ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր ձեռքերին մնացել է միայն գեղեցիկ ամպագույն գրքույկները

Նամակ խմբագրությանը

ԷՄՄԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ (84 տարեկան)

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը աշխատավարձը դիտում է որպես քաղաքացու վաստակած միջոցներ, տվյալ անձի սեփականությունը, իսկ ավանդի վճարումը՝ ավանդատուի սեփականությունը վերադարձնելու միջոց: Ավանդատուների ոդիսականը սկսվեց 2005թ., երբ ցանկացան ստանալ իրենց դրամային ներդրումները: Կառավարության որոշմամբ, առաջնահերթ պետք է բավարարվեին անապահով նպաստառու ընտանիքների ավանդատուները: Հասկանալով վերաբերվեցինք խնդրին:

Անցան տարիներ: Առույգ, աշխատող մարդիկ դարձան անաշխատունակ: Երբ 2015թ. նորից դիմեցինք մեր ներդրումները վերադարձնելու հարցով, պարզվեց, որ մեր կառավարությունը, ԱԺ պատգամավորները, անտեսելով գործող Սահմանադրությունը, մշակել են մի շարք որոշումներ, որոնց շնորհիվ «Նորից կորցնում է ժողովուրդը, շահում է իշխանությունը»: Հիշենք, թե ինչպես ժամանակին մեր «ազգասեր», «բանիմաց» տնտեսագետների ճկուն ռազմավարության շնորհիվ ժողովրդի ունեցվածքը գերազանցապես նվազեց, սակայն վեր խոյացան դղյակներ, առևտրային մեգացանցեր, ի հայտ եկան միլիոնատերեր: Հայտնի դարձավ, որ դեռևս 2006 թվականի մարտի 6-ի N352 որոշմամբ կառավարությունը մշակել է ավանդների փոխհատուցման տեղեկատվական բազայի վարումը (հաշվառումը), ըստ որի՝

— Հաշվառման ենթակա են մինչև 1929 թվականի 31 դեկտեմբերին ծնված անձինք, որոնք գտնվում են «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում և նախքին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ունեցել են ներդրված դրամական ավանդներ:

— Եթե այդ ընտանիքի կազմում ավանդատու ամուսինը մահացել է և ներդրումը կատարվել է ամուսնական կյանքի ընթացքում, ապա կենդանի ամուսինը ստանում է մահացածի դրամային ներդրման 50%-ը:

— Ավանդատուին մերժվում է իր բանկային ներդրումը կտակել ժառանգներին (այստեղ մոռացվել է, որ ավանդատուն անապահով նպաստառու ընտանիքի անդամ է եղել), չնայած իրավաբանական օրենքի համաձայն՝ ավանդը մահացածի սեփականությունն է և հանձնվում է ժառանգներին:

Այս որոշումները մարդու իրավունքների կոպիտ խախտում է, ցինիզմ, ծաղրանք:

Դիտելով այս որոշումները որպես ՀՀ Սահմանդրության օրենքների խախտում, ես դիմեցի ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Պատասխանը հետևյալն էր. «Դիմումատուն դիմել է պետական մարմինների պետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում ստանալու համար, մերժվել է և խնդրում է Պաշտպանի աջակցությունը»: Սակայն ես ոչ մի պետական մարմնի չեմ դիմել իմ անձնական հարցը լուծելու առիթով: Պարզապես տեղյակ լինելով ավանդների վերադարձման հարցի վերաբերյալ իշխանության վերսահմանադրական դիրքորոշմանը, իմ օրինակով հայցել եմ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձր մակարդակով պարզելու այս հարցը: Ստացել եմ բացասական պատասխան:

Հուսալով, որ այս ցավոտ հարցին առաջնահերթ կանդրադառնան լրատվամիջոցները, ուշադիր հետևում էի հրատարակված հոդվածներին:

ԱԺ պատգամավորների ընտրության նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՎԿ-ի մարզային խորհրդի նախագահ Հովհաննես Մարգարյանի՝ «Շրջապատ» շաբաթաթերթի 4-րդ համարում տպագրված հարցազրույցում («Ինչպիսի՞ն է Հայկական վերածնունդ կուսակցության ծրագիրը ավանդների վերադարձման հարցի վերաբերյալ»), առանց թվային պարզաբանումների պատասխանել էր, որ շարունակվում է գրանցման գործընթացը, իրենց դիմել են հազարավոր ավանդատուներ, ամեն օր նրանց թիվն ավելանում է: Վերջում, որպես գլուխգործոց, խոստացել էր, որ հասնելու են օրենքի այն փոփոխությանը, որ մահացած անձանց ժառանգները ստանան նրանց ավանդները: Պարոն Մարգարյան, թույլ տվեք կասկածել Ձեր իրազեկությանը և խոստումներին: Միայն 2014 թվականի 23 ապրիլի N460 որոշմամբ թույլատրվեց ավանդների փոխհատուցումը 1925-1929 թվականներին ծնված (89-85 տարեկան անձանց): Այսինքն 8 տարի պահանջվեց, որպեսզի ավարտվի այդ տարիքային խմբի ավանդատուների «տեղեկատվական բազայի վարումը»:  2015 թվականի հունվարի 15-ի N22 որոշման մեջ թույլատրվեց միայն «1929 տարեթիվը» փոխարինել «1931 թվականով», այսինքն՝ հերթական 84 տարեկան ավանդատուներին փոխհատուցել իրենց գումարային ներդրումները: 2016 թվականին որոշում չկայացվեց (հավանական է ՝ 1931 թվականին ծնված 84-85 տարեկան ավանդ ունեցողները շատ-շատ էին ): 2017 թվականի հունիսի 1-ին տարածքային սոցիալական բաժնից ինձ պատասխանեցին, որ տարիքային փոփոխություն չկա և շարունակվում է 1931 թվականների (86 տարեկանների) գործընթացը, որից հետո նոր կանդրադառնան հաջորդ տարիքային խմբին: Վերևում նշված որոշումներից տեսնում ենք, որ ներկա վիճակում ոչ մի գործնական շարժ չկա: Բանկային ներդրումների փոխհատուցումը կատարվել է միայն 2014 և 2015 թվականներին՝ ընդգրկելով 1925-1931թթ. ծնված ավանդատուներին: Այնուհետև տարիքային փոփոխություն չի կատարվել, այսինքն՝ հոդվածում նշած «հազարավոր» դիմողները դեռևս 85-89 տարեկան ավանդատուներն են, որը դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության բնակչության միջին տարիքը կազմում է 70 տարի: Ըստ 1989 թվականի մարդահամարի՝ ՀՀ բնակչության թիվը կազմել է 3.304.800 մարդ, իսկ Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2.986.500 մարդ: Հայտնի են շատ դեպքեր, երբ ավանդատերերի մահվան պատճառով, նրանց ավանդները վերադարձվել են պետական բյուջե: Այստեղ դիտվում է մի ցավալի, անհանդուրժելի զուգահեռ, պատմական հակասություն, երբ մեկ պետությունը իրավացիորեն պահանջ է ներկայացնում մյուս պետությանը՝ դարավոր պարտքը վճարելու, իսկ իր սեփական ժողովրդին մերժում է վերադարձնել առձեռն հանձնած գումարները:

Այս ներդրումների վերաբերյալ տիրում է բացարձակ, անտեղյակության հասնող լռություն: Մեր ձեռքերին մնացել է միայն գեղեցիկ ամպագույն գրքույկները:

Հարգելի կառավարող այրեր, խորհրդականներ, ԱԺ պատգամավորներ, վերանայեք ձեր որոշումները թե՛ նյութական, թե՛ իրավաբանական, թե՛ բարոյական տեսանկյուններից: Թողեք մարդիկ անխռով, խաղաղված հեռանան աշխարհից: