ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Շիրակի մարզի դատարանը ծանր վիճակում է հայտնվել

Հարցազրույց Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆԻ հետ:

— Տիկին Դավթյան, անցած շաբաթ Բարձրագույն դատական խորհրդը (ԲԴԽ) որոշում էր կայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի քրեական գործեր քննող 4 դատավորներին տեղափոխել մայրաքաղաք։ Ես հիշում եմ, որ մեր և մյուսների հետ ունեցած հարցազրույցներում այս էլ քանի տարի է՝ բարձրաձայնվում է դատավորների անհրաժեշտության, սակավաթվության կամ գործերով ահավոր ծանրաբեռնվածության մասին: Եվ հիմա դատավոր են տանում:

— Սարսափելի ծանր վիճակ է, ոչ թե սովորական է, այլ ծայրահեղ: Այստեղ տուժում է քաղաքացին, փաստաբանը… Ճիշտ է, Ձեր հարցը վերաբերում է քրեական դատավորներին, բայց ես ներկայացնում եմ այն ծանր վիճակը, որն առկա է. սա խնդիր է և տուժողի, և վկայի, և հանցագործի, և ամբաստանյալի, և քաղաքացիական ոլորտում՝ հայցվոր-պատասխանողի համար: Ես չգիտեմ, թե ինչու համար նման կերպ են աշխատում ԲԴԽ-ում, Արդարադատության նախարարությունում: Շատ հեշտությամբ դատավորին նշանակում են, քիչ ժամանակ անց հեշտությամբ տեղափոխում են, ու այն գործերը, որոնք այդ դատավորի մոտ էին, մնում են, ու դրանց թիվը քիչ չէ՝ հարյուրավոր քրեականների մոտ, հազարավոր քաղաքացիականների մոտ:

— Սա ոնց որ արհամարհական վերաբերմունք լինի:

— Ու հենց մարզի հետ է սա տեղի ունենում, իրականում, չգիտեմ ինչ գնահատական տալ. ինչն է խնդիրը: Ես ունեմ քաղաքացիական գործ, որի քննման ընթացքում արդեն 4 դատավոր է փոխվել: Ես մի նկատառում անեմ. դատավոր էլ երբ նշանակվում է, ոչ թե նրա վրա մակագրվում են այն գործերը, որին նա փոխարինել է, այլ լրիվ նոր գործեր են տրվում: Տեղափոխվածի գործերը բաժանվում են մնացած դատավորների վրա: Բայց այս 4 դատավորներին, որ միանգամից տանում են, թե իրենց գործերն ում են փոխանցվելու՝ անհայտ է: Բայց այս պահին հույս չկա:

— Սակայն քրեական գործերն առավել քան ուղղակի կապ ունեն մարդկային ճակատագրերի հետ. միգուցե կան արդարացման դատավճռի սպասողներ…

-…վարույյթը կարճելու, հետապնդումը դադարեցնելու… ու մարդիկ հույս ունեն, որ պետական մարմինը, երկրի 3-րդ իշխանությունը իրենց հարցը պիտի քննի: Սա պետության դեմքն է: Մի պահ, մինչ այս տեղափոխության որոշումը, մենք ՝ փաստաբաններով ուզում էինք մամուլի ասուլիս հրավիրել, բարձրաձայնել խնդիրները, հրապարակումներով բավարարվեցինք, կարծում էինք մեր հայտարարություններով բան պիտի փոխվեր, բայց կայծակնային արագությամբ լուր եկավ միանգամից 4 դատավորի տեղափոխման:

— Սա ի՞նչ է՝ այսպես ասած՝ ինադո՞ւ:

— Դե, այդպես է դուրս գալիս: Ոնց որ ասեն՝ էդ էի՞ք ուզում:

— Իսկ միգուցե նոր նշանակումները չե՞ն ուշացնի:

— Դա առնվազն լավատեսական հույս է միայն:

— Մի անգամ մեկի խոսակցությունը լսեցի. բաժանության հարց էր քննվում, ծանոթին ասաց. «Ապ ջան, գործն էնքան ձգձգին, կարող է միանանք, երեխա ունենանք, օր քիչմ էլ ուշացնեն, տղուս բանակ էլ կճամփենք»…

— Հաստատ դա հնարավոր է… Փաստաբաններիս գործը շատ ծանր է. քաղաքացին անմիջական մեզ հետ է շփվում, իրենց դարդը մեզ հետ են կիսվում, մուննաթը մեզ են ուղղում, թե ինչու է գործը ձգձգվում: Մի գործ ունեմ, խեղճերը հարսի ձեռը կրակն են ընկել, ամեն օր զանգում, հարցնում են, թե երբ են համապատասխան որոշումը ստանալու, թե չէ «խելռել» են հարսի ձեռը: Ու այդ գործը սկզբում մի դատավորի մոտ էր, հետո մյուսին փոխանցվեց, մյուսն էլ իր գրաֆիկով գործերն ուներ, հո չէր կարող ամեն մեկինը առաջնահերթություն տալ, ինչպե՞ս: Իրոք, չգիտեմ, թե ոնց ենք այս իրավիճակից դուրս գալու:

— Դատավորների թափուր տեղերը շա՞տ են:

— Այո, շատ են:

— Իսկ ավարտածներից չկա՞ն, որ կարողնան թափուր տեղերը համալրել, թե՞ մասնագիտական կարողությունները դեռ չեն բավարարում պահանջներին:

— Հնում ավարտածները երևի աշխատանքի համապատասխան վայրեր գտել են, հույս դնել, որ նախկին դատավորների կգտնենք, որոնք թեկնածուական ցուցակներում են, քննությունները հանձնել են, դա էլ ճիշտ չէ, որովհետև այդ մարդիկ արդեն հմտացել են այլ ճյուղում:

— Մենք էլ վեթինգ ասելով՝ բերաններս չորացավ, աչքներս ջուր կտրեց… էս իրավիճակում ամենամեծ ցանկության դեպքում իսկ անհնար է:

— Դա էլ որ եղավ, վերջ, էլ լյուստրացիա, անցումային արդարադատություն… Իմ մոտ որ գալիս են հայցվորները, ես նախօրոք, հանգիստ բացատրում եմ, որ պիտի համբերությամբ լցվեն, որովհետև հնարավոր է շատ երկար տևի: Մարդիկ էլ իրավացիորեն դժգոհում են, թե ո՞նց՝ ալիմենտի հարց է, կտակի հարց է… Ասում եմ, էս պահից էլ իմացեք, որ հնարավոր է մի դատավորից մյուսի մոտ տեղափոխվի, հոգեբանորեն պետք է պատրաստ լինեք երկարաժամկետ քննության: Գիտե՞ք, մենք շատ արագ դատավարական համակարգ ենք ունեցել: Դեռևս 2000-ականներին, երբ ես ԱՄՆ-ում վերապատրաստման սեմինարի էի, այնտեղի գործերը տեսնելով, զարմանում էինք, թե ոնց կարող է գործը 10 տարի քննվել: Բայց իրենք դանդաղ-դանդաղ, բողոքարկման փուլերով, անցնում էին: Նախկինում մեր դատավարական պրոցեսուալ օրենսգիրքը լրիվ այլ էր, արագացված դատաքննություն կար, բայց հիմա ոչ մեկն այդ ռիսկին չի գնում, հիմա էլ կարող են, ասենք պարզից էլ պարզ հարց է՝ ալիմենտի խնդիր է, բայց նախապատրաստական փուլ, ապացուցման բեռի բաշխման, հետո ապացուցյները պիտի դատարան ներկայացվի, ու դրանք ամեն մեկը 3-4 ամիս է տևում: Իսկ վճռի կայացումը դատավորը պարտավոր է 14 օրից հրապարակել, մինչդեռ բերված օրինակով, պարզ էր, որ ալիմենտի վճարման վճիռ էր կայացվելու, որ երեխաներին տրվեր: Եվրոպական դատավարական համակարգը բերեցին, խճճեցին, ավելի բարդացրին, ծանրացրին: Հեռավար դատավարություն մտցրեցին…

— Այսի՞նքն:

— Ասենք, պատասխանողը գտնվում է այլ երկրում, պիտի օն-լայն կապի մեջ մտնեն դատավորի հետ: Նման դեպք մեկն եմ հիշում: Բայց ուզում եմ մատնանշել այլ հանգամանք. մինչև կապը հաստատեցին, տեխնիկական անսարքությունները հարթեցին՝ օրը վերջացավ: Ուզում եմ ասել, որ մի բան ներմուծում են, նախ պետք է տեխնիկական վերազինում իրականացնեն, ապահովեն, ու նոր անունը դնեն:

— Մենք ինտերնետի նորմալ կապի միացման խնդիր ունենք

— Այո, Ամերիկայում տեսածս օրինակը բերեմ. դատավորը իր կաբինետից միանգամից միացավ բանտ, որտեղից էլ ամբաստանյալն անմիջապես կապի մեջ էր: Է, ու մեր պայմաններում դա հնարավո՞ր է: Այնտեղ փաստաբանը հագեցված է գործիքակազմով, ունի իր կրիմինալիստը, լուսանկարիչը, հետաքննիչը… Նրանց լայն հնարավորություններ են տրված: Մեզ մոտ փաստաբաններն անգամ տարածք վարձելու, գրասենյակ բացելու խնդիրները չեն կարող արագ կարգավորել:

— Իսկ մյուս մարզերո՞ւմ էլ վիճակը նույնն է:

— Ես մյուս մարզերում էլ շատ եմ աշխատել, իրենք ասում են ծանրաբեռնված են, բայց այն, ինչ մեր մարզի հետ տեղի ունեցավ՝ դատավորների խումբ տեղափոխելով, միայն մեզ մոտ է:

— Լավ, խնդիրն ինչո՞ւմն է: Անընդհատ դատավորներին փոխում են. կոռուպցիոն ռիսկե՞ր են նկատում, չգիտեմ ինչ թերացումնե՞ր:

— Իմ կարծիքով, առաջին խնդիրն այն է, որ մեր մարզի բնակիչ չեն: Ու առաջին ամսից հետո, սկսում են գրել, որ ընտանեկան վիճակով պայմանավորած տեղափոխեն Երևան… Թե ինչն է պատճառը, որ մեր մարզի մասնագետները չեն ուզում այստեղ աշխատել՝ տարօրինակ է: