ՍՊՈՐՏ

«Շիրակը» Հայաստանի կրկնակի գավաթակիր

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցավեճում հարաբերությունները պարզեցին մայրաքաղաքի «Փյունիկն» ու Գյումրիի «Շիրակը»: Եթե մինչ այս հանդիպումը «Փյունիկին» հաջողվել էր 8 անգամ նվաճել հանրապետության գավաթը, ապա շիրակցիների ցուցանիշն առավել քան համեստ էր: Մեր թիմն ընդամենը մեկ անգամ էր տիրացել իր նշանակությամբ 2-րդ պատվավոր ավարին: Սակայն այս անգամ «Շիրակը» ցույց տվեց բաց հարձակողական ֆուտբոլ ու անակնկալի բերեց երևանցիներին:

Արդեն 6-րդ րոպեին մեր թիմն առաջ անցավ հաշվի մեջ: Ռումյան Հովսեփյանը մրցակցի պաշտպանությունը լուծարող ֆանտաստիկ փոխանցումով կրակագիծ դուրս բերեց ամերիկացի հարձակվող Կիրիան Նվաբուեզեին, որն էլ սառնասրտորեն գրավեց Վալերի Ոսկանյանի պաշտպանած դարպասը: Մեր թիմն ուներ խաղային ու տարածքային բացահայտ առավելություն ու երկրորդ գոլն երկար սպասեցնել չտվեց: 28-րդ րոպեին հրաշալի դրիբլինգով աչքի ընկավ պատանի տաղանդ, Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Վահան Բիչախչյանը: Նա՝ ընդունելով գնդակը, մեծ արագության տակ մտավ երևանցիների տուգանային հրապարակ, և գնդակը հարմարեցնելով ձախ ոտքին՝ այն խնամքով ուղարկեց մրցակցի դարպասի հեռավոր անկյունը՝ 2:0: Սա արդեն նշանակում էր հաղթանակ: Բայց «Շիրակին» նոր գոլ էր անհրաժեշտ ու դա իրեն սպասեցնել չտվեց: 38-րդ րոպեին «Շիրակը» մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ստացավ ստանդարտ դիրքի իրացման հնարավորություն: Ղուկաս Պողոսյանի հարվածից հետո դարպասապահ Վալերի Ոսկանյանը դժվարությամբ հետ մղեց գնդակը ու կորցրեց հավասարակշռությունը: Նորից «Փյունիկի» պաշտպանները դիտորդի դերում հայտնվեցին ու Կիրիան Նվաբուեզեն բարձր ցատկով գնդակն ուղղորդեց դատարկ դարպասը՝ 3-0: Հանգստից հետո կրքերը կարծես հանդարտվեցին ու «Շիրակին» հաջողվեց խաղը հասցնել տրամաբանական ավարտին:

Մեր քաղաքի վարպետ թիմն իր պատմության ընթացքում հռչակվեց Հայաստանի կրկնակի գավաթակիր: Նշենք հանդիպմանը մասնակցած մեր հիմնական կազմի ու փոխարինման դուրս եկած բոլոր ֆուտբոլիստներին: Վսևոլոդ Երմակով, Գևորգ Հովհաննիսյան, Մարկո Պրլևիչ, Աղվան Դավոյան, Արտյոմ Միքայելյան, Վահան Բիչախչյան, Սոլոմոն Իմե Ուդո, Ղուկաս Պողոսյան, Ռոբերտ Դարբինյան, Կիրիան Նվաբուեզե, Պոլ Մուսա Բակայոկո, Վիուլեն Այվազյան, Մոհամեդ Կաբա: Մրցանակներ ստացան նաև թիմի համար շատ բան արած Արամ Մուրադյանը, մեր հիմնական դարպասապահ Անատոլի Այվազովը, Ումարու Կաինան, Սեմյոն Դացենկոն:

ՍԱՄՎԵԼ ԱՂԱՆՅԱՆ