Հարցազրույց «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
— Պարոն Մանուկյան, Ռոբերտ Քոչարյանի դատավարական գործընթացից ի՞նչ սպասելիքներ կարող ենք ունենալ, ե՞րբ է այն ավարտվելու, թե՞ տարիներ է տևելու, թե՞ Սահմանադրական դատարան հասնելով՝ կավարտվի:
— Ինձ թվում է՝ գործը չի հասնի դրան, որովհետև Սահմանադրական դատարանի շուրջ առաջացած ճգնաժամը շատ արագ պետք է լուծվի: Հանարավոր չէ, որ երկրի հիմնական մայր դատարանը ճգնաժամով երկար գոյատևի:
— Կներեք, Դուք ասացիք «պետք» է, սակայն…
— Ես կարծում եմ՝ քայլեր արվում են: Գտնում եմ, որ Վահե Գրիգորյանի առաջարկած տարբերակներից երկրորդն ամենագործնականն է: Ասում էր. «7 թափուր հաստիքների համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունը Ազգային ժողով թեկնածուներ ներկայացնեն»: Այսինքն՝ յուրաքանչյուրը Սահմանադրական դատարանի անդամ են առաջադրելու, և ԱԺ-ն է հաստատելու, ձևավորելու Սահմանադրական նոր դատարան՝ նոր դատավորներով: Դա անհրաժեշտ է, այստեղ չկա ոչ քմահաճույքի խնդիր, ոչ կամակորության խնդիր, Սահմանադրական դատարանը պետք է աշխատի, ու հիմա ում մեղքով, ում փնթիությամբ, ում դիտավորությամբ է, որ այսօր ՍԴ-ում կան անդամներ ու դատավորներ, և դա ամենևին բառերի տարբերություն չէ: Դատավորն այլ ֆունկցիաներ ունի, այլ պահանջներ են նրանը, անդամի նկատմամբ լրիվ ուրիշ պահանջներ կան: Թե չէ ՍԴ-ի բոլոր որոշումները կմնան կասկածելի: Վահեն միշտ էլ ասում էր, որ գործադիրը, օրենսդիրը, դատական մարմինը պետք է հավաքվեն ու լուծեն այս խնդիրը: Ընդ որում, անգամ տեսականորեն, հնարավոր է, որ այն 7-8-ն էլ մնան դատավոր, հասկանո՞ւմ եք, այստեղ անձի խնդիր չկա, ճգնաժամի լուծման անհրաժեշտություն կա: Ես կարծում եմ, մինչև Ձեր մտավախության հանգամանքին հասնելը, պետք է, որ հարցը լուծված լինի:
— Այսինքն՝ իրենք հույս ունեին, որ աղմուկ—աղաղակով, առանց հիմնավոր փաստարկների կարող էին դատավարական ընթացքն ա՞յլ ուղղությամբ տանել: Ժամանա՞կ էին ձգում:
— Իրենց ամբողջ արածի իմաստը հենց այն է, որ դատական գործը չսկսվի, մեղադրանքը հնչեցնելուն չհասնի: Ավելի շուտ՝ երկու նպատակ են հետապնդում. մեկը՝ ձգել, որքան հնարավոր է, մինչև, իրենց հաշվարկով, ասենք, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկնի, հասարակությունը դուրս գա իշխանության դեմ, և որից իրենք կկարողանան օգտվել: Իսկ մյուսը՝ որքան ձգեն, որքան ուշ հրապարակվի դատախազության մեղադրականը, այնքան լավ իրենց համար, քանզի մեղադրականը լինելու է շատ ավելի դաժան, բացահայտող, ոչնչացնող: Իրենք դրանից են վախենում:
— Քոչարյանը Ձեր հանդեպ դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար: Ի՞նչ ընթացքում է այդ «գործը»:
— Նախնական նիստը կայանալու է այս շաբաթ: Ես ունեմ փաստաբաններ, աշխատում ենք, հույս ունեմ, որ դատական գործընթացներն երկար կտևեն, որովհետև մենք նախապատրաստում ենք բավականաչափ նյութեր՝ հիմնավորելու մեր ասածները և ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի արածները: Ինչու ենք այսպես լուրջ վերաբերվում այս գործին: Որովհետև սա դատական պրոցես է ոչ թե իմ, այլ հասարակության նկատմամբ, ու պատահական չէ, որ հասարակությունն էլ է հետաքրքրված ու շահագրգռված, և մենք չպետք է հուսախաբ անենք նրան: Կներկայացնենք բավականաչափ նյութեր, որոնք բնութագրում են Ռ. Քոչարյանի կերպարը, արածները, մեր երկրին հասցված վնասները՝ իր գործունեության ամբողջ ընթացքում: Վստահ եմ, որ այն կդառնա Դիմիտրովյան դատ՝ մեղադրողը կդառնա մեղադրյալ:
— Պարոն Մանուկյան, Դուք երկար տարիներ եղել եք ԱԺ պատգամավոր: Ձեր բազմափորձությունն, ինտելեկտը հաշվի առնելով, որը շատ մեծ օգուտ կարող էր տալ ներկայիս խորհրդարանին, այնուամենայնիվ, կուզենամ Ձեր կարծիքն իմանալ ներկայիս ԱԺ մասին:
— Ընդհանուր առմամբ, այն, ինչ կատարվել է մեր երկրում՝ բոլորիս ուզածն է: Մենք տարիներ շարունակ պայքարել ենք, ինչ-որ պահ անգամ չէինք կարող պատկերացնել, որ հնարավոր է քոչարյանա-սարգսյանական տանդեմից ազատվել: Այդ գործն արվել է, փառք ու պատիվ բոլորին: Դա պատմական լուրջ քայլ էր, որը ժողովրդին հույս բերեց, հավատ բերեց, լավատեսական ծրագրեր բերեց, արտագաղթի չափերը կրճատեց… Հիմա, պիտի ասեմ, որ հեղափոխական ուղղությունն իր քայլերով առաջ է գնում, սակայն տեմպերի մեջ դանդաղում է, որակի կորուստ կա և գնալով, ոգևորության մարում է նկատվում: Տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ստվերում են հեղափոխությունը: Այն, որ տարիների ընթացքում ցանկացած իշխանություն վարկանիշի անկում է ապրում՝ դա բնական է: Ես զգում եմ, որ իրենց թիմում սկսել են ավելի լուրջ մտածել, ավելի պատասխանատու լինել, միայն թե դանդաղություն է նկատվում: Ինչ վերաբերում է կոնկրետ խորհրդարանին, ապա՝ սիրունատես, գրագետ, լավ երիտասարդներով լիքը կառույց է՝ լավ է: Բայց խիստ կաղում են փորձի ու ինֆորմացիայի առումով: Նրանցից շատերը տեղյակ չեն անգամ մեր անցած ճանապարհից, մեր երկրի մարտահրավերներից, ու հաճախ կիքսեր են անում: Մխիթարող է, որ իրենց կողքը կան մարդիկ, որոնք սաստողի, ուղղորդողի դեր են տանում: Չնայած կասեն՝ կաշխատեն, փորձ ձեռք կբերեն, կաճեն, բայց մենք այդ ժամանակը չունենք: Այսինքն՝ խորհրդարանականները պետք է իրենց ընդունակություններն ու գրագիտությունը շատ արագ դարձնեն կիրառական գիտելիք և օգտագործեն օրենսդրական դաշտում: Օրինակ, Արարատ Միրզոյանի դեպքում ես զգում եմ, որ նա արագ աճեց, կայացած լիդեր է: Թիմում արդեն կա կորիզ, որը քաղաքական որոշումներ կայացնելու համարձակություն ունի: Կան կողքից եկածներ, որոնք հայտնվել են պառլամենտում, բայց այնտեղ գործ չունեն անելու: Հուսանք, որ պատասխանատվության ծանրությունը կզգան, և արագ ադեկվատ կդառնան այս գործընթացներին…
— Երբ Լևոն Տեր—Պետրոսյանն անկախության առաջին իսկ տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականությունը հիանալիորեն իրականացրեց, շատերը մեկնաբանեցին, թե՝ այդ ժամանակահատվածում Լևոնի ներքին քաղաքականությունը տուժեց, կադրայինին ուշադրություն չդարձրեց և այլն: Եվ հիմա, երբ Նիկոլ Փաշինյանն է արտաքին աշխարհի հետ կապեր ամրապնդում, շատերն ասում են, թե ներքին կյանքում նա մենակ է, կողքինները գործ չեն անում:
— 90-ականների մեր արտաքին հարաբերություններն եղել են իդեալական: Երկրաշարժի, շրջափակման պայմաններում պատերազմ վարել և հաղթանակ տանել, ու ոչ մի երկրի կողմից քննադատական ու պատժողական վերաբերմունքի չարժանանալ՝ դա միայն հեքիաթում կարող էր լինել: Պատկերացրու՝ դու տարածքներ ես ազատագրում, և մուսուլմանական, արաբական որևէ երկիր քեզ չի քննադատում: Դու օգտագործում ես Ռուսաստանի պես հզոր երկրի պոտենցիալը, քաղաքական աջակցությունը, և պարզերես դուրս գալիս: Այ, սա է կոչվում դիվանագիտություն: Հիմա մենք ունենք ռազմական հաջողություններում ֆիքսված ինչ-որ վիճակ, որի ամրագրելը դիվանագիտական դաշտում կաղում է: Հենց սա է, որ եթե դիվանագիտական առումով արտաքին հարաբերությունները, դրսևորումները չլինեն հավասարակշիռ, չափված, կանխատեսելի՝ մենք ռիսկի տակ ենք դնում հաղթանակի առաջին մասը: Այսինքն, դիվանագիտությունը պետք է ամրագրի, պահպանի եղած ձեռքբերումները: Այստեղ կա խնդիր, և ցանկություններն ու ոգևորվածությունները կարող են նույնիսկ խանգարել: Հաշվի չնստել աշխարհի հետ, եռանախագահների հետ, հաշվի չնստել Ռուսաստանի նման հզոր երկրի հետ՝ որևէ քաղաքական ուժ չի կարող, թող գլուխգովանություն չանեն: Կան հզոր «խաղացողներ», որոնց հետ դու պետք է քո շահերը համընկնացնես, ու փորձես թելադրել քո շահը: Դեպքերին պետք է նայել ուղիղ, համարձակ, չամաչելով, որ դու ամենահզոր չես, չամաչելով, որ դու պարտավոր ես հաշվի նստել Ռուսաստանի, Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի հետ, առավելագույնին պետք է հասցնել քո երկրի շահը: Կարծում եմ, որ այս քաղաքական ուժը, որն ունի բարձր լեգիտիմություն, ժողովրդի աջակցություն, պետք է համարձակություն ունենա գնալ այդպիսի քայլերի: Պոպուլիզմն, ի վերջո, սպանում է ցանկացած քաղաքական ուժի: Ցանկացած ուժ պետք է իմանա, որ իրեն կարող են հայհոյել, քարկոծել: Քաղաքական ուժի, գործչի բարձր «կլասն» հենց դա է, որ ինքը չի սիրաշահում, այլ հարվածներ է ընդունում աջից-ձախից, դրսից-ներսից, ու դիմակայում է: Թեկուզ այսօր ժողովուրդը քեզ հայհոյում է, դու պետք է ընթանաս այն տեսլականով, որը երկիրը, թեկուզ 5 տարի հետո, կտանի զարգացման:
Մենք մեր կուսակցությունով բազմիցս ասել ենք՝ պատրաստ ենք օգնել ցանկացած հարցում, և մեր ուժերի սահմաններում: Փառք Աստծո՝ փորձ ունենք, ամենամտավորական ուժն ենք, քաղաքական փորձ ունենք, և մեզ դրա դիմաց ոչինչ պետք չէ, պաշտոններ պետք չեն, օգնում ենք, որովհետև մեր շահը՝ երկրի շահն է: Բայց միայն թե չչարաշահեն, ու չմսխեն ժողովրդի վստահությունը:
Ս.ՄԵԽԱԿՅԱՆ