ՃԱԿԱՏԱԳՐԵՐ

Նախանձի զոհ դարձա

Նախանձը մի ահավոր «գործիք» է, որը կարող է տուն քանդել, մարդկային հարաբերություններ փչացնել, ճակատագրեր կործանել:

Ես, ընդհանրապես, շփվող մարդ եմ, ընկերասեր, ինձ համար որևէ անծանոթ շրջապատում հայտնվելը բոլորովին խնդիր չէ, քիչ անց պարտադիր համախոհներ ձեռք կբերեմ: Արտաքինից չեմ դժգոհում, խելքից՝ ևս: Սա համառոտակի ինձ նկարագրելու համար: Իսկ ամենակարևորը պիտի նշեմ, որ երբևէ սրտիս մեջ զգացած չեմ եղել նախանձ որևէ մեկի, որևէ երևույթի հանդեպ, կամ խանդ…

Համակուրսեցիներիս հետ էլ անմիջապես կոնտակտի մեջ մտա. իմ էներգետիկայով համարյա բոլորին համախմբեցի շուրջս, մտերմացանք: Մի աղջիկ կար, որին ոչ մեկը բանի տեղ չէր դնում, գյուղից էր, խեղճուկրակ, բայց խելացի: Մի տեսակ խղճում էի նրան, այնքան օտարացած էր ու միայնակ: Մենք մշտապես ուրախանալու թեմաներ գտնում էինք, իսկ էդ աղջիկը մշտապես պատուհանի տակ նստած, դուրս էր նայում: Մի երկու օր դասի չեկավ, հիվանդացել էր: Հետո, երբ եկավ, ուզում էր հասցրած լինել լեկցիաները, ինձ ընտրեց, խնդրեց՝ օգնել: Չմերժեցի, ավելին, առաջարկեցի մեր տուն գալ, արտագրել:

Սկսեցինք շփվել, վատ աղջիկ չէր, կարդացած էր: Կուրսեցիները զարմացած հարցնում էին, թե ես ինչպես եմ նրա հետ շփվում, բացատրում էի, որ մարդուն հագուկապով չեն ընդունում, նրա ներքին աշխարհը պետք է ճանաչել: Մի անգամ ավագ եղբայրս նրբորեն ինձ ասաց, որ Էլյան (պայմանականորեն այդ աղջկա անունն է) որքան որ «համեստ» է ու սուսփուս, էնքան էլ վստահություն չի ներշնչում: Եղբորս հակադարձեցի. «Դուք էլ չեք ուզում, որ մեկի հետ ընկերություն անեմ, անպայման խրատում եք»: Եղբայրս միայն ասաց. «Ես քեզ փորձում եմ պաշտպանել»: Նրա խոսքերն որևէ կերպ ազդեցություն չունեցան իմ ու Էլյայի հարաբերությունների վրա: Մենք նույնկերպ շարունակում էինք շփվել: Ավելին. ես հասել էի նրան, որ Էլյային տանում էի վարսավիրանոց, մազերը ներկել տալիս, սանրվածքը փոխեցի, հագուկապում բացարձակ փոփոխություն մտցրեցի: Նա փոխվեց, գեղեցկությունն ընդգծուն դարձավ: Որոշ անց մեր կուրսի աղջիկները կամաց-կամաց սկսեցին ինձանից հեռու մնալ: Հարցրեցի, թե ինչն է պատճառը, բայց ոչ մեկն այդպես էլ նորմալ բացատրություն չտվեց: Մտածեցի, թե ինչ սկսել եմ Էլյայի հետ շփվել, դրա համար էլ նեղվել են: Բայց, ի զարմանս ինձ, նրանք սկսել էին Էլյայի հետ մտերմանալ: Խնդիր չկար, որոշումն իրենցն էր:

Մի տղա կար՝ բարձր կուրսում, սկսել էր ինձ հետևել: Մի օր էլ մոտեցավ, ծանոթացանք: Երբ նա դասերից հետո դիմավորում էր ինձ, անմիջապես հայտնվում էր Էլյան ու մեզ մենակ չէր թողնում: Այդպես՝ ես, Էլյան ու Դավիթը տեղ էինք գնում, քայլում էինք, զրուցում: Դավիթն ինձ երեկոյան «sms» գրեց. «Եկ վաղը հանդիպենք, բայց առանց Էլյայի կգաս»: Պարզ էր՝ նա ուզում էր, վերջիվերջո, ինձ հետ մենակ մնալ: Գնացի: Մի քանի ժամ սրճարան, այգի, ապա տուն բերեց: Ես զգում էի, որ արդեն սիրահարվել եմ Դավիթին: Էլյայի զանգերը «սպանել» էին հեռախոսիս: Զանգեցի: Իբր նեղացած էր, բացատրեցի իրավիճակը, նա հասկացավ: Այդպես մեկ ամիս ես ու Դավիթն հանդիպում էինք:

Դավիթը լուրջ էր տրամադրված, ինձ հարցնում էր, թե եթե ինքը ինստիտուտն ավարտի և ուզենա տեղափոխվել Հայաստանից, արդյո՞ք ես ուսումս կիսատ կթողնեմ ու կգնամ իր հետ: Խնդրեցի՝ անմիջապես պատասխան չակնկալել, որ նման հարցերի մասին խորն են մտածում: Հետո Դավիթի խոսքի տոնայնության մեջ քիչ-քիչ սառնություն զգացի: Կարծեցի՝ իրեն չպատասխանելու պատճառով է նեղացել: Հետո սկսեց տարբեր պատճառներով ինձանից խույս տալ, ժամադրությունների չհրավիրել ու չզանգել… Իսկ մի օր էլ անհետացավ: Իմացա, որ մեկնել է: Էլյան այդ ընթացքում, անշուշտ, իմ կողքին էր: Նա տեսնում էր իմ տառապանքը, փորձում էր սիրտս թեթևացնել:

Ձմեռային արձակուրդներն էին սկսվել: Էլյան ասաց, որ գյուղ է գնում: Շուրջ 10 օր իրար հետ չշփվեցինք: Արձակուրդից հետո, երբ ինստիտուտ գնացի, Էլյային չգտա: Մի քանի օր շարունակ զանգում էի, բայց պատասխանող չկար: Անհանգստացել էի, եղբորս խնդրեցի՝ մեքենայով տանել գյուղ: Էլյայենց տանեցիք անակնկալի եկան, որ այցելել եմ իրենց: Մայրը զարմացած հարցրեց, թե մի՞թե տեղյակ չեմ, որ Էլյային հարս են տարել, ու մեկնել են Հայաստանից: Փեսացուն էլ մեր ինստիտուտից է, անունը Դավիթ:

Այս ընթացքում լիքը հետաքրքիր բաներ ինձ համար պարզաջրվեց. կուրսի աղջիկները իմ ընկճվածությունը տեսնելով, պատմեցին, թե Էլյան որքան խելամտորեն կարողացել է ինձ վատաբանելով, նրանց մեկուսացնել ինձանից: Եզրակացրեցին, որ Դավիթի հետ էլ է նույնկերպ վարվել: Ես առաջին անգամ զգացի, թե նախանձը ինչպես կարող է ճակատագիր փոխել, մարդուն փոխել: Էլյային «Ֆեյսբուքով» գրեցի, նա չզլացավ ու պատասխանեց. «Բա գիտեիր գյուղի քշված աղջիկ եմ, թևիդ տակն էիր առել, վրես «վեռխ» վերցրել… Դու բոլորովին էլ ինձանից լավը չէիր, որ Դավիթը քեզ էր ընտրել: Դու այնքան խելացի չէիր, որ դասախոսներն ամեն անգամ քեզ գովեին: Ես ամեն օր մտածում էի քեզանից վրեժ հանելու իմ ծրագիրը»: Թևերս թուլացել էին: Զարմանքից քարացել էի.. Եղբայրս ձեռքս բռնեց, գլուխս կրծքին սեղմեց ու ասաց. «Քուր, մի տանջվի, նա էդքան չկա… նա չար է, նախանձությունից քո գլխին սարքել է»: Ես գուցեև արդարացնեմ Էլյային՝ իր նախանձությունը փաստարկ բերելով, բայց Դավիթին ի՞նչ անուն տամ. մի՞թե նա էլ էր ինձ նախանձում…

Ա.


«Շրջապատը» տպագրում է կյանքի իրական պատմություններ:
Գրեք shrjapat@gmail.com հասցեով կամ այցելեք մեզ` անձամբ կիսվելով ձեր հոգում կուտակվածով:
Գաղտնիությունը երաշխավորում ենք: