ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՍՊՈՐՏ

«Հուսով եմ՝ Գյումրիում էլ կկառուցվի աթլետիկական մանեժ»

Հարցազրույց Գյումրու աթլետիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, Շիրակի մարզի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ ՅԱՇԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ հետ:

Պարոն Եղիազարյան, Ձեր ղեկավարած մարզադպրոցը կեսդարյա պատմություն ունի և այս ողջ ժամանակահատվածում տնօրենը Դուք եք եղել: Ինչպե՞ս ստեղծվեց մարզօջախը:

— 1967 թվականին ՀԽՍՀ Լուսավորության նախարարի հրամանով բացվեց Լենինականի քաղխորհրդի գործկոմի թեթև աթլետիկայի մանկապատանեկան մարզադպրոցը: Ես նշանակվեցի տնօրեն ու աշխատում եմ մինչ օրս: Մարզադպրոցն իր գործունեության անդրանիկ տարում ուներ 14 խումբ: 120 սանի հետ աշխատում էին 5 մարզիչներ՝ Հովհաննես Առաքելյանը, Երեմ Արշակյանը, Ժորա Մարգարյանը, Սերգո Սարգսյանն ու ես: Ունեինք նաև դահուկավազքի 4 խումբ, որտեղ ձմեռային այս մարզաձևն էին սաներին սովորեցնում Լյուդվիգ Մնացականյանն ու Պարույր Վարդանյանը: Մեր մարզադպրոցի 50-ամյա գործունեության ընթացքում պատրաստվել են բազմաթիվ բարձրակարգ մարզիկներ, որոնց հետ աշխատող մարզիչներից 6-ը դարձան հանրապետության վաստակավոր մարզիչներ, հետագայում Հովհաննես Առաքելյանին ու Մկրտիչ Կարապետյանին շնորհվեցին նաև ԽՍՀՄ վաստակավոր մարզչի կոչումներ: 1967-68 թվականներին մեզ մոտ անցկացրինք համամիութենական մրցումներ՝ Մեխիկոյի օլիմպիական խաղերին ԽՍՀՄ հավաքականը համալրելու համար, իսկ 1970 թվականին՝ ԽՍՀՄ դպրոցականների սպարտակիադա:

Անխոս, այդ տարիներին մեծ էին մարզումային հնարավորությունները:

— Ունեինք նորմալ պայմաններ: Ամառային մարզումներն անցկացնում էինք աթլետիկական հարմարություններով ապահովված մարզադաշտում, իսկ ձմռանը՝ մարզադաշտին կից մարզադահլիճում: Մեր սաների արդյունքներն իրենց երկար սպասեցնել չտվեցին: 1968թ. ԽՍՀՄ առաջնությունն անցկացվեց Լենինականում և մեր սան Աշիկ Մխիթարյանը 3000մ խոչընդոտավազքում գրավեց 3-րդ տեղը: 1970թ. Դպրոցականների համամիութենական մրցումների ութնամարտում Միշա Մորոզովը դարձավ արծաթե մեդալակիր: 1975-78 թվականներին ԽՍՀՄ երիտասարդների չեմպիոն դարձան Հովհաննես Ստեփանյանը՝ հեռացատկ, Ալլա Իլյինան՝ 1000մ վազք, Յուրա Կոյումջյանը՝ գնդի հրում մրցաձևերում:

Տեղյակ եմ, որ Գյումրու քաղաքապետարանի աթլետիկայի մարզադպրոցի ներկայիս տնօրեն Հովհաննես Ստեփանյանը նույնպես հանդիսացել է Ձեր ղեկավարած մարզադպրոցի սանը:

— Այո: 1983 թվականին ԽՍՀՄ ժողովուրդների 8-րդ սպարտակիադայում մեծ հաջողության հասան ոչ միայն Հովհաննեսը, այլև Ռոբերտ Էմմիյանը: Նրանք կանգնեցին պատվո հարթակի 1-ին ու 2-րդ աստիճաններին: Նրանց պատվին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում հնչեց մեր հանրապետության հիմնը ու վեր բարձրացավ հայկական դրոշը: Իսկ 1984թ. ԽՍՀՄ ձմեռային առաջնությունում Հովհաննեսը կրկնեց նախկին հաջողությունը՝ դառնալով ԽՍՀՄ չեմպիոն: Նույն տարում Եվրոպայի գավաթի խաղարկությունում Հովհաննեսը նվաճեց արծաթե մեդալ ու նրան շնորհվեց միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում: Այդ տարի ԽՍՀՄ ձմեռային առաջնությունում Ժան Մխիթարյանը 60մ արգելավազքում կանգնեց պատվո հարթակի 3-րդ աստիճանին

Պարոն Եղիազարյան, խոսենք ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի ներկայիս նախագահ Ռոբերտ Էմմիյանի մասին: Նրա ռեկորդը հեռացատկում 30 տարի առաջ՝ մինչ օրս անգերազանցելի է մնում:

— Այո, մեր մարզադպրոցի պատմության ամենավառ էջը գրել է ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, Եվրոպայի եռակի չեմպիոն ու ռեկորդակիր հեռացատկորդ Ռոբերտ Էմմիյանը: Նա 8 տարի անընդմեջ ԽՍՀՄ-ի ու Եվրոպայի բոլոր տարիքային առաջնություններում բացառապես հաղթանակներ է տարել՝ այդ ընթացքում սահմանելով բազմաթիվ ռեկորդներ: Եվրոպայի չեմպիոն է դարձել Շտուտգարտում և Մադրիդում, հաղթել է Բարի կամքի խաղերում, աշխարհի առաջնության ու գավաթի խաղարկությունում ստացել է արծաթե մեդալ, Եվրոպայի չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայում: Դե, իսկ 1987թ. նրա ցույց տված 8մ 86 սմ ցուցանիշն անգերազանցելի է մինչ օրս Եվրոպայում: Ավելին կասեմ՝ ներկայիս մարզիկներն անգամ մոտ չեն գալիս նրա արդյունքին: Ռոբերտը միաժամանակ օլիմպիական խաղերի կրկնակի մասնակից է՝ 1988թ. Սեուլում և 1996թ՝ Ատլանտայում: Ռոբերտի անձնական մարզիչն է եղել Մկրտիչ Կարապետյանը:

Ի դեպ, Ատլանտայում կայացած ամառային օլիմպիական խաղերում հաջողության հասավ մեր մյուս համաքաղաքացին՝ Արմեն Մարտիրոսյանը: Նա գրավեց 5-րդ տեղը: Ոչ մի հայ աթլետ ներկայումս չի կարող անգամ երազել այսպիսի արդյունքի մասին:

— Ճիշտ եք: Արմեն Մարտիրոսյանը եռացատկում գրավեց 5-րդ տեղը, որն ամենաբարձր ցուցանիշն է անկախ Հայաստանի օրոք: Արմենը նույնպես միջազգային կարգի սպորտի վարպետ է, նրա բացարձակ արդյունքներն են հեռացատկում 8մ 20սմ, եռացատկում՝ 17մ 41սմ: Արմենը միաժամանակ Համաշխարհային ունիվերսիադայի արծաթե մեդալակիր է, Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր, հաղթել է Ռուսաստանի բաց առաջնությունում ու գավաթի խաղարկությունում, Եվրոպայի գավաթի կրկնակի հաղթող ու մրցանակակիր է, Համահայկական խաղերի եռակի չեմպիոն:

Համոզված եմ, որ տիտղոսակիր աթլետները Ձեր մարզադպրոցում շատ են, սակայն ուզում եմ խոսել ներկա իրավիճակից: Պայմաններին բազմիցս եմ անդրադարձել, սակայն նախ վիճակագրությամբ ներկայացրեք մարզադպրոցի կազմը:

— Մեր մարզադպրոցում հիմա էլ մարզվում են մարզիկ-մարզուհիներ, որոնք բարձր կարգ ունեն: 2015 թվականի Համահայկական 6-րդ խաղերում մեր սաներից 14-ը նվաճեցին 8 ոսկե, 5 արծաթե և 1 բրոնզե մեդալ: Ինչ խոսք, մեր հաջողությունները կարող էին ավելի ակնառու լինել, եթե մարզադպրոցն ունենար մարզադահլիճ, որտեղ հարյուրավոր երեխաներ հնարավորություն կունենային կոփել իրենց առողջությունը, բարձրացնել մարզական վարպետությունը: Այո, համապատասխան պայմաններ չունենալու պատճառով չի ապահովվում աթլետիկական մարզաձևերի մասսայականությունը: Ներկա դրությամբ մեր մարզադպրոցում աշխատում են 19 մարզիչ, գործում է 30 խումբ՝ 250-ից ավելի աշակերտներով:

Տեղյակ եմ, որ Դուք նախաձեռնություն հանդես բերելով՝ յուրաքանչյուր տարի կազմակերպում եք հանրապետական ու միջազգային մրցումներ:

— Դա այդպես է: Սեպտեմբերի 3-ին Գյումրիի քաղաքային մարզադաշտում կանցկացվի հանրապետական, ապա միջազգային մրցաշար՝ նվիրված Ռոբերտ Էմմիյանի 30-ամյա անգերազանցելի ռեկորդին: Համոզված եմ, որ կլինեն շատ մարզասերներ, որոնք հաճույքով կդիտեն մրցումները: Ի դեպ, այդ օրը Գյումրիում կլինեն համաշխարհային ճանաչում ունեցող շատ հեռացատկորդներ: Ընդհանրապես մարզադպրոցն իր 50-ամյա պատմության ընթացքում ամեն տարի պարտադիր անցկացնում է համայնքային, մարզային, հանրապետական, ինչու չէ, նաև միջազգային մրցումներ:

Ուսումնամարզական հավաքներ կազմակերպելու համար գումարներն այնքան էլ շատ չեն, սակայն հիշում եմ, թե ինչպես աղետից հետո Դուք կարողանում էիք ապահովել Ձեր սաների հավաքները Ռուսաստանում:

— Այո, 1989-91 թվականներին կարողացանք ուսումնամարզական հավաքներ կազմակերպել Ադլերում, Կիսլովոդսկում և Պյատիգորսկում: Մեր սաները ամեն տարի մասնակցում են 10-15 հանրապետական տարբեր տարիքային մրցումների, որը մարզավիճակը պահպանելու լավ միջոց է:

Չեմ ուզում տխուր նոտայով ավարտել հարցազրույցը, թեև գիտեմ, թե ինչքան եք չարչարվել մեր քաղաքում մանեժ կառուցելու հարցի լուծման համար: Ներկայացրեք մարզադպրոցի ներկայիս պայմանները:

— Մեր մարզադպրոցն ունի վարչական շենք, ավելի ճիշտ՝ տնակ 134 քառակուսի մետր մակերեսով և 5000 քառակուսի մետր տարածք: Այստեղ, հուսով եմ, ի վերջո կկառուցվի աթլետիկական մանեժ, ինչպիսին ունեն Երևանն ու Վանաձորը: Լիահույս ենք բոլորս՝ տնօրինությունը, մարզչական կազմն ու մարզիկ-մարզուհիները, որ, ի վերջո, մեզ համար կստեղծվեն նորմալ պայմաններ ու կկարողանանք բնականոն կերպով կազմակերպել մարզումային գործընթացը, ինչն էլ հնարավորություն կտա մեր հայրենիքի համար այնպիսի կադրեր պատրաստել, որոնք բարձր կպահեն ազգի պատիվը միջազգային մրցասպարեզներում:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ