ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ճանաչիր մանուկին»

«Կոնտակտ Պլյուս» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Սախարովի անվան մարդու իրավունքների հայկական կենտրոնի աջակցությամբ իրականացնում է «Ճանաչիր մանուկին» փոքր դրամաշնորհային ծրագիրը: Ծրագրի նպատակն է՝ նպաստել հատուկ կարիք ունեցող երեխաների ինտեգրմանը՝ Գյումրու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մասնագետներին և ծնողներին ուսուցանելու, հանրության իրազեկության մակարդակը բարձրացնելու, նույն խնդրով զբաղվող ՔՀԿ-ների և համայնքային ու պետական մարմինների միջև համագործակցությունը խթանելու միջոցով։ Ծրագրի շրջանակներում Գյումրիում գործող 24 նախակրթարաններից ընտրվել են 6-ը` «Անի-պարտեզ», «Արձագանք», «Թոռնիկ Մանուշակ», «Հենզել և Գրետել», «Լապտերիկ», «Անուլիկ»:

Անցյալ տարի նույն հասարակական կազմակերպության կողմից մոնիթորինգ է իրականացվել նախակրթարաններում, պարզելու, թե որքանով են դրանք պատրաստ ներառական հատուկ կարիք ունեցող երեխաների համար, արդյո՞ք առանձնահատուկ պայմաններ ստեղծված են այս երեխաների համար: Արդյունքները ցույց են տվել, որ այս փուլում ընտրված 6 նախակրթարանները պատրաստ չեն ոչ միայն շենքային պայմաններով բավարարելու, այլև մասնագիտական առումով: Եվ, քանի որ հաստիքացուցակներով նախատեսված չեն այն մասնագետները, որոնց անհրաժեշտությունը զգացվում է, իսկ գործող դաստիարակները, դաստիարակների օգնականները շատ դեպքերում չէին կարողանում հասկանալ, ճանաչել՝ արդյո՞ք երեխաներն ունեն առանձնահատուկ կրթության անհրաժեշտություն: Այդ իսկ պատճառով «Կոնտակտ Պլյուս» իրավապաշտպան ՀԿ-ն որոշեց  ընտրված ՀՈԱԿ-ներում անցկացնել դասընթացներ՝ «Երեխայի մտավոր և ֆիզիկական առողջ զարգացում» և «Զարգացման խանգարումներ, տեսակները, պատճառները, հաղթահարման ուղիները»  թեմաներով:

— Մենք ուզում ենք սովորեցնել, թե ինչպես է իրականանում առողջ երեխայի զարգացման փուլերը, իսկ եթե առողջ երեխայի զարգացումից տարբերվում են որոշ երեխաների զարգացումը՝ չի խոսում, ունի կեցվածքի խնդիր, վարքային խնդիր, որպեսզի ճանաչեն այն ու դիմեն համապատասխան մասնագետներին: Փորձը ցույց է տալիս, որ որքան շուտ բացահայտվի խնդիրը, որքան ավելի շուտ տեղի ունենա միջամտությունը, այնքան ավելի արագ է լինում լավացման արդյունքը: Իհարկե, լինում են դեպքեր, որ նաև առողջացում է լինում: Ինչո՞ւ որոշեցինք իրականացնել նմանատիպ ծրագիր: Վերջին տարիներին շատացել են աուտիստիկ սպեկտորի հիվանդությունները, մտավոր խնդիրներ ունեցող երեխաների թիվը, շատացել են կեցվածքի շեղումները… Կա խնդիր, և այդ խնդիրը պետք է ճանաչել, որպեսզի ճիշտ ժամանակին ճիշտ տեղ ուղղորդվի երեխան,- ասում է «Կոնտակտ Պլյուս» ՀԿ նախագահ, փորձագետ, բժիշկ-վերականգնողաբան Հասմիկ Պետրոսյանը:

Ծրագիրը սկսվել է այս տարվա սեպտեմբերից, այն կարճատև ծրագիր է և կավարտվի նոյեմբերի վերջերին: Դասընթացների փուլն արդեն ավարտվել է: Եղել է հանրային մեկ քննարկում, մեկ քննարկում էլ շուտով կիրականանա պատկան մարմինների, նախակրթարանների տնօրենների, աշխատակիցների, ծնողների և վերականգնողական բաժանմունքի աշխատակիցների հետ: Արդյունքում կներկայացվեն առաջարկներ, թե ինչ և ինչպես կարելի է անել, որպեսզի երեխաներին օպտիմալ օգնություն տրվի: