Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման վերաբերյալ «Շրջապատը» զրուցել է քաղաքագետ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Վարդանյան, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ մենք ցանկանում էինք բացել սահմանը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ և այլն: Ի՞նչ խոչընդոտներ եղան, որ այդ արձանագրությունները կյանքի չկոչվեցին:
— Բանն այն է, որ արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան փոխեց իր դիրքորոշումն այդ հարցով և լրացուցիչ նախապայմաններ առաջ քաշեց, այն է` արձանագրությունների վավերացումը պայմանավորեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորմամբ: Դրանով, փաստորեն, Անկարան հրաժարվեց երկկողմ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից։ Այստեղ, իհարկե, մեծ դեր խաղաց Ադրբեջանը, որի ճնշման ներքո էլ Թուրքիան հրաժարվեց վավերացնել այդ արձանագրությունները: Թուրքիան այսօր էժան նավթ և գազ է ստանում Ադրբեջանից, Ադրբեջանը մեծ ներդրումներ է կատարում այդ երկրի տնտեսության մեջ, բացի դրանից համատեղ մի շարք խոշոր ծրագրեր են իրականացվում` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղ, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղ և այլն:
— Տևական ժամանակ էր անցել այդ արձանագրությունների ստորագրումից, արդյո՞ք անհրաժեշտություն էր զգացվում չեղարկել դրանք:
— Արձանագրությունները ստորագրվել են 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, բնականաբար, 9 տարի անց, անհրաժեշտ էր չեղարկել դրանք, քանի որ այն ի սկզբանե մեռած փաստաթուղթ էր և կարիք կար չեղարկել այն, քանի որ Թուրքիան ստորագրելով արձանագրությունները, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու իմիտացիա էր ստեղծում` այդպիսով փորձելով կանխել նաև Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը:
— Միջազգային հանրությունը ջանքեր գործադրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, բայց կարծես թե չի ստացվում: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Հայաստանն ու Թուրքիան պետք է փորձեն ինքնուրույն կարգավորել իրենց փոխհարաբերությունները, լուծել առկա տարաձայնությունները:
— Ես կարծում եմ, որ միջազգային հանրության կողմից ուժեղ ճնշումներ չեղան Թուրքիայի վրա: Ռուսաստանը, ի սկզբանե, շահագրգռված չէր ցյուրիխյան արձանագրությունների կյանքի կոչմամբ, իսկ ԱՄՆ-ը և Եվրոպան մեծ ճնշումներ չգործադրեցին Անկարայի վրա կամ էլ Թուրքիայի վրա ազդելու լուրջ լծակներ չունեն: Ինչ վերաբերում է այն հարցին, թե Հայաստանն ու Թուրքիան պետք է փորձեն ինքնուրույն կարգավորել իրենց փոխհարաբերությունները, ապա իմ կարծիքով, քանի դեռ կողմերից մեկը պատրաստ չէ հարաբերությունների կարգավորմանը, այդ հարաբերությունները չեն բարելավվի: Այս դեպքում գնդակը Թուրքիայի դաշտում է, քանի որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել:
— Չնայած նրան, որ մի շարք երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, Թուրքիան շարունակում է ժխտել այն: Արդյո՞ք այս դեպքում միջազգային հանրության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը այնքան էական չէ, որքան Թուրքիայի կողմից ճանաչումը:
— Իհարկե, վերջին հաշվով, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը և չի փոխհատուցել դրա հետևանքների համար, այդ խնդիրը ևս լուծված չի կարելի համարել: Սակայն, իմ խորին համոզմամբ Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը լրացուցիչ ճնշում կարող է լինել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս առերեսվի իր պատմության հետ և ճանաչի իր իսկ կողմից իրականացրած Մեծ եղեռնի փաստը:
ԱՆԱՀԻՏ ՍԻՄՈՆՅԱՆ