ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հիվանդը փող չունի, որ վճարի, իսկ հիվանդանոցն էլ մեղք չունի, որ ծառայությունը վճարովի է

Հաճախ ենք լսում դժգոհություններ հիվանդանոցների, բժշկական կենտրոնների «ընդունարանների» աշխատանքի վերաբերյալ: Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում. մեկն ասում է՝ «շատ են սպասեցնել տվել», մյուսը՝ «կոպիտ են եղել», երրորդն էլ, թե՝ մինչև գրպանները փողը չխցկես…

«Շրջապատը» զրուցել է Գյումրու բժշկական կենտրոնի ընդունարանի բժիշկների հետ:

Որևէ կառույցի «ընդունարանը» դա հենց այդ կառույցի դեմքն է, կամ հյուրընկալը, որն ինչպես ընդունեց, այդպիսին էլ կլինի հյուրերի վերաբերմունքն ու այդտեղից դուրս գալուց հետո՝ նրանց կարծիքներն ու արձագանքները: Ժողովրդի մոտ կարծիքները տարբեր են, հետաքրքիր է, թե ձեր կողմից ինչպիսի՞ն է արձագանքը:

— Մեր աշխատանքը բավական բարդ է, բազմապրոֆիլ, ու շատ պատասխանատու: «Ընդունարանի»՝ Ձեր խոսքով ասած՝ հյուրընկալը, պետք է նախ առաջին հերթին շփման էթիկային տիրապետի, նույնկերպ առաջնահերթ է, որպեսզի առաջին բուժօգնություն ցուցաբերի, կազմակերպի հիվանդի սպասարկումը,- ասում է ընդունարանի լաբորատոր-ախտորոշիչ բաժանմունքի ավագ բուժքույր Արուսյակ Գևորգյանը:- Իհարկե, սա մեր պարտականությունն է, որը մենք գիտենք, և նույնն էլ ակնկալում ենք քաղաքացուց. հիվանդը, իսկ ավելի շուտ՝ հիվանդատերը ևս պետք է տիրապետի նույն շփման էթիկային, համբերատարություն ունենա: Եթե այս ամենը տեղի չի ունենում, երբեմն աղմուկ է բարձրանում, իսկ լուրերն էլ տարածվում են ու առաջին հերթին մեղադրում են կառույցի «Ընդունարանին»: Մենք հասկանում ենք հիվանդատիրոջ վիճակը, գիտենք, որ հարազատի հիվանդությունը նրանց համար ցավ է, անտանելի է, անհանգստություն է, անկարողություն է, խառնաշփոթ է: Երբեմն հիվանդին մահամերձ վիճակում են հասցնում հիվանդանոց, դա էլ ենք հասկանում, բայց մտնել ներս ու գոռգոռալ անձնակազմի վրա, հոխորտալ, պահանջներ ներկայացնել՝ այդկերպ խաթարելով բնականոն աշխատանքը, լարված իրավիճակ ստեղծելով՝ խանգարել մեր աշխատանքը… Գիտենք, որ 3 կամ 5 րոպե սպասելը՝ իրենց համար հավերժություն է, ու իրենց մոտ տպավորություն է ստեղծվում, թե բժիշկն է ուշ գալիս, օգնությունն է ուշանում:



Ռաֆայել Խաչատրյանը «Ընդունարանի» բժիշկն է, առաջնային բուժօգնության, ուղղորդող, շարունակական բուժօգնության կազմակերպիչը: Բացատրում է, որ հիվանդին բերում են՝ շտապ օգնության միջոցով, պոլիկլինիկայի ուղեգրով, կամ հարազատների ուղեկցությամբ. և յուրաքանչյուր դեպքում պետք է կազմակերպել հիվանդի սպասարկումը ոչ միայն մասնագիտական, առաջին բուժօգնության առումով, այլ նաև  գործավարական:

— Տարիներ շարունակ, սեփական փորձից ելնելով, եկել եմ այն համոզման, որ հայերս ահավոր «ծույլ» ենք մեր առողջությամբ զբաղվելու համար: Վերջին ժամանակներում առավել շատ եմ համոզվում, որ հիվանդության այն աստիճաններում, որում հիվանդին ուղեկցում կամ բերում են հիվանդանոց, ախր անհրաժեշտ էր, որ առաջնային օղակի ծառայությունն անցած լինեին, ամբուլատոր բուժօգնություն ստացած լինեին, մինչդեռ շատ հաճախ շրջանցում են վատ կազմակերպած ամբուլատոր ծառայությունները:

— Ճի՞շտ հասկացա, որ խնդիրն ավելի շուտ վատ կազմակերպված ամբուլատոր բուժօգնության ծառայությունն է, թե՞ մեր մենթալիտետի արդյունք է:

— Ոչ, այստեղ, իմ բերած օրինակում արդեն մենթալիտետը կապ չունի: Հիվանդը պետք է սպասարկող բժշկից, ընտանեկան բժշկից, առաջին օղակից, նեղ մասնագետից ստացած լիներ բավարար բուժօգնություն: Բայց ես մյուս կողմն էլ եմ ասում՝ պոլիկլինիկաների տեխնիկական հագեցվածությունն էլ իր հերթին թույլ չի տալիս, որպեսզի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ կազմակերպվեն: Բայց միևնույն ժամանակ չպետք է բացառել, որ հիանալի ընտանեկան բժիշկներ ունենք, պոլիկլինկա կա, որ բարձր հմտություն ունի, բարձր մասնագիտական ու որակական հնարավորություններ:

Ռաֆայել Գեորգիչ, հետաքրքիր է լսել նաև Ձեր տեսակետը ընդունարանհաճախորդ փոխհարաբերությունների մասին:

— Նախևառաջ կուզենամ խոսել «Ընդունարան» բաժանմունքի որպես այդպիսինի շենքային անբավարար պայմաններից. հագեցվածության առումով չի բավարարում ներկայիս կենտրոնական հիվանդանոցի պահանջներին: Որովհետև ընդունվում են բազմապրոֆիլ հիվանդներ, իսկ մեր շենքային հնարավորություններն անբավարար են, որպեսզի անմիջապես ստեղծես իզալյացիոն, անցումաթողային հնարավորություններ, անհրաժեշտ կաբինետներ՝ սա է, որ լիարժեք չէ: Այս տիպի հիվանդանոցները պետք է ունենան մասնագիտական անցաթողային մեխանիզմներ, ինչը շատ կարևոր է: Հիվանդին պատգարակով ներս բերելիս, կամ մեքենայից իջեցնելիս արդեն պետք է սկսել ստացիոնար բուժօգնության առաջին միջոցառումները և շարունակվելու է մինչև վերջ՝ բաժանմունքի մահճակալ: Սա ծավալների ընդգրկման առումով եմ ասում: Թե չէ Գյումրու բժշկական կենտրոնն հագեցած է այնպիսի գործիքակազմով, այնպիսի բուժտեխնիկայով, որ շատ հիվանդանոցներում երազանք է:

Երկրորդ և կարևոր խնդրի՝ փոխհարաբերությունների մասին. կենտրոնի տնօրենը կազմակերպեց կամ ստեղծեց արագ գործող խումբ, որն անմիջապես սկսում է զբաղվել հիվանդով, և որում ընդգրկված է հայտնի և բանիմաց բժիշկ, ում հիվանդն առաջին իսկ պահից կսկսի վստահել: Այլ խնդիր է, երբ հիվանդը կամ հիվանդատերը փնտրում է իր ճանաչած մասնագետին, որը կարող է հերթապահ չէ, կամ վիրահատության մեջ է, ժամեր շարունակ կարող է դեռ վիրահատարանից դուրս չգալ. այստեղ է, որ արդեն սկսվում է հիվանդատիրոջ՝ այս պարագայում՝ անհիմն դժգոհությունը: Բայց միևնույն ժամանակ պետք է փաստել, որ անկախ ամենից, առաջին բուժօգնությունը, մասնագիտական միջամտությունը, բժշկական հսկողությունն արդեն իսկ գործում է:

Ստացվում է, որ չակերտավոր ասած՝ «մեղքը» հիվանդատիրո՞ջն է:

— Ոչ, այդպես չէ: Ստացվում է, որ բոլորս էլ սովորելու դեռ շատ բան ունենք: Ասում են՝ հանրապետությունում շատ բան է փոխվել… Այո, բան է փոխվել ու կարևոր է յուրաքանչյուրիս ներքին փոփոխությունը: Ամենացավալի պահը հիվանդանոցում եղել ու մնում է վճարման պահը: Երբ առողջապահությունը մասամբ դարձավ նաև վճարովի, բուժաշխատողի և հիվանդի միջև սեպ խրվեց: Ունենք հիվանդներ, որոնք ի վիճակի չեն վճարել: Դրա համար եմ կարևորում համաբուժարանի, առաջին օղակին, ամբուլատոր ծառայությանը դիմելը, պոլիկլինիկաներից անվճար օգտվելու հնարավորությունը, տեղամասի հիվանդի համար ամեն ինչ անվճար է: Եվ երկրորդ. հիվանդանոցում կա համապատասխան գնացուցակ, հայտարարություն, տեղեկություն, որը շատ կարևոր է հիվանդանոցի վարչական մասի համար՝ ֆինանսական բացը լրացնելու առումով: Հիվանդը պետք է համոզված լինի, որ վճարումը գնում է ուղիղ իր բուժման համար: Տնօրենն հաճախ է նշում, որ հիվանդը պետք է ամեն ինչ իմանա, պետք է ՀԴՄ կտրոն տրվի, սա շատ կարևոր է: Եվ մենք հիվանդին պետք է բացատրենք, որ կա պոլիկլինիկայի անվճար տարբերակը, կա բարձրարժեք հետազոտությունների հնարավորությունը, ընտրությունն արդեն պացիենտինն է: Վճարովի բժշկությունը աղքատ երկրի քաղաքականությունն է:

Բայց եվրոպական երկրներում

-… Այնտեղ գործում է հիանալի կազմակերպված մեխանիզմ. առողջության ապահովագրում, որի առկայության դեպքում հիվանդը, որը ծանր վիճակում է, չի էլ հասցնի մտահոգվել, թե ոնց, որքան պետք է վճարի, իսկ օրինական վճարովի ծառայություն իրականացնող կառույցն էլ չի մտահոգվի, թե ծախսերն ու օրինական ծառայություններն ինչպես պետք է կազմակերպի, և երրորդ կառույցը կամ համակարգված մեխանիզմն է, որ անում է այդ միջանկյալ գործողությունը: Հիվանդը փող չունի, որ վճարի, իսկ հիվանդանոցն էլ մեղք չունի, որ ծառայությունը վճարովի է: Բարեբախտաբար, նոր նախարարը շատ խորությամբ է ընկալում այդ ամենը, և ես վստահ եմ, որ առաջիկա ամիսների ընթացքում բեկում կլինի առողջապահության համակարգում: