ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Շատերը, գիտենալով, որ ունեցել են արտաամուսնական, կասկածելի հարաբերություն, նախօրոք ստուգվում են»

Հարցազրույց Գյումրու Ավստրիական «Մոր և մանկան հիվանդանոցի» բժիշկ, մաշկաբան-կոսմետոլոգ ԱՐԹՈՒՐ ՉՈՓՈՒՐՅԱՆԻ հետ:

Բժիշկ, մաշկային հիվանդությունները շուրջ 2000 են հաշվվում: Բնականաբար, հասկանալի է, որ մեկ կամ մի քանի հարցադրումով հնարավոր չէ  խոսել նման լայնածավալ ու ընդգրկուն հարցի շուրջ: Այդուամենայնիվ, կարո՞ղ ենք թեմայի շուրջ զրուցել, մարդկանց բացատրել, թե, օրինակ, օդի աղտոտվածությունն ինչպիսի ազդեցություն կարող է թողնել, կամ որքան կարևոր է անձնական հիգիենան և այլն:

— Մեր միջավայրը գնալով փոխվում է, և մեր կենցաղում գնալով ավելանում են թե՛ սննդի տեսքով, թե՛ օդի միջոցով, թե՛ կոնտակտի միջոցով նոր նյութերի հետ շփումը: Զարգանում է ամբողջ աշխարհը, քիմիական արդյունաբերությունը, տեխնոլոգիաները, սննդատեսակներն են փոխվում, և այս ամեն ինչը չի կարող ազդեցություն չունենալ օրգանիզմի վրա, մասնավորապես, մաշկի վրա: Քանի որ մաշկը հանդիսանում է մեր ամենամեծ օրգանը, այն մեր արտաքին ծածկույթն է, և ենթադրում է՝ ամենազգայունն է արտաքին ազդեցություններին:

Ճիշտ կլինի՞ ասել, որ մաշկաբանական խնդիրները միայն արտաքին ազդեցության պատճառահետևանք չեն, այլ նաև մարդու ներքին աշխարհի արտահայտումը կարող է լինել մաշկին:

— Գիտե՞ք, ինչպես նշեցինք, մաշկային հիվանդություններն այնքան շատ ու բազմազան են, և ամեն մի խումբն ունի իր պատճառագիտությունը, և ամենը վերագրել փոփոխվող աշխարհին, արտաքին ազդեցությանը, իհարկե, միանշանակ ասել չի կարելի: Բայց այն իր դերն ունի, անշուշտ: Ինչպես նաև դեր ունի ժառանգական նախատրամադրվածությունը, սթրեսները, բազմաթիվ բակտերիաները, սնկերը, վիրուսները: Կան աուտոիմուն հիվանդություններ, որոնց պատճառագիտությունը լիովին պարզաբանված չէ: Նաև դեր ունեն ամեն տարիքից կախված՝ իրեն բնորոշ հիվանդությունների խումբը. այսինքն՝ փոքրերն ունեն ուրիշ խումբ՝ էկզեմաներ, ցաներ և այլն, պատանեկանն ունի ուրիշ խումբ՝ պատանեկան կորյակներ և այլն, մեծ տարիքում էլ այլ հիվանդություներ են ի հայտ գալիս՝ պիգմենտացիաներ և այլն: Քանի որ թեման լայնածավալ է, մեկ առանձին ֆակտորի վրա կենտրոնանալը շատ դժվար կլինի:

Իսկ կարո՞ղ եք նշել՝ ինչպիսի՞ մաշկաբանական խնդիրներով են Ձեզ հաճախ դիմում:

— Դիմում են բոլոր տարիքային խմբի հիվանդներ՝ տարբեր մաշկային խնդիրներով: Երեխաների մոտ հիմնականում դիտարկվում են ատոպիկ դերմատիտ, պատանիների մոտ կորյակային հիվանդությունները… Օրինակ, սպորտով զբաղվողների մոտ ֆիքսված կարող եմ նշել, որ իրենց մոտ հաճախ լինում են սնկային հիվանդությունները, բակտերիալ հիվանդությունները, գորտնուկներ, քանի որ նրանք մարզադահլիճում քրտնում են, կոնտակտի մեջ գտնվելով, հիվանդությունների փոխանցումներն ավելի հեշտանում են: Տարիքով մարդկանց մոտ՝ եղունգների սնկային հիվանդություններ են առաջ գալիս: Հասարակության մեջ շատ տարածված է 3-5%-ով՝ փսորիազը: Սթրեսներից կախված, սկսվում են այլ հիվանդությունների գլուխ բարձրանալը. օրինակ, աշուն-գարուն շրջաններում սրանում են էկզեման, փսորիազը: Այս տարի չափազանց շատ է եղել երեխաների մոտ վիրուսային ցանավորումը: Խոսելով այլ տեսակի մաշկային հիվանդություններից, ինչպիսիք են, օրինակ, սեռավարակաբանականները, ապա գաղտնիք չէ, որ այս շրջանում սկսում են արտագնա աշխատանքի մեկնողները վերադառնալ:

Արդյո՞ք ենթագիտակցական մակարդակը չի փոխվել, որպեսզի Ձեր նշած վերջին կատեգորիայի մարդիկ, մտածելով ընտանեկան առողջության մասին, նախօրոք կանխարգելեն վարակների մուտքը ընտանիք:

— Ասեմ, որ մի քիչ բարձրացել է. հենց վերադառնում են, շատերը, գիտենալով, որ ունեցել են արտաամուսնական, կասկածելի, չպաշտպանված հարաբերություն, նախօրոք ստուգվում են: Ասեմ նաև, որ բարձրացել է գիտակցական մակարդակը նաև այն առումով, որ տղաները շատ հաճախ ստուգվում են նաև ամուսնանալուց առաջ:

Փսորիազ ավելի շատ տղամարդկանց մո՞տ է նկատվում

— Ոչ, այդպես չէ, հավասարապես է: Կուզենամ մի բան ասել. փսորիազի բուժման էությունը կայանում է մարդու կյանքի որակը բարձրացնելու և հիվանդությունը վերահսկելի դարձնելու մեջ: Երբ դիմում են, ես անկեղծորեն ասում եմ, որ հրաշագործ չեմ, եթե կարողանամ լիարժեք բուժել, երևի Նոբելյան մրցանակի կարժանանամ: Կան մարդիկ, որ դիմում են «հրաշագործների»՝ հեքիմներ, ոչ ավանդական բժիշկ կոչեցյալների, որոնք իրենց գովազդում են, թե 100 տոկոսով կարող են բուժել այն: Մարդիկ գնում են, փորձում են, հետո հիասթափված, կոտրված, հավատը կորցրած թևաթափ են լինում: Եթե մենք պարզում ենք հստակ պատճառագիտությունը, ապա մի շարք հիվանդություններ, իհարկե, արմատապես բուժելի են, օրինակ, բակտերիալ կամ սնկային հիվանդությունները: Օրինակ, երբ քոս է արձանագրվում, ես հիվանդին աչքալուսանք եմ տալիս: Կզարմանա՞ք: Մենք գիտենք այդ հիվանդության պատճառագիտությունը, գիտենք ինչպես ու ինչով բուժել և կարճ ժամանակահատվածում մարդը լիարժեք մաքրվում է քոսից: Փսորիազը մաշկի բորբոքային խրոնիկ հիվանդություն է, և մենք չունենք դրա լիարժեք բուժումը: Կան միջոցներ, օրինակ, ես ունեմ ուլտրամանուշակագույն կաբինա, կան նոր դեղամիջոցներ, որոնք նվազեցնում են, վերահսկում են, բայց արմատապես չեն բուժում:

Իսկ ալերգիաները նույնպե՞ս կարելի է վերագրել մաշկաբանական խնդիրներին:

— Իհարկե, ալերգիաները մաշկաբանական խնդիրների առաջին խումբն են կազմում: Բայց ալերգիկ ռեակցիաները նույնպես շատ բազմապիսի են ու բազմազան, և շատ դեպքերում հնարավոր չի լինում նույնիսկ գտնել պատճառը:

Դա ամբո՞ղջ աշխարհում է այդպես, թե՞, այդուամենայնիվ, ժամանակակից նանո տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռնում, այսպես ասած, «կարդալ» մաշկային հիվանդություններն ու ալերգիաները:

— Ամբողջ աշխարհում է: ԱՄՆ-ն ունի ստատիստիկ տվյալներ, որ ալերգիկ ռեակցիաներով, մասնավոր խոսենք՝ եղնջացանի մասին եթե խոսենք, 30%-ով պատճառը գտնում են, բայց մնացած դեպքերում չեն կարողանում հայտնաբերել, և դա այն դեպքում, երբ Ամերիկայում ստուգումներն անում են ոչ թե մի քանի անալիզներով, այլ պրոտոկոլով նախատեսված մեծաքանակ հետազոտություններ են անցկացնում: Ու էլի հնարավոր չի լինում պատճառները գտնել:  Որովհետև, պրակտիկորեն, ալերգեններ կարող են հանդիսանալ ցանկացած նյութ, ցանկացած մեր շնչած օդ, ցանկացած երևույթ…

Ասել է, թե՝ որքան մարդ, այնքան ինդիվիդուալ ալերգիա:

— Այո, ամեն մեկի մոտ ինդիվիդուալ է. օրինակ, դեպք է եղել, որ մարդը տարիներով տառապել է ալերգիայով, չիմանալով, որ դրա պատճառը հանդիսացել է ատամի պլոմբը: Կամ, ասենք, տան մի անդամի օծանելիքի բույրը կարող է մյուս անդամի համար լուրջ ալերգիկ հիվանդության պատճառ հանդիսանալ:

Փաստորեն, տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումն ի վիճակի չէ «բռնել» ալերգիան, մաշկաբանական խնդիրը: Ես կարծում էի, թե հիմա այնպիսի սարքավորումներ կան, որ մարդու մաշկի մի հատվածի լազերային ստուգումով կկարողանա ախտորոշումը տալ:

— Բժշկությունն օրեցօր զարգանում է, այդ թվում մաշկաբանությունը: Ի հայտ են գալիս նոր հետազոտման մեթոդներ, անալիզի նոր տեսակներ, որոնք մեզ օգնում են բացահայտման և բուժման մեջ: Տեսեք, երբ համակարգչային տոմոգրաֆիա են անում, ՄՌՏ են անում, որքան հեշտանում է մարդու հիվանդության հստակ ախտորոշումը: Իսկ մաշկաբանության մեջ արդեն ներդրվել է դերմատոսկոպիան, ես ևս ունեմ այդ սարքից, որը մեզ օգնում է հայտնաբերել բարորակ և չարորակ գոյացությունների ախտորոշման համար: Այստեղ նաև պետք է նշել, որ կլիման փոխվում է ու այն մեծ ու լուրջ ազդեցություն է ունենում մաշկի ուռուցքաբանական գոյացությունների արտահայտման վրա: Մաշկաբանությանը զուգահեռ մեկ այլ ուղղություն էլ կարող եմ նշել, որը շատ արագ զարգանում է, դա կոսմետոլոգիան է: Մարդիկ չունեն առերևույթ մաշկաբանական խնդիր, բայց ուզում են էսթետիկ խնդիրը շտկել, ավելի երիտասարդ երևալ, մաշկը թարմացնել, ձգել, մաքրել և այլն: Եվ Հայասատնում այս ուղղությունը շատ արագ տեմպերով է զարգանում: Կան կոսմետոլոգիայի համար բազմաթիվ թանկարժեք սարքավորումներ, որ օգնում են այսօրվա մադուն: Բնականաբար, մաշկը մարդու այն շապիկն է, որն առաջինն են տեսնում դիմացինները: Իսկ մասնագետների համար այն որպես մարդու առողջության խնդիրների արտահայտման լավագույն միջոց կարող է հանդիսանալ: Թեպետ, հնարավոր է, երբ մաշկը խնամված է, սակայն մարդը ներքին խնդիրներ ունի: Այս ասպեկտով, ամեն դեպքում, կանանց դիմելիությունը գերակշիռ մաս է կազմում:

Տղամարդի՞կ էլ են Գյումրիում դիմում էսթետիկ կոսմետոլոգիական միջամտությունների համար:

— Այո, սակայն, կանայք գերակշիռ մաս են կազմում: Որովհետև, տեսեք, կարող է նույն խնդիրը կանանց մոտ առավել հոգեբանական բադույթ առաջացնի, քան տղամարդու մոտ: Նման հոգեբանական բարդույթների մեջ հաճախ դեռահասներն են ընկնում, և այս խնդիրը հոգեբանորեն ընկալելի է. իրենք սկսում են պատանեկան կորյակներից վատ զգալ, ինքնամփոփվել, ինքնագնահատականի անկում է տեղի ունենում: Բայց կա նաև հակառակ երևույթը. որքան էլ կոսմետոլոգիան զարգանում է, մարդիկ դեռ շատ պատրաստ չեն մաշկի խնամքով զբաղվել:

Որովհետև թանկ է:

— Այնքան թանկ չէ, որքան այդ կուլտուրան դեռ չի մտել մարդկանց օրակարգ: Հետո, անհամբեր են, ուզում են միանգամից հրաշք կատարվի ու իրենց պրոբլեմները վերանան: Մինչդեռ կան այնպիսի խնդիրներ, որոնք երկար ու համբերատար ժամանակ են պահանջում, և որ ամենակարևորն է, բժշկի խորհրդին հետևելը: Բացի այս, գնում, դիմում են ոչ պրոֆեսիոնալների, որոնց պակասը մենք չունենք գեղեցկության սրահներում: Իհարկե, սա բոլորին չի վերաբերում, սակայն եռամսյա կոսմետոլոգիական վերապատրաստում անցածը և տարիներով բժշկական կրթություն ստացած, օրդինատուրա անցած մասնագետը նույն հարթության վրա չպետք է դրվի: Գիտե՞ք, քանիսն են էպիլյացիայի թողած բարդ հետևանքներով դիմել մաշկաբանի… Շատ: