ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթը ներառում է կրթության արդյունքը, իսկ կրթությունը մշակույթ է ձևավորում

Հարցազրույց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր ՆԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

Նախ խոսենք մի թեմայից, որը շատ է շոշափվում։ Առանձին մշակույթի գերատեսչություն ունենալու առումով ի՞նչ եք կարծում` կունենա՞նք այն, ինչ ուզում ենք։

— Կարծում եմ, կգա այդ ժամանակը, երբ կգնահատենք և լրջորեն կարժեվորենք մշակույթի դերը մեր կյանքում` մեր ինքնության պահպանման, զարգացման, մեր հոգևոր արժեքների աշխարհասփյուռ հայտարարագրման հարցում, կիրթ ու մտածող, ազգային դիմագիծ ունեցող սերունդ դաստիարակելու գործում, հզոր, ուժեղ, ամրակուռ ազգ-պետություն դառնալու մտադրությամբ: Այսօր հատկապես նման մոտեցումը հրամայական է դարձել, և այդ համատեքստում պետք է, ինչ խոսք,  ունենալ ազգանպաստ հստակ քաղաքականություն վարող մշակույթի առանձին գերատեսչություն:

Առհասարակ մշակույթի ու կրթության միասնականության մասին ի՞նչ տեսակետներ ունեք։

— Մի մեդալի երկու կողմերն են: Մշակույթը լատիներենից թարգմանաբար նշանակում է նաև կրթություն, մշակույթը ներառում է կրթության արդյունքը, իսկ կրթությունը մշակույթ է ձևավորում: Ի միջի այլոց, շատ երկրներում ստեղծագործական բուհերը ենթարկվում են մշակույթի գերատեսչությանը և ոչ թե կրթության: Կարծում եմ այդպես ավելի ճիշտ է, ստեղծագործական բուհերում ուսումնական գործընթացներն ունեն առանձնահատկություններ, որոնք միշտ չէ, որ համընդհանուր չափորոշիչներով պետք է ուղղորդվեն: Եվ հետո արվեստի մասնագիտությունների գծով կրթությունը պետք է երկրի մշակութային ռազմավարական ծրագրի բաղկացուցիչը լինի և կազմակերպվի դրանից բխող կարևոր պահանջարկով: Մենք առաջնահերթ պատրաստում ենք ազգային կադրեր, որոնցից շատերը, սակայն, կարող են մրցունակ լինել նաև միջազգային ասպարեզում:

Մեր ազգային գաղափարներով առաջնորդվելու լավագույն միջոցը նաև մշակույթի պահպանումն է։ Ձեր դիտարկումների արդյունքում ինչքանով է այն արդարացված, ի՞նչ պատկեր ունենք հիմա։

— Ազգային մշակույթը անգնահատելի արժեք է: Այո, մենք պետք է պահենք ու պահպանենք մեր ինքնությունն ապացուցող մշակութային գանձերը, ճանաչելի դարձնենք աշխարհով մեկ, աշխարհի հետ հաղորդակցվենք մեր մշակույթի լեզվով: Պետք է ունենանք մշակութային ռազմավարական հստակ ծրագիր, որը հետևողական և անվրեպ պետք է կյանքի կոչի համապատասխան գերատեսչությունը: Մեր ազգային գաղափարը, ինչպես հնչեցրել են շատ հայտնիներ, եթե մեր միասնականությունն է, որը և մեզ ուժեղ է դարձնում, ապա մենք պետք է առավել քան մեր հոգևոր արժեքները փայփայենք, սնվենք այդ հարուստ ժառանգությունից, լինենք միաբան և շարունակենք ստեղծել ու ստեղծագործել: Մենք պետք է դիմակայենք գլոբալացման մեքենային, որպեսզի չվերանանք աշխարհից, չոչնչանանք: Ինչքան մենք ամրակուռ լինենք մեր` փոքր ազգի, ինքնատիպ տեսակով ու բարձր որակներով, այնքան մեր դերակատարությունը համաշխարհային մշակույթի համատեքստում տեսանելի կլինի, այնքան հետաքրքրությունը և հարգանքը մեր հանդեպ կմեծանա: Ազգայինը կատարյալ ներկայացնելու դեպքում դու համաշխարհային մշակույթի մասնիկ ես դառնում և հիացմունք ես պատճառում աշխարհի մարդկանց՝ քո ինքնաարտահայտման անկրկնելիությամբ: Ընդամենը մեկ-երկու օրինակ բերեմ. ամբողջ աշխարհը ճանաչում է Արամ Խաչատրյանին և «Սպարտակ» է պարում հայկական երաժշտության ներքո: Կամ, ասենք Ջիվան Գասպարյանի դուդուկը դյութիչ ու հուզական է հնչում դարձյալ ամբողջ աշխարհի համար։ Սա է բանալին` դառնալու հզոր, ուժեղ, ստիպելու ճանաչել, ընդունել և հարգել քեզ, բարձրացնել ազգիդ վարկանիշը ու ազգային գաղափարը հաղթաթուղթ ծառայեցնել նախևառաջ մշակութային զենքով:

Ինչ վերաբերում է այսօրվան, ապա նախ մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք ու վեր հառնենք մեզ համակած ունայնությունից, համատարած նեգատիվի մթնոլորտից, շտկենք մեր մեջքը և  կորցրածի մեջ մեր մեղքի բաժինը և սխալները գիտակցելով` եռապատիկ ավելի ջանքեր գործադրենք միավորվելու, համախմբվելու, արարելու և մեր պայքարի ճշմարտությունը անտարբեր ու «մտահոգ» աշխարհին ապացուցելու:

Հայ մարդու համար հոգեբանական դեր ունի մի շարք մշակույթի ճյուղեր։ Խոսենք կինոյից և թատրոնից։ Գերլարված այս շրջանում ի՞նչ խորհուրդներ ունեք։

— Խորհո՞ւրդ, երանի թե մեկը գտնվեր ու ինձ այսօր խորհրդով օգներ: Ինչ խոսք, պետք է չհանձնվել, պետք է աշխատել. յուրաքանչյուրս մեր ճակատում, մեր առաքելության շրջանակներում պետք է «կենաց ու մահվան» կռիվ տանք: Թատրոնի և կինոյի համար դժվար ժամանակներ են` համավարակ, ետպատերազմյան շոկ: Ժամանակ է պետք այդ ամենի հետևանքները «մարսելու» համար: Համավարակը աշխատելու նոր պայմաններ թելադրեց, իսկ պատերազմը թատրոնների խաղացանկը խմբագրելու անհրաժեշտություն ստեղծեց: Նոր թեմաներ ու սյուժեներ են սպասում ազգային կինոյին, մեր հերոս զինվորներից յուրաքանչյուրի կյանքը կինոնովելի արժանի նյութ է: Արվեստը երբևիցե իր ճանապարհը հեշտ չի հարթել, լավագույն ստեղծագործությունները դժվար ժամանակներում են ծնունդ առել: Մուսաները, կարծում եմ, չեն լռել, այլ ներքին, օրինաչափ խմորումներ են ապրում։ Իսկ արդյու՞նքը, կապրենք` կտեսնենք:

Այս բարդ շրջանում կարծում եմ արվեստագետների մոտ էլ է կորցրածը վերգտնելու միտքը  շոշափվում։ Հեռանկարներ ունե՞նք։

— Ուզում եմ առանց հապաղելու պատասխանել` ունենք: Ինչ խոսք, մեր անասելի ու անբուժելի ցավը հավերժության տիրույթում է, քանի որ մեր հազարավոր զոհերին ետ չես վերադարձնի, սակայն կորսված Հայրենիքը անվերջ մեզ է կանչելու: Եթե հաշտվենք կորցրածի հետ` մենք քայլ առ քայլ կործանման ենք գնալու: Ես չեմ կարծում, թե վաղը մենք կհաջողենք: Մենք պետք է համբերությամբ զինվենք ու երկիր կառուցենք` ազատ, արդար, անվտանգ, հզոր, կիրթ, միաբան: Չլինենք եսասեր, փողասեր, ստոր, սուտասան, քինախնդիր ու հայհոյախոս, ֆեյքերով քաղաքականություն գծող: Սիրենք, չէ՛, պաշտենք նախ մեր Հայրենիքը, հետո մեր տունը`  իմացյալ մահվամբ նահատակված մեր քաջորդիների պես: Հասկանանք, որ Արցախը մեր Հայրենիքն է, ինչպես Տավուշը, Լոռին, Սյունիքը, մեր մյուս մարզերը, Արևմտյան Հայաստանը… Ի՞նչ ասեմ… հեռանկարում մեզ ուժեղ ու հզոր, արժանահավատ առաջնորդ է պետք` այդ երազանքների իրականացման շուրջ մեզ համախմբելու համար:

Եվ վերջում, որպես ուղերձ կամ ավարտ` ո՞վ է հայ մարդը։

— Շատ հակասական: Ուզում եմ պատասխանել Դ.Դեմիրճյանի խոսքերով. «Անհավատալի է` իր ստորության մեջ, անչափելի` իր վեհ թռիչքներում». սա իմ այսօրվա պատասխանն է…

Զրուցեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ