Հոկտեմբերի 5-ին Գյումրու թիվ 37 դպրոցում տեղի էր ունեցել տնօրենի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթ: Սակայն մրցույթն, ըստ 37 ավագ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի 3 անդամների, ընթացակարգային խախտումներով է անցկացվել: Վերջիններիս հայտարարությունն այս մասին տարակարծությունների տեղիք է տվել, շատերն անգամ կասկածի տակ են առել նրանց քննադատությունների անկողմնակալությունը, իբր թե՝ վերջիններս ինչ-ինչ պատճառներով են խախտումների մասին բարձրաձայնում:
Պարզաբանելու համար «Շրջապատ» էին հրավիրվել թիվ 37 ավագ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի 3 անդամներ՝ Կարեն Ավագյանը, Էմմա Բաղդասարյանը և Գայանե Ավետիսյանը:
Էմմա Բաղդասարյան. — Դեռևս օգոստոսի 9-ին Կրթության և գիտության նախարարությունից ինձ զանգահարեցին, և խնդրեցին, որ ես ընդգրկվեմ թիվ 37 ավագ դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի կազմում: Համաձայնվեցի, որովհետև մտածում էի, որ կարող եմ արդյունավետ գործունեություն ծավալել: Նույն օրը, մի քանի ժամից մեզ տեղեկացնում են, որ այդ օրը դպրոցում մեկ ժամից տեղի է ունենալու կոլեգիալ կառավարման խորհրդի նիստը: Գնում ենք: Այդ նիստին, փոփոխված կազմում ենք՝ ես, Գայանե Ավետիսյանը, իսկ Կարենը բացակայել է զուտ այն պատճառով, որ նույն օրը նաև ՇՊՀ-ում էր նիստ գումարված: Մյուս անդամը, որը նույնպես փոխված էր, ոչ տեղյակ էինք, ոչ էլ ծանոթ: Հենց այս նիստի ժամանակ հայտարարվել է դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարման կարգի մասին, և ամբողջ նիստը օրակարգային մեկ հարցից էր բաղկացած: Սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ այդ նիստի ժամանակ ինչ-որ այլ հարցեր ևս իբր քննարկվել են, որոնցից մենք տեղյակ չենք, անգամ քանիսն են «կողմ» եղել, քանիսը՝ «դեմ»:
— Այսինքն, դուք ուշացա՞ծ եք գնացել:
Գայանե Ավետիսյան. — Ոչ, մենք ներկա եղել ենք, արձանագրության տակ մենք ստորագրել ենք, որի մեջ կան կետեր, որոնցից մենք, գուցե պահի տակ, գուցե մեր՝ իրենց վստահելու և, իհարկե, շատ հապճեպ տեղի ունեցած նիստին ներկա գտնվելու և անցկացնելու պատճառով բաց ենք թողել: Անծանոթ միջավայր էր, ժամանակի սղությամբ՝ պատրաստվելու ժամանակ չի եղել, և մենք դեռ ծանոթ չէինք լսվելիք հարցերի շրջանակին: Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, թե մենք չենք պատկերացնում, որ արձանագրություն կազմելիս, քվեարկություն անցկացված պետք է լիներ, նշվեր քանի «կողմ» ու քանի «դեմ» է եղել: Մենք այս հանգամանքը նկատելով, հակված ենք նրան, որ այդ կետերը, որոնք առկա են արձանագրությունում, չեն քննարկվել: Հակառակ դեպքում և, բնականաբար, մենք քվեարկությանը պարտադիր մասնակցած պետք է լինեինք: Այ, սա է, որ սկզբի համար խնդիր է առաջացրել: Իսկ այստեղ կարևորագույն բացթողում կար, այդ պահին ձևավորվելու էր կամ հանձնախումբ, որը պետք է ընդուներ տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարությամբ դիմումները, կամ մենք՝ որպես կառավարման խորհրդի անդամներ, պետք է մեկին լիազորեինք, որպեսզի նա ընդուներ, կամ ըստ կարգի, բոլորով ընդունեինք : Քանի որ դա չի եղել, չենք կարող ասել, որ նման հարցի քննարկումը կարող էինք ականջի տակով բաց թողած լինել: Նախագահն ինքն է ընդունել դիմումները, և մեզ մոտ հարց է առաջացել. ինչո՞ւ կողքի դպրոցում, որն ընդամենը 300 մետր հեռավորությամբ է, կա 8 դիմումատու, իսկ այս դպրոցում ընդամենը մեկ:
Էմմա Բաղդասարյան. — Մենք այստեղ նաև շահերի բախում ենք դիտարկում. ծնողական խորհրդի նախագահն, որը նաև հանդիսանում է դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի նախագահ, շատ սերտ հարաբերություններ ունի դպրոցի անձնակազմի, տնօրենի հետ, ինչը մեր դիտարկմամբ, արդեն խնդրահարույց է: Եվ դիմում ընդունել է հենց այդ մեկ մարդը:
— Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտարարություն եղե՞լ է:
Կարեն Ավագյան.- Հայտարարությունն azdarar.am կայքում է տրված եղել: Բանն այն է, որ մեզ՝ որպես խորհրդի անդամներ, տեղյակ չեն պահել, որ հայտարարություն է տրվել, մեր հեռախոսահամարները չեն ֆիքսվել, և մեզ ոչ մեկը չի զանգահարել: Թե քանի հայտատու է իրականում եղել, եղել է, թե չի եղել, դա մեզ արդեն անհայտ է:
— Բայց օրենքի տառին համապատասխան է եղել, չէ՞:
— Այո, սակայն մեր հետազոտություններից ելնելով՝ շատ զարմանալի էր, որ Գյումրիի դպրոցներից մեկի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարությունը չի տեղադրվել տեղական ոչ մի տպագիր մամուլում, որը քաղաքում ավելի մեծ լսարան կարող էր ապահովել, ընդամենը հեռարձակվել է «Շիրակի հանրային ռադիոյի» եթերում՝ 5 օր, օրական 2 անգամ: Կարելի է փաստել, որ հայտարարության տարածման արդյունավետությունը նվազ է եղել:
— Լավ, ասենք, տվել են, ու դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու ցանկություն ընդամենը մեկ դիմորդ է հայտնել…
Էմմա Բաղդասարյան. — Եկավ ընթացակարգային խախտումների փուլը: Նախորդ երկու նիստերից առաջ, երբ մի քանի կետեր էին քննարկվում, մենք խնդրեցինք, որ օրակարգային հարցերն ուղարկեն 3 օր առաջ, որպեսզի մենք ծանոթանանք դրանց: Թողեցինք մեր կոնտակտային տվյալները: Բայց արի ու տես, համառորեն մեզ օրակարգային հարցերը տալիս են վերջին պահին:
Կարեն Ավագյան. — Ընդ որում, դպրոցի պաշտոնական կայքին, որն ինձ տվել էր տնօրենը, նամակ եմ գրել, նրանք էլ ասել են, որ, եթե հարցեր կլինեն, կարող եք դիմել այս պաշտոնական կայքով, և գործավարուհին պարտադիր ձեզ կպատասխանի: Սեպտեմբերի 26-ին արդեն մրցույթի փաստաթղթերի ընդունման ընթացակարգն ավարտվել էր, 3 աշխատանքային օր էլ անցել էր, իսկ մեզ, որպես կոլեգիալ մարմնի խորհրդի անդամներ, ոչ մի տեղեկություն չի փոխանցվել, թե ով, քանի հայտատու ունենք: Ես այս պահին փաստերն եմ արձանագրում: Սեպտեմբերի 29-ին նամակով դիմել եմ, թե՝ «Խնդրում եմ տեղեկություն տրամադրել փաստաթղթերի ընդունման գործընթացի մասին…» և այլն: Իմիջիայլոց, մինչ այդ էլ մեզ ոչ մեկը չի զանգել, տեղեկացրել, թե եկեք, ծանոթացեք հայտատուի տվյալներին և այլն: Նշանակում է՝ մեր ներկայությունը, մեր տեղեկացվածությունն անցանկալի է եղել: Սեպտեմբերի 29-ի իմ նամակից 2 օր անց՝ հոկտեմբերի 1-ին պատասխանել են՝ «Բարև Ձեզ»: Հետո հոկտեմբերի 2-ին նորից նույն նամակով դիմել եմ, խնդրել, որ պատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին, նաև տրամադրել խորհրդի անդամների հեռախոսահամարները, որպեսզի ես զանգեմ, ճշտեմ, թե որևէ մեկն ունի՞ տեղեկություն, ինձ պատասխան է եկել, թե՝ դուք կարող եք այսինչ-այսինչ հեռախոսահամարով կապվել հանձնաժողովի նախագահի հետ և ստանալ ձեր հարցերի պատասխանները: Պատասխանել է գործավարուհին: Դպրոցից ես այս պատասխանն եմ ստացել, որպես կառավարման մարմնի խորհրդի անդամ:
Էմմա Բաղդասարյան. — Երբ մրցույթից գոնե 3 օր առաջ մենք սպասում էինք, որ մեզ կուղարկեն հայտատուի ներկայացրած դպրոցի զարգացման ծրագիրը, մեզ հոկտեմբերի 4-ին ժամը 17-անց զանգահարում է նախագահը, հիշեցնելու, որ հաջորդ օրը մրցույթն է անցկացվելու և հավելում. «Որոշ մարդիկ ցանկություն են հայտնել ծանոթանալու զարգացման ծրագրին: Արդյո՞ք դուք էլ կուզենաք»: Մենք չպնդեցինք, թե դա ձեր ուղղակի պարտականությունն է, որ 3 օր առաջ պարտավոր էիք ուղարկել, և ոչ թե վերջին օրը հարցնել՝ կուզենա՞ք, թե՝ ոչ: Ասացինք, որ, իհարկե, ուզում ենք: 18:06, ոչ աշխատանքային ժամին արդեն մեզ ուղարկվում է զարգացման ծրագիրը, բայց նշում են, որ՝ գիտե՞ք, հնարավոր է, ձեզ մոտ ֆայլը չբացվի…
Կարեն Ավագյան. — Նշեմ, որպեսզի ուղարկված ֆայլը բացվի և ծանոթանանք, ես ինտերնետից գտնում եմ «Փաբլիշեր» ծրագիրը, որով մի կերպ կարողացել եմ բացել, սակայն հաջորդ օրը նոր միայն տպագրված փոխանցել եմ Էմմային և Գայանեին: Նշենք, որ մենք հոկտեմբերի 5-ին ներկայանալով նիստին, նախ հայտարարեցինք, որ մրցույթի նախապատրաստությունն ընթացել է ընթացակարգային խախտումներով, և դեռ չենք ուզում այդ մեկ հայտատուի զարգացման ծրագիրը լսել, որպեսզի ինֆորմացիայի արտահոսք չլինի, այլ, առաջարկում ենք նախ վերացնել թերությունները:
Էմմա Բաղդասարյան. — Ընթացակարգային խախտումները ֆիքսեց և փաստեց նաև ԿԳ ներկայացուցիչը, ով այդ պահին ներկա էր, նա ուներ խորհրդակցական ձայնի իրավունք: Եղավ բաց քվեարկություն, թե ո՞վ է համաձայն: 4/4 հարաբերակցությամբ, 4 խորհրդի անդամներիս և ԿԳ խորհրդակցական ձայնի իրավունք ունեցող ներկայացուցչի մասնակցությամբ էլ փաստվեց, որ այո, առկա են խախտումներ: Չենք ասում ընդունվեց, բայց փաստում ենք, որ ֆիքսվեց, որ կան խախտումներ:
Գայանե Ավետիսյան. — Այդ պահին, երբ 4/4 հարաբերակցությունն էլ կար, մեր ցանկությունը ոչ թե մրցույթը չեղյալ համարելն էր, այլ խոսքը վերաբերում էր հետաձգմանը: Նկատեք, որ մենք բացարձակապես ոչ թե անձի խնդիր էինք առաջ քաշել, այլ ընթացակարգի: Մենք հասկանում էինք մեր վրա դրված պատասխանատվությունը, վերջիվերջո, ով էլ լինի տնօրենը, նա պետք է 5 տարի ղեկավարի մի կառույց, որը պետք է սնվի պետական բյուջեի միջոցներով, իսկ դա խաղ ու պար չէ, այդ ամեն ինչին մենք շատ լուրջ էինք վերաբերվում: Ու զարմանքով նկատեցինք, որ ՀՀ-ում դեռևս կա որևիցե կոլեգիալ մարմին, որը օրենքի նմանատիպ պարզ բաները չգիտի կամ բաց է թողնում, կամ աչք փակում:
— Իսկ միգուցե ձեռնտո՞ւ է եղել նրանց:
Կարեն Ավագյան. — Չէի ասի, բանն այն է, որ նախկին ժամանակներում ինչպե՞ս է եղել. ում որ պետք է եղել անցկացնել, զանգել, ասել են ու վերջ և, բնականաբար, նման «մանրուքներին» արդեն ոչ մեկն ուշադրություն չի դարձրել:
Էմմա Բաղդասարյան. — Նաև ասեմ, որ ամեն ինչ արեցին, որպեսզի կոլեգիալ կառավարման խորհրդի մյուս անդամները սկսեցին մեզ հորդորել, խնդրել, թե՝ «լավ էլի, եկեք լսենք ծրագիրը»: Իսկ մենք ասում ենք, թե եթե լսում ենք, ուրեմն պետք է նաև քվեարկենք… Մեր ցանկությունն է, որ ամեն ինչ համապատասխանի օրենքին, որևէ միտում չլինի, ու կասկածի տակ չդրվի, թե որևէ բան եղել է թերի: Եթե մենք այդ կոլեգիալ կառավարման անդամ ենք, մենք, ովքեր պայքարել ու պայքարելու ենք օրենքների գերակայության, արդարության, թափանցիկության համար, հիմա ինչ-որ մարդիկ հանկարծ կարծիք հայտնեն, թե մենք թերությունների վրա աչք ենք փակել: Եվ թող ձեր նշած տարաբնույթ ու միտումնավոր լուրեր տարածողները, նրանց ձայնարկողներն ականջներին օղ անեն, որ մենք ոչ մի շահագրգռվածություն չենք հետապնդել, մենք չունենք այնտեղ շահերի բախում, ոչ մեկիս ոչ մի հարազատն այդ դպրոցի հետ չունի ոչ մի առնչություն, և ուրեմն, եթե մենք բարձրաձայնում ենք, որ կան խնդիրներ, ապա թող հիշեն, որ մենք այն մարդիկ ենք, ովքեր պայքարել են արդարության համար, ու հանկարծ թյուր կարծիք չառաջանա, թե մենք խնդրահարույց իրավիճակ ենք ստեղծել, այլ մենք արդարության հասնելու պայքարում գնալու ենք մինչև վերջ: ԿԳ նախարարությանը բողոքն ուղարկված է՝ օրենքի տառին համապատասխան տեքստով, որի տակ երեքս էլ ստորագրել ենք: Մնում է հանձնաժողով կազմվի, քննարկվի այս հարցը:
Կարեն Ավագյան. — Եվ մի բան էլ. մենք խորհրդի նախագահից պահանջել ենք մեզ տրամադրել արձանագրությունների մատյանը, որը բաց փաստաթուղթ է: Պատասխանել են, որ այդ մատյանները մեզ չեն կարող տրամադրել… Մինչդեռ, այն հանրային փաստաթուղթը, որի տակ մենք ստորագրություն ենք դրել, իրավասություն ունենք՝ տեսնելու, ծանոթանալու, նույնիսկ այլ կազմակերպություններ այդ արձանագրությունները հրապարակում են: Մի խոսքով, չեն տրամադրում, ու չեն հիմնավորում: Հիմա ի՞նչ, մե՞նք ինչ կարծիք պետք է կազմենք այս ամենի մասին: Մինչդեռ մեր շահագրգռվածությունը բխում էր լոկ դպրոցի շահերից:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ