Գյումրիում մայիսի 25-ին, 4 տարվա դադարից հետո, մեկ բացառիկ համերգով ելույթ կունենա աշխարհահռչակ ջազ երգչուհի, հայկական ջազի թագուհի Տաթևիկ Հովհաննիսյանը։ Համերգը «Ջազը և Գյումրին» նախագծի շրջանակներում է, Տաթևիկ Հովհաննիսյանի հայաստանյան համերգների առաջին կանգառը՝ Գյումրին։
Երգող արմատներ
Երաժշտական արմատները խոսեցին, երբ երգչուհի Օֆելյա Համբարձումյանի և քամանչահար Նորայր Հովհաննիսյանի ընտանիքում ծնված Տաթևիկը սկսեց երգել անգլիական թեքումով դպրոցի երգչախմբում։ 11 տարեկան էր, ծնողների հետ հերթական անգամ ռադիոկոմիտեում էր, որտեղ ժյուրին ընտրում էր հերթական տաղանդավորին։ Մրցույթի մասնակիցների ելույթների ավարտից հետո կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը խնդրում է երգել նաև Օֆելյայի աղջկան։ Տաթևիկը ջազ է երգում ու ստանում առաջարկ՝ ձայնագրվել նվագախմբի հետ։ Առաջին մեծ քայլը դեպի երգարվեստ արված էր։
Դեպի մեծ բեմ
70-ականներին Պետական ջազ-նվագախումբը ղեկավարում էր Կոնստանտին Օրբելյանը։ Մեծ բեմում առաջին անգամ Տաթևիկ Հովհաննիսյանն հայտնվեց նվագախմբի կազմում։ Կարճ ժամանակ անց ու ինը տարի շարունակ երաժշտական քննադատները նրան համարում էին Խորհրդային Միության լավագույն ջազ երգչուհի։ «Ջազ վոկալի թագուհի» տիտղոսն անփոփոխ մնաց նաև Խորհրդային Միությունից հետո։ 70-ականներին ու մինչև այսօր աշխարհի ու հայկական ջազային քարտեզի ամենափնտրված անուններից մեկը Տաթևիկ Հովհաննիսյանն է։
Դաթևիկ՝ օվկիանոսից այն կողմ
80-ականներին ճակատագրի բերումով Տաթևիկ Հովհաննիսյանը հայտնվում եւ բնակություն է հաստատում Նյու Յորքում՝ ջազի հայրենիքում եւս գտնելով իր հաստատուն տեղը: Հայկական անունը թև առած շրջում է ԱՄՆ-ում ու արևմտահայերենի անուշ ազդեցությամբ դառնում Դաթևիկ։ Արմատների կանչով ամերիկյան ու բրազիլական ջազի կողքին իր տեղն է գտնում երգչուհու հայտնությունն աշխարհին՝ էթնիկ հայկական ջազ:
Հայկական ժողովրդականի հենքով
Հայկական ժողովրդական երգերի ջազային հանդերձավորումն սկսվեց, երբ համերգների վերջում երգչուհին սկսեց երգել ծրագրի «վերջին երգ»-ը։ Նյու Յորքի հայտնի ակումբներից մեկում պատահածը ապշեցրեց անգամ Տաթեւիկին. հանդիսատեսը հոտնկայս, չդադարող ծափերով ոչ միայն ընդունեց հայկական ժողովրդական երաժշտությունը, այլեւ ստիպեց Տաթևիկին հետո այսպես գրել. «Գուցե տարօրինակ հնչի, բայց հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներով ծրագրի ստեղծման գաղափարն ինձ տվեցին մարդիկ, որոնց արյան մեջ մի կաթիլ հայկական արյուն չկար»։
Լսելով սիրտը
Երկու տարի Տաթևիկն ու ջազ դաշնակահար Արմեն Դոնելյանը մշակեցին ու աշխարհին ներկայացրեցին հայկական ժողովրդական երգերը: Սկավառակը կոչվեց «Listen to My Heart» (Լսիր իմ սիրտը): Աշխարհն սկսեց հայկական էթնիկ ջազ լսել ու հաստատվեց ճշմարտությունը՝ Տաթևիկի խոսքերով. «Ժողովրդական երաժշտությունն է իմ արմատը, մնացածը տերևներն են»։
Գյումրիում՝ ինչպես տանը
Գյումրին Տաթևիկին ընդունեց ու «բռավո»-ներով ճանապարհեց 2014-ի հունիսի 30-ին: Աննախադեպ համերգը «Ջազը և Գյումրին» համերգաշարի շրջանակներում էր։ Մինչև բեմելը հայտնի երգչուհին նաև Գյումրի Ջազ ակումբին ծանոթացավ ու հայերենով մակագրեց. «Իմ ամենաբարի, ջերմ մաղթանքները Գյումրի Ջազ ակումբի ժողովրդին»: 4 տարի անց զգացողությունները նույնն են, տպավորությունները չեն մոռացվել. «Ոտք դրեցի Գյումրի ու հասկացա, որ տանն եմ։ Գյումրին հրաշալի հետք է թողել իմ մեջ: ժողովուրդն այնքան հաճելի շրջապատեց, ջերմացրեց։ Այդ տաքությունը, հումորը, ընդունելությունը, հյուրընկալությունը, ամեն ինչ այնքան տպավորիչ էր, ոնց որ ընտանիքն ընտանիքին դիմավորեր։ Այս անգամ ինքս եմ հաճույքով առաջարկել՝ հնարավորության դեպքում լինել Գյումրիում։ Ես իսկապես ուզում էի նորից Գյումրիում ելույթ ունենալ»։
Ջազը և Գյումրին
Համառ ու նպատակային… գյումրեցիներն ու ջազասերները այսպես են բնութագրում Գյումրու ջազային նախագիծը։ Կազմակերպիչներն առարկություններ չունեն. կոմերցիոն արվեստ չէ, դժվարություններն օրինաչափ են, բայց նպատակն արդարացնում է միջոցները։ «Ջազը և Գյումրին» նախագծի հեղինակ Մկրտիչ Մանուկյանի համար ջազային համերգները թարմ շնչառության ու անհրաժեշտ թթվածնի էֆեկտ ունեն, որից հետո անհնար է, որ ինչ-որ տեղ ինչ-որ բան դրական փոփոխություն չգրանցի՝ հանդիսատեսի ճաշակից մինչեւ քաղաքի մշակութային կյանքի աշխուժացում։
ԼԻԼԻԹ ԹՈՎՄԱՍՅԱՆ