Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը տարեվերջյան մամուլի ասուլիս էր հրավիրել: Նախ քաղաքապետը հանդես եկավ իր ասելիքով. «2017 թվականի ձեռքբերումները շատ կարևոր ձեռքբերումներ էին՝ տարբեր ոլորտներում. փողոցաշինություն… Ունեցանք 4 փուլով իրականացրած լուրջ աշխատանքներ: Փոսալցման աշխատանքներ՝ սև խիճով, որը շատ տեղին որոշված էր, քանի որ, եթե փոսեր լինեն, բիտումի հետ միասին սև խիճ կօգտագործենք, և լավ արդյունք կունենանք: 22 հազար քառակուսի մետր փոսանորոգում ենք իրականացրել: Մենք նաև 4 կապիտալ փողոցներ վերականգնեցինք՝ Մադոյանը լրիվ կվերջացնենք 2018թ-ին, Տիգրան Մեծից, Գորկի փողոցից կկապենք մինչև Տերյան փողոց: Հրաշք բան կլինի: Ինչպես գիտեք, ևս 4 փողոց ունենք անելու. Հակոբյան փողոցը մեր՝ քաղաքապետարանի ուժերով կանենք, այն այս տարվա մեջ էր նախատեսված, սակայն տեղափոխեցինք 2018 թիվ, որպեսզի պատմական փոքր միջուկում գտնվող 4 փողոցների հետ միասին վերականգնենք: Շատ կարևոր էր նաև կապիտալ շինարարությունը. նախ քաղաքապետարանի 2-րդ հարկն ավարտեցինք: Շենքն արդեն ամբողջ համակարգով՝ ջեռուցումով, համակարգիչներով ավարտեցինք: Շատ նախակրթարանների օգնեցինք գումարային տեսքով: Պատանիների պալատը տնակային վիճակից բերեցինք նորմալ վիճակի՝ ավարտելով շենքի շինարարությունը»:
Քաղաքապետը նշեց, որ սպորտի և մշակույթի բնագավառներում ևս բազմաթիվ հաջողություններ են գրանցվել: Կարևորեց «Կումայրի արգելոցի»՝ Գյումրու պատմամշակութային կենտրոնում տարված և տարվելիք փողոցաշինական, վերականգնողական աշխատանքները:
Ըստ քաղաքապետի, հիմնական աշխատանքները ծավալվելու են 2018-ին: Խոսքը հատկապես ՎԶԵԲ-ի վարկային ծրագրի օժանդակությամբ երկար սպասված փողոցաշինական ծրագրերի մասին է, ինչի արդյունքում, Գյումրին կվերածվի մեծ շինարարական հրապարակի: Այն ներառում է 13 փողոց և 3 հրապարակ: Հերթականությամբ, փաթեթներով` կհայտարարվեն փողոցների շինմրցույթները, ապա կազդարարվեն աշխատանքների սկիզբը: Իսկ քաղաքի պատմական միջուկում գործընթացի մեջ են լինելու վարչապետի նախաձեռնությամբ իրականացվող փողոցաշինական ծրագրերը: Շիրազի, Վարպետաց, Ղորղանյան, Աբովյան փողոցները միանալու են Ռուսթավելու փողոցին, որոնք ապահովված կլինեն լուսավորությամբ և միանման կահավորանքով: Ս.Բալասանյանի հավաստմամբ, միայն Շիրազի փողոցի վերականգնման համար նախատեսվել է 352 մլն դրամ. «Իհարկե, այս տեղեկությունն առայժմ չէի ուզենա հրապարակել, բայց եթե նույնիսկ չեղավ, մենք պետք է անպայման կարողանանք ֆինանսավորում գտնենք, մեր կառավարությունը կմտածի ինչ-որ տեղից ֆինանսավորելու։ Մոտավորապես միայն Շիրազի փողոցը էս պահին 352 միլիոն ենք հաշվել՝ առանց երթևեկության նշանների և կահավորանքների, ու նաև պետք է լինի կարմիր ասֆալտ։ Հիմա փնտրում ենք համապատասխան կազմակերպություններ, որոնք պետք է անեն»:
Արվելիքի մեջ է մտնում դեպի կայարան տանող Տիգրան Մեծ փողոցի կոսմետիկ աշխատանքները՝ շենքերի արտաքին ֆասադի ներկում, լուսավորության կարգավորում և այլն: Քաղաքապետն ասաց, որ կառավարության հետ բանակցում են, որպեսզի Երևան-Գյումրի արագընթաց գնացք գործի՝ ներքին զբոսաշրջության ապահովման համար:
58 թաղամասում և Շիրակացի փողոցում ջրանցկացման և ջրահեռացման աշխատանքներ են իրականացվելու, մոտ 7կմ կոյուղատար է փորվելու… «Խայտառակ վիճակի մեջ է 58 թաղամասը, և շատ վատ պատկեր ենք ունենալու… Թափառող հոսանքներ կան, որոնք քայքայել են խողովակատարները… Մուշը չնայած նոր թաղամաս է, բայց, ինչպես գիտեք, անորակ ասֆալտապատում եղավ ու այդ պատճառով քայքայվել են փողոցները, պետք է կարողանանք համատիրության հետ միասին ինչ-որ կերպ աշխատանքներ իրականացնել, խելքի բերել»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ «Մուշ-2»-ում նաև նոր ու գեղեցիկ հրապարակ են հիմնելու, նախագիծը կա, մոտ 100 մլն դրամ է պետք, 40 մլն բյուջեում հատկացվել է, մնում է հայթայթել մնացած 60-ը:
Նաև նշեց, որ հասարակական կազմակերպությունների հետ բարեգործական ծրագրեր ունեն, որոնք միտված են կանաչապատմանը՝ քաղաքում կամ նոր այգիների հիմնման, կամ հների վերականգնման ուղղությամբ:
Հարցեր քաղաքապետին
Քաղաքապետը նաև պատասխանեց լրագրողների հարցերին: Հերթական անգամ հարց բարձրացվեց գետնանցումների ցավալի ու քաղաքային զուգարան չունենալու խնդրի մասին: Քաղաքապետը փորձեց չհամաձայնել դրանց տխուր վիճակի հետ, նշելով, որ 6 անցումներից երկուսը բարվոք վիճակում են, Նժդեհի փողոցի 2 անցումը մտել է ՎԶԵԲ-ի ծրագրի մեջ. «Հույս ունենք, որ մասնավորի կողմից կվերցվեն… Բայց մենք մաքրել ենք… Գիտե՞ք ինչ, մի քիչ էլ մեր բնակիչը մեզ պիտի օգնի, գոնե իրանց դռների դեմը մաքրեն, մաքրածի հետևից չաղտոտեն: Դուք էլ ամեն անգամ բարձրաձայնեք: Քաղաքում կամերաներ ենք դնելու, որ տեսնենք, թե էդ ովքեր են գալիս, հարթակների վրա ֆոկուսներ անում… Աղբի վարձ չեն մուծում՝ սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներով»:
Հարց հնչեց աշխատատեղեր ստեղծելու մասին, մատնանշվեց, որ «Սաստեքս» ընկերության կողմից բազմաթիվ խոստումներ են հնչել, սակայն վերջերս նրանք էին պարտք ու տալիքի մեջ ընկել, արդյոք ի՞նչ էտապում է այն: «Ես էլ եմ անհանգստացած…,- ասաց քաղաքապետը,- խոսել եմ պատասխանատուի հետ, իրենք արդեն այդ հարցը կարգավորել են, գումարներ փոխանցում են խանութներին, որոնց պարտք էին: Շատ գեղեցիկ են սարքել, շարունակությունը կլինի, գումարի խնդիր է եղել, ինձ ասացին, որ ինչ-որ սոցիալական բնակարաններ էլ են կառուցելու, միայն ուսումնական կենտրոնում էին խոստացել 400 աշխատատեղ, հիմա Մարալիկի մանվածքայինն էլ են վերցրել, հազարավոր աշխատատեղեր են խոստացել: Իրենք անելու են իրենց ծրագիրը, մի քիչ ուշանում է, բայց դե…»: Քաղաքապետը նշեց, որ փողոցաշինական ծրագրերի շրջանակում աշխատատեղեր ևս կապահովեն, չնայած «Շրջապատի» հակադարձմանը, թե դա կարճաժամկետ պլանավորման մեջ է, սակայն Ս.Բալասանյանը ասաց, որ 3 տարին էլ քիչ չէ: Իսկ արտադրություն հիմնելու, ստեղծելու ուղղությամբ հույսը կապեց մասնավոր սեկտորի հետ:
Երկար խոսակցություն ծավալվեց տնակների ու անօթևանության մասին: Քաղաքապետը ներկայացրեց, որ «Գյումրին առանց տնակների հիմնադրամի» կողմից իրականացվելիք ծրագրերի, անհատների միջոցով հնարավորինս կաշխատեն խնդիրը կարգավորել. «Այս պահին վերջնական հաշվարկով 2414 տնակներ ունենք, կան նաև չբնակեցվածներ և նախատեսում ենք, որ հաջորդ տարվա ավագանիով որոշում կայացնենք, որ այն տնակները, որոնք 20 տարի բնակեցված չեն՝ քանդման ենթարկվեն: Չեմ կարծում, որ մեկ տարվա ընթացքում կկարողանանք հաղթահարել այդ պատնեշը, բայց կփորձենք: Ես էլ, մարզպետն էլ, կառավարությունն էլ փորձում ենք ինչ-որ եզր գտնել: Դեռ պետք է վերջնական իրական պատկերացում կազմենք, թե ովքեր են տնակների բնակիչները: Քանի որ դուք էլ երևի տեղյակ եք, որ երբեմն ուղղակի տնակում գրանցված են, բայց ապրում են երկհարկանի տների մեջ»: 839 քարային տնակներ կան, քաղշիննախարարության հետ վերլուծելու են, որ գոնե նրանք, որոնք քարաշեն տներում են, տնակային ցանկից դուրս գան, եթե անգամ կանաչ գոտիներում են գտնվում, սեփականաշնորհման իրավունք տան: Նշեց, որ 2012-ից մինչ հիմա 1600 տնակ են քանդել: Որ քանդելու են բոլոր այն տնակները, որոնք առանց լուրջ հիմնավորման են տեղադրված: «Մի հատ ճահիճ է, որ մտել ենք ու չենք կարողանում դուրս գալ»,- անկեղծացավ քաղաքապետը:
Ներդրումային ծրագրերից քաղաքապետը հույս հայտնեց, որ նախ Եվրամիության հետ համագործակցությունը կարող է ինչ-որ բան տալ, սակայն հստակ դեռևս պարզ չէ. «Վերջերս Գյումրի այցելած Հայաստանում Եվրամիության դեսպանն ասաց, որ ծրագրեր են ուղղելու Շիրակի մարզ, թե ինչ, դեռ հայտնի չէ, ասել է, որ կառավարություն ծրագրեր ներկայացնենք, քննարկենք: Շատ հետաքրքիր է նաև միջազգային կառույցներից դեսպանների հետ հանդիպումը: Քուվեյթի դեսպանն ասաց, որ իրենք հիմնադրամ ունեն, ուզում են մեզ մոտ ինչ-որ բան կառուցել: Մենք 3 ծրագիր ներկայացրեցինք կառավարություն, թե ինչպիսի հաջողություն կունենա, դեռ չգիտեմ: Եթե անգամ համաֆինանսավորմամբ համաձայնեն՝ մեծ ուրախությամբ կհամաձայնեմ: Նույնն էլ Դուբայից էին եկել, տնակային նախակրթարանների ծրագիրն էր, բայց մինչև հիմա դեռ չեն արձագանքել»:
«Շրջապատը» հարցրեց, թե ժամանակին Չինաստանի հետ բավական հեռուն գնացող ծրագրերից է խոսվել՝ «մետաքսի ճանապարհից» սկսած, վերջացրած չինական կենտրոն ունենալը, ի՞նչ նորություն կա: Քաղաքապետը ներկայացրեց, որ ապրիլին պետք է գան, խոստացել են: Շատ լավ ծրագրեր էին առաջարկում, անգամ 30 միլիոնանոց արևային էներգիայի կայան հիմնել: «Ուղղակի նախարարության հետ պայմանավորվել չի ստացվել: Ամբողջ հանրապետությունում հիմա նոր բում է այլընտրանքային էներգիայի ստեղծման, Եվրամիությունն էլ 250 մլն եվրոյի ծրագիր արեց, որ հիմնվեն նման կայաններ: «Չինական տուն» են ուզում կառուցել, շատ ջերմ են Հայաստանի հետ, կարծում եմ որևէ բան կստացվի»:
Տրանսպորտի հետ կապված վերակառուցման բանկի հետ դարձյալ ծրագիր ունեն, ավտոբուսային պարկի ստեղծման, կանգառների և այլ ուղղություններով: Հետո քաղաքապետը նկատեց, որ դժգոհությունները բավական շատ են, խոսքը փակեց. «Տրանսպորտի ոլորտը լուրջ արմատական փոփոխությունների կարիք ունի, իդեալական պիտի դառնա, ծրագիր ենք գրում: Եվրոբանկի նախագահի հետ եմ հանդիպել, շատ լավ են մեզ հետ աշխատում: Եթե ստացվի՝ շատ լավ»:
Լրագրողը Սամվել Բալասանյանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ են ստույգ այն տեղեկությունները, որ «Սիբիր ավիա» ընկերությունը ևս մտադիր է չվերթներ սկսել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից։ «Շատ կարևոր իրադարձություն է, որ մենք մոտ 100 հազար ուղևոր կարողացանք «Շիրակ» օդանավակայանով տեղափոխել։ 2018 թվականին անպայման և՛ թռիչքուղիները կշատանան, և՛ դրանց աշխարհագրությունը կմեծանա։ Չեմ ուզում այլ ինֆորմացիաներ բացել, որովհետև, եթե չլինի, պիտի ասեն՝ քաղաքապետն էսպիսի բան ասաց, բայց որ ինձ հավաստիացնում են, որ տարբեր տեղերից լինելու են թռիչքուղիներ և նաև ավելանալու է մեր ուղևորների թվաքանակը, սա միանշանակ։ Հիմա մեր խնդիրն ինչ է, որպեսզի այդ օդանավակայանում այնպիսի մթնոլորտ ստեղծենք, որ մարդը, երբ գալիս է տուրիստ, կարողանա մեր քաղաքում մի երկու օր մնա, ունենանք համապատասխան ծառայություններ»։ Մեր հարցին, թե ներդրումների ծրագրեր կա՞ն, քաղաքապետը ոգևորված արձագանքեց, որ կան, մանավանդ վարչապետի ծրագրերի հետ կապված շատերն են ջիգրոտել Գյումրու նկատմամբ, մանավանդ դրսի գյումրեցիները: