ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հրամանին չենթարկվելու իրավունք չունեին

1979թ. դեկտեմբերի 25-ին սովետական զորամիավորումները ներխուժեցին Աֆղանստան: Նպատակը՝ երկիրը սովետական ազդեցության գոտի դարձնելն էր: Թվում էր, թե ԽՍՀՄ-ը հեշտությամբ հաղթանակ կտանի, սակայն աֆղան ժողովուրդը չհանձնվեց և շուրջ 10 տարի տևած դաժան պատերազմի (գլխավորապես մոջահեդների վարած պարտիզանական կռիվների) արդյունքում կարողացավ խորհրդային օկուպանտներին դուրս շպրտել երկրից: Պատերազմը թանկ նստեց ԽՍՀՄ վրա: 1988թ. ապրիլի 14-ին Ժնևում ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի ԽՍՀՄ-ը պարտավորվում էր դուրս բերել զորքերը այդ երկրից: 1989թ. փետրվարի 15-ին վերջին զորամիավորումը լքեց Աֆղանստանը:

Աֆղանստանում հայերը կռվում էին Խորհրդային բանակի կազմում. կար հրաման, որին չենթարկվել ուղղակի չէին կարող: Այդ պատերազմին հազարավոր հայ զինվորներ են մասնակցել, նրանցից 86-ը չեն վերադարձել, ևս 300-ը վիրավորվել է։

Սովետական Միության տարիներին Աֆղանական պատերազմի մասնակիցները՝ Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ հավասար, օգտվում էին պետական աջակցությունից և այլ առավելություններից: Սակայն Հայաստանի անկախացման տարիներին զուգահեռ, մաշվեց աֆղանական պատերազմի մասնակիցների նկատմամբ հատուկ վերաբերմունքը, այն մնաց միայն հասարակական կազմակերպությունների և նվիրյալների ուշադրության դաշտում:

Գյումրու Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնում առաջին անգամ կազմակերպվել էր Աֆղանական պատերազմի մասնակից շիրակցի վետերանների մեծարման միջոցառում, և Աֆղանստանից Սովետական զորամիավորումների դուրս բերման 30-ամյակի կապակցությամբ, շիրակցի մի շարք վետերանների հանձնվեցին պատվոգրեր ու պարգևներ: Տեղի ունեցավ նաև տոնական համերգ:

Ինչպես իր խոսքում նշեց Գյումրու Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի տնօրեն Հարություն Համբարձումյանը, դահլիճում 4 սերունդ էր ներկա. Հայրենական Մեծ պատերազմի վետերանները, Աֆղանական պատերազմի վետերանները, Ղարաբաղյան հակամարտության մասնակիցները և երիտասարդ սերունդը:

Աֆղանական պատերազմի վետերան, Հայկական բանակի կապիտան, կենսաթոշակի անցած Գևորգ Մալխասյանը ցուցադրելով արխիվային լուսանկարները, զուգահեռ պատմում է պատերազմին մասնակցելու մանրամասները. «Առաջին կանգառը Կանդագարում էր, հետո Քաբուլ: Մենք բազմաթիվ մարտական գործողությունների ենք մասնակցել, կրակահերթերի տակ մնացել, փակօղակ ընկել, բայց բոլորիս երազանքն էր՝ ողջ մնալ: Երիտասարդ էինք, ամուսնացած չէինք, երազանքներ ունեինք: Երկու տարի ծառայեցի, ապա ողջ-առողջ զորացրվեցի»:

Գևորգն ասում է, որ իրենցից շատերն այդ պատերազմն անցնելով, ձեռք էին բերել մեծ փորձ, ինչն օգտակար եղավ Հայկական բանակի ստեղծման, կազմավորման և հետագա գործողությունների մասնակցության համար: Իրոք, փաստենք, որ մարտական մկրտություն անցնելով Աֆղանական պատերազմում, այնպիսի գեներալներ, ինչպիսիք են Արկադի Տեր-Թադևոսյանը, Խաչատուրովը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, Տիգրան Գասպարյանը, Բասենցի Ազոյանը, Անատոլի Զինևիչը և այլք, ահռելի ներդրում են ունեցել հայկական բանակի կայացման ու զարգացման մեջ: Ըստ Գևորգ Մալխասյանի, իրենք մի քիչ վիրավորված են, որ հիմա արհամարհված են, սակայն Ղարաբաղյան պատերազմն էր իրենց ետին պլան մղել: «Շիրակի մարզի Աֆղանական պատերազմի վետերանների միության» ՀԿ նախագահ, փոխգնդապետ Արամ Բադեյանը չուզեց ավելին ասել, միայն նկատեց, որ իրենց հանդեպ չկա պատշաճ վերաբերմունք, ավելին՝ մոռացված են, միայն երբեմն-երբեմն հաշմանդամության կարգ ունեցողներին հանգստյան տներ են ուղարկում անվճար: