլն է կազմել, համայնքի մասնակցությունը՝ 60 տոկոս, 40-ը՝ պետությունը: Նաև թվով 200 քաղաքային նստարաններ են պատրաստվելու և տեղադրվելու քաղաքի տարբեր հատվածներում: Այսպիսով՝ շատրվաններ, զուգարաններ և նստարաններ ծրագիրն ընդհանուր կազմում է 174,5մլն դրամ:
— Ուրիշ ի՞նչ ծրագրեր ունեք:
— Ունենք երկու ծրագիր ևս, որտեղ բացի համայնք-պետությունից, մասնավորն է ներդրումով մասնակցում. խոսքը բազմաբնակարան շենքերի ջերմամեկուսացման մասին է: Ընտրվել են այնպիսի շենքեր, որոնք ջերմություն չեն պահում, և որոնք արտաքինից պատվելու են ջերմամեկուսացման տեխնոլոգիայով, և կունենանք մոտ 30-60 տոկոս ծախսերի խնայություն:
— Կնշե՞ք, թե որ շենքերն եք նախատեսել, քանզի, օրինակ, «Անի» թաղամասում, եթե չեմ սխալվում, բազմաթիվ նման շենքեր կան:
— Խնդրել ենք տարբեր համատիրություններից առանձնացնել խիտ բնակեցված, այդ առումով պրոբլեմատիկ 7 շենք, որոնք պանելային կամ բետոնային են, և որտեղ ջերմության կորուստն առավելագույն է: Ծրագրով նախնական 338մլն դրամ է կազմում, որից 65 տոկոսը պետական միջոցներ են, 25 տոկոսը ՄԱԿ-ի զարգացման իրականացման ծրագրերից տրվող դրամաշնորհ է, իսկ համայնքի կողմից 10 տոկոս է ներդրվում: Ընտրված շենքերն են՝ Մ.Խորենացի թիվ 10շենք, «Անի» թաղամասի 9-րդ փողոցի թիվ 4 շենք, մեկ շենք Պ.Սևակ փողոցում, «Մուշ» թաղամասում է մեկ շենք, մի շենք Խրիմյան Հայրիկ փողոցում, մի շենք Վ.Սարգսյան փողոցում, Ռասկատլյան 1 շենքը:
— Իսկ հետագայում հնարավո՞ր է, որ մնացած շենքերին էլ նման հնարավորություն տրվի:
— Չենք բացառում, կախված հնարավորությունից: Ասեմ, որ համատիրությունները պարտավորվել են, որ այս ծրագրին որոշակի չափով աջակցեն նաև բնակիչները: Բնականաբար, ջերմամեկուսացումից հետո, թեկուզ մի 10 տոկոսով այս շենքերի բնակարանների ինքնարժեքը կբարձրանա:
— Մնաց ևս երկու ծրագիր…
— … Հանրային խելացի, երիտասարդական այգի է հիմնվում՝ 100մլն դրամ գումարով: Գյումրու պետական տնտեսագիտական համալսարանը մոտ 5000քմ ավերակ տարածքը, ըստ նրանց առաջարկի, տրամադրում է քաղաքին, ևս 40մլն դրամի ներդրում է անում, համայնքը սուբվենցիոն ծրագրով՝ 15 տոկոս մասնակցությամբ, իսկ պետությունը 45 տոկոսով՝ կհիմնվի այգի՝ բոլորի համար: Այստեղ ոչ միայն Տնտեսագիտականի մասնաճյուղն է մասնակցում, այլ նաև ՀՊՏՀ-ի գլխամասը:
Եվ վերջինը՝ սանմաքրման տեխնիկասարքավորումների և ավտոբուսների ձեռքբերում: Սուբվենցիոն ծրագրի գումարը 57մլն դրամ է. ձեռք ենք բերելու թվով 7 ավլող-մաքրող մեքենաներ, բարձր ճնշման 2 մաքրող սարքավորում, 7 բենզինային շարժիչով փոշեկուլաօդամղիչ, 3 հատ թուփ կտրող սարք, 2 ձողով թուփ կտրող սարք և 2 փայտ կտրող սղոց: Եվ 2 ուղևորատար ավտոբուսն էլ, ինչպես ներկայացվեց ավագանու նիստին, սպասարկելու են օդանավակայանից քաղաք և հակառակը, ինչպես նաև երթուղիների մեջ կփորձարկվեն, որպեսզի հասկանանք ու հստակ պատկերացնենք նրանց աշխատանքի արդյունավետության աստիճանը, որպեսզի հետագայում, եթե հարմար գտնենք, քաղաքային տրանսպորտային բազան հավելենք: Մեկ ավտոբուսի արժեքը 14մլն դրամ է կազմում: