Ի պատասխան բժիշկ Աշոտ Կուրղինյանի ասուլիսի, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը բրիֆինգ էր հրավիրել:
Աշոտ Կուրղինյանը ևս եկել էր: Նա դիմեց մարզպետին՝ թույլ տալու մասնակցել բրիֆինգին, սակայն Տ.Պետրոսյանը մերժեց, ասելով, որ այն միայն լրագրողների համար է: Ապա նկատելով, որ Կուրղինյանի հետ մարզպետի ընդունարանում մաքսային համազգեստով մարդ կա (ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի ամուսինն էր,- հեղ.), բարձրաձայնեց. «Լրագրողներ, ֆիքսեք, որ մաքսային ծառայությունից այստեղ մարդ կա, որն ի պաշտոնե իրավունք չուներ, եկել եք սադրանքի՞…»: Ա.Կուրղինյանն էլ արձագանքեց, որ ինքը սադրող մարդ չէ: Ինչևէ, ասուլիսը սկսվեց առանց Կուրղինյանի ու մաքսային ծառայողի:
Մարզպետը նախ նշեց, որ կուզենար ավելի շատ անդրադառնալ երևույթներին, քան մարդկանց: Ասաց, որ ինքը որևէ միջամտությունից իրեն միշտ հեռու է պահել, ու ինքը բնավ կապ չունի, թե ովքեր են հանձնաժողովում ընդգրկված, ինչ հարցեր են պատրաստված: Նաև շեշտեց, որ նախորդ օրը լրագրողները ներկա են եղել կոռուպցիայի, նաև մանիպուլյացիայի լավ տիրապետողի դասախոսությանը (նկատի ուներ Աշոտ Կուրղինյանի ասուլիսը): «Մրցութային կարգը բուհի ընդունելության կարգ չէ, այն ունի մեկ ելք, երբ կլինի հաղթող, ով էլ կհատի շեմը»,- ասաց մարզպետը՝ մատնանշելով, որ ինչ-որ տեղ առողջապահության նախարարի խոսքը ևս կարելի է դիտարկել որպես հովանավորչություն, երբ թեկնածունրից մեկի օգտին է խոսում:
Հարցին, թե Աշոտ Կուրղինյանն հնչեցրել է, որ պաշտոնը խլել են իրենից, մարզպետը պատասխանեց. «Ես փորձեմ դուրս մնալ անձնական ֆոնից, խոսեմ որպես կառավարիչ։ Խլել, աթոռ, դոսյեներ, կոպեկներ. սա իմ կարծիքով ընկալում է, որը կա այսօրվա կառավարման իրականությունն ընկալող կամ տարբեր տեսակ ընկալող մարդկանց մոտ։ Խլելու հետ կապված՝ ես բերեք չմեկնաբանեմ»։
Հարցին, թե ինչու նշանակեց Ժորժիկ Սերոբյանին, ասաց.
— Մենք տեսականորեն ունենք իրավիճակ, երբ մրցույթը հաղթել են երկու թեկնածու, որոնցից երկուսն էլ իրենց մասնագիտական որակներով, իրենց հմտություններով, իրենց փորձառություններով որևէ տեսակի զիջում չունեին։ Ինձ համար՝ որպես մարզպետ, ով այս խնդրում ունի շահ, ուղիղ անձնական շահ, այո՛, այս հարցում մարզպետն ունի անձնական շահ՝ պայմանավորված թե՛ իմ երեխաների, թե՛ մարզի երեխաների որակյալ բուժծառայություն ստանալու հետ։ Եվ այն պարագայում, որտեղ մենք հնարավորություն ունենք որակը բարձրացնել, մենք այդտեղ բարձրացնում ենք։ Հասկանում եմ, որ այսօր մեր հիվանդանոցների, առողջապահական ծառայությունների խնդիրները շատ են։ Ես հասկանում եմ, որ այդտեղ կան շատ սուբյեկտիվ և օբյեկտիվ գործոններ։ Անհնարին պահանջել մենք չենք ուզում, մենք գիտենք տեղեր, մենք գիտենք հիմնարկներ, որտեղ ստիպված գնում ենք կոմպրոմիսի՝ ստեղծված իրավիճակի մեջ։ Ավստրիական հիվանդանոցն իր հնարավորություններով, իր անձնակազմով, մարդկային ռեսուրսով, իր ամեն ինչով շատ լավ զարգանալու դինամիկա ունեցող կառույց է։ Այսինքն՝ կարող է վերածվել մի հաստատության, որտեղ կառավարման մեթոդները փոխելով՝ կփոխվեն ծառայությունների որակը։
Հարցին՝ իսկ Ժորժիկ Սերոբյանն ա՞յն մարդն է, որը կկարողանա ճիշտ կառավարել, պատասխանեց.
— Ես կարծում եմ՝ Սերոբյանն այդ մարդն է՝ պայմանավորված թե՛ մասնագիտական, թե՛ մարդկային որակներով, որը շատ կարևոր է այս պարագայում, թե՛ իր կրթական ցենզով։ Այս տեսանկյունից ես ունեմ իմ մտահոգությունները, որովհետև մենք ունենք խնդիրներ՝ կառավարման բացերի տեսանկյունից։ Ես այդ կառույցի շուրջ, Շիրակի մարզի առողջապահական հաստատությունների շուրջ համակարգային խնդիրներ եմ տեսնում այս պարագայում, այդ խնդիրների հետ կապված նշանակումից մեկ օր առաջ քննարկում եմ ունեցել նախարար Թորոսյանի հետ, ներկայացրել եմ իմ մոտեցումները, ներկայացրել եմ իմ մտահոգությունն այդ հիմնարկում ստեղծված իրավիճակով, որը ֆիքսվել է առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից 2019 թվականին։ Ես այսօր թղթեր չեմ թափահարելու, դա իմ մեթոդոլոգիան չէ։ Ինձ համար մտահոգիչ է ԱՆ եզրակացությունն այդ հիմնարկում ինչ դիտարկումներ և պրոբլեմներ կան, և նախարարի մոտեցումը այդ հիմնարկին։ Այդ մտահոգությունները ես ներկայացրել եմ մի քանի հարթակում, պատրաստվում եմ ներկայացնել ևս մի քանի հարթակում։
Հարցին, թե շատ է խոսվում այն մասին, որ Ժորժիկ Սերոբյանը ձեր հովանավորյալն է, ո՞վ է ձեզ համար նա՝ ձեր մտերի՞մն, է ընկե՞րն է, ընտրությունների ժամանակ ի՞նչ չափով է օգնել ձեզ, Տիգրան Պետրոսյանը խնդրեց մտերիմ բառի ձևակերպումը տալ ու ասաց.
— Մարդ, ով ոչ միայն ակտիվ աշխատել է իմ նախընտրական շտաբում, մարդ, ով այս ընթացքում ակտիվ պրոցեսների ժամանակ կանգնած է եղել մեզ հետ, մեր թիկունքին։
«Չկա՞ արդյոք շահերի բախում»,- հարցրեցին լրագրողները։ «Շահերի բախում կա այն պարագայում, երբ որ մարդու որակական հատկությունները չեն բավարարում որևէ նշանակման»,- մեկնաբանեց Տ. Պետրոսյանը։
Մարզպետը ընթերցեց առողջապահության նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովի՝ 2018թ. դեկտեմբերի 14-ի և 2019թ. փետրվարի 7-ին «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» իրականացված ուսումնասիրությունների և դիտարկումների մասին տեղեկանքը. «Ստացիոնարն ունի բազմապրոֆիլ հիվանդանոցի իր ծավալված ծառայությունների շենքային և կառուցվածքային անբավարար պայմաններ՝ տրված լիցենզիայով նախատեսված մատուցվող ծառայությունները և պահանջվող գործառույթները պատշաճ մակարդակով իրականացնելու համար։ Խախտվում է բաժանմունքների, հատկապես մանկաբարձագինեկոլոգիական, մանկական կառուցահատվածների, մանրէաբանական լաբորատորայի ընդհանուր հիգիենիկ և համաճարակային ռեժիմները, կենսանվտանգության և կենսապահովման պահպանման կարգերը։ Ներհիվանդանոցային վարակների առաջացման և տարածման վտանգը մեծ է, խախտվում է ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և համաճարակային միջոցառումների իրականացման ոլորտը կանոնակարգող նորմատիվային իրավական փաստաթուղթը…»… Եթե ուզում ենք կառուցել նորմալ երկիր, ի՞նչ սկզբունքով ես պիտի ստորագրեմ մի մենեջերի համար, ով տարիներ շարունակ, իր երեկվա խոսքերով, իրականացրել է տնօրենի պարտականություններից դուրս գործառույթներ։ Երեկ ինքը ֆիքսեց, տարիներ շարունակ այդ հիվանդանոցում նույն հովանավորչության փիլիսոփայության տակ մրցութային կարգերը կոպիտ խախտելով, իրականացվել են մրցույթներ, որոնք ֆիքսված են առողջապահության նախարարության հանձնաժողովի եզրակացությունում։
Մարզպետը խորհուրդ տվեց հետաքրքրվել, պարզել, թե ով է Սերոբյան-բժիշկը, թե ովքեր են մոտեցել մարզպետին ու մտահոգություն հայտնել՝ կապված մարզում երեխաների առողջության պահպանության հետ: Ասաց, որ ինքն աուդիտի մասով կազմված քրեական գործի կարճման գրությունը ստացել է բժշկին ժ/պ նշանակելուց մի քանի օր առաջ: Ասում է, որ դեռ այն ժամանակ իրեն համար հեշտ կլիներ բժշկին ասել, որ խզում է պայմանագիրը:
«Թող որևէ մեկը ֆիքսի պետական մեկ հիմնարկ, որտեղ մարզպետի մտերիմն է նշանակվել»,- նեղված հարցադրումներից ասաց մարզպետը և փաստեց, որ իր խիղճը մաքուր է: Եվ նա առաջնորդվել է մարզի երեխաների ու ծննդկանների շահերից:
Նաև պատմեց, որ Սննդի անվտանգության տեսչության պետն է իրեն զանգահարել՝ հարցնելով, թե ի՞նչ է կատարվում հիվանդանոցում, պատմել, որ բրուցելոզով հիվանդ կովի արյունը տրվել է ուսումնասիրության «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Մարդու անվան տակ ֆիքսվել է և տրվել է սխալ եզրակացություն։ «Հիմա ես ո՞նց կարող եմ պատասխանատվություն վերցնել սրա համար, դուք եկեք, նստեք իմ փոխարեն և որոշեք,- դիմեց լրագրողներին:- Կներեք, այս պարագայում ես համարում եմ, որ ես ընտրություն չեմ էլ ունեցել»։