ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Ներկայացման տոմսերն այնպես են սպառվում, ինչպես սովի տարիներին սեւ հացը

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը ասուլիսի էր հրավիրել: Թատրոնի տնօրեն, գեղղեկավար, ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը հպարտությամբ ներկայացրեց, որ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունից միանգամից 5 մրցանակով են տուն վերադարձել, և 2022թ-ը նոր մտքերի, նոր գաղափարների, նոր ռեժիսորների և նոր դրամատուրգների տարի է եղել, միանգամից 5 առաջնախաղով են ներկայացել հանդիսատեսին. «Բոհեմ», «Միզերի», «Սպասում», «Հրաշագործ», «Բովանդակություն» և Ամանորյա ներկայացումը: «Թատրոնում միշտ պետք է լինի նոր մտքեր, նոր գաղափարներ, կարծում եմ, նույն տրամաբանությամբ էլ պետք է շարունակենք այս տարին,- ասաց Լ.Հարությունյանը, ավելացնելով, որ միանգամից 5 մրցանակը աննախադեպ է եղել և այն պարտավորեցնող է,- Մարդիկ կան կարևորում են, մարդիկ կան՝ չեն կարևորում, կա տարի, որ ոչ մի մրցանակ չես ստանում։ Գիտեք՝ ոգևորում է, Հայաստանում ունենք մեկ թատերական մրցանակաբաշխություն, մենք վերածում ենք տոնի, մրցանակ ստանալը յուրաքանչյուր թատրոնի համար երջանկություն է»։ Ասում է, դերասանը միշտ աշխատում է լուռ, եթե մրցանակ էլ չլիներ, բայց երբ լինում է՝ էլ ավելի ոգևորիչ է: Իսկ առավել ուրախալի է, երբ տեսնում ես, որ հիմնականում երիտասարդներն են ընդգրկված՝ տեղ են տալիս երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներին, նոր մտքերին ու գաղափարներին։

Ասուլիսին ներկա էին մրցանակակիրները, ինչպես նաև այս տարվա նոր՝ «Տունը սահմանին» ներկայացման երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանը: Ի դեպ, վերջինս գյումրեցի հանդիսատեսին հայտնի է դեռ իր ուսանողական տարիներից, երբ բեմադրեց Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։ Հիմա ռեժիսորը նոր է վերադարձել զինվորական ծառայությունից և արդեն ձեռնամուխ եղել նոր ներկայացման. լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» քաղաքական սատիրայի, որն արդեն իսկ թատրոնի խաղացանկում է: Բացի այս, ըստ տնօրենի, ԿԳՄՍՆ-ի դրամաշնորհային ծրագրի աջակցությամբ թատրոնը պատրաստվում է բեմադրել Լևոն Շանթի «Ինկած բերդի իշխանուհին», որի առաջնախաղը տարեվերջին է սպասվում: Մեկ բեմադրություն կանի հրավիրված ռեժիսոր Տաթև Մելքոնյանը: Հանդիսատեսի դատին կհանձնվի ևս 2 պիես, և իհարկե, ընթացիկ ներկայացումները: Պատրաստվում են ֆրանսիական կոմեդիա ներկայացնել:

Թատրոնի ղեկավարությունը շատ է կարևորում հյուրախաղերը, և նպատակադրված են մայիսին Հայաստանի տարբեր մարզերում հյուրախաղերով հանդես գալ՝ մի քանի ներկայացումներով: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ սահմաններից դուրս գալուն, ինչը երկար ժամանակ չի հաջողվում, ապա այս տարի կփորձեն այդ բացթողումը լրացնել՝ թատրոնի լավագույն ներկայացումներով հանդես գալ արտասահմանյան հանդիսատեսի առջև: Իսկ երիտասարդ ռեժիսոր Արտուշը հունիսին կմեկնի Չեխովյան փառատոնի, որտեղ նախ 11-օրյա ռեժիսորական դասընթացներ կլինեն: Ըստ Լ.Հարությունյանի, այդ փառատոնին շատ դժվար է մասնակցություն ունենալը, համենայնդեպս, Հայաստանից երկու ներկայացուցչի հաջողվել է, որից մեկը մեր թատրոնից է:

Լ.Հարությունյանն ասում է, որ մեծ երջանկություն է ստանալ մրցանակներ քո թատրոնի անունով, չնայած այն բանին, որ մրցանակակիրները տեղացի չեն. Ջեմմա Ադամյանը Կապանից է, բայց երկար տարիներ աշխատում է այստեղ, Տաթև Ղազարյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում է աշխատում, Գոռը մայրաքաղաքում է ստեղծագործում, բայց տվյալ դեպքում մրցանակները Գյումրունն են, քանի որ իրենք ներկայացնում են Գյումրու Վ.Աճեմյանի անվան թատրոնը: Բացառապես Նարեկ Կոսմոսն է տեղացի, և նրա երաժշտական ձևավորումը բարձր գնահատականի է արժանացել:

«Շրջապատը» հետաքրքրվեց, թե քանի թատրոնների միջև է եղել մրցակցությունը, և յուրաքանչյուր անվանակարգում քանի նոմինանտների միջև է եղել պայքար: Լ.Հարությունյանը ներկայացրեց, որ ՀՀ համարյա բոլոր թատրոններից են եղել, իսկ ամեն մի անվանակարգում 4 և ավել անուն է ներկայացված եղել: Թեժ պայքար է եղել, ու չնայած շատ ներկայացումներ լավն են եղել, հիմնականում նոր անուններ, երիտասարդներ են առաջին պլան եկել:

Տաթև Ղազարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ծրագրեր ունի՝ մնալո՞ւ է Գյումրիում, թե՞… «Հենց մրցանակը ստացա, միանգամից տարբեր թատրոններից համագործակցության հրավեր ստացա: Բայց ես ասացի, որ դա իրենց հետ երկար ճանապարհ է, իսկ Գյումրու դրամատիկականի համար միշտ պատրաստ եմ»:

Գոռ Մարգարյանից հարցրեցինք, թե ինչ նոր գաղափարներով հերթական անգամ կզարմացնի: Ի դեպ, ռեժիսորը 2014-ին «Արտավազդ»-ին մեկ ներկայացման համար միանգամից 6 մրցանակ է ստացել, այս տարի ևս նոր ասելիք կունենա, միայն թե հարմար բեմ դեռ չի տեսնում: Ասում է, եթե ամեն ինչ բարեհաջողվի, հավանաբար հենց Գյումրու հանդիսատեսը ձևաչափով բացառիկ ներկայացման ականատեսը կլինի:

Հարցին, թե դժվար չէ՞ տարին տարու վրա բարձր նշաձող սահմանելը: Ինչին Լ. Հարությունյանը պատասխանեց, որ այդ նշաձողը պահելը մեկ անձով չի պայմանավորված, այլ ողջ անձնակազմով. «Կարևորում եմ ստեղծագործական ազատությունը, կարծում եմ, ճիշտ ներկայացման ընտրությունով է պայմանավորված հաջողությունը: Եվ պետք է կրթենք հանդիսատեսին, ոչ թե գնանք պահանջարկին ընդառաջ»:

Թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Գաբոյանն էլ ասում է, որ այլ թատրոնների հետ իրականացվող համագործակցություններն օդ ու ջրի նման են անհրաժեշտ: Եվ պետք է միշտ չափորոշիչները բարձր պահեն: Եվ որքան էլ գեղղեկավարը համեստություն է դրսևորում՝ իրենից էլ է շատ բան կախված: «Երևանում «Հրաշագործ» ներկայացման տոմսերն այնպես են սպառվում, ինչպես սովի տարիներին սև հացը, որովհետև օրեր առաջ վաճառված են բոլոր տոմսերը»,- ասաց Տիգրան Գաբոյանը։