Գյումրու բժշկական կենտրոնը հերթական նորարարությամբ է հանդես գալիս. այսուհետ կենտրոնում կգործի շուրջօրյա ատամնաբուժական բաժանմունք, որն հագեցած է ատամնաբուժական ժամանակակից բուժսարքավորումներով, փորձառու մասնագետներով: Թե որն է դրա անհրաժեշտությունը, երբ քաղաքում արդեն իսկ գործում են անթիվ ստոմատոլոգիական կենտրոններ, բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեկնաբանում է, որ անձնական փորձից ելնելով է այդ միտքը հղացրել.
— Գիշերով ահավոր ատամացավ ունեցա: Եվ, եթե իմ ընտանիքում ատամնաբույժ մասնագետներ չլինեին (հայրս, քույրս, եղբայրս), պիտի մինչև առավոտ ցավերի մեջ տանջվեի կամ ցավազրկող դեղահաբեր ընդունեի, որոնք ոչ միշտ են օգուտ տալիս: Քավորս ժամանակին մեծահամբավ ատամնաբույժ է եղել, նա նաև բազմաթիվ ատամնաբուժական կենտրոնների հիմնադիր է եղել: Ահագին պատկերացում ունեի այդ մասնագիտությունից: Մյուս կողմից, Հայաստանում այս ճյուղը բավական մեծ զարգացում ունի, ինչի վառ ապացույցն այն է, որ աշխարհի տարբեր կողմերից գալիս են՝ այստեղ բուժում անցնելու: Իսկ վերջերս նաև մոդայիկ դարձած բժշկական տուրիզմն է մեծ թափով զարգանում. գալիս են զբոսաշրջիկներ՝ ատամները բուժելու, իմպլանտներ դնելու: Իհարկե, նաև գնային տեսանկյունից՝ մատչելի է: Ու ես հասկացա, որ տարիներ շարունակ մենք մի բաց ունենք. գիշերային ժամի սպասարկում:
Լինելով երկրի երկրորդ քաղաքը, ունենալով բազմապրոֆիլ, բուժտեխնիկայով հագեցած հիվանդանոց, ունենալով դիմածնոտային վիրաբույժ, մենք ատամացավով հիվանդին օգնության ձեռք չենք կարող մեկնել գիշերը: Պատկերացրեք, օտարազգին մեզ հյուր է եկել, բարձրակարգ հյուրանոցում է մնում ու հանկարծ գիշերը ատամնացավ է ունենում: Ի՞նչ պետք է անի այս մարդը. առողջության ապահովագրություն էլ ունի, բայց հրատապ, անկանխատեսելի ցավը վրա է հասել ու չգիտի ինչ անի: Այս մտահոգություններն իրականություն դարձնելու համար էլ ֆինանսական ներդրում էր պահանջվում, իսկ մեր հիվանդանոցն ինքնուրույն իրականացնելու հնարավորություն չուներ: Մի քանի տարի առաջ ծանոթացել էի «Գևորգյանց» բարեգործական հիմնադրամի հետ: Գևորգյանց եղբայրները բերել էին բարձրակարգ ստոմատոլոգիական սարքավորումներ: Դիմեցի նրանց, նրանք էլ մեծ հաճույքով այդ սարքավորումները տրամադրեցին մեր հիվանդանոցին: Նաև շնորհակալություն Առողջապահության նախարարությանը, որ մեզ ընդառաջեց, լիցենզիա տվեց, թույլ տվեց այդ գործունեությունը ծավալելու: Մեր այս փորձը ցուցանիշ կհանդիսանա, որպեսզի մյուս քաղաքներում ևս մտածեն շուրջօրյա ատամնաբուժական կենտրոններ հիմնել: Մենք բացի մեծահասակների համար, նաև մանկական բժիշկներ ենք համալրում, որովհետև սա ևս մեծ խնդիր էր:
Գյումրու բժշկական կենտրոնի նորաբաց Ատամնաբուժական մասնաճյուղի պատասխանատու, ընտանեական բժիշկ-ստոմատոլոգ Դավիթ Մելքոնյանը ներակայացնում է, թե ինչպիսի ծառայություններ են մատուցում. ատամների իմպլանտացիա, սպիտակեցում, ատամնաքարերի հեռացում, մազանոթային բարդ վիրաբուժական միջամտություններ, անհամաչափ ատամնաշարերի շտկում, ժամանակակից ռենտգեն ախտորոշում: Այսինքն, ատամնաբուժական ծառայությունների ողջ հնարավորություններն այստեղ կան, դրան ավելացրած, բարդ դեպքերում, նաև ամբուլատոր, ստացիոնար ծառայություն:
— Մոտ 10 տարի մեր քաղաքում շուրջօրյա ատամնաբուժական ծառայություն չի եղել: Սա լավ նորություն է Գյումրու բնակչության համար, ինչու չէ, նաև հյուրերի, քանզի ատամնացավն այն եզակիներից է, որ չգիտես որ պահին, ու ինչ պատճառով կարող է սկսվել, առավել ևս տարածված է, որ հատկապես գիշերներն են այս ցավերը բռնում: Այլևս բարդությունների դեպքում կարիք չի լինի մեկնելու Երևան, քանզի տեղում ամեն հնարավորություն ստեղծված է: Հերթապահություններն իրականացնում են 4 բժիշկ:
Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, Արմեն Իսահակյանը նշում է.
— Տեղում գործող ստոմատոլոգիական կլինիկաների հետ համեմատած, գնային սանդղակը շատ չի տարբերվում: Նախ, բանն այն է, որ բարձր որակ ապահովելու համար բարձրակարգ մոտեցումներ են պահանջվում ու համարժեք դեղեր: Կախված, թե ինչ նյութեր են օգտագործվում, ենթադրում է նաև ծառայության արժեքը: Գոնե նյութերի մինիմում արժեքների հաշվարկումն արդեն գնագոյացման հիմքն են հանդիսանում: Գևորգյանց եղբայրները բավական մեծ գործ են արել, որպեսզի մենք հնարավորություն ունենանք լայնածավալ ծառայություն մատուցել ազգաբնակչությանը: Այս պահին դեռ չենք կարող անվճար ծառայության մասին որևէ բան ասել, սակայն կարծում ենք հետագայում նման ակցիաներ ևս հնարավոր կլինեն իրականացնել: