ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

Շարունակվող թռիչք. մեր եւ ձեր թատրոնը 154 տարեկան է

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը պատրաստվում է թևակոխել պատմության մի նոր շրջան՝ իր 154-րդ թատերաշրջանի դռները բացելով հանդիսատեսի առջև։

Ժամանակի ստեղծագործական մեծ ճանապարհով ընթացող Գյումրու դրամատիկականը պատվով հրաժեշտ տվեց 153-րդ թատերաշրջանին։ Թատերաշրջան, որը կարողացավ լուսավորել թատրոնի ուղին՝ թարմություն ու կենսունակություն հաղորդելով նրան։ Թատերաշրջան, որը հնարավորություն տվեց գտնելու ապագա գործունեությունը հաջողությամբ ապահովելու բանալին, ինչու չէ, նաև արդիականությունն իմաստավորելու հնարավորություն։

153-րդ թատերաշրջանի համար որոշիչ դեր խաղաց և անգնահատելի դարձավ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներին նվիրված «Հարսանիք թիկունքում» բեմադրությունը, որը կարողացավ հատել հանրապետության սահմանները և հասնել աշխարհի տարբեր երկրներ։ Իրականում արտացոլվեց ժամանակի պայքարը, մաքառումները և դրանց բովից  ծնված հաղթանակը։

Թատրոնի առաջընթացն արժեվորելու համար հարկավոր է վերջին տարիների ստեղծագործական գործունեությունը շղթայի մեջ տեսնելու կարողություն։ Անցած թատերաշրջանը նշանավորվեց նաև ըստ Ալեն Ռեյնո-Ֆուրտոնի՝ «Bye-Bye Լեդի», Ջոն Օսբորնի՝ «Ետ նայիր զայրացած» կինոպիեսի հիման վրա բեմադրված «Ոչինչ չի մնա», ըստ Հ.Թումանյանի՝ «Փանոսի արկածները», ներկայացումներով։ Բեմադրություններ, որոնք թատրոնի խաղացանկը դարձրին էլ ավելի կենսահավաստ և ստեղծագործական կյանքի առաջընթացին նախանձախնդիր։

Գյումրու դրամատիկականում յուրաքանչյուր ներկայացման նպատակը դառնում է տվյալ իրականության և այդ իրականության մեջ ապրող մարդու կյանքի ու հոգևոր կառուցվածքի գեղարվեստական պատկերի ստեղծումը։ Այդպիսիներից է ըստ Սամվել Կոսյանի՝ «Թռիչք» այլաբանական ներկայացումը, ռեժիսոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ն. Ծատուրյանի մեկնաբանությամբ, որի ցուցադրությամբ կմեկնարկի 154-րդ թատերաշրջանը։

Թռիչք՝ կյանքի ու անհատի հարափոփոխ շարժման ու փոխակերպումների մեջ տեսնելու միտում։ Թռիչք՝ ապրած կյանքի ու օրերի ներքին ազատության ձգտում։ Թռիչք՝ մի կողմից թվացյալ խաղաղ ու հանգիստ կյանք, մյուս կողմից՝ խոր ու անզգալի ցնցումներ։

Այնուհետև, թատրոնն իր մանուկ ու պատանի հանդիսատեսին կներկայացնի Ալ. Տոլստոյի՝ «Բուրատինոյի արկածները» երաժշտական հեքիաթ-ներկայացումը, ռեժիսոր՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հ. Հովհաննիսյան։

154-րդ թատերաշրջանի բացումը կնշանավորվի նաև թատերական նոր նախագծով։ «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու  Գարսիա Մարկեսի՝ «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիան, մասնակցությամբ՝ երիտասարդության կղմից սիրված ու ճանաչված դերասանուհի Իննա Խոջամիրյանի։

Հաջորդիվ, Գյումրու դրամատիկականը հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, թատերաշրջանի ընթացքում իր անդավաճան հանդիսատեսին կմատուցի նորանոր անակնկալներ, հետաքրքիր ու բովանդակալից ներկայացումներ և նախագծեր, ինչպես նաև կիրականացնի նոր հյուրախաղեր հանրապետության մարզերում, Արցախում և արտերկրում, ինչի շնորհիվ 154-ամյա թատրոնը վերստին իր վրա կբևեռի ողջ հայության ուշադրությունը և կհանրահռչակվի աշխարհով մեկ։

Շնորհավոր 154-րդ թատերաշրջան, սիրելի՛ աճեմյանցիներ։

ՄԿՐՏԻՉ  ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գյումրու Վ.Աճեմյանի անվ.պետ. դրամ. թատրոնի գրական մասի ղեկավար