ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շարիկ գլորելուց մինչեւ ղումար՝ մեկ քայլ է

Խաղամոլություն… առաջ սրան «ղումարբազություն» էին ասում: Խաղում են բոլորը. մամաներն ու տատիկները տան հոգսերից հետո լիցքաթափվում են համակարգչի դիմաց, այսպես ասած, շարիկ գլորելով, բայց, թերևս, սա անվտանգ կարելի է համարել: Խաղում են սպորտով տարվածները, հատկապես ֆուտբոլային խոշոր առաջնությունների ժամանակ՝ խաղադրույքներ կատարելով: Խաղում են երեխաները՝ ծնողների բջջայիններով տարբեր խաղային հավելվածներ ներբեռնելով… Թվում է սրանք, մեղմ ասած, անմեղ խաղեր են, բայց դրանք ուղիղ համեմատականորեն կապված են խաղամոլության, ազարտի հետ, որովհետև ընտրված խաղերի պահանջն է. այսքան վճարիր և ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է:



Մեջբերենք նախորդ տարի մամուլում հրապարակված «Ղումար» ենք խաղում ազգովի. մեր տնտեսությունը մնացել է կազինոների հույսին» հոդվածից. «Անցած տարվա առաջին 9 ամիսներին վերաբերող սոցիալ- տնտեսական ցուցանիշների մասին զեկույցում մի սահմռկեցուցիչ տվյալ կա: Խոսքը կազինոների եւ շահումով խաղերի ոլորտի մասին է: Այդ ոլորտի ծավալը այս տարվա հունվար-սեպտեմբերի ընթացքում կազմել է ավելի քան 196 միլիարդ դրամ կամ 400 միլիոն դոլարից ավելի: Որպեսզի պատկերացնենք, թե սա ինչ ծավալ է, նշենք, որ 2017 թվականին ՀՀ պետբյուջեով պաշտպանության ոլորտին հատկացված է 209 միլիարդ դրամ: Եթե կոպիտ հաշվարկներ անենք, ապա կստացվի, որ կազինոների ու շահումով խաղերի ծավալը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու հաշվով կազմում է 200 դոլար: Համեմատության համար նշենք, որ, օրինակ, կրթության ոլորտում մատուցված ծառայությունների ընդհանուր ծավալը այս տարվա առաջին 9 ամիսներին, ըստ ԱՎԾ-ի, կազմել է 38 մլրդ դրամ, կամ 5 անգամ քիչ, քան շահումով խաղերի ու կազինոների ցուցանիշն է: Առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը եղել է ընդամենը 40 մլրդ դրամ…»: Պատկերացրեցի՞ք: Իսկ հիմա անդրադառնանք նրան, թե ինչպես «միամիտ նստած՝ հաց ու սոխ կուդեինք…», մեկ էլ… «Տոտո», «Վիվառո», «Աջարաբեթ», «Գուդվին» գովազդները ներխուժում են մեր կյանք: Քավ լիցի, թող հակագովազդ չդիտվի, բայց այդպես է, ու նման շատ այլ գրավիչ, գայթակղող գովազդներ ներթափանցում են մեր իրականություն, կներեք, անգամ զուգարանի ջուրը քաշելիս…

Այս և այլ հարցերի շուրջ «Շրջապատը» զրուցել է հոգեբանների հետ, որոնք հերթով կներկայացնենք ընթերցողին, կբարձրաձայնենք, որպեսզի կառավարության ուշադրությունը սևեռվի խաղամոլություն (ղումարբազություն) կոչվող երևույթին: Որովհետև կան շատ ընտանիքներ, որոնք այս դարդ ու ցավի մեջ են, և ուզում են իրենց զավակներին փրկել, ետ պահել այս կործանարար սովորությունից:

«Արևամանուկ» կազմակերպության հոգեբան Էլմիրա Հովհաննիսյանն ասում է. «Ելնելով անուններ ու տվյալներ չհրապարակելու պարտավորությունից, պետք է փաստեմ, որ նման վատ սովորություններով տառապող «հիվանդների» թիվը քանի գնում, ահագնանում է: Խաղամոլությունը ևս դասվում է վատ սովորությունների թվին, այն նույնիսկ ամենավտանգավորներից է»:

Տիկին Հովհաննիսյան, ինչի՞ց է այն սկսվում:

— Կան մարդիկ, որ իրենց ունակություններով չեն կարողանում ուրախանալ, չունեն հմտություն ուրախանալու այն ամենից, ինչը բնական է, և փորձում են ուրախություն գտնել արհեստական երևույթներում: Մարդիկ չեն փորձում հաճույք ստանալ իրենց շրջապատից, բնությունից, հաճելի ընկերակցությունից, ուրախանում են արհեստական հաճույքներից, ինչպիսին խաղն է, որը տալիս է բավարարվածություն, այն մարդուն կտրում է արտաքին աշխարհից, վիրտուալ աշխարհում մարդուն հնարավորություն է տալիս հասնելու հիերարխիկ կառուցվածքի գագաթնակետին: Այն անձինք, ովքեր կյանքում չեն ունենում խոշոր հաջողություններ, կամ ունեցածն արժեվորված չէ, ձգտում են ավելի արագ, հեշտ ու կարճ ճանապարհով հասնել այն ամենին, ինչին ձգտում են՝ մեծ գումարներ շահել: Սակայն բավական է մի պահ կանգնեն, մտածեն, որ խաղը չի տալիս այն, ինչը նրանց ձգտումն է, այլ ուղղակի խաղն ունի ձգողական, գրավող կառուցվածք, որը սկզբում համոզում է փոքր գումարներ ներդնել, իբր թե հետո մեծ շահումներ ստանալու համար, բայց սա ընդամենը պրովոկացիա է:

Ինչպես կազինոներում, երբ պատմությունը փաստել է, որ ոչ մի կազինո երբևէ չի պարտվել:

— Այո, ճիշտ կազինոների նման: Մտածված ստրուկտուրա է, կարելի է ասել, նույնիսկ ստացված բիզնես է, բայց դարի չարիք է՝ կործանարար էֆեկտով: Աշխարհում եզակի մարդիկ կարող են ասել, որ հաջողությունը նրանց ուղեկից է եղել, այն էլ, երբեմն ֆիլմերում տեսնում ենք, թե ինչպիսի ավարտ է սպասվում նույնիսկ այդ ընտրյալներին: Այստեղ է, որ մարդը լինելով բանական էակ, պետք է օգտագործի իր «փականը», «կանգառը», որպեսզի ժամանակին կանգ առնի:

Նկատի ունեք կամքի դրսևորումը՞:

— Մարդը պետք է կարողանա ինչ-որ բան ժամանակին դադարեցնել: Խաղն ինքնաբերաբար հաճույք է, եթե մարդու մոտ ռելաքսը տեղի չի ունենում բնական ճանապարհով, նա փորձում է այն գտնել վիրտուալ աշխարհում: Տեսեք, ոչ վաղ անցյալում բնական խաղեր կային, որոնք մտածված էին, որպեսզի մարդիկ, երեխաները պարապ ժամանակը զբաղեցնեն խաղային զբաղմունքներով. «տուն-տունիկ», «կռիվ-կռվից» սկսած, վերջացրած բոլոր այն ակտիվ խաղերը, որոնք գիտեք: Մարդու վարքն ունի մոտիվ, այսինքն՝ նպատակ, միտք-նպատակ, նպատակի իրագործում, որից ստանալ արդյունք, ինչն հավասար է հաճույքի: Իսկ ներկայիս արհեստական վիրտուալ խաղերում կարող են հասնել թվացյալ ամենաբարձր կետին, բայց չունենալ արդյունք, բայց գտնվել ժամանակավոր հաճելի կախվածության մեջ. սա «իքս» ժամանակահատվածում հնարավորություն է տալիս մարդուն անջատվել արտաքին աշխարհից, այնպիսի պրոբլեմներից, որոնք կան մարդու կյանքում: Սա անգիտակցաբար մարդուն մղում է արհեստական փախուստի՝ արտաքին աշխարհից, նաև խնդիրներից: Սա փախուստ է, ալկոհոլիզմը, թմրամոլությունը ևս փախուստ է, բայց սրանք այն դեպքերն են, երբ այդ փախուստը փակուղի է տանում, այլ ոչ երբեք որպես ելք: Խաղի ընթացքում մարդու ամբողջ մարմինը կտրվում է արտաքին աշխարհից. մարդը նյարդայնանում է, ունի խնդիրներ, և նա ենթագիտակցաբար ձգտում է այն վիրտուալ աշխարհը, որտեղ իրեն զգում է կոմֆորտ, որը, մեր՝ հոգեբաններիս պնդմամբ, ժամանակավոր կոմֆորտ է: Տեղի է ունենում հոգեմարմնական խախտում. սրտի աշխատանքի փոփոխությունից սկսած, մինչև ձեռքերի դող, մարմնի ընդհանուր թուլացում:

Այսինքն, սա այն դեպքը չէ, որ եթե ոչ բարեկեցիկ պայմաններում ապրող մարդը կարող է ձգտել արագ հաջողության հասնելու կոմֆորտ ուղուն, այլ բավական բարեկեցիկ պայմաններում ապրողները ևս զերծ չեն թակարդն ընկնելու հավանականությունից:

— Հարստություն, շքեղ կյանք ունեցողները ևս ապահովագրված չեն ընտանեկան պրոբլեմներից, ինչ-ինչ խնդիրներից, էլ չեմ ասում՝ պարտադիր հոգեկան բավարարություն ունեն: Յուրաքանչյուր մարդու կյանքում կան խորխորատներ, մութ անկյուններ, հնարավոր է նաև այս մարդիկ ուզում են ինքնավնասման միջոցով պատժել իրենց մոտիկներին: Կարող է լինել վրեժխնդրություն. խաղալ, մեծ գումարներ տանուլ տալ, որի պատասխանատուն իրենց մտերիմներն են:

Իսկ այն մարդիկ, որոնք ներազդողներ են, խաղի մեջ քաշողներ են, նրանց մասին ի՞նչ կասեք:

— Այո, այդպիսի մարդիկ կան, որոնք մտովի հաշվարկում են, որպեսզի իրենք միակը չլինեն, քիչ չլինեն, մեղքի բաժինը ծանր չլինի, ներքաշում են այլոց, որպեսզի իրենց տեսակը լինի շատ ու հասկացված լինեն: Մյուս կարևոր մասը վերաբերում է այն բոլոր կառույցներին, որոնք խաղի կազմակերպիչներն են, վարձում են մարդկանց, ովքեր անում են այդ «սև գործը», գրավում, գայթակղում, «վարակում» են մյուսներին: Եթե նկատել եք, գովազդներում դիտավորյալ օգտագործվում են գեղեցիկ ու գայթակղիչ արտաքինով կանայք: Մյուս կողմից էքստրեմալ տղամարդիկ են, ովքեր «թվացյալ առնականությունը» առավելություն օգտագործելով, ազդակներ են ուղարկում՝ «մենք ուժեղ ենք, գնանք խաղանք, կրենք…»: Եթե նկատել եք, այդ գովազդներն ընդիջում են այնպիսի ֆիլմերն ու հաղորդումները, որոնց ազդեցությամբ մարդը գերլարված վիճակում է գտնվել, ինչը ստիպում է մարդուն, որպեսզի այդ լարված վիճակից դուրս գալու համար տեղափոխվի «հաճույք» պատճառող իրավիճակ:

Դուք՝ որպես հոգեբան, ասացեք, կա՞ բուժում:

— Կա բուժում, ցանկացած հիվանդություն ունի լավացում… Դժվար է բուժման ընթացքը, բայց անբուժելի չէ: Սակայն այստեղ շատ կարևոր է մարդու ցանկությունը, կամքը: Բուժվում է նա, ով ինքն է գալիս, այլ ոչ թե բերում են, որովհետև մի դեպքում նրան համոզել են ու ինքնաբերաբար է եկել, ոչ իր կամքով, ու դեռ պարզ չէ, հնարավոր կլինի՞ արդյուք ակնկալել, մյուս դեպքում, երբ մարդն իր բուժման, փրկության համար ինքնակամ է հասնում բուժողի մոտ: Երկար, դանդաղ ժամանակ է պահանջում, բայց արդյունք կլինի