Ամուսնացել եմ 20 տարեկանում: Սկզբում ամեն ինչ նորմալ էր, բայց թե ինչպես 180 աստիճանով փոխվեց մեր հարաբերությունները, մենք էլ չհասկացանք: Ամուսինս ահավոր խանդոտ էր, այնպիսին էր դարձել, որ երևի ինքն իրեն էլ էր արդեն խանդում: Այդ խանդը թունավորել էր մեր կյանքը, սերը մարել էր, մնացել էր ատելությունը: Մեկ տարի չանցած բաժանվեցինք: Երկար ժամանակ ուշքի չէի գալիս, չգիտեի՝ ինչպե՞ս ապրել: Անընդհատ աչքերիս առաջ նա էր, մեր սիրո պատմությունը, մեր անցկացրած լավ ժամանակները, ու մեկ էլ՝ շուրջբոլորն ամեն ինչ մթագնում էր, ու ատելությունից ատամներս էի կրճտացնում:
Սկսեցի հայրիկիս հետ իր բիզնեսով զբաղվել՝ ոսկերչությամբ: Շատերն էին գալիս, փորձեր անում՝ սիրտս շահելու, բայց ես արհամարհանքով նրանց գրողի ծոցն էի ուղարկում: Մի օր մի տղամարդ բերեց իր ամուսնական մատանին, որը կոտրվել էր: Շատ տխուր մարդ էր, հազիվ էր հայրս նրա բերանից խոսք քաշում, որպեսզի իմանայինք, թե ինչ է ուզում: Պատվերն ընդունեցինք: Պայմանավորված օրը եկավ՝ իր մատանին տանելու: Մատանին վերցրեց, պտտեց ու հեգնանքով հարցրեց. «Անունդ ի՞նչ է»: «Մարինե»,- առանց մտածելու ասացի: «Ա՜, պարզ է»: «Ի՞նչն է պարզ»,- զարմացած հարցրեցի: «Մատանու փորագրությունը սխալ եք արել. այնտեղ գրված է եղել «Ա. & Ս.», իսկ դուք «Ա. & Մ.» եք գրել»: Ես վատ զգացի, խնդրեցի ժամանակ տալ՝ սխալն ուղղելու, բայց նա ձեռքը թափ տվեց, ասաց. «Հիմա արդեն կարևոր չէ… Թող Մ. լինի», ու, վճարելով աշխատանքի դիմաց, գնաց: Այնքան տարօրինակ թվաց ինձ այդ տղամարդը, մտքիցս դուրս չէր գալիս:
Մի օր պատահմամբ թատրոնում հանդիպեցի այդ տղամարդուն: Ընկերների հետ էր: Նա էլ ինձ նկատեց, բարևեց: Մեր հետևի շարքում էին նստած: Երբ կլանված ներկայացումն էի նայում, ականջիս լսեցի. «Կողքինդ մա՞յրդ է»: Անակնկալ հարցից վեր թռա, հետո ժպտացի ու ասացի. «Այո»: Ասաց. «Եթե զոքանչն այդ տարիքում գեղեցիկ է, ուրեմն արժի, որ աղջկան հարս տանես»,- ասաց նա ու այլևս ոչին չասաց:
Ներկայացումից հետո եղբայրս իր մեքենայով պիտի գար հետևներիցս, բայց զանգեց ասաց, որ չի կարող գալ: Ես ու մայրս փորձեցինք տաքսի բռնել: Այդ պահին մի մեքենա կանգնեց… Նա էր, տարօրինակ տղամարդը: Չմերժեցի նրա՝ մեզ տուն տանելու առաջարկը: Ճանապարհին մի քանի նախադասություն փոխանակեցինք, հիմնականում ներկայացումից, դերասանների խաղից: Ինտելեկտուալ էր: Երբ տեղ հասանք, նա մայրիկիս հարցրեց. «Կարո՞ղ եմ ձեր տուն վաղը հյուր գալ»: Մայրս՝ անակնկալի գալով, կմկմաց. «Բայց մենք անծանոթ ենք…»: «Անծանոթ ենք, կծանոթանանք, հարազատ չենք՝ կհարազատանանք»,- ինքնավստահ ընդհատեց մորս:
Հաջորդ օրը մայրս արդեն նախապատրաստել էր հայրիկիս, որ մեր տուն մի հետաքրքիր երիտասարդ է գալու, ով, հավանաբար, «մեր աղջկան է հավանել»: Եկավ: Ծանոթացանք: Դրանից հետո նրա այցերը հաճախակիացան: Մի օր որոշեցի պարզել, թե ո՞վ է նա: Ընկերոջ (որի տան տեղը պատահմամբ էի ճշտել) կինը ինձ ամեն ինչ պատմեց. Ա.-ն ծնողներին երկրաշարժին էր կորցրել, նրան տատիկն էր պահել, իր խելքով կարիերա է ստեղծել, ամուսնացած է եղել սիրած աղջկա հետ: Կինը՝ Ս.-ն, ծննդաբերության ժամանակ մահացել է: Այդ դեպքից անցել է շուրջ 5 տարի, իսկ նա ոչ մի աղջկա այլևս ուշադրություն չի դարձրել, մինչև որ հանդիպել է ինձ: Զարմանալի էր, որ Ա.-ի՝ իմ հանդեպ զգացմունքերի մասին ես նոր միայն իմացա, քանզի այդ մեկ ամսվա ընթացքում, որ շփվում էինք, նա երբեք չէր ակնարկել: Մինչև տուն հասա, նա արդեն մեր տանն էր: Ուղղակի ասաց, որ տեղյակ է իմ՝ իր ընկերոջ տուն այցելությունից ու խոսակցության թեմայից: «Ուրեմն, ստիպված եմ ամուսնության առաջարկություն անել»,- ասաց ու իր խոհուն աչքերը հառեց վրաս: Ասացի, որ ես պատրաստ չեմ: Ոտքի կանգնեց. «Երբ պատրաստ կլինես, իմաց տուր: Մատանին քեզ է սպասում»,- ասաց ու հրաժեշտ տվեց:
Երկու ամիս անցել էր, որ նրանից լուր չունեինք: Չէ, իհարկե, ունեինք՝ նա Մոսկվայում էր, բայց դա իմացել էի ընկերոջ կնոջից: Անկեղծ ասած՝ սիրտս արդեն տաքացել էր նրա հանդեպ, ու ռիսկ չէի անում. արդյո՞ք ևս մեկ անգամ սխալ քայլ արած չէի լինի, եթե կյանքս նրա հետ կապեի: Բայց ես նորից երջանիկ եմ ինձ զգում ու… սիրված:
Հ.Գ. Մինչ նամակս կտպագրվի, ես կլինեմ Մոսկվայում… Գնում եմ մատանուս հետևից… Գնում եմ տարօրինակ տղամարդու հետ կյանքս կապելու:
ՄԱՐԻՆԵ
«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: