ՀԱՅՐԱՔԱՂԱՔ

Շուտով վերջին պատն էլ կփլուզվի

Ամալյա Ալավերդյանին պատկանող Խանջյան փողոցի 9-րդ շարքի թիվ 24-ի չորս սենյականոց առանձնատան երկու պատն ու խոհանոցն ամբողջությամբ փլուզվել են: Դեպքը տեղի է ունեցել մարտի 29-ի գիշերը: Տունը թեև վթարայնության աստիճան չունի, բայց ամեն վայրկյան փլուզման վտանգը մեծանում է: Ամբողջովին փլուզվել է միջնապատը, իսկ առաստաղի որոշ քարեր, էլեկտրալարերից կախված, մնացել են օդում:

«Գիշերը քնած էինք, ձեներ լսեցի, էդ ձենից արթնացա: Եկա, տեսա, որ մեջտեղի պատը լրիվ փլուզվել է: Գազի գրասենյակից եկան՝ գազը պլոմբեցին, գնացին»,- մեզ հետ զրույցում ասաց Ամալյա Ալավերդյանը:

Փլուզվածը տան խոհանոցն ու սանհանգույցը միմյանցից տարանջատող պատն է եղել: Այժմ Ալավերդյանները չեն կարողանում տան այս հատվածը օգտագործել: Փլուզման հետևանքով վնասվել է բնակարանը գազով սնուցող խողովակը, ինչի պատճառով գազի ներտնային ծառայության գրասենյակը թույլ չի տալիս, որ ընտանիքն օգտվի բնական գազից: «Ասացին, որ վտանգավոր է, մինչև նոր պլան չլինի՝ գազից չենք կարող օգտվել: Հիմա ոչ մի հնարավորություն չունեմ ինչ-որ կերպ գազ ունենալու համար»,- ասում է Ամալյան:

Գումարի բացակայության պատճառով ընտանիքը չի կարողանում հեռացնել փլուզված պատի բեկորները և սկսել վերանորոգման աշխատանքներ: Ընտանիքում թեև երեք անչափահաս երեխա կա, բայց ընտանեկան նպաստ ծրագրի շահառու չեն, քանի որ նշյալ հասցեում այլ մարդիկ կան հաշվառված:

«Էս տան վրա շատ մարդիկ կան գրանցված, ովքեր հիմա Ռուսաստանում են: Մեզ Սոցապից ասում են, որ պետք է իրենք դուրս գան գրանցումից, որ կարողանանք ձեզ նպաստ դասավորել: Ես չգիտեմ իրենց որտեղից գտնեմ, որ այդ գործը անենք: Սա իմ պապիկի տունն է՝ նրա բոլոր երեխաները և թոռների մի մասը գրանցված են այս հասցեում»,- նշում է կինը:

Ընտանիքի հայրը մոտ կես տարի առաջ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, բայց գումար չի ուղարկում: «Մոսկվայում է: Գնացել է, որ ասֆալտ փռի, բայց առողջական խնդիրներ ունի, հիվանդանոցում պառկած է հիմա: Ես էլ չեմ աշխատում… ծնողներս են օգնում, հարևանները, որ ինչ-որ գործ է լինում, գնում, անում, գալիս եմ: Դա ամիսը մի երկու անգամ է պատահում»,- ասում է Ամալյան:

Այն սենյակը, որը դեռ չի փլուզվել, բայց պատրաս է յուրաքանչյուր պահի փլվելու, այժմ միակ կացարանն է, որտեղ մնացել է կինը երեխաների հետ: Նշում է, որ գումար չունի թեկուզ վարձով բնակարան տեղափոխվելու համար: «Ստիպված շարունակելու եմ այստեղ ապրել: Երեխաներիցս մեկին ուղարկել եմ ծնողներիս տուն, այս երկուսն էլ չեն գնում: Հիմա մի սենյակ կա, որը դեռ էսպես չի փլուզվել, բայց ժամանակ առ ժամանակ պատերից քարեր են ընկնում:

Տեղեկացնենք, որ այս ընտանիքը, պարտքերի պատճառով, արդեն մի քանի ամիս է, զրկված է նաև ջրամատակարարումից:

ՆԱՐԵԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ