ՀՈՒՇԵՐ

Հույսի եւ մահի միջեւ

Ռաուֆի «թեստը»

Հեղինակավոր հյուրերի գնալուց հետո (երեկոյան 10-ի կողմերն էր) մյուս բանտարկյալներն էլ մեզ նման սպասում էին «նվերներին»: Ռաուֆը ձայն տվեց.

— Է՛յ, առա, պոսիլայու վամ տոլմա (էյ, արա՛, տոլմա եմ ձեզ ուղարկում):

Մենք ուրախացած իրար նայեցինք, Սերոբը գոհունակությամբ ցկցկացրեց.

— Բա, ասում էի, չէ՞, ախպերտիք, կարգին տղայա, մեր մասին մտածում ա:

Ես մոտեցա «կորմուշկային»: Շնիրն (ԿՊԶ-ի հերթապահ, նշանակվում էր բանտարկյակներից) այդ օրը Գենան էր՝ կիսառուս-կիսաազերի, չափազանց տհաճ, նենգ մի անձնավորություն: Նա ափսեով լիքը թփով տոլման ձեռքին մոտենում էր մեր խցին: «Տուլիկը» (ուղարկած սնունդը) հանձնելու պահին Ռաուֆը կրկին ձայն տվեց.

— Է՝յ, առա, սկոլ՞կո տամ տոլմա (քանի՞ տոլմա է ափսեյում):

Հարցն անչափ անսպասելի էր. հասկացա, որ հենց այնպես չի տրված: Տղաները, թե՝ «Ըսա ապ ջան, հաշվե, ըսա»: Այդ տրամաչափի հանցագործները ոչինչ հենց այնպես չեն անում, նրանց հետ շփվելիս միշտ աչալուրջ է պետք լինել՝ հիշեցի Աբոյի «դասերը»: Բանտում սովորական, գողական աշխարհից հեռու մարդկանց նման մանր բաների վրա են բռնացնում ու հեշտությամբ «փչացնում»: Ուղեղս շատ արագ հաշվարկում էր տարբերակները, ուզում էի կռահել որտեղ էր թակարդը՝ չէի կասկածում, որ Ռաուֆը յուրօրինակ «թեստավորման» էր ենթարկում ինձ ու ընկերներիս: Մի քանի վայրկյան վարանեցի, արի այնպես, որ տղաները չտեսնեն ափսեի պարունակությունն ու չկարողանան տոլմաների քանակը որոշել ու հայտնել Ռաուֆին: Ճիշտ կողմնորոշվելու համար Ժամանակ էր պետք շահել: Արդեն արագ հաշվել էի՝ 11 հատ էր: Ինչո՞ւ հենց 11: Մենք վեց հոգի ենք, հետևաբար՝ պիտի լիներ կամ վեց, կամ՝ 12: Այս մաթեմատիկական (որն ամենևին մաթեմատիկական չէր)՝ առաջին հայացքից հեշտ թվացող խնդիրը անհրաժեշտ էր լուծել հանցագործ աշխարհի «գիտության բանաձևերով»: Ինչ խոսք, իմ կյանքի «բանաձևերը» լրիվ այլ էին, բայց շնորհիվ ընկերոջս՝ Աբոյի, ես վատ չէի պատկերացնում այդ ոլորտի օրենքներն ու անցքերը:

— Մե րոպեմ, հըմի կըսեմ, մի՛ վռազցեք,- դարձա տղաներին:

Ափսեն վերցնելու պահին ուշադիր նայեցի Գենային: Ռաուֆի հարցը տոլմաների քանակի մասին ակնհայտորեն նրան ահավոր շփոթմունքի մեջ էր գցել, դեմքն այլայլված էր, գույնը գցած: Ես վերջապես ամեն ինչ հասկացա: Գենայի ճակատագիրը մազից էր կախված, իմը, թերևս՝ նույնպես: Պարզ էր՝ ափսեն մինչև մեզ մոտ հասցնելը նա մի տոլման վրայից թռցրել ու կուլ էր տվել: Ռաուֆը՝ երկար ժամանակ ինձանից արձագանք չստանալով, կրկնեց հարցը.

— Արմյան, սկո՞լկո տոլմա:

«Փչացնող» ծուղակի էությունը հետևյալում էր: Եթե ես ազնվորեն տայի ճիշտ պատասխանը, այսինքն՝ 11, երկուսս էլ հայտնվելու էինք ծանր վիճակում: Գենան՝ որովհետև հանդգնել էր զանց առնել «պախանի» (Ռաուֆի) ուղարկածը հասցեատիրոջը անձեռնմխելիորեն հանձնելու հանձնարարությունը, ես՝ որովհետև իրավունք չունեի «ծախել» Գենային, որ մի հատիկը կերել է: Բանտում «ծախողի» պիտակ ունեցող մարդկանց արհամարհում են ու վերաբերմունքը նմանների նկատմամբ բավականին դաժան է: Գենան ահուսարսափով նայում էր ինձ ու աչքերով աղերսում՝ չմատնել իրեն: Այդ ճղճիմ արարածը քաջ գիտակցում էր ինչ հաշվեհարդար է տեսնելու նրա հետ Ռաուֆը՝ մի տոլմայի պատճառով կարող էր վայրկյանի ընթացքում ամեն ինչ կորցնել ու դառնալ փալաս: Եթե չլիներ իմ կողմից «ծախող» դառնալու պահը, ես առանց խղճի խայթի կզոհեի Գենային: Այս ամենը հաշվի առնելով, պատասխանեցի.

— Ռաուֆ, նորմալնո, բոլշոե սպասիբո (նորմալ է, շատ շնորհակալ ենք):

Կատաղած հայացք գցեցի Գենայի վրա. «Իդի՛, ժիվի՛ (գնա՛, ապրի՛ր)» ու ներս բերեցի ափսեն: Ռաուֆը քահ-քահ ծիծաղեց.

— Խառաշո, արմյան՝ կուշայտե, կուշայտե:

Նա հասկացավ, որ ես գլխի եմ ընկել, թե ինչումն է նրա «թեստի» գաղտնիքը ու այդ ծիծաղով իր դրական գնահատականը տվեց: Թեև, կարծում եմ, իր համար միևնույն էր՝ ինչպես կավարտվի փորձությունը՝ նման մարդկանց համար մենք արժեք չենք ներկայացնում:

— Ի՞նչ կձգեիր, ըշտը ըսեիր, պրծնեիր,- դժգոհեց տղաներից մեկը:

Ստիպված եղա մանրամասնորեն բացատրել գործողություններիս իմաստն ու ծուղակի պահը:

— Հա՜, ապ ջան, մեռնելուց պրծանք,- կատակեց Ֆելոն:

Մեծագույն ախորժակով ճաշակեցինք ադրբեջանական տոլման:

— Էսօր էլ ապրանք,- հառաչեց Սերոբը,- տեսնենք էգուց ինչ ա գալիս գլխներիս:

Համարեցինք, որ, ընդհանուր առմամբ, վատ օր չէր: Մեր գերության 27-րդ օրն էր:

Սերոբի էգուցը սկսվեց համեմատաբար վատ լուրով՝ իմացանք, որ մեր «ընկեր» Ռաուֆին տեղափոխում են ուրիշ տեղ: Դա նշանակում էր, որ ուտելիքի հարցում պրոբլեմներ ենք ունենալու: Սակայն կար և լավ լուր՝ մեր փոխանակման հետ կապված ընդհատված բանակցությունները վերսկսվելու էին հենց այսօր՝ հունվարի 14-ին, ինչի մասին «գաղտնի» հայտնեց մեր մյուս «ընկերը»՝ Ֆիկրետը, ում հերթապահության օրն էր: Բացի լավ լուրից, նա նաև երկու տուփ «Պրիմա» մակնիշի սիգարեթ էր բերել՝ մեկը մեր տված փողով էր գնել, մեկն էլ՝ իր կողմից: Տրամադրություններս բարձրացավ: Խնդրեցինք Ֆիկրետին՝ եթե նորություն լինի, մեզ անհապաղ հայտնի: Նոր հույսեր…




Ինքնաճանաչում

Երկու-երեք օր անընդմեջ մեզ ինտենսիվ տեղեկություններ էին հասցնում վերսկսված բանակցությունների մասին: Ըստ մեր «ընկեր» ոստիկանի, գնդապետ Տիգրան Սարգսյանին հաջողվել էր համոզել համագյուղացիներին՝ չսպասել այլևս, երբ կգտնվի ոսկեպարցի Սաշիկը, ում մի 20 օր առաջ առևանգել էին ազերիները: Հետո իմացանք, որ նա իր գործակալի միջոցով կարողացել էր իրեղեն ապացույցներ ներկայացնել Սաշիկի քույրերին առ այն, որ նրանց եղբորը այրել են. բաճկոնի այրված լաթ, կոշիկի ֆրագմենտներ, նաև՝ թղթադրամի երկրորդ կեսը, որ ազերիներից բերել էր Սարգսյանի լրտեսը և այլ փաստարկներ: Այս լուրերը մասամբ հաստատվում էին նաև ՊԱԿ-ի մայոր Բայրամովի կողմից, ում մեքենան մեր Աղասը շարունակում էր գրեթե ամեն օր լվանալ ու կարելի է ասել՝ «դոստացել» էր: Այդուհանդերձ, ամեն ինչ այդքան էլ հարթ չէր ընթանում: Ազերի պատանդին, ով մեր փոխանակման գրավականն էր, ոսկեպարցիները պահում էին իրենց մոտ, չէին հանձնում ոստիկանությանը: Դա լրացուցիչ դժվարություններ էր առաջացնում, թույլ չէր տալիս Սարգսյանին ու իր ազատամարտիկ գործընկերներին, մասնավորապես, ի դեմս Վազգենի, ավելի վստահ վարել բանակցությունները:

Հունվարի 16-ն էր, թե 17-ը: Օրվա երկրորդ կեսն էր: Բանակցողներն արդեն պետք է վերադարձած լինեին հայերի հետ հանդիպումից: Մենք շունչներս պահած, բանտախցի պատուհանիկին կպած, յուրաքանչյուր եկող-գնացողին հույսով նայելով, ակնկալում էինք գեթ մի ծվեն լրացուցիչ ինֆորմացիա կորզել: Բայց առայժմ նորություններն ընդամենը այդքան էին: Ու, երբ հերթապահ ոստիկանը մեզ անծանոթ ինչ-որ մեկի ուղեկցությամբ մոտեցավ մեր բանտախցին, բոլորիս սրտերը թփրտացին: Կարծեցինք՝ ահա՛, տանում են փոխանակելու: Սակայն պատճառը լրիվ այլ էր: Դուռը բացվեց, ու այդ քաղաքացիական հագուստով անծանոթը՝ շեմին կանգնած` պահանջկոտ, բարձր ձայնով հայտարարեց.

— Կտո՞ զդես Ռուբեն, նադո պայտի կ Նասիբովու (ո՞վ է այստեղ Ռուբենը, պետք է գա Նասիբովի՝ ոստիկանապետի մոտ):

Տղաները տարակուսած իրար նայեցին ու դեռ չէին հասցրել ասել, որ այդպիսի մարդ այստեղ չկա, ես միանգամից հասկացա, որ խոսքն իմ մասին է ու պատասխանեցի՝ յա Ռուբեն: Տղաներն ավելի խճճվեցին, զարմացած ինձ էին նայում: Բանն այն է, որ Ռուբեն հայրիկիս անունն է: Այդ անտաղանդը «Ռուբենի որդի» ասելու փոխարեն միայն Ռուբեն անունն էր հիշել: Սիրտս ճմլվեց: «Երևի պապայի հետ մի բան է եղել»,- անցավ մտքովս, դե՝ լավ բան այդ պահերին չես ենթադրում:

— Յա նե Ռուբեն, յա եվո սին, շտո՞ ս օտցոմ սլուչիլոս (ես Ռուբենը չեմ, ես նրա որդին եմ, նրա հետ բա՞ն է պատահել),- ընկած ձայնով ճշտում մտցրի ես:

— Նե զնայու, տեբե նադո պոգովորիտ պո տելեֆոնու, պոշլի՛ կ Նասիբովու (չգիտեմ, դու պիտի հեռախոսով խոսես, գնացի՛նք Նասիբովի մոտ),- կոպիտ ու անտարբեր ձայնով հրամայեց նա:

«Ի՞նչ հեռախոս, ի՞նչ բան, ինչո՞ւ ոստիկանապետի մոտ, էս ապուշն իրենից դուրս ինչե՞ր է էշ-էշ բստրում»,- մտորեցի ես:

Բոլոր դեպքերում պետք էր գնալ ու պարզություն մտցնել այս առեղծվածային, դրական բան չգուշակող իրավիճակի մեջ: Տղաները ցավակցական հայացքներով ուղեկցեցին ինձ, նույնիսկ մի երկու քաջալերող նախադասություն ավելացրեցին.

— Վտանգավոր բան դժվար էղնի, ապ ջան, վայթե փոխելու մասին է, խոսան պտի հետդ, մի՛ վախենա:

Մտանք ոստիկանության շենք՝ սովետների երկրից մնացած ստանդարտ շինություն էր: Բարձրացանք երրորդ հարկ ու, երբ թեքվեցինք միջանցքով դեպի Նասիբովի կաբինետը, աջ կողմից հանկարծ ինչ-որ ստվեր նշմարեցի: Կտրուկ շրջվեցի՝ հայացքիս ուղղությամբ մի անծանոթ, գզգզված մազերով, անխնամ մորուքով, հնոտի շորերով մեկն ինձ էր նայում: Վախեցած ետ քաշվեցի. «Ի՞նչ է անում էս բոմժն այստեղ»: Իմ շարժումից ինքը նույնպես ետ քաշվեց: Ես ճանաչեցի այդ մարդուն, այդ մարդը… հենց ես էի, պարզապես նայում էի հայելուն: Այդքան փոխվել էի, որ ինքս ինձ չճանաչեցի՝ արտացոլման մեջ լրիվ այլ մարդ էր: Մի՞թե հնարավոր է այդքան կերպարանափոխվել, Աստված իմ: Գրեթե մի ամիս ինքս ինձ չէի տեսել: Աչքերիս առջև եկավ Էդմոն Դանթեսը՝ կոմս Մոնտե-Քրիստոն՝ Իֆ ամրոցի ցմահ բանտարկյալը: Անհասկանալի զգացում պատեց. ինքնախղճահարություն էր դա, անձի դեգրադացիայի ակներև դրսևորման տխուր վկայության ռեակցիա՝ չեմ կարող ասել: Մտածեցի՝ Մոնթե-Քրիստոն, ով այս պահին ինձ «այցելեց», այդուհանդերձ, դուրս պրծավ ամենասարսափելի բանտից, ես էլ կպրծնեմ: Դատողություններս տևեցին մի քանի վայրկյան՝ մինչև ոստիկանապետի կաբինետ մտնելը: Բարևեցի գնդապետ Նասիբովին: Գիրուկ կարճահասակ, պոռթկուն շարժումներով, արագախոս մարդ էր:

Նա անունով դիմեց ինձ ու ասաց.

— Մի սեգոդնյա բիլի նա պերեգովորախ, տվոյ օտեց բիլ տամ, յա օբեշչալ, շտո ս տոբոյ բուդետ գովոռիտ պո տելեֆոնու (այսօր բանակցությունների ժամանակ ես խոստացա հայրիկիդ, որ թույլ կտամ զրուցել քեզ հետ):

Այնքան էլ լավ չէր խոսում ռուսերեն, խոսակցական մակարդակով: Ձեռքը գցեց հեռախոսին, համար հավաքեց: Երբ վերցրին լսափողը, հարցրեց.

— Ալլո, կտո՞ էտո (ալլո, ո՞վ է):

Հակառակ ծայրում գտնվողն, ըստ երևույթին, չուզեց ներկայանալ: Հասկացա, որ զանգում է Նոյեմբերյանի ոստիկանություն:

(շարունակությունը՝ հաջորդ էջում)

Պիտակներ՝