ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Երիտասարդ նախարարը առողջապահական համակարգում շատ բան կփոխի

Հարցազրույց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն ԱՐՄԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ հետ:

— Պարոն Իսահակյան, բժշկական կենտրոնը դարձյալ նորություն ունի. շուտով կհամալրվի ևս մեկ ժամանակակից բուժսարքավորումով` ՄՌՏ-ով: Դա ի՞նչ է իրենից ներկայացնում:

— Այո, այս անգամ մեր կենտրոնը կհամալրվի Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ) սարքով: Սարքի օգնությամբ բժիշկները լուծում են ամենաբարդ ախտորոշիչ խնդիրները: Այն արտացոլում է մարդու օրգանիզմի բջիջների ռադիոազդանշանների տեղաբաշխումը տարբեր հարթություններում և հարաբերակցություններում: Բժշկության մեջ այդպիսի պատկերները ընդունված է անվանել տոմոգրամմա: Դա ամենակարևոր փուլն է: Մանրամասն փոփոխությունների ճանաչումը և վերծանումը բժիշկ-հետազոտողի փորձառության և սարքավորումների որակի գործն է: Հետազոտության գլխավոր խնդիրը առավելագույնս տեղեկատվական պատկերների արագ և որակյալ ստացումն է` պացիենտի համար հարմար պայմաններում:

— Ենթադրում եմ՝ թանկարժեք սարք է:

— Այո, բավականին: Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ համագործակցության պայմանագիր էինք կնքել, և սարքը նրանց օգնությամբ է ձեռք բերվելու, կարծում եմ՝ մինչև օգոստոս այն կլինի Գյումրիում: Մարզերում մենք դարձյալ առաջինը կլինենք, որ կունենանք ՄՌՏ: Սա նաև բավական թանկարժեք հետազոտությունների համար նախատեսված սարք է, Երևանում արժի 80 հազար դրամ, իսկ Գյումրիում մենք 65 հազարով ենք ուզում ծառայություն մատուցել, որպեսզի մեր տարածաշրջանի բնակչության, նաև Վրաստանի, Ջավախքի բնակիչների համար հարմարավետ պայմաններ ստեղծվի: Մեր պայմանավորվածությունը ևս մեկ առավելություն ունի. գործընկերների կողմից կա ստեղծված կենտրոն, հետսովետական երկրներում մոտ 50 նման սարք կա և բոլորն ուղղակի կապ կունենան կենտրոնի հետ: Յուրաքանչյուր տոմոգրամմա կտեսնի, ասենք՝ Մոսկվայի լավագույն բժիշկը, որն իր մասնագիտական դիագնոզը կտա: Կարծում եմ, սա մեր բնակչության համար կլինի լավագույն և որակյալ ծառայություն: Եթե հիշում եք, երբ նոր-նոր սրտի վիրահատություններից էինք խոսում, մարդիկ կային, որ չէին հավատում, բայց այսօր մենք տարեկան մոտ 400 վիրահատություն ենք կատարում, ունենք շուրջօրյա հերթապահություն, ստենտավորում, և բնակչությունը զուր ժամանակ ու շատ գումար չի ծախսում՝ Երևան հասնելու և բուժվելու համար:

— Դուք հաճախ և՛ բարեգործական, և՛ նեղ պրոֆիլի բժշկական ծրագրեր եք իրականացնում: Ի՞նչ նորություններ ունեք այս ուղղությամբ:

— Վերջերս մեզ մոտ էր ուռոլոգ-անդրոլոգը՝ Ֆիլադելֆիայից, որն անվճար կոնսուլտացիաներ կազմակերպեց: Մի 10-15 օր առաջ Ջանի Հադաթն էր այստեղ, ով բարեգործական վիրահատություններ արեց, ամռանը Ֆրեզնոյի մեր գործընկերների խմբին ենք սպասում՝ վիրաբույժ, նյարդաբան: Հինգշաբթի օրերին Երևանից բժշկական գիտությունների թեկնածու ալերգոլոգը կլինի մեր կենտրոնում, նա կցուցակագրի հիվանդներին, և համապատասխան ծառայություններ կիրականացնի: Վերջապես այս հարցն էլ լուծվեց, քանզի ալերգոլոգը բավական պահանջված էր մեր մարզում: Նաև կուրությունը կանխարգելելու ազգային ծրագիրն էր, որը կենտրոնում բավական ակտիվ աշխատեց, իսկ սեպտեմբեր-հոկտեմբերին նույն այս ծրագիրը պետպատվերի շրջանակում է աշխատելու:




— Բժիշկ, հիշում եմ, երբ նոր էր բացվել կենտրոնը, մենք բազմաթիվ մասնագետների բացակայությունից էինք խոսում:

— Այս 6 տարիներին մենք բազմաթիվ մասնագիտական բացեր ենք լրացրել: Մարզում չկային պլաստիկ վիրաբույժ, դիմածնոտային վիրաբույժ, ալերգոլոգ, պետական մոտեցումով չենք ունեցել տրեդմիլ թեստ (ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստը ֆիզիկական ծանրաբեռնվածության թեստի տեսակ է, որի դեպքում  իրականացվում է  էլեկտրասրտագրության շարունակական գրանցում,- հեղ.), չենք ունեցել ԿՏ (կոմպյուտերային տոմոգրաֆիա), սրտի հետազոտություններ… Այս ամենը համալրելով, կարող եմ ասել, որ մենք այսօր կարող ենք ինքներս բարեգործական ծրագրեր իրականացնել. մարզպետարանի թույլտվությունը ստանալով, կարծում եմ աշնանը, երբ հիվանդությունների սրացման շրջան է, Գյումրու բժշկական կենտրոնի հնարավորությունները օգտագործելով, կփորձենք բարեգործական ծրագրով հանդես գալ մեր մարզի բնակչության համար: Այս 6 տարվա ընթացքում ոչ միայն բուժսարքավորումներով ենք համալրվել, այլև, եթե սկզբում մասնագետներին Երևանից էինք հրավիրում, հիմա արդեն մեր մասնագետները որակ են ապահովում:

— Առողջապահության նախարարն իր հարցազրույցներից մեկում ասաց, որ պետպատվերների բաշխումն այլ մոտեցմամբ է լինելու, հատկապես մարզերի համար պետք է շատացնեն:

— Գիտե՞ք ինչն է ինձ միշտ զարմացրել. դեռ այն ժամանակ, երբ ես Ծննդատանն էի աշխատում, մի տեսակ նեղվում էինք, թե ինչու պիտի Երևանի բժշկին բարձր վճարեն, իսկ մերոնց՝ ոչ, հետո այդ հարցը կարգավորվեց, կարգեր փոխվեցին: Հավատում եմ, որ առողջապահության նախարարի փոփոխությամբ, հիմա մարզերին ավելի լայն հնարավորություններ են տրվելու: Իսկ Գյումրու ԲԿ-ն էլ՝ որպես մարզային հիվանդանոց, իր պարտավորությունները ինչպես խոստացել է, այդպես իրականացրել է. մենք վճարովի ծառայությունները ավելի շատ ենք արել, քան պետպատվերները, ու տարիների փորձ ունենք: Երբ խոսվում է կոռուպցիոն ռիսկերից, ես ասեմ, որ, եթե մեկին կար հնարավորություն 10-100 տոկոս հասնելու, մենք 60-100-ի ենք արել, ու այս տարիների աշխատանքը տվել է իր դրական արդյունքները: Վստահ ենք, որ բնակչության հետ լավ աշխատանք ենք կատարել:

— Դժգոհություններ էլ են լինում, չէ՞, ասում են՝ բժիշկը տեղում չէ, լավ չբուժեցին…

— Ես գտնում եմ, որ պատասխանատվությունը ոչ միայն բժշկի վրա է, այլ պացիենտն ինքն էլ իր պարտականությունները պետք է ճիշտ կատարի, ոչ թե միայն պետք է պահանջողի դերում լինի, այլ ինքն էլ պետք է համբերատար լինի, գիտակից, որ իր առողջությունը նաև իրենից է կախված: Եթե առավոտյան ժամերից իր մոտ խնդիրներ են սկսվել, առաջնային օղակների չի դիմում, որ հետազոտվի, ապա ինչու ամբողջ օրը սպասել, որ գիշերվա ժամին ծանր վիճակում հասցնեն հիվանդանոց, ցայտնոտի մեջ հիվանդատերերը գոռան՝ «Արեք, հասեք, օգնեք»: Լարված իրավիճակ է ստեղծվում, բժիշկն ինքն էլ է լարվում, հիվանդությունը բարդացած է լինում, վիրահատության տոկոսայնությունն է նվազում, լիարժեք բուժման հավանականությունն է իջնում: Սա պետք է ըմբռնելի լինի:

— Իսկ արդյունավետություն կա՞, ասենք այն հոդվածներից, որոնք թեկուզ «Շրջապատն» է մատուցում:

— Իհարկե, շատ կարևոր է: Ես շատ շնորհակալ եմ մեր ԶԼՄ-ներին, որ հաճախակի անդրադառնում են, լուսաբանում են, հատկապես Դուք՝ «Շրջապատը», բոլոր հիվանդությունների մասին մասնագետի հետ զրուցում եք, տեղեկացնում ընթերցողին, բացատրում, որ հիվանդությունը մեկ օրում չի սկսվում… Միևնույն ժամանակ գտնում եմ, որ մի սյունակ էլ բնակիչների համար պետք է ունենաք, որ իրենց հետ զրուցեք, որ բացատրվի, թե որքան կարևոր է առողջությանը հետևելը, հաճախ հետազոտվելը, չթողնել բարդանա, հանեն իրենց մեջից՝ «Դանակը ոսկորին հասցնելը», և այդ դեպքում խնդիրները շատ ավելի լուրջ ու բարդ չեն լինի: Ես բժիշկներին միշտ հորդորում եմ՝ բարձր որակի սպասարկում մատուցել, հիվանդը դժգոհ չպետք է հեռանա: Հասկանալի է, որ բժշկի աշխատավարձը շատ ցածր է, չեմ ուզում այս մանրամասների մեջ խորանալ, շատ անգամներ է ասվել, շատ խոսակցություններ են եղել, բայց պետք է հասկանանք, որ ամեն աշխատանք ու մասնագետ իր գինն ունի: Դուք հաշվեք. կենտրոնն ունի 400 աշխատակից: Եթե անգամ ես շատ ուզենամ, որ գոնե 10 հազարական աշխատավարձ բարձրացնեմ, որքա՞ն կստացվի տարեկան… Մեծ հիմնարկների խնդիրներն առավել մեծ են լինում, ու միայն տնօրենից կախված չէ այդ հիմնարկի անունն ու պատիվը… Ասենք, տնօրենը փոխվեց, կոլեկտիվը կփոխվի՞, եթե տնօրենը այլ մոտեցում ունի, իսկ կոլեկտիվից շատերը իրենց մեջ ուժ չգտնեն ու հեղափոխություն հաղթած ու խանդավառված ժողովրդին իրենց համարժեք չդրսևորեն, դա իրենց պատիվ կբերի՞. սա բժիշկներն իրենց մեջ պետք է խորությամբ ընկալեն: Ես համոզված եմ, որ շատ բան է փոխվելու: Հույս ունեմ, որ երիտասարդ նախարարը առողջապահական համակարգում շատ բան կկարողանա փոխել և արհեստական բարդացված խնդիրները կլուծի, նույնն էլ ակնկալում եմ Շիրակի նոր մարզպետից:

Պիտակներ՝