ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Մարդիկ կան՝ իրենց չարածներն են բարձրաձայնում, մենք մեր արածների մասին չենք խոսում»

Հարցազրույց Գյումրու համայնքապետ ՎԱՐԴԳԵՍ ՍԱՄՍՈՆՅԱՆԻ հետ:

Պարոն քաղաքապետ, փորձեք գնահատել 2022 թվականը:

— Բավարար… իմ պատկերացումներով՝ ավելին կարող էինք անել, բայց բավական մեծ աշխատաքներ են կատարվել: Անցած տարվանից անավարտ մնացած 5 փողոցներն ավարտին հասցրեցինք և հրապարակը: Կայարանամերձ հրապարակն ենք բարեկարգել, հիմնանորոգել, գեղեցկացրել, լուսավորել, նստարանների թիվն ենք ավելացրել, ապօրինի շինությունն է հեռացվել, շատրվանն է կառուցվել, և հաճելի միջավայր է դարձել թաղի բնակիչների համար: Այս տարի 21 փողոցում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգում ենք իրականացրել՝ լուսավորությամբ, կահավորմամբ: «Անի» թաղամասի 3 և 11 փողոցներում աշխատանքները ձգձգվել էին՝ կապված էր Ջրմուղի հետ, բայց գոնե լուսավորությունը անցկացվեց, փողոցն ու մայթը խճապատվեց, հիմնանորոգումը կիրականացվի հաջորդ տարվա գարնանը։ Սուբվենցիոն ծրագրի արժեքը 1 մլրդ 970 մլն էր, որից համայնքի ներդրումը՝ 1 մլրդ 100 մլն, պետությանը՝  870 մլն: Այսպիսով՝ 19 փողոց հիմնանորոգվել, գծանշվել և կահավորվել է: Նաև Տիկնիկային թատրոնի կտուրն ամբողջությամբ վերանորոգվել է, ներքին հարդարումն ավարտվել է: Ամբողջությամբ թարմացվել է Մուսայելյան և Տերյան փողոցների, Հաղթանակի պողոտայի լուսավորության ցանցը (2 կողմ), Գ. Նժդեհի հրապարակից Ախուրյանի խճ վերջնամաս, Կոմիտաս՝ հին օդանավակայանի ճանապարհ, Օդանավակայանի ճանապարհ: Հին լուսարձակների փոխարեն տեղադրվել են նոր էներգախնայող լամպեր՝ մոտ 400 հատ: Ասլամազյան քույրերի պատկերասրահի պատշգամբն է վերանորոգվում, սա էլ ուշացած ծրագիր է, ուղղակի նախագծողի պատճառով էր: Թվով 10 մանկապարտեզներում վերանորոգման աշխատանքներ կային, անորակ նախագծող էր հանդիպել, չհամաձայնեցինք, ետ ու առաջ եղավ, հիմա սա տեղափոխվում է մյուս տարի: Ինչպես գիտեք, սոցիալական բնակարաններ ենք վերանորոգում՝ «ԱՌԴԱ»-ի հետ, 5 բնակարան արդեն ավագանիով հաստատվել է, բնակիչն ընտրված է:

Մարզխորհրդի ժամանակ մարզպետը ո՞ր հրապարակի համար նկատառեց, թե չհասցնելու պատճառով ծրագրի հետ խնդիրներ կան… «Մուշի՞»:

— 2021թ-ին Վարդանանց հրապարակի վերանորոգման մասին էր խոսքը, որը պետք է հանձնվեր: Ասֆալտապատումն արվել էր, իսկ լրացուցիչ մաս կազմող լուսավորությունը հետաձգվել էր՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ՝ չէինք հասցրել բերել, բայց եկավ-հասավ, փոխեցինք, տեղադրվել են բարձր որակի լուսակետեր: Իսկ «Մուշ 2» թաղի հրապարակում նստարաններ, աղբամաններ, ժամանակակից, գեղեցիկ շատրվան ենք կառուցել՝ 30մլն դրամի ծախս է արվել:

Բան չունենք ասելու՝ ջրագծերը, կոյուղագծերը կարևոր են, բայց այնքան ափսոս է, որ երկար սպասված ասֆալտապատումից հետո փողոցը քանդում են, աշխատանքներ իրականացնում ու փողոցը շարքից դուրս է գալիս:

— Այո, կա նման բան, օրինակ՝ Իսահակյան փողոցում: Բայց տեսեք ինչ է ստացվում՝ փորձից ելնելով՝ չենք ուզում շտապել ասֆալտապատել, որպեսզի ջրմուղը, մյուս կոմունիկացիոն աշխատանքներն իրենց աշխատանքներն իրականացնելուց հետո փորձարկումներն անեն, ավարտեն, ու նոր միայն փողոցը ասֆալտապատենք, բայց բնակիչը անհամբերություն է ցուցաբերում, իրենց էլ ենք հասկանում: Նույնը գազի հետ էր, օրինակ՝ Սպանդարյան փողոցում աշխատանքներ ունեն, ասում են՝ մարդու ձեռը չի գնում քանդելու, բայց ստիպված ենք, բա որ արտահոսք լինի՞… Ու պատկերացրեք ճիշտ են՝ Նժդեհի հրապարակում թույլ չէինք տալիս, բայց ապացուցեցին, որ արտահոսք կար. բա որ ավելի մեծ փորձանք գար գլխների՞ս:

Տարվա ամենախնդիր ո՞րը կդիտարկեք:

— Դե, երևի տրանսպորտի խնդիրը, նոր ավտոբուսների շահագործումը, վերջապես լուծվեց: Համաշխարհային բանկի 4,7 մլրդ դրամի արժողությամբ ծրագիրը, որը նախատեսված է հին Գյումրու փողոցների վերականգնման համար՝ Խանջյան, Չայկովսկու, Աճեմյան, Հանեսօղլան, Ջիվանի, Տերյան և Նալբանդյան փողոցների, ինչպես նաև Հաղթանակի պողոտայի վերականգնում, Գյումրու քաղաքային Բարեկամություն զբոսայգու վերակառուցման նախապատրաստման աշխատանքներ, Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու և հարող Աբովյան փողոցի` աջ և ձախ հատվածների վերականգնում. Շահումյան 188 շենքի բակի կամ՝ «Պուրակի» հիմնանորոգում։ Գարնանը կսկսեն աշխատանքները:

Իսկ Սավոյան, Շիրակացի փողոցնե՞րը

— Գյումրի էին այցելել նախագահը, նախարարները, խոսել ենք, ասել եմ, որ այդ փողոցները միջպետական ճանապարհներ են, ցանկալի է, որ պետության կողմից հիմնանորոգվի, բյուջեից 15 մլն ծախսել ենք նախագծի համար. տեսնենք ինչ կլինի: Բուլվարային փողոցում 46 լուսավորության կետ ավելացրինք, Մ.Խորենացի փողոցում էլ ԼԵԴ լույսերով փոխեցինք, պիտի ասեմ, որ «Անի» թաղամասի լուսավորության ցանցի սպասարկումը իր վրա է վերցրել համայնքապետարանի կոմունալ ծառայությունը, կարծում եմ, որակով սպասարկում կիրականացվի:

Գալիս են, խոստումնալից ծրագրեր են բերում, ասվում է, խոսվում է, ուԻ՞նչ ներդրումային ծրագրեր կան, և որն է իրականանալի, թե չէ՝ «չոր նավահանգիստ», «օդային հրաշքներ», «շոկոլադի գործարան»…

— Չոր նավահանգստի հարցը ակտուալ է, այն լավ ծրագիր է, էկոնոմիկայի նախարարի հետ շատ ենք քննարկել, ուղղակի այն հատվածում, որտեղ նախատեսում են, բերրի հողեր են, ասել եմ մի փոքր տեղափոխեն: Սա եթե իրականություն դառնա, իր հետ կբերի շուրջ 1000 աշխատատեղ: Իսկ մնացածի առումով՝ այո, խոստացան, բայց չարեցին, ինչ-որ տեղ իրենք էլ իրենց պատճառաբանություններն ունեն, մեկը ռուս գործընկերների հետ էր կապված, մյուսը այլ խնդիրների: Թե չէ գալիս, մի 3-4 հեկտար տարածք են ուզում… Չենք տա, կտանք մեկը, թող սկսեն, եթե արեցին, նոր մնացածը կտանք, որ չլինի թե գան, հողամասեր վերցնեն, իսկ հետո մաս-մաս վաճառեն: «Դիստրիկտը» ոնց որ թե միս ու արյուն կստանա՝ էկո-քաղաքը մաս առ մաս կսկսեն կառուցել: Քաղաքում մասնավորի կողմից էլ բավական թվով շինարարություն է կատարվում՝ հյուրանոցներ, օբյեկտներ, հնարավոր է նաև բնակարաններ կառուցեն: Կփորձենք Բուլվարայինի շարունակությամբ հողատարածքները տրամադրել: 9-հարկանիների բնակիչների համար նորություն ունենք՝ հնարավոր է վերելակների փոփոխություն իրականացնենք, սպասում ենք Երևանի վերելակային տնտեսության փոփոխություններին: Ուզում ենք օդանավակայանի սկզբից՝ քաղաքի մուտքի մոտից «Մսի կոմբինատի» հետ կապող կամուրջ կառուցել, որը կմիանա Ղարիբջանյան խճուղուն, սա այլընտրանքային ճանապարհ կլինի, որպեսզի Գ.Նժդեհի հրապարակի կամուրջի տակ հաճախ առաջացող խնդիրները քաղաքը չպարալիզացնեն: Նաև Ե/Գծի հետևի հատվածով ճանապարհ կլինի:

Իսկ ի՞նչ կասեք նորարական ծրագրերից:

— Մարդիկ իրենց չարածներն են բարձրաձայնում, մենք մեր արածների մասին չենք խոսում… Իսկ մարդիկ էլ կան, որ միայն քննադատում են: Տեսեք, բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության արդիականացման աշխատանքներ իրականացրեցինք՝ թվով 3 շենքի համար մոտ 800 մլն դրամ արժեցավ: Այս ծրագիրը նրանով է յուրահատուկ, որ Գյումրիում առաջին անգամ է կիրառվում: Տվյալ շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները կավարտվեն այս տարի, իսկ ջերմամեկուսացման աշխատանքները՝ հաջորդ տարի։ Ծրագրում ընդգրկված է 3 շենք՝ Պարույր Սևակ 1, Չարենցի 7ա, Մուշ 2 թաղ 7/1: Սա շատ կարևոր ծրագիր է, մենք գիտենք, որ մոնոլիտային պատերով շենքերում շատ ցուրտ է, դեռ չենք ավարտել, բնակիչն արդեն գոհ է: Նաև շենքի էսթետիկ տեսքն է փոխվում: Այստեղ մի լուրջ հարց էլ է լուծվում՝ արտանետվող վնասատու նյութերի պակասեցում:

Ինչ կլինի, եթե շենքերի արտաքին տեսքերի մասին էլ հոգ տանեք:

— Ճիշտ նկատառում է, ես ևս երբ այլ քաղաքներում տեսնում եմ՝ գունավոր, գեղեցիկ շենքեր՝ նկարում, բերում եմ… Հուսամ՝ ճարտարապետներով, մասնագետներով կքննարկենք, գոնե աստիճանական հնարավոր կլինի մի բան մտածել:

ԿանաչապատումԱմենահաճելիին անդրադառնանք:

— Մի հասարակական կազմակերպություն էր եկել հանդիպման, ծրագիր են առաջարկել, տարածք են ուզում, որտեղ ամեն քաղաքացի, ով կուզենա իր անունով ծառ ունենալ, կվճարի 10 հազար դրամ՝ ծառի խնամքի համար: Մեկ տարի տևողությամբ ծրագիր է, արտասահմաններում արդեն դոնորներ կան, որոնք կաջակցեն իրականացմանը: Հետաքրքիր կլինի, այդպես քաղաքում անտառաշերտ կավելացվի: Հետո մտածում ենք ունենալ մեր ջերմոցը: Քույր-քաղաքների հետ խոսենք, մեր կլիմային համապատասխան ծառ ու ծաղիկներ բերենք, կարող է մի պուրակ առանձին հիմնենք՝ ամեն մեկի անունով տարածք առանձնացնելով: Նաև կշարունակենք մեր կանաչապատման ծրագրերը:

Ի՞նչ ունենք 2023-ի համար:

— 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է 29 փողոցի հիմնանորոգում, երկու այգիների, մեկ պուրակի և մեկ զբոսայգու բարեկարգման ծրագիր: Նախատեսվում է համայնքի 10 բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում և մեկ բազմաբնակարան շենքի էներգաարդյունավետության արդիականացում (Պ.Սևակ 2 շ.): Նախատեսվում է ձեռք բերել ևս 500 հատ LED լույսեր, և Գյումրիում  2.8 ՄՎտ /ժ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում: Այս կայանի կառուցումը նրանով է կարևոր, որ մենք գրեթե ամեն ամիս 11 մլն դրամ գիշերային լուսավորության գումար ենք վճարում: Բացի այս, բոլոր արտասահմանյան հյուրերի, դեսպանների մոտ բարձր է գնահատվում CO2-ի՝ արտանետվող գազային նյութերի պակասեցումը, սա նրանք ոգևորությամբ են ընդունում, հնարավոր է այլ ծրագրեր առաջարկվեն իրենց կողմից: 10 էլեկտրոավտոբուսներ ենք նախատեսում ձեռք բերել, սա նշանակում է, որ մեզ նման կայան անհրաժեշտ է, նաև ՀՈԱԿ-ների գազով ջեռուցումների համար ալտերնատիվ լուծում կարող է ունենանք:

Ի՞նչ կմաղթեք Գյումրեցիներին:

— Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: Խաղաղություն, առողջություն, բարեկեցություն, թող ամուսնությունների թիվն ավելանա, թող շատ երեխաներ ծնվեն, թող մեր գործարարների գործերը շատ հաջողեն, որպեսզի մեր քաղաքը հարստանա, զարգանա, առաջընթաց ապրի: