ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուշերի «ծանրացող» բեռը

[vc_row][vc_column width=”1/3″][vc_single_image image=”2196″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”2197″ img_size=”full” onclick=”link_image”][vc_single_image image=”2198″ img_size=”full” onclick=”link_image”][/vc_column][vc_column width=”2/3″][vc_column_text]«Ելք» դաշինքն առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի բոլշևիկյան ժամանակաշրջանի հետ առնչություն ունեցող անուններ կրող փողոցները: «Ելքի» կողմից այս հարցի բարձրացումը դժվար է պոպուլիստականից հեռու համարել: Կարծում եմ, որ դա ժամանակով թելադրված երևույթ է` արձագանք ունենալու պահանջի «գրավադրմամբ»: Արդ, ելքականների բողոքի ու դժգոհությունների ցանկը հավանաբար մոտ է սպառման, դե, նրանք էլ անցել են «պահեստային» այս տարբերակին: Իրենց «ընդդիմադիր» գործունեությանը ջերմեռանդության եռանդ հաղորդելու` իրենց իսկ տեսանկյունից «մաժորային» տարբերակին համահունչ: Գուցե կարծում են, թե բոլոր «գլոբալ» բողոքի արժանի խնդիրները լուծվել են և հերթը սրա՞ն է հասել: Այսինքն` բոլոր խնդիրների «գանձադարանում» ամենայն հավանականությամբ սրա՞ն էլ պետք է տեղ տալ, այլապես` աշխարհը կարող է շուռ գալ:

Մյուս կողմից, մենք` գյումրեցիներս էլ մտածելու տեղ ունենք. իսկ վաղը հերթն էլ չի՞ հասնի Գյումրիում այժմ առկա կոմունիստական ոգով արված արձանների ոչնչացման հակաբոլշևիզմյան ոգով կոչերին, ինչը ես չէի ուզի, որպեսզի ոգեղենանար: Այս հարցում ինձ հետ համամիտ է նաև «Կումայրի» արգելոց-թանգարանի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը: Նա գտնում է, որ այս պայքարը, եթե հիպոթեթիկորեն ծավալվեր, ապա զուտ պոպուլիստական մակարդակի վրա կգտնվեր: Նշում է նաև, թե առհասարակ բոլոր պատմական հուշարձանները գտնվում են պետական պահպանության ներքո և միայն կառավարության որոշմամբ են սրանք ենթակա տեղահանման: Ս.Տեր-Մարգարյանը, համենայն դեպս, հավատում է, որ այս պարագայում դա տեղի չի ունենա:

Գյումրեցիները, ովքեր առավել հայտնի են իրենց պահպանողականությամբ, բացի քաղաքում առկա Լենինի արձաններից, «ձեռք» չեն բարձրացրել մյուս բոլշևիկների վրա: Քաղաքում պահպանվել են Ստեփան Շահումյանի, Լուկաշինի և Մայիսյան ապստամբության հերոսներին նվիրված երկու արձանները, որոնցից մեկը գտնվում է «Արագած» մարզամշակութային կենտրոնի, իսկ մյուսը` Սևյանի անվան մշակութային պալատին մերձ տարածքներում: Թվարկածս արձաններից վերջինը, որի հեղինակը քանդակագործ Արա Սարգսյանն է, տեղադրվել է  անցյալ դարի 30-ականներին ու, թերևս, միակն է այսօր, որ գտնվում է համեմատաբար անբարվոք վիճակում: Երևի դա էլ պայմանավորված է այն իրողությամբ, որ Սևյանի անվան մշակութային պալատը, երբ երկրաշարժի պատճառով շենքը փլվեց և կանգուն մնաց միայն ճակատային մասը, միանգամից անտարբերության մատնվեց, իսկ մերձակա տարածքում «ծիլ» տվեցին շուկան ու տնակները: Ի տարբերություն սրա, «Արագած» մարզամշակութային կենտրոնին մերձ գտնվող մյուս նշածս համանուն արձանը, որը քանդակել է Սուրեն Բաղդասարյանը, խնամված է և կանգուն մնում: Հուսանք, որ այդպես էլ կմնա: Չէ՞ որ արձանները նախ` մեր պատմական հիշողության արժեքները կրելուց զատ, նաև արվեստի գործեր են:

Քանդակագործ Կամո Սառիկյանը, ով հեղինակն է Գյումրու մանվածքային ֆաբրիկայի տարածքում գտնվող սովետական քաղաքական գործիչ Լուկաշինի կիսանդրու, կարծում է, որ վերջինիս սոսկ մոլեռանդ կոմունիստ ներկայացնելը անիրավացի կլիներ պատմության «աչքին»: Նախ` նա մեր հայրենակից Սարգիս Սրապիոնյանն է, հայրենասեր մարդ և բազմիցս ապացուցել է, որ իր կյանքի ընթացքում իսկապես հիշատակության արժանի բավականաչափ գործեր է արել: Սրանում քանդակագործը համոզվել է կիսանդրին կերտելուց առաջ նրա կենսագրությունը բծախնդրորեն ուսումնասիրելուց հետո:

Վերջերս հայտնի դարձավ, որ Սյունյաց աշխարհի Խուստուփ լեռան կատարին մարտական փամփուշտներով կրակել են Նժդեհի կիսանդրու վրա: Սա առաջին դեպքը չէ, երբ հանցագործները ձեռք են բարձրացնում հայ զորահրամանատարի վրա: Ըստ առաջ քաշված տարբերակներից մեկի, այս հանցանքում նեոբոլշևիկյան հետք կա: Այսինքն` վրեժից դրդված, դա կարող էին անել երդվյալ կոմունիստները կամ նրանց ժառանգները: Ուստի այստեղ շուտով տեղադրվելու են տեսահսկիչ սարքեր, որպեսզի արձանապիղծներն իմանան, որ հանցանքը կրկնելու դեպքում, կարող են ճանաչվել: Ահա այսպիսի ուշադրություն: Մյուս կողմից, նշեմ, որ ինձ համար միևնույն է` դա երդվյալ կոմունիստներն են արել, թե՞ այլմոլորակայինները, արարքը միանգամայն պետք է բնորոշել որպես դատապարտելի վանդալիզմի ակտ և դրա հեղինակներին պատժել:

Դեկոմունիզացիայի` ապակոմունիստականացման առաքելության պատճառաբանությամբ, Ուկրաինայի շորշոփը, որտեղ կոմունիստական ժամանակների հետ կապված բոլոր սիմվոլիկ ու կերպարային արձանները ոչնչացնում են, չէի ուզի, որ Հայաստան էլ հասնի: ԱՄՆ-ում էլ այլ միտում է երևան եկել: Այնտեղ էլ Հարավի և Հյուսիսի միջև քաղաքացիական պատերազմի զորահրամանատարների կատարածը վերաիմաստավորելու կարիք է առաջացել: Արձաններ են «վայր բերում» պատվանդաններից, հեռացնում նրանց մինչ այժմ վերագրված պատմական դերակատարությունից: Բովանդակային առումով` պատմական դեմքերի ջերմեռանդ վերաարժեվորման մեխանիզմը գործի գցելով, ամերիկացիները նրանց կատարածի բացասականացման երևույթն են սկսել ընդգծել: Դե, ամերիկացիներինը դեմոկրատիայի հայրենիքն է` կարող են իրենց թույլ տալ նման վերաարժեվորման համակարգի ներդրումը: Միայն մի բան է զարմացնում` այսքան տարիներ ա՞նց: Երևի Դոնալդ Թրամպն է մեղավոր այսպիսի ուշացած եզրահանգման հասնելու համար:

Բոլշևիկյան անցյալից կամ, ինչպես այժմ անիրավացիորեն ընդունված է ասել` ժառանգությունից ազատվելուց առաջ, գուցե մենք կարիք ունենք մտածելու, թե այսօր իսկ գրվող պատմության մեջ ի՞նչ անցքեր են առկա, որոնց վրա ուշադրություն դարձնելը բնավ ավելորդ չէր լինի: Թերևս, արժե նկատել, թե ինչպիսի քաղաքական գորշ գործիչների ժամանակաշրջանում ենք ապրում և օբյեկտիվորեն դատեինք այդ մասին: Մտածեինք, թե ինչպիսի մարդկանց են փորձում խոնարհվողներն անձեռակերտ արձաններ կանգնեցնել ու այս դեպքում ավելի լավ չէ՞ր լինի հեղափոխական մարմաջով բորբոքված հայտարարություններ անելու փոխարեն, հանգիստ թողնեինք պատմությանը:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ[/vc_column_text][/vc_column][/vc_row]