ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մենք բարձր մակարդակով պատրաստ ենք դիմակայելու

Անցած շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Տեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարեց, որ կորոնավիրուսից մահացության ցուցանիշն ավելի բարձր է, քան սովորական գրիպից. «Ամբողջ աշխարհում մահացել է COVID-19-ով վարակվածների 3.4 %-ը: Համեմատության համար. սեզոնային գրիպից սովորաբար մահանում է վարակվածների շուրջ 1%-ը»: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսը ատիպիկ թոքաբորբ չէ, մերձավորարևելյան շնչառական վիրուս չէ և ոչ էլ գրիպ է, այլ «յուրահատուկ վիրուս է՝ իրեն հատուկ բնութագրերով»: Հետևաբար, այս վիրուսով վարակված մարդկանց չի կարելի բուժել գրիպի նման, բայց դրանց միջև կան «շատ նման բաներ»:

Գյումրու առաջնային օղակի բուժհաստատություններից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է բնակիչների հաճախելիությունը, արդյո՞ք վիրուսի հետ կապված խուճապ կա, և որքանով է ՀՀ երկրորդ քաղաքը պատրաստ դիմակայելու վիրուսներին:

«Կարմիր Խաչի» պոլիկլինիկայի մանկական բաժնի պատասխանատու Անահիտ Սանդրոսյանն ասում է, որ ազգաբնակչության մոտ բավականին փոխվել է առողջությանը հետևելու մոտեցումները. «Օրինակ, մասնավորապես իմունիզացիայի նկատմամբ, եթե մի քանի տարի առաջ նվազ վերաբերմունք էր, ապա վերջին տարիներին նկատվում է ակտիվություն: Ես դա կապում եմ նաև տեղեկատվական աղբյուրների լավ աշխատանքի հետ: Մարդիկ շատ սթափ գնահատում են համաճարակաբանական իրավիճակը և պատրաստակամ են տրամադրված պատվաստումներին, մանավանդ երիտասարդները: Մենք գրիպի պատվաստանյութը երբ ստանում ենք, սեզոնին բնորոշ շատ արագ էլ սպառվում է: Եթե նոյեմբերին մեր պոլիկլինիկան ստացել էր 917 պատվաստանյութ, ապա այս պահին մնացորդ չունենք»:

Հարցին, թե անկախ կորոնավիրուսից, ԿԳՄՍ նախարարի կողմից հայտարարված մեկշաբաթյա արձակուրդից, ժամանակ առ ժամանակ վիրուսային շրջաններ էին լինում, երբ մարդիկ ընտանիքներով վարակվում էին, ինչպիսի՞ն էր դիմելիությունը, Անահիտ Սանդրոսյանը պատասխանեց. «Դիմելիությունը շատ բարձր էր, հատկապես հունվարի կեսերից մինչև փետրվար խայտառակ բարձր էր: Մենք ընտանեկան բժիշկներ ունեինք, որ օրեկան 80 այցելու էր ընդունում: Կարծում եմ նման բարձր ցուցանիշ էինք գրանցել, քանզի տոներից հետո երեխաները սկսեցին մանկապարտեզ ու դպրոց հաճախել, սկսվեց շփումը: Տեսեք, այս պահին, որ արձակուրդ է հայտարարված, նկատվեց, որ դիմելիությունը նվազել է»:

Հարցին, երբ կազուսային իրավիճակներ են լինում, Գյումրին որքանո՞վ է պատրաստ դիմակայելու, բժշկուհին պատասխանեց. «Ես պատասխանատու եմ մեր առաջնային օղակից խոսելու, չնայած, բնականաբար, եթե մենք պատրաստված ենք, դա նշանակում է, որ մեր վերադասի պրոֆեսիոնալիզմի արդյունք է: Կոնկրետ կորոնավիրուսին դիմակայելու համար մենք ունենք մեկուսարաններ, դեզլուծույթներ, առաջնային օգնության դեղորայք: Բուժանձնակազմը շատ լավ տեղեկացված է, թե ինչի հետ գործ ունի, ինչպես պետք է վարվեն, ինչ տեղեկություն պետք է փոխանցենք բնակչությանը: Ենթադրենք, ընդունեցինք ինչ-որ մեկին, որի մոտ կասկածելի է՝ վարակակի՞ր է, թե ոչ. անմիջապես տեղափոխում ենք մեկուսարան, առաջին օգնություն ցուցաբերում, հայտնում տնօրինությանը, Սանէպիդ ծառայությանը, վերջիններս կկազմակերպեն տեղափոխման հարցը, նմուշառությունը և այլն: Մեր ֆունկցիաներին մենք շատ լավ տիրապետում ենք: Մեր բուժանձնակազմը լավ վերապատրաստված է. տնային այցելություններ ենք անում, զանգում ենք հիվանդներին, տեղեկանում վիճակից»:

Գյումրու «Բեռլին պոլիկլինկա» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Հովհաննիսյանը ևս փաստում է, որ շատ արագ իմունիզացիայի կամ գրիպի պատվաստանյութերը սպառվում են, առաջնահերթությունը տրվում է ռիսկային խմբի բնակիչներին՝ խրոնիկ հիվանդներին, 0-5 տարեկան երեխաներին, սիրտ-անոթային հիվանդներին. «Բնակիչների մեջ կա մի խումբ էլ, որ իրենց նախաձեռնությամբ, մինչև սեզոնի սկսվելը, ցանկանում են պատվաստվել»:

Ըստ նրա, դիմելիությունն եղել է ամեն տարվա նման՝ սեզոնին բնորոշ. «Բոլոր դեպքերում՝ արտառոց ցուցանիշ չի արձանագրվել: Իսկ երբ տեղեկատվական աղբյուրները աղմուկ են բարձրացնում, մարդկանց մոտ զգուշավորության հատկանիշներն են աշխատում և, ցանկացած կլինիկական դրսևորում մարդկանց մոտ պաշտպանական ռեակցիա է առաջացնում. ասենք, երեխաներին մանկապարտեզ, դպրոց չեն տանում, և թվում է, թե բարդ իրավիճակներ են: Բոլոր դեպքերում, առաջին երկու օրը այցելուների թիվը նվազել էր: Բացի այդ, երբ վարչապետը հայտարարեց կորոնավիրուսով առաջին վարակակրի մասին, մարդիկ զգուշացան, հասարակական վայրերից զերծ մնացին»:

Սարգիս Հովհաննիսյանի տեսակետով, կորոնավիրուսի աղմուկն ու պանիկան ավելի շատ են, քան պետք է լիներ, օրինակ է բերում գրիպից մահացության ավելի բարձր տոկոսայնությունը, SARS1-ի ոչ լայն տարածման, բայց գրանցած բարձր մահացության ցուցանիշները: