Ռուսական HTB հեռուստաընկերության «Ты супер! Танцы» հեռուստամրցույթին, մասնակցում են նաև մեր համաքաղաքացիներ, «Թռչունյանց տան» սաներ՝ 17-ամյա Դավիթ Այվազյանն ու 16-ամյա Աստղիկ Մխիթարյանը։ Մրցույթի առաջին փուլին (ժողովրդական պարեր) մեր երեխաները պարեցին «Շալախո»:
Քանի դեռ մեր գանձերը Մոսկվայում են, նրանց չենք անհանգստացնում, փոխարենը՝ զրուցեցինք երեխաների պարուսույցի՝ Գյումրու «Մանկապատանեկան արվեստի պալատի» «Անի» պարային համույթի գեղարվեստական ղեկավար ՍԵՆԻԿ ԽՈՒԲԵՍԱՐՅԱՆԻ հետ:
— Սենիկ, նախ շնորհավորում ենք գյումրեցիներիս անունից: Տա Աստված, երեխաները մինչև վերջ անցնեն ու հաղթանակով վերադառնան: Ինչպե՞ս եղավ, որ հենց Դավիթն ու Աստղիկն ընտրվեցին՝ մասնակցելու այդ մրցույթին:
— Երեխաները պար ուսուցանում են իմ մոտ՝ Աստղիկը «Թռչունյանց տան» պարի խմբակում է, իսկ Դավիթը՝ «Անի» համույթում: HTB հեռուստաընկերությունը, նախագծի շրջանակում, հրավերներ է ուղարկում բոլոր նման հաստատություններին: «Թռչունյանց տան» տնօրեն Սոնա Հարությունյանը ստանալով հրավերը, լուր տվեց: Ես ընտրեցի այդ զույգին: Նախագծի պահանջով, նախ պետք է տեսաձայնագրություն ուղարկեինք: Ուղարկեցինք: Հետո կազմակերպիչները տեսազրույց ունեցան և ուզեցին երեխաների կենդանի պարը տեսնել: «Սկայպի» միջոցով դա կազմակերպվեց, որից հետո արդեն հաստատեցին այս զույգի մասնակցությունը:
— Ինչո՞ւ հենց «Շալախոն»:
— Սկզբում մենք բեմականացրել էինք գնչուական պար և Ա.Խաչատրյանի լեզգինկան: Հետո փոշմանեցի և ուզեցի մի այնպիսի շախով պար ներկայացնել, որ կարճ ժամանակահատվածում ոգևորություն հաղորդեր: Ախր, այդ նախագծի կանոնակարգով, 1.5 րոպեանոց պար է պահանջվում, իսկ մենք 3.5 րոպեանոցում էինք տեղավորվել: Ափսոս, նրանք այնտեղ կրճատել էին, ու իմ ուզած ողջ էմոցիան չէր երևում: Բայց գոհ եմ, որ երեխաները մաքսիմալ օգտագործեցին իրենց հնարավորություններն ու բարձր մակարդակով պարեցին:
— Հաստատ հուզվել էիք…
— Հուզվելն այն խոսքը չէ… Ի դեպ, մի հետաքրքիր բան տեղի ունեցավ. երբ երեխաները պիտի մեկնեին, մտահոգված էի, թե Մոսկվայում ում գտնեմ, որ այդ նախագծի ժամանակ գա, երեխաների կողքին կանգնի: Իմ մորաքրոջ տղան՝ հայտնի կինոռեժիսոր, «Ոսկե արծվի» մրցանակակիր, գյումրեցի Կարեն Հովհաննիսյանն է, Մոսկվայում է ապրում, բայց գիտեի, որ Գյումրի է գալու այդ օրերին: Մտածեցի՝ ինչ թարս ընկավ… Ու մեծ էր զարմանքս, որ նկարահանման օրը նախագծի կազմակերպիչները հենց Կարենին էին հրավիրել: Ես շատ ուրախացա, որ այդպես զուգադիպեց:
— Հաջորդ պարային համարն ի՞նչ է լինելու:
— Գաղտնի է պահվում, բայց նորաոճ պարային ելույթ է, և երեխաների հետ լուրջ պարուսույց է աշխատում:
— Երեխաներին որևէ մեկն ուղեկցո՞ւմ է:
— Իհարկե: Սկզբում մտածում էինք, որ ես գնամ, բայց 3 ամիս տևող նախագծին մասնակցել չէի կարողանա, քանզի այստեղ աշխատանքս կմնար: Նրանց ուղեկցում է Ռուսաց լեզվի ուսուցչուհին՝ Շուշանիկ Ալեքսանդրյանը:
— Հուսով ենք, այնտեղ պայմաններն ապահովված են:
— Այո, իհարկե. օդանավի տոմսերը, մնալը, սնունդը… Անգամ մեզ ասացին, որ եթե պարային հագուստ չունենք, կարող են դրանով ևս օգնել, սակայն մենք հրաժարվեցինք, քանի որ գոնե մեր ժողովրդական պարերի համար մենք ունենք մեր հանդերձանքը:
— Խոսենք նաև Գյումրու «Մանկապատանեկան արվեստի պալատի» (նախկին «Պիոներ պալատի») «Անի» պարային համույթի մասին: Վերջապես տնակներից ազատվեցիք, այժմ մեծ տարածք ունեք, ընդարձակ հնարավորություններ…
— Ճիշտ է, վերջապես շենքային հատվածում ենք, ինչ-ինչ պայմաններ ստեղծված են: Սակայն, անկեղծ ասած, ինձ չի գոհացնում. մեզ տրամադրված պարասրահն այնքան էլ մեծ ու հարմարավետ չէ: Առավելությունն այն է, որ հայելապատ է: Իսկ պարասրահում անցկացված փորձերից հետո մեծ բեմերում ելույթ ունենալը մեծ փորձություն է, հարմարավետության դիսբալանս է առաջ բերում: Բայց, ինչ խոսք, տնակներից որ լավ է:
— Իսկ պարային հանդերձանքի հարցն ինչպե՞ս եք լուծում:
— Պարային հագուստների խնդիրը միշտ առկա է: Ամեն մի նոր պար-բեմականացում նոր հագուստ է պահանջում: Փորձել ենք մինիմալ հնարավորություններով հարցը կարգավորել. մի մասը «Պիոներ պալատն» է լուծել, մյուս մասը՝ ծնողները: Լուրջ դիզայներներ են անհրաժեշտ: Կան, իհարկե, բայց կոնկրետ կցված մասնագետ է պետք, որն հատուկ այդ գործով է զբաղվելու:
— Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ջուլիետա Մովսիսյանը: Նրա հետ հույսեր կապո՞ւմ եք: Ուղղակի հարցնում եմ, որովհետև տիկին Ջուլիետան մշակույթի բնագավառից չէ…
— Այո, գիտեմ, որ լեզվի մասնագետ է: Ինչպիսին է՝ դեռ պարզ չէ, դեռ աշխատանքային հարաբերությունները հունի մեջ չեն: Բայց ես կհայտնեմ իմ ընդհանրական կարծիքը. կուզենայի մեր տնօրենի մեջ տեսնել մշակույթից գաղափար ունեցող, լայնախոհ, ակտիվ, գործունյա անձնավորության: Առայժմ ոչ մի գնահատական տալ չեմ կարող: Ժամանակը ցույց կտա:
— Առաջիկայում ի՞նչ նախագծեր ունեք:
— Կուզենայինք հյուրախաղեր ունենալ, քանի որ մոտ 3-4 տարի խումբը հյուրախաղերի չի մեկնել: Բայց, ինչպես միշտ, կան ֆինանսական խնդիրներ, իսկ հովանավորներ՝ չկան…
— Իսկ Մշակույթի նախարարությո՞ւնը…
— Ես միշտ ուզեցել եմ այս խնդիրը բարձրաձայնել. հրավերներ միշտ էլ լինում են, մանավանդ, անվճար փառատոների, որոնք աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են: Անվճար փառատոն հիմնականում կազմակերպում է տվյալ պետությունը՝ իր բյուջեով և, քանի որ պետական է, հրավերներն ուղարկում են մեր երկրի մշակույթի նախարարությանը: Սակայն մինչ օրս Գյումրու ոչ մի պարային խմբի անվճար փառատոնի մասնակցության հրավեր չի տրվել: Բիզնես-փառատոների մասին ի՞նչ խոսեմ… Կան, սակայն դուք լավ եք պատկերացնում՝ ճանապարհածախս, մնալու ծախս, սննդի ծախս, մասնակցության վճար և այլն:
— Շատ վատ բան ասացիք: Կփորձենք այս հարցը բարձրացնել մշակույթի նախարարի մոտ…
— Մենք հիմա միայն սահմանափակվում ենք մեր մարզում ելույթներ ունենալով: Առիթից օգտվելով, շնորհակալություն եմ հայտնում «Շիրակ» հանրային հեռուստաընկերությանն ու պրոդյուսեր Մկրտիչ Մանուկյանին՝ «Շիրակի էսքիզներ» պրոյեկտը նախաձեռնելու համար…
Աշխարհը փոխվել է, հիմա անվճար բան չկա
Մինչ Սենիկ Խուբեսարյանի բարձրացրած՝ փառատոների մասնակցելու խնդիրը կներկայացնենք մշակույթի նախարարին, զրուցեցի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Արտուշ Մկրտչյանի հետ:
— Պարոն Մկրտչյան, Գյումրիում ունենք բազմաթիվ պարային համույթներ: Եթե քաղաքային կամ մարզային միջոցառումներ չլինեն, մեր համույթներն այլ վայրերում հնարավորություն չունեն իրենց ելույթներով հանդես գալու: Իսկ ես տեղեկացել եմ, որ անվճար փառատոների հրավերներ ՀՀ մշակույթի նախարարությունը ստանում է, բայց, չգիտես ինչու, մշակույթի մայրաքաղաք համարվող Գյումրիի համույթներին «բաժին» չկա:
— Նախ ասեմ, որ անվճար փառատոն չկա: Տարբեր խմբեր մասնակցել են մի քանի փառատոնի, տարբեր քաղաքներում ելույթներ ունեցել են տարբեր խմբեր՝ հիմնականում քաղաքապետարանի ենթակայության խմբերը: Ձեր ասածով, որ փառատոների միջև ընկած ժամանակահատվածում խմբերը ակտիվ չեն ու ոչինչ չեն անում, չեմ կարող ձեզ հետ համաձայնել: Մեկ պարային ելույթ պատրաստելու համար մոտ կես տարվա աշխատանք է պահանջվում: Գոնե հաշվետու համերգներ իրականացվում են՝ քաղաքային տարբեր միջոցառումներին:
— Իմ հարցը դրան չէր վերաբերում. ես ինքս նշեցի՝ «բացի քաղաքային ու մարզային միջոցառումներից դուրս՝ տեսանելիություն չկա»: Ես նկատի ունեմ արտասահմանում մեր համույթների ելույթները, որոնք Հայաստանի անունը կհնչեցնեն: Օրինակ, սովետական տարիներին ամբողջ աշխարհը հիացմունքով էր խոսում Աղասի Շաբոյանի համույթի մասին:
— Այո, խորհրդային տարիներին կար նման բան, դրանք պետական էին, ներկայում համայնքապատկան են, իսկ համայնքը չունի նման հնարավորություններ, որպեսզի 40 հոգանոց խումբ ուղարկի Ֆրանսիա, Լեհաստան կամ այլուր…
— Գիտեմ, որ համայնքի հնարավորությունները սուղ են, դրա համար մատնացույց արեցի Մշակույթի նախարարությանը: Օրինակ՝ ռուսական HTB-ի հեռուստանախագծի շրջանակում մեր Դավիթն ու Աստղիկն ընդամենը մեկ ելույթով հիացրին բոլորին… Հենց հարցեր բարձրաձայնելու անհրաժեշտությունը այդտեղից սկիզբ առավ. եթե մեր երկու երեխաները այդպես ցնցում առաջացրեցին, ապա ինչ կաներ ամբողջ համույթը…
— Բայց երկու երեխայի ֆինանսավորել և ուղարկելը մեկ բան է, իսկ 40 հոգու ուղարկելը՝ այլ բան:
— Այսինքն, ուզում եք ասել, որ 40 հոգու վրա ծախսելով՝ մենք ոչինչ չե՞նք շահի:
— Միայն ճանաչում: Հիմա փոխվել է աշխարհը. սովետական ժամանակներում հյուրախաղերի էին գնում գրեթե բոլոր խմբերը, հիմա միայն խիստ անհրաժեշտության պարագայում է լինում, որ հրավիրում են Գյումրիից պարային խմբեր կամ նվագախմբեր: Շատ դժվար է ներկայում:
— Ի վերջո, հաստատո՞ւմ եք, որ անվճար փառատոնի մասնակցության հրավերներ Մշակույթի նախարարությունից չեք ստանում:
— Ես անվճար փառատոնի հրավեր չեմ ստացել: Եթե նույնիսկ անվճար լինի, դա նշանակում է, որ ճանապարհածախսը համայնքի վրա է. օրինակ՝ Ժելեզնովոդսկից ստացել ենք փառատոնի հրավեր, բայց ճանապարհածախսը մեր վրա է: Դե, պատկերացրեք, 40 հոգանոց խմբի համար որքան է կազմում ճանապարհածախսը:
— Գոնե փորձե՞լ եք հովանավորներ գտնել:
— Իհարկե: Է՛լ հագուստներ ձեռք բերելու, է՛լ հյուրախաղերի մասնակցելու… Բայց հիմնականում մերժում ենք ստանում, որովհետև գումարները շատ մեծ են: