ՀՀ սպորտի վաստակավոր մարզիչ, մականախաղի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Պետրոսյանի` երազանքը Գյումրիում հիմնել «Սպորտ սիթի» համալիր, դժվարությամբ, բայց կարծես միս ու արյուն առավ… միայն թե՝ տարիներ անց: Մինչ երազանքի իրականացումը, շատ դռներ թակեց, երկար բանակցություններ վարեց, գաղափարը ներկայացրեց բոլոր նախկին իշխանություններին, որ նման համալիր հիմնելը Գյումրիում ոչ միայն կարևոր է, այլև առաջնահերթ, քանզի բացի ավանդական մարզաձևերից Գյումրիում հնարավոր կլինի նաև թիմային օլիմպիական մարզաձևեր զարգացնելը:
Մի կերպ հնարավոր դարձավ «Մուշ 2» թաղամասի ծայրամասում նախագծով պահանջվող 55 հեկտար հողամասի փոխարեն ստանալ 15 հա հողամասի հատկացման համաձայնություն (2013թ.): Այն ոչ միայն տարբեր մարզական համալիրների միավորում էր լինելու, նաև ունենալու էր առևտրի և հասարակական ժամանցի վայրեր, հյուրանոց, սրճարան, մարզասրահներ, մարզադաշտեր, սահադաշտ, լողավազան, սննդի կետեր, վաճառատներ և այլն։ Բայց… Մինչ վաստակավոր մարզիչը եվրոպական երկրներում, Ռուսաստան ասուլիսներ էր տալիս, կարևոր հանդիպումներ ունենում, բանակցություններ վարում ներդրողների հետ, խոստացված հողամասի մի մասն էլ հետ վերցրեցին՝ տրամադրելով Ֆուտբոլի ակադեմիային:
Հրանտ Պետրոսյանը որոշ ժամանակահատված հիասթափություն ապրեց, 2018թ. հեղափոխությունից ոգևորված, վաճառելով իր ողջ ունեցվածքը (Նովոսիբիրսկում ուներ տուն, բիզնեսներ,- հեղ.), տեղափոխվեց Գյումրի: Քաղաքային իշխանությունը խոստացված 15 հա հողամասի փոխարեն տրամադրեց ընդամենը 5,5 հետարը, այն էլ… վարձակալական հիմունքներով:
«Տեսեք, հիմա Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի համար կառուցման համար պետությունը շուրջ 120մլն է տրամադրում, շատ լավ է անում, ճիշտ է անում, բայց դա Արթուր-անձի համար հո չէ, սերունդների համար է, ապագայի համար է: Իսկ ինչպե՞ս է, որ իմ պարագայում ոչ միայն չեն աջակցում, այլ վարձեր են պահանջում… Սա հո բիզնես չէ, որ ասենք՝ հա բա, բիզնես ես անում, պիտի հարկ ու տուրքը տաս,- ասում է Հ.Պետրոսյանը,- նման ներդրումների պարագայում այլ պետություններում ոչ միայն չեն «քերթում» ներդրողին, այլև ներդրման 50-ից ավել, 70 տոկոսն են փոխհատուցում, մանավանդ սպորտային կառույցները պետական հովանավորության տակ են, որովհետև հասկանում են, որ ներդրումը երեխաների կրթության, ֆիզիկական դաստիարակության համար է արվել»:
Ըստ Հրանտ Պետրոսյանի՝ երբ մտահղացումներն ու ծրագրեը ներկայացնում ես, այսպես ասած՝ սպորտի ղեկավարներին, ասում են, թե եթե ուզում ես օգուտ տանք, էս «օբյեկտը» նվիրիր մեզ: «Ես էլ ասում եմ՝ լավ, եկեք, աուդիտ անենք, ծախսածս տվեք ինձ՝ թող ձերը լինի: Բայց չէ… Օլիմպիական այն ձևերը, որը ես եմ ուզում զարգացնել, պարզվում է՝ պետք չէ, միայն գալիս են, ողջունում են, առողջություն են մաղթում ու հեռանում են: Տեղի իշխանություններն էլ այնքան են փոխվել… մի 5 մարզպետ էս 4 տարվա մեջ փոխվեց, չէ՞… Մինչ մեկի հետ ինչ-որ բանակցություն ես վարում, սա գնում, մյուսն է գալիս: Վերջին մարզպետն էլ երևի տեղյակ էլ չէ, որ նման տարածք կա»:
Ներկայում «Մուշ» թաղամասի վերջնամասում, Ֆուտբոլի ակադեմիայի հարևանությամբ տեսանելի է մեծ «Լեննագան» գրությամբ կառույցը՝ ենթակառուցվածքներով, իսկ ցանցապատից այնկողմ՝ կանաչ, մաքուր մականախաղի դաշտը:
«Շրջապատը» մի քանի անգամ առիթ ունեցել է անդրադառնալու «Գյումրի Սպորտ Սիթիին», ներկայացրել, թե ինչպես եղավ, ինչ եղավ ու ինչ ընթացքում են աշխատանքները: Վերջին այցելության ժամանակ այստեղ բացի սահադաշտի ստեղծումից, քաղաքային միջոցառումների կազմակերպումից, նախատեսված էր երեխաների զարգացման կենտրոն, որտեղ հնարավորություն էր տրվում քաղաքի արվեստագետներին ցանկության դեպքում գալ ու երեխաներին անվճար հիմունքներով կրթել։ Ստեղծվել էին բոլոր պայմանները, որպեսզի երեխաները տեղում սովորեն լեզուներ, ուսումնասիրեն արվեստի ճյուղեր և այլն:
Նկատում եմ տարածքում օտարազգիների և Հ.Պետրոսյանից հետաքրքրվում եմ, թե ովքե՞ր են: «Ռուսներ են, ամեն մեկը մի-մի պրոֆ՝ իր բնագավառում… Եկեք շրջենք, ու կտեսնեք, թե ինչով են այստեղ զբաղվում»,- ասում է Պետրոսյանը և ուղեկցում: Դասարաններ են, մի տեղ նկարչական, մի սենյակ՝ երաժշտության: Ռուս մասնագետներ են, որոնք իրենց իսկ ցանկությամբ՝ արձագանքելով Հրանտ Պետրոսյանի առաջարկին՝ եկել ու դասավանդում են: Ինձ զարմացրեց, միևնույն ժամանակ ցավ պատճառեց այն, որ տեղացիները Հրանտի նույն առաջարկին չէին արձագանքել, երեխաների համար անվճար դասավանդման հնարավորությանը ծնողները չգիտես ինչու՝ չէին արձագանքել, երեխաներին չէին բերել, բայց այլազգիները ուրախությամբ արձագանքել ու եկել էին այստեղ կրթվելու և կրթելու: «Կարծում եք այս մասնագետները միջին, սովորական մասնագետնե՞ր են,- հարցնում է Հ.Պետրոսյանը ու պատասխանում,- ոչ, նրանց մեկ ժամը իրենց երկրում՝ Մոսկվայում կամ Սանկտ Պետերբուրգում՝ մեծ թվեր են: Այս երաժիշտը՝ Միտյան, կինոյի երաժշտություն է գրում, մի շարք ֆիլմերում նրա անունն է տիտրերում…»:
«Եթե մեր պետական այրերը կարծում են, թե իրենց պաշտոնները որպես մրցանակ են ստացել՝ չարաչար սխալվում են… Ու իրենց նմանատիպ վերաբերմունքը չի կարող ինձ հիասթափեցնել: Մեկ միլիոն ծախսել եմ, գործի մեծ մասն արել եմ, մնացածն էլ կանեմ,- ասում է Հրանտը ու շարունակում,- փողը տուր, բեր մեր փողը տուր… Կարծես էլ բան չգիտեն ասելու, էլ ոչ մի բան պետք չէ, միայն փող, փող, փող…»:
Հ.Պետրոսյանը նշում է, որ այդ տարածքը իրեն տրվել է 5 տարի ժամկետով՝ կառուցապատման պայմանով, ու հաշվարկել են, որ քաղաքին 3 մլն վարձակալության պարտք ունեն: Նման պարագայում այլ ներդրող գրավելն ինչպե՞ս է հնարավոր ու իրատեսական. «Տպավորություն է, թե հեքիաթի վիշապի պես նստել են աղբյուրի վրա ու չեն թողնում, որ ջուրը գա… Հիմա մեր ղեկավարությունն էդ վիշապի կարգավիճակում է, ու այդպես ներդրողները ոչ թե հեռանում, այլ փախչում են, մանավանդ նրանք, որոնք չեն ստորանում, ուզվորություն չեն անում, որ թույլ տան գործ անել…»: