ՄՇԱԿՈՒՅԹ

«Միշտ ձեզ ավելի քիչ եմ տալիս, քան Աստված տալիս է ինձ»

Հարցազրույց նկարիչ ՎԱՉԱԳԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

— Վաչագան, ե՞րբ գիտակցեցիր, որ նկարչությունը քոնն է ու պետք է հաստատապես այդ ուղով ընթանալ:

— Նկարել սկսել եմ 6 տարեկանից, իսկ այն, որ գույներն իմն են ու նրանք ավելի վառ են խոսում, քան բառերը, հետո է իմ գիտակցության մեջ ամրապնդվել ու իր հաստատուն տեղն ունեցել: Ապրում եմ գույներով արտահայտվելու աննահանջ ցանկությամբ և, իհարկե, գիտակցումով:

— Քո նկարներում ո՞րն է առավել խոսուն` գո՞ւյնը, թե՞ պատկերը: Գուցե երկուսն էլ հավասարապե՞ս լրացնում են մեկմեկու: Երևի այստե՞ղ է ձևավորվում փոխլրացումի դաշնությունը:

— Այո, այս դեպքում փոխլրացումի գործոնն իր էական նշանակությունն ունի: Ինձ համար գոնե ակնհայտ է: Եթե չգտնես այդ երկուսի փոխլրացումը, նկարածդ կզրկվի արտահայտչականությունից, իսկ քեզ կզրկի գորշությունից փախչելու հնարավորությունից, նկարածդ կդառնա որքան ձանձրալի, նույնքան էլ հոգնեցնող: Իսկ ինձ համար ձանձրույթն, առհասարակ, կործանիչ է: Մյուս կողմից, ես չեմ տանում հոգնածության զգացումը, ուր մնաց` ուրիշներին պարտադրեմ դա:

— Հաճա՞խ ես ցուցահանդեսներով ներկայանում արվեստասեր հասարակությանը:

— Այո, բացի մի քանի խմբակային ցուցահանդեսներից, ունեցել եմ 13 անհատական ցուցահանդես` նվիրված Հայոց մեծ եղեռնին և Հոլոկոստին: Իմ ցուցահանդեսների վերնագրերը, կարծում եմ, բավական խոսուն են ասելիքիս առումով. «Աղոթող գույներ», «Կիսված հավերժություն», «Ընդդեմ խավարի», «Ոգեղեն պատերազմ» և այլն: Ես շատ կտավներ ունեմ, որոնցում արտացոլված է հայ ազգի Եղեռնի ցավը, սակայն մենք այն եզակի ժողովուրդը չենք, որը սերնդեսերունդ իր մեջ կրում է դրա անբուժելի վերքերը: Ես գիտեմ, որ ահով լի մանկական աչքերն ազգություն չունեն, որ մայրական արտասուքը բոլոր լեզուներով նույն կերպ է ընկալվում: Եվ ամենակարևորը` իմ վրձինը պարտավոր է կյանքի կոչել այդ տանջանքների գույներն ու նրբերանգները, հասանելի դառնալով մինչև խուլ ու համր սրտերին:

— Մոսկվայի Նեկրասովի անվան գրադարանում կայացած ցուցահանդեսին, որին ներկա էին ռուս արվեստասերներ, հայ և հրեա համայնքների ներկայացուցիչներ, ՌԴ Պետդումայի պատգամավորներ, Հոլոկոստի հիմնադրամի նախագահ Ալլա Գերբերը քո մասին այսպես է ասել. «Մենք բոլորս աղոթում ենք հանուն նույն բանի, որ մարդը՝ մարդ լինի, նրան հնարավորություն տրվի այդպիսին լինել: Վաչագան Պողոսյանի նկարներն աղաչանք են, բոլորիս ուղղված կոչ, որ չմոռանանք անցյալը՝ ինքներս մեր մեջ պահպանելով լույսը»: Ի՞նչ ես կարծում՝ անցյալն անմոռաց պահելը դժվար չէ՞:

— Կարծում եմ, որ ոչ: Ես մի ելույթ եմ ունեցել 2013 թվականին Չելյաբինսկում կայացած «20-րդ դար. եղեռնի և ողբերգությունների դար» խորագիրը կրող ուսուցիչների որակավորման բարձրացման կուրսերի ժամանակ, որի ընթացքում իմ գործերի շնորհանդեսը կայացավ: Ինչպես հետո ասացին մասնակից մանկավարժները, իրենց վրա հուզական ազդեցություն էին ունեցել իմ խոսքն ու նկարները, ուստի իրենք տեսագրել էին այդ շնորհանդեսը և որոշել իրենց դպրոցներում ցուցադրել աշակերտությանը: Ես էլ մեծ ցանկություն ունեմ, որ մեր մարզի դպրոցներում Եղեռնին նվիրված դասընթացներ կազմակերպվեին, որոնք մեծ հաճույքով կվարեի: Ճիշտ է՝ դպրոցներում պատմություն առարկան տալիս է հայ ժողովրդի անցյալին ծանոթանալու հնարավորություն, սակայն, կարծում եմ, Հայոց Եղեռնին նվիրված սեմինարները` տեսանյութերի, հոլովակների ցուցադրմամբ և արվեստագետի կենդանի, ուրույն աշխարհաճանաչողական խոսքով ուղեկցվող մեկնաբանությունները կարող էին իրենց ուրույն հետքը թողնել պատանիների սրտերում:

— Երբևէ պատկերացրե՞լ ես քեզ նկարչությունից դուրս:

— Չեմ պատկերացրել, որովհետև այդ խնդիրը երբևէ չեմ ունեցել: Կարևորը սկզբունքներին հավատարիմ մնալն է:

— Ստեղծագործություններիդ առանցքում հիմնականում մարդկության զանգվածային ոչնչացման` եղերագործության թեմատիկան է: Քո այդ անվերապահ նվիրումն ինչո՞վ է պայմանավորված:

— Ցավը վերապրածների նկատմամբ, խորը՝ կասեի ցավագին կարեկցանքով, արդարության հասնելու մղումով և իրական խաղաղության հաստատման երազանքով… Չեմ ուզում, որ մարդկությունը մոռացության մատնի այն ապրումները, վախը, որ զգում էին մահվան քարավաններում հայտնվածները: Չեմ կարող պատկերացնել, որ բանական մարդն իրավունք ունի սակարկել լլկված, մորթված ու ողջակիզման ենթարկված մարդկանց արյան գինը:

— Ըստ քեզ, բոլորի՞ն է հասկանալի քո նկարներում արտահայտածդ գաղափարը, թե՞ միայն կոնկրետ աշխարհայացք ունեցող մարդկանց են դրանք հասու:

— «Բոլորը» ասվածը լայն ընդգրկում ունի, մասնավորապես`նաև վտանգավոր իմաստ է ներառում իր մեջ: Ես հատկապես վտանգավոր եմ համարում այն մարդկանց, որոնց ներկայացվող թեման ընդհանրապես չի հուզում: Ինձ համար այդ մարդիկ նման են այն երկրներին, որոնք դեռևս չեն ճանաչել իմ երկրի ցեղասպանությունը: Իսկ, առհասարակ, կարծում եմ, որ եթե մի գործս մեկին ոչինչ չասի, ապա մյուսը`անպայման կլրացնի բացը:

— Քո կարծիքով, գեղարվեստն ունի՞ իր երբեմնի նշանակությունը հասարակության շրջանում, ինչպես անցյալում, ասենք` Վերածննդի դարաշրջանում:

— Նկարչությունը համամարդկային լեզու է, լռության լեզվի` մեզ հասանելի ենթաշերտը: Առավել մատչելի ասած`վրձնի ներշնչանքը պարտավոր է պոկել կյանքից ու սերունդներին մատուցել մտքի, իրականության, ցավի, սիրո, կարոտի և այլ զգացողությունների գունապատկերային հուզականությունը: Կարծում եմ՝ ազդեցիկ է այն գեղարվեստը, որը կրում է թվարկածս հույզերը:

— Ինչպե՞ս կբնութագրես քո ստեղծագործական ոճը:

— Իմ ոճական զուգորդումները բազմազան են: Հատկանշական է, որ մեկը քննադատում է, մյուսը` գովաբանում, բայց ոչ մեկն անտարբեր չի մնում նկարներիս հանդեպ:

— Տարիներն ի՞նչ են փոխել քո ստեղծագործական կյանքում:

— Ե՛վ ամեն ինչ, և՛ ոչինչ: Ոչինչ` այն իմաստով, որ իմ լուսամուտից շարունակում ու փորձում եմ տեսնել ու լսել բոլորի ցավը: Իսկ ամեն ինչ` այն առումով, որ առավել պարզ է դարձել այդ տեսադաշտը և առավել խորը` ցավի ընկալումը:

— Քո ամենասիրելի նկարն ունե՞ս:

— Ամենասիրելին երեկ այն էր, որն այսօր կտավին է: Չեմ հիշում, թե ով է ասել, բայց դիպուկ է ասված: Դե, իսկ ինչ վերաբերում է վաղվա իմ ամենասիրելի նկարին, այն օրերս ծնունդ կառնի: Ես, անկեղծ ասած, մի քիչ էգոիստ եմ: Միշտ ձեզ ավելի քիչ եմ տալիս, քան Աստված տալիս է ինձ:

ՍԱՄՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ