ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՄՇԱԿՈՒՅԹ

Մշակույթի նախարարությունը մշակույթը տեսնում է լոկ իրենց ենթակայությամբ գործող կառույցներում

Հարցազրույց «Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի» տնօրեն ՎԱՀԱԳՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ հետ:

Պարոն Ղուկասյան, դեռևս անցած տարի Սերժ Սարգսյանը խոստացել էր բյուջեից 100մլն դրամ նվիրաբերել՝ Գյումրու Աբովյան ճեմափողոցում 12 արձան տեղադրելու համար: Բայց եղան քննադատություններ, թե քաղաքը արձանախեղդ կլինի: Ավագանու նիստ գումարվեց և որոշվեց այդ գումարը նպատակային ծախսել: Քաղաքապետն էլ առաջարկեց այն ուղղել «Ասլամազյան քույրերի պատկերասրահի» խնդիրների լուծմանը: Նախագիծ ու նախահաշիվ կազմվեց, ուղարկվեց կառավարությանը, բայց Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ հույսն էլ մարեց: Հիմա ի՞նչ է լինելու, ինչպե՞ս են լուծվելու խնդիրները:

— Երբ քաղաքապետն առաջարկեց նախագիծ-նախահաշվային փաթեթ կազմել, մենք աշխատեցինք այդ ուղղությամբ: Մոտ 80-90 մլն դրամ կազմեց, որով կկարողանայինք լուծել մեր խնդիրները ոչ միայն շինարարական ուղղությամբ, նաև հավելյալ ամառային կամ բացօթյա հանդիպումների ցուցասրահ պետք է լիներ, բացի այդ Ասլամազյանների ֆոնդի պահոցների համար տեխնկական համալրում էր անհրաժեշտ: Ինչպես գիտեք, մեր ֆոնդի 60-70 տոկոսն ունի ցուցանակների, հիմնական հավաքածուի շրջանակների կարիք:

Եթե չեմ սխալվում, 2004թ. «Լինսի» հիմնադրամի միջոցներով շենքը վերականգնվել էր: Ի՞նչ է, վա՞տ էին կատարել շինաշխատանքները, որ շատ արագ խնդիրներ ի հայտ եկան:

— Խնդիրները միայն թերի շինաշխատանքների հետ կապված չեն… Կան ավելի լուրջ, այս պահին անլուծելի խնդիներ, օրինակ՝ պատշգամբը փլուզման եզրին է, կամ շենքն անընդհատ խոնավություն ունի, ինչը թանգարանի տակով անցնող արտեզյան ջրերի պատճառով է, կա նաև ջեռուցման խնդիր, որը շինարարի սխալ հաշվարկի, սխալ օդորակիչների ընտրության հետևանքով է: Բացի այս, մի լուրջ բացթողում էլ կա. կոյուղատարն այնպես է կառուցված, որ թանգարանի հարևանների, բնակելի շենքերի 80 տոկոսի կոյուղատարներն անցնում են թանգարանի հիմնական մուտքի տակով, իսկ հորդառատ անձրևների ժամանակ էլ արտեզյան ջրերը բարձրանում ու լցվում են մեր տարածք:

Սա «Ջրմուղի» հետ քննարկվե՞լ է:

— Նրանք գալիս են, մաքրում են իրենց սահմանային տարածքը՝ մինչև կառույցի մուտքը, բայց ներսը մնում է… Այս ամենը մեր ներկայացրած փաթեթում ևս հաշվարկել, ներառել էինք: Հատուկ Երևանից 2-3 անգամ հրավիրել ենք արտեզյան ջրերի, դրենաժների համակարգերով զբաղվող մասնագետների՝ քաղաքապետարանի ճարտարապետի հետ միասին, բայց արդյունքում, ոչինչ չունենք:

Բայց շենքը՝ հանդիսանալով «Կումայրի արգելոց թանգարանի» պատմամշակութային ժառանգություն, ներառված է ՅՈւՆԵՍԿՕի կողմից պատմական ժառանգություն ճանաչված և պահպանման ենթակա աշխարհի 100 նշանավոր հուշարձանների ցանկում, դա ոչ մի բանի մասին չի՞ ասում:

— Տեսեք, ՅՈւՆԵՍԿՕ-ն կառույց է, որն ընդհանուր համաշխարհային մշակութային քաղաքականություն է մշակում՝ օրենքներ, նորմատիվներ, պահպանման…




Դե, հենց պահպանման նորմատիվներից էլ խոսում ենք

— Մեր դեպքում մենք առաջնորդվում ենք ԻԿՕՄ-ի՝ թանգարանային մշակութային միության մշակած նորմատիվներով: Ըստ դրա, ջերմության նորմատիվը պետք է պահպանենք 18-20 աստիճան, իսկ օդի միջին հարաբերական խոնավությունը՝ 50-60 տոկոս: Բայց մենք ի՞նչ ունենք. չունենալով տեխնիկական հնարավորություններ, 2016թ-ից սկսած, ողջ աշխատակազմով ժամ առ ժամ ֆիքսում ենք ցուցասրահների ջերմաստիճանն ու խոնավությունը, հետևում ենք այդ նորմատիվներին ու մաքսիմալ պահպանում այն, բայց, ցավոք սրտի, իրականում ունենք 6 ամիս՝ ձմեռային, ոչ աշխատանքային շրջան՝ ջեռուցման բացակայության պատճառով: Եվ նորմատիվները խախտվում են՝ ոչ մեր մեղքով:

Գյումրու կենտրոնական հրապարում գտնվող պատկերասրահի շենքը կառուցվել է 1880 թվականին՝ մեծահարուստ վաճառականներ, հայտնի գյումրեցի ընտանիքի՝ Քեշիշովների կողմից՝ որպես իրենց բնակարան: Պատկերասրահի շենքը 19-րդ դարի Ալեքսանդրապոլյան քաղաքաշինության ճարտարապետության վառ օրինակ է, իր մեջ ներառելով այն ժամանակվա եվրոպական և ավանդական հայկական ճարտարապետության տարրերը, ձևավորել է Գյումրուն բնորոշ սև տուֆով շարվածք ունեցող քաղաքի յուրահատուկ դիմագիծը՝ ներքին շքեղ բակով և փայտյա պատշգամբով:

Խոսենք մշակույթի նախկին ու ներկա պատասխանատուների վերաբերմունքից. ինչպիսի՞ն է այն:

— Շատ լավ հարց բարձրացրեցիք, որին կուզենամ խիստ պատասխան տալ. ցավոք սրտի, Հայաստանի մշակույթի թե՛ ներկա, թե՛ նախկին նախարարությունը զբաղվում է հիմնականում այն կառույցներով, որոնք գտնվում են իր ենթակայության ներքո: Այդ տեսակ գործելաոճն ինձ համար անընդունելի է. ո՛չ Հասմիկ Պողոսյանին, ո՛չ Արմեն Ամիրյանին, ո՛չ էլ Լիլիթ Մակունցին, որը, թերևս, մեկ-երկու անգամ է այցելել Գյումրի, կարծես չեն հուզում ոչ իրենց ենթակայությամբ գտնվող կառույցների խնդիրները: Սա ի՞նչ քաղաքականություն է մշակույթի նկատմամբ: Նրանց համար ասես Գյումրիում մշակույթ ներկայացնում են միայն Մինասը, Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնն ու մարզային գրադարանը…

Մինչդեռ բավական մեծ ցուցանմուշային ֆոնդ կա, որը փրկության կարիք ունի:

— Այո, 623 հիմնական նմուշներ, որոնցից ցուցադրվում են միայն 200-ը: 2-3 տարվա տարբեր ծրագրերի ու տարված աշխատանքների արդյունքում մենք կարողացանք 120-130 աշխատանք վերականգնել, շրջանակներ ապահովել ու մտցնել մեր էքսպոզիցիայի մեջ կամ ժամանակավոր ցուցադրություն ունենալ: Դրա վառ ապացույցն է հունիսի 14-ին բացված Երանուհի Ասլամազյանի ջրաներկով արված դիմանկարների շարքը, որն առաջին անգամ ցուցադրեցինք՝ 18 աշխատանք: Անցած տարի էլ Հնդկաստանի դեսպանատան հետ իրականացրած ծրագիրն էր, Ասլամազյանների՝ Հնդկաստանին նվիրված շարքն էր՝ 70 աշխատանք ցուցադրեցինք:

Յուրաքանչյուր թանգարանի համար թիվ մեկ խնդիր է նաև այցելուն: Ասլամազյանների թանգարանն ի՞նչ վիճակագրություն ունի:

— Եթե վիճակագրությունը վերցնենք, ապա 2015-ին ունեցել ենք ընդամենը 3500 այցելու, իսկ 2017-ին մեր այցելուների թիվն հատել է 10.180-ը, 2018-ին էլ նույն՝ 2017-ի հաճախականությունն է նկատվում: Եթե 2017-ին դպրոցների հետ մեր իրականացրած ծրագրերի արդյունք էր, ապա այս տարի գիտահետազոտական, կրթական ծրագրերին զուգահեռ բոլոր այցելուների, զբոսաշրջիկների համար ավելացրել ենք խեցեգործության ծառայությունը: Սա եզակի է Գյումրիի թանգարանների գործունեության մեջ և հույս ունեմ, որ մեծ խթան կհանդիսանա ոչ ֆորմալ կրթության զարգացման համար, մեր մշակույթի տարածման ու զարգացման գործում:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ