ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հին հյուրանոցի հուշերի օրապահը

[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”1333″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1332″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][vc_single_image image=”1334″ img_size=”full” add_caption=”yes” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]«Լենինական» հյուրանոցը կառուցվել է 1927 թվականին, նախկին Մայիսյան ապստամբության հրապարակում: Տասնամյակներ շարունակ այն միակն է եղել պրոլետարիատի առաջնորդի անունը կրող քաղաքում: «Լենինականը» հյուրընկալորեն բացել է իր դռները բոլոր այցելուների համար, ովքեր այս կամ այն առիթով եկել են մեր քաղաք:

73-ամյակը բոլորած Սիրանուշ Մարտիրոսյանի բովանդակ կյանքն այս շենքում է անցել: 1970 թվականից այս հյուրանոցը նրա աշխատավայրն է եղել: Այժմ էլ նա իր կյանքը չի պատկերացնում առանց այս շենքի գոյության, թեև այստեղ շատ բան է փոխվել այն հին ու բարի ժամանակներից, երբ 26 տարեկանում գործի ընդունվեց, որպես հարկի հերթապահ:

Ծնվել է Հոռոմ գյուղում: Հայրը՝ Լիպարիտը, հայտնի մեղվապահ է եղել, մասնակցել է ԽՍՀՄ-ում մեծ համարում ունեցող Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսին և իր ներկայացրած մեղրի որակի համար արժանացել պարգևի: Ընտանիքում չորս զավակ կար, հինգերորդը նոր էր ծնվելու, երբ ընթանում էր Հայրենական մեծ պատերազմը, և հայրը զորակոչվեց բանակ: Մեկնելուց առաջ նա հղի կնոջը պատվիրել էր, որ, եթե որդի ծնվի, թող իր անունը կրի, իսկ, եթե աղջիկ լույս աշխարհ գա, ավելի լավ է՝ չճանաչի այս աշխարհի դառնությունները, թող մայրը բարձով ծածկի դեմքն ու խեղդի: Այդ դաժան միտքը երևի հորն հուշել էր այն կանխատեսումը, որ ինքը, միևնույն է, զոհվելու է, իսկ նորածնին դժբախտ ճակատագիր վիճակված կլինի, ինչու՞ զուր տանջվի:

Իհարկե, մայրական բարեգութ սիրտը չէր կարող կատարել ամուսնու «պատվիրանը», ու Սիրանուշին վիճակվեց ապրել: Մորը` պատերազմական զրկանքներով լի տարիներին և դրանից հետո էլ, երբ ամուսինը չվերադարձավ ռազմաճակատից, չարքաշ կյանքով, բայց այնուհանդերձ, հաջողվեց մեծացնել հինգ զավակներին: 19 տարեկանում Սիրանուշին կնության տվեցին Ազատանում, սակայն ամուսնական կյանքը երկար չտևեց` ամուսինը կնոջ անպտղության պատճառով բաժանվեց նրանից: Սիրանուշը մտածեց, որ այլևս չի կարող դարձյալ բեռ լինել մոր ուսերին ու որոշեց աշխատանքի տեղավորման խնդրով դիմել հորաքրոջը` Արևհատ Ալեքյանին, ով այն ժամանակ «Լենինական» հյուրանոցի տնօրենն էր: Արևհատ Ալեքյանն իր կազմակերպական ձիրքը տարիների ընթացքում լավագույնս էր դրսևորել, աշխատելով Լենինականի տարբեր արտադրական ձեռնարկություններում` ղեկավար պաշտոններում և շահել էր Կոմկուսի քաղաքային կոմիտեի վստահությունը:

Սակայն վստահությունն իր հերթին, իսկ նրա կարիերային չարակամորեն նայողները քիչ չէին: Երբ եղբոր դստերն աշխատանքի էր ընդունել, հենց այս չարակամները զինվեցին գրիչով ու սկսեցին «մատերիալներ» գրել ղեկավար ատյաններին, թե խնամություն է արել ազգականին՝ հյուրանոցում հարկի հերթապահ ընդունելով նրան: «Դե, հորաքույրս էլ որոշեց խորամանկությամբ փակել դրանց բերանները,- պատմում է Սիրանուշը,- բանն այն է, որ մեր տոհմը գրվում է երկու ազգանունով` Ալեքյան և Մարտիրոսյան: Նա ինձ գրանցել տվեց Մարտիրոսյան ազգանվամբ: Դե, հիմա թող գնային ու ազգակցական կապ փնտրեին նրա վրա գրողները»:

Մեկ ամսվա ընթացքում հյուրանոցում տեսնելով Սիրանուշի անբասիր և նվիրումով աշխատանքը, հորաքույրը որոշեց, որ նա արժանի է առաջխաղացման ու կարող է արդարացնել իր սպասելիքները: Ինչպես ասում են`պաշտոնը բարձրացրեց, նշանակելով ադմինիստրատոր: Երբ երկրաշարժից հետո, «Պոլիգոններ» թաղամասում հերթացուցակով ստացած Սիրանուշ Մարտիրոսյանի մեկ սենյականոց բնակարանը փլվեց, նա ստիպված եղավ օթևանել հյուրանոցի համարներից մեկում: Պետք էր պահել-պահպանել հյուրանոցի գույքը, մանավանդ, որ հյուրանոցը ոչ մի վնաս չէր կրել, ահեղ երկրաշարժը խնայել էր շենքը: Այդ շրջանում էլ հյուրանոցն իր նպատակին ծառայեց. ստիպված էր հյուրընկալել քաղաքի բնակչությանն օգնության եկած օտարերկրացիներին: Հյուրանոցի միակ ղեկավար աշխատողը մնացել էր ադմինիստրատորը, իսկ նրա հետ՝ 6 հավաքարարուհիներ: Տիկին Սիրանուշը պատմում է, որ այն ժամանակ ևս «Լենինականը» լեփ-լեցուն էր, մարդիկ քնում էին ուղղակի ճեմասրահում` հատակին: Քաղխորհուրդն էլ՝ իր բաժիններով, այստեղ էր տեղավորվել` երկրորդ հարկում: Որոշ ժամանակ անց աշխատանքը հյուրանոցում գրեթե բնականոն հունի մեջ ընկավ` 40 սենյակ էր սպասարկվում: «Հետո,- պատմում է Սիրանուշ Մարտիրոսյանը,- պետությունը մաս-մաս վաճառեց հյուրանոցի տարածքից որոշ հատվածներ: Այսինքն` մնաց այն, ինչ հիմա կա, այն էլ, բարեբախտաբար, աճուրդով գնեց ԱԺ պատգամավոր Մարտին Սուքիասյանը ու սկսեց հիմնովին վերանորոգման աշխատանքները: Ուզում էր գործող 26 համարով հյուրանոց ստեղծել նախկինում մեծ հեղինակություն վայելող հյուրանոցի երբեմնի համբավն ու գրավչությունը վերականգնելու համար: Ցավոք, նրա մահվանից հետո գործը կիսավարտ մնաց»:

Հյուրանոցի պահանջվածության վերելքի տարիներին ադմինիստրատոր աշխատած Ս. Մարտիրոսյանը բազում հիշողություններ ունի կապված այդ ժամանակահատվածի հետ: Հիշում է հատկապես արվեստագետներին, գիտնականներին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր զգացված էին մնում ընդունելությունից և հոգու անզուսպ թրթիռով, իրենց տպավորություններն էին գրառում բացիկներին, ձեռքն ընկած պատահական թղթերին: Երբ Ֆրունզիկ Մկրտչյանը գալիս էր Լենինական, պարտադիր այստեղ էր իջևանում: Եղբայրը` ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը ևս իր լենինականյան եռերգությունը նկարահանելիս, նախընտրում էր այս հյուրանոցում մնալ. «Ֆրունզիկը վերջին անգամ հյուրախաղերով իր թատերախմբի հետ եկել էր «Հացագործի կինը» բեմադրությունը մեր թատրոնում ներկայացնելու: Որդուն էլ էր բերել, նա շատրվանների մոտ նստած, Ամենափրկիչ եկեղեցին էր նկարում: Հետո ես տեսա դրանք, հիանալի նկարներ էին: Բայց ցավալին այն էր, որ հայրն էլ, որդին էլ հիվանդ էին: Ֆրունզիկին հիվանդությունը անճանաչելիորեն փոխել էր: Նա ինձ՝ որպես հին ու բարի ծանոթի, ներկայացման հրավիրատոմս տվեց: Գնացի, դիտեցի` ապշելու բան էր, թե էդ վիճակում ո՞նց էր խաղում էդ մեծ դերասանը` չեմ կարող նկարագրել»:

Առանձնակի ջերմություն էր հաստատվել բանաստեղծ Արամայիս Սահակյանի ու Սիրանուշի միջև: Բանաստեղծն առիթը բաց չէր թողնում նրան էքսպրոմտ-երկտողեր նվիրելու, ինչպես, օրինակ` «Հյուրանոցի ադմինիստրատոր Սիրուշը ավելին է, քան Թետչերն ու Բուշը», «Ազնիվ կին է Սիրուշը, Ոզնին պաչի իր թուշը», «Սիրուշը` հյուրանոցի մեծ ուժը, մարդիկ գոհ են քեզանից, ինչպես կանայք ինձանից»:

«Լենինականի» ադմինիստրատոր Սիրուշին հուզմունքով բանաստեղծություն է նվիրել անանուն հեղինակն Ախալքալակից. «Սիրտդ է մաքուր, հոգով գեղեցիկ, ստեղծել ես դու ամենայն բարիք, աչք չես ունեցել ուրիշի փողին, հալալ է քեզ պես աշխատողին»: Ու նա հպարտ է, որ իր` անձնական կյանքում միայնակ ապրելու ճակատագրին հանձնված լինելով, միևնույն է, իրեն բաժին է ընկել աշխատանքային մի գործունեություն, որն հնարավորություն է տվել մարդկանց բարությամբ համակել, ինչով էլ երախտագիտության ու շնորհակալանքի խոսքերի է արժանացել մարդկանցից:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ[/vc_column_text][/vc_column][/vc_row]