ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ | ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզպետ. «Պետք է հասկանանք, որ պետության բյուջեն անսպառ չէ»

Հարցազրույց Շիրակի մարզպետ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

Պարոն Խաչատրյան, Ձեր պաշտոնավարման «100 օրը» դեռ չի լրացել, սակայն նկատի ունենալով Ձեր ակտիվ գործունեությունը, կարծում եմ, կարող ենք խոսել Շիրակի մարզից: Դուք պարբերաբար այցեր եք կատարում համայնքներ, հանդիպում բնակիչների և համայնքապետերի հետ: Արդեն պատկերացում կազմե՞լ եք, թե ինչպիսի վիճակում են Շիրակի մարզի համայնքները:

— Այո, ակտիվ աշխատանքային այցեր ենք կատարում և մեր այցերը մի քանի նպատակ են հետապնդում: Առաջինը՝ հասկանալ յուրաքանչյուր համայնքի հիմնական խնդիրները, հենց բնակչից իմանալ՝ ինչ խնդիրներ են իրենց տանջում, որպեսզի կարողանանք հնարավորության սահմաններում լուծումներ առաջարկել: Բնականաբար, խնդիրները, որոնց մասին բնակիչները մեզ տեղեկացնում են, մեծամասամբ մեկ օրվա խնդիր չեն, այլ վաղուց առաջացած: Երկարաժամկետ լուծումներ առաջարկելու համար նախ պետք է ախտորոշենք, գնահատենք, նախանշենք լուծման ուղիները: Իսկ առավել կարճաժամկետ խնդիրները կարողանում ենք տեղում լուծել կամ մարզպետարանի միջոցով արագ լուծում գտնել: Այցելության մյուս նպատակը՝ մարդկանց բացատրել կառավարության մոտեցումները, մանավանդ ունենք նոր կառավարություն, իսկ վերջինս ներկայացրել և Ազգային ժողովն ընդունել է կառավարության ծրագիրը: Եվ այնտեղ էական փոփոխություններ կան թե՛ տարածքային կառավարման մասով, թե՛ տեղական ինքնակառավարման մասով: Ներկայացնում ենք, որոնք են կառավարության մոտեցումները, ինչ խնդիրներ են այսօր ամենակարևորը և, որոնք են լուծման ուղիները: Մասնավորապես, խոսքը գնում է համայնքների խոշորացմանը: Փորձում ենք բացատրել՝ ինչ կտա խոշորացումը, որոնք են առավելությունները, որոնք են այն ռիսկերը, որոնք մեր քաղաքացիները տեսնում են և ինչպես պետք է կարողանանք այդ ռիսկերը չեզոքացնենք:

Եթե չեմ սխալվում, կան համայնքապետեր, որոնք նշում են, որ համայնքների խոշորացումից հնարավոր է՝ հողատարածքները «կռվախնձոր» դառնան

— Միայն դա չէ: Օրինակ, նաև նշում են. «Այ, եթե տեղեկանք պետք լինի, ինչպես պետք է գյուղից հասնենք խոշորացված համայնքի կենտրոն», և այլն… Դրանք լուրջ խնդիրներ չեն, նման հարցերը շատ հեշտ լուծելի են, որովհետև վարչական ներկայացուցիչ կունենան:

Նաև դժգոհում են, որ աշխատատեղերի կրճատում կլինի:

— Խոշորացված համայնքն ինքն է որոշում, թե ինչ աշխատատեղեր են իրեն անհրաժեշտ: Գումարը, որը տնտեսվում է, կարող է ծախսվել մանկապարտեզի վրա, պարտեզում դայակ-դաստիարակի հավելյալ աշխատատեղ ստեղծելու վրա, կամ կարող է ուղղվի ճանապարհաշինության վրա…

Միևնույն ժամանակ մտահոգվում են, թե կարող է խոշորացված համայնքի համայնքապետն իր ծննդավայրին ավելի «քաղցր աչքով» նայի, քան մյուսներին:

— Մենք ունենք խոշորացված համայնքների օրինակներ, և որևէ նման փաստ չունենք արձանագրած, որ համայնքապետն ավելի շատ գումար է ուղղում իր ծննդավայրին: Մյուս կողմից՝ այսօրվա գործող համակարգով, ամեն տեղ էլ այդպես է՝ Գյումրին ավելի շատ գումար է ստանում, քան Արթիկը, Արթիկն ավելի շատ է ստանում, քան Մարալիկը…

Անշուշտ, բնակչության թվաքանակից ելնելով է որոշվում:

— Բյուջեն ուղղվում է միջբնակավայրային խնդիրների լուծմանը և այլն, անգամ, եթե բյուջեում բավարար գումար կա, ու կա խոշորացված ավելի վատ վիճակում գտնվող համայնք, ապա կարող են գումարներն ուղղվել այդտեղ: Նույն տրամաբանությամբ վերցնենք մարզի կառուցվածքը՝ ունենք Անիի, Աշոցքի, Ամասիայի շրջանները ու, ասենք, մարզպետը ծնունդով Արթիկից է, ուրեմն ի՞նչ, կնշանակի, որ նա Արթիկի տարածաշրջանին ավելի «քաղցր աչքով» պիտի վերաբերվի, քան մյուսների՞ն:

Ի վերջո, քանի՞ խոշորացված համայնք կունենանք:

— Տեսեք, մենք արդեն ունենք 4 խոշորացված համայնք. Արփի, Աշոցք, Ամասիա և Սարապատը: Այս փուլում խոշորացվում են Մայիսյանի փունջը, մյուսը՝ Ախուրյանի և Անիի փնջերը: Բայց ասեմ՝ 122 համայնքից մենք ունենալու ենք մոտ 9 խոշորացված համայնք: Եվ այս պարագայում համայնքները ստանալու են շատ մեծ լիազորություններ, տեղական ինքնակառավարման համակարգն է զարգանալու: Քանի որ բազմաբնակավայր համայնք կունենանք, ապա տվյալ տարածքն ավելի կզարգանա, ավագանիներն ավելի ջանասիրությամբ կպաշտպանեն իրենց համայնքի շահերը, յուրաքանչյուր համայնքում կլինի վարչական ներկայացուցիչ, ովքեր նիստերին կներկայացնեն իրենց համայնքները:

Ձեր գնահատմամբ, առավել վատ վիճակում ո՞ր շրջանն է գտնվում:

— Նախ պետք է սահմանենք՝ ինչ է նշանակում վատ վիճակ: Օրինակ՝ Անիի տարածաշրջանում հիմնականը ոռոգման խնդիրն է, խմելու ջրի խնդիր կա Արթիկի տարածաշրջանում:

Ու ի՞նչ լուծման ուղիներ կարող եք առաջարկել:

— Դրանք երկարաժամկետ ծրագրերին են վերաբերում… Եթե ոռոգման մասին ենք խոսում, ապա Կապսի ջրամբարի կառուցումն էականորեն կարող է լուծել այս խնդիրը: Ունենք մթերման խնդիր: Ազատանի գյուղացիների հետ էի խոսում, մարդիկ ասում են, որ երբ կարտոֆիլի լավ բերք են ստանում, իրացման խնդիր են ունենում: Հյուսիսային հատվածի գյուղերում կաթնամթերքի իրացման խնդիր կա, մեծ շուկաներ դուրս գալու խնդիր կա, փորձում ենք լուծել… Անշուշտ, յուրաքանչյուր համայնք խնդիր կամ խնդիրներ ունի և ասել՝ որն է լավ վիճակում, իսկ որը՝ վատ, ճիշտ կլինի ձեռնպահ մնալ: Ներմարզային անհամաչափություն, իհարկե, կա:

Տարիների ընթացքում, մարզի հրատապ խնդիրների լուծման շրջանակում, պետությունը ահագին գումարներ տրամադրեց համայնքներին՝ մանկապարտեզների կտուրների, դպրոցների մարզադահլիճների կամ մշակույթի տան վերականգնման համարՀիմա, երբ համայնքներում բնակչությունը զգալի պակասել է, այդ շենքերի վիճակն ի՞նչ է լինելու:

— Բավականին կարևոր հարց եք բարձրացնում: Այո, ժամանակին հրատապ ծրագրերով մարզերում միլիարդավոր դրամներ էին գալիս, որն, իրոք, հնարավորություն էր տալիս խնդիրներ լուծելու, բայց այսօր գումարը բավականին պակասել է: Շիրակի մարզում մոտ 300-400 միլիոն պակաս գումար ենք ստացել: Այնպես որ՝ պետք է կարողանանք գումարներն ուղղել հնարավոր ամենամեծ տնտեսական ազդեցություն ունեցող ծրագրերի վրա: Մշակույթի տուն, մանկապարտեզի պատուհան, իհարկե, կարևոր են, բայց միգուցե ավելի կարևոր է ստեղծել գյուղերում եկամտի աղբյուրներ, որպեսզի համայնքին ֆինանսական մշտական հոսք ապահովվի և այն կարողանա նշված խնդիրները լուծել: Արդեն երրորդ շաբաթն է, մարզում են գտնվում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Տարածքային զարգացման հիմնադրամի աշխատանքային թիմերը, որոնք շրջում են բոլոր համայնքներում, փորձում են բացահայտել տարածքային զարգացման ծրագրեր, որոնք հնարավորություն կտան համայնքներում տնտեսությունը հզորացնել:

Եթե անկեղծ, Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ նման ծրագրեր կլինեն, որոնք կնպաստեն համայնքի զարգացմանը:

— Ինչո՞ւ ոչ: Ենթադրենք, կունենանք համայնքապատկան մեծ սառնարանային տնտեսություն, որից կարող են օգտվել մի քանի համայնքի բնակչություն: Այդ պահեստը կկարողանա ապահովել անհրաժեշտ խոնավություն ու ջերմաստիճան, ուրեմն արտադրողը կարող է բերքը պահել և սեզոնին ոչ թե էժան գնով վաճառել, որ չմնա՝ փչանա, այլ հետո ավելի թանկ գնով վաճառել ու շահել: Եթե համայնքներում կարողանանք ստեղծել ջերմոցային տնտեսություններ, ապա թե՛ համայնքի բնակիչը, թե՛ ամբողջ համայնքը կշահի: Նույնը վերաբերում էր նաև սպանդանոցներին: Պետական քաղաքականություն մշակվեց՝ արգելելու մասնավոր մորթը, օրենքի կիրարկման ժամանակահատված էր հատկացված և, երբ Հայաստանում վերանա ոչ սպանդանոցային մորթը, բնականաբար, ուզեն, թե չուզեն, պետք է իրենց անասունին սպանդանոցներում մորթեն:

Իսկ ի՞նչ կարծիքի եք, համայնքների խոշորացման արդյունքում հնարավո՞ր է ֆերմերային կամ կոոպերատիվ տնտեսություններ ստեղծվեն:

— Կոոպերացիան շատ կարևոր է, այն հնարավորություն կտա տնայնագործական գյուղատնտեսությունից անցում կատարել կոմերցիոն գյուղատնտեսությանը: Մեր պրոբլեմներից մեկը նա է, որ հողերը փոքր են, տարբեր մշակաբույսեր են մշակվում, իսկ դա բերում է նրան, որ մեկ հեկտարից ստացած բերքի եկամուտը ցածր է: Եթե մենք կարողանանք խոշորացնել հողերը, այգիները, հոտերը, ապա եկամտաբերությունն ավելի կբարձրանա: Չեմ ասում՝ ստեղծել կոլխոզներ, որովհետև խորհրդային տարիներին այն պարտադրված է եղել, իսկ ահա կոոպերատիվները կամավոր բնույթ են կրում: Եվրոպայում, որ նման համակարգեր ստեղծել են, նաև կոլխոզների բացասական փորձն են հաշվի առել: Իսկ ֆերմերային տնտեսություններ ունենք, դրանք մասնավոր ընկերություններ են: Մեր գյուղատնտեսությունը փոքր է, դրա համար մենք պետք է անցնենք բարձրարժեք գյուղատնտեսության… Եթե, օրինակ, կարողանանք օրգանական կաթնամթերք արտադրենք, ապա եկամուտներն անհամեմատելի կլինեն: Տեսեք, դա արտաքին շուկա դուրս գալու հնարավորություն է տալիս. իմ ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում, մոտ մեկ ամսից Շվեդիայից փորձագետների խումբ կժամանի, որպեսզի այս ոլորտում համագործակցենք, փորձարկենք, կարողանանք օրգանական կաթի մթերման հարցը լուծել: Ինչպես նաև կարևոր է տեսականու փոփոխություն մտցնել, զարգացնել, արտադրանքի տեսքը փոխել, ժամանակները փոխվել են, պահանջներն ու ճաշակները՝ նույնպես:

Շիրակի մարզն ինչո՞վ կարելի է, այսպես ասած՝ հարուստ համարել:

— Մենք հարուստ ենք անասնապահությամբ, կաթնամթերքի, կարտոֆիլի, հացահատիկի արտադրությամբ: Եթե մենք կարողանանք անցում կատարել ավելի բարձրարժեք տնտեսության, ասենք, որտեղ գարի են ցանում, ավելի բարձրարժեք բան ցանել՝ հնդկաձավար, կտավատ, ոլոռ, ոսպ, ապա մարդկանց եկամուտը շատ ավելի բարձր կլինի: Մարդիկ ցանում են, տանջվում, որ անասնակեր ստանան, մինչդեռ, կարելի է ռուսաստաններից էժան գնով անասնակեր գնել, բայց հողատարածքներում բարձրարժեք կուլտուրաներ մշակել: Կարևոր է, իհարկե, ջրարբիացումն ու ոռոգումը, եթե կարողանանք այս խնդիրը լուծել, թռիչքաձև աճ կունենանք:

Պարոն մարզպետ, ինչպե՞ս արտագաղթի դեմն առնել: Շրջելով համայնքներում, բնականաբար, նկատել եք, որ բնակավայրերը սակավամարդ են:

— Ես եղել եմ Մարալիկի տեքստիլ արտադրության ձեռնարկությունում, այ, եթե դա կամ մանվածքային ֆաբրիկան սկսի աշխատել, հարյուրավոր աշխատատեղ կստեղծվի, և մարդիկ չեն արտագաղթի: Եթե մարդն այստեղ աշխատանք ունենա, չի գնա խոպաններ:

Խոսենք հարկահավաքությունից

— Սյս կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 100 միլիոն դրամով ավելի ենք գանձել… Ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ հողի հարկը, գույքի հարկը, վճարված հարկերը ետ գնում են՝ համայնքի կարիքների բավարարման համար: Չվճարողների մեջ ավելի շատ նրանք են, ովքեր չեն ուզում և ոչ թե՝ չեն կարող:

Գյուղացին կարո՞ղ է իրեն պաշտպանված զգալ պետության կողմից, քանի որ երբեմն ֆորսմաժորային իրավիճակներ են ստեղծվում և մարդիկ մնում են պարտք ու տալիքի տակ:

— Միևնույն ժամանակ պետք է հասկանանք, որ պետության բյուջեն անսպառ չէ: Իհարկե, որոշակի խիստ նեղ վիճակում գտնվող մարդկանց պետությունը հնարավորության դեպքում օգնում է:

Եվ վերջին հարցս. Գյումրիին սովորեցի՞ք

— (Ծիծաղում է)… Շատ լավ եմ զգում Գյումրիում: Այնպես չէ, որ Երևանում կյանքն այլ էր՝ էլի աշխատանք-տուն: Հաճախ քայլում եմ փողոցով, մարդիկ նայում են, որը տեղը բերում է, որը մտովի փողկապն է կպցնում, որ պարզի՝ մարզպե՞տն էր, թե չէ: Հայը Հայաստանում որտեղ էլ լինի՝ իրեն խորթ չի զգա:

Ս.ՄԵԽԱԿՅԱՆ