ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Շրջապատը» 15 տարեկան է

Առաջին պահից թվում է, թե շաբաթաթերթի 15-ամյա «պատանեկան» կյանքն այնքան էլ երկար չէ, բայց ինչպես ժողովրդական խոսքը կասեր. «Քաշողը գիտի, աշողն ի՞նչ իմանա»…

Սկիզբ

2004թ. մայիսի 19-ին լույս տեսավ «Շրջապատ» շաբաթաթերթի 1-ին համարը: Ի դեպ, երբ Արդարադատության նախարարությունում պետք է գրանցեինք թերթի անունը, զարմացած հարցրեցին՝ «Ինչո՞ւ «Շրջապատ»: Կատակեցինք. «Դե, ախպերությունը, իմա՝ մեր շրջապատը մեծ է»: Մեր ընկերները եկան, շնորհավորեցին, աչքալույս տվեցին, «կանաչ ճանապարհ» մաղթեցին: Բայց, այսպես ասած, չուզողներ էլ եղան. ԶԼՄ դաշտից մեր ընկերն ասաց. «Երկար չեք դիմանա. շատ-շատ կես տարի», հայտնի հեռուստամեկնաբաններից մեկն էլ ասաց. «Էդ թերթը շուտով կփակվի»… Բայց, մենք արդեն 15 տարեկան ենք…

Հենց սկզբից էլ որոշել էինք, որ թերթը բազմաժանր է լինելու: Տարբեր խորագրեր են եղել, որոնց մեծ մասը երկար ժամանակ շարունակվել է, որոշներն էլ ժամանակի ընթացքում փոխվել են: Առաջին էջի գունավորումը մի քանի անգամ փոխվել է՝ տարբեր պատճառներով, իսկ լիագույն տպագրելու հնարավորություն չկար: Սակայն, երբ հնարավորություն եղավ, առաջին էջը լիագույն տպագրեցինք, և դա Գյումրիում առաջին գունավոր թերթն էր: Հետագայում թերթի դիզայնը միշտ թարմացվել է, նորացվել: Ի դեպ, բազմաթիվ միջազգային սեմինարների մասնակցելիս, փորձագետների կողմից թերթի դիզայնը բարձր է գնահատվել:

«Շրջապատի» 16 էջերում մշտապես տեղ են գտել քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, մարզական հոդվածներ ու վերլուծություններ, հոգեբանի ու իրավաբանի խորհրդատվություններ: Ժամանցային էջերում զետեղվել են զանազան հոգեբանական թեստեր, ինտելեկտուալ խաղեր, մրցույթներ, օգտակար խորհուրդներ, առեղծվածային բնույթի հոդվածներ, անցյալը պատմող ու բացահայտող նյութեր, գուշակություններ, խաչբառեր, հայտարարություններ և այլն (հնարավոր չէ բոլորը թվարկել):  Թերթում նաև էջ տրամադրվեց երիտասարդ ստեղծագործողներին:

Նամակներ մեզ հղվեցին, այդպիսով սկիզբ դրվեց «Լայն փակված աչքերով» խորագիրը կրող մշտական էջին: Նամակները բերում էին, գաղտնի ներս գցում, փոխանցում էին ուրիշների միջոցով, փոստով էինք ստանում, ապա՝ էլեկտրոնային: Շատերը գալիս էին խմբագրություն, պատմում իրենց կյանքի, սիրո, ապրումների մասին: Եվ այդ ամենը շուրջ 13 տարի անանուն հրապարակվեցին «Շրջապատում»: Այս ամենի կողքին դարձյալ ու դարձյալ բարձրաձայնում էինք առկա խնդիրները, գնում բողոքների հետքերով, հարցեր բարձրաձայնում տեղական ու կենտրոնական իշխանությունների մոտ:

Համահունչ հայաստանյան կյանքին, երկրում տիրող իրավիճակներին և, որ ամենակարևորն է, մեր սկզբունքայնությանը հավատարիմ մնալով, թերթում տեղ գտան իշխանություններին քննադատող հոդվածները, արդյունքում՝ «Շրջապատը» դասվեց ընդդիմադիր ԶԼՄ-ների շարքում:

2005 թվականին Երևանի մամլո ակումբի, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորյան գրասենյակի և Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի անցկացրած մոնիտորինգի արդյունքներով, մարզային թերթերից «Շրջապատ» շաբաթաթերթը ճանաչվեց հավասարակշիռ, անկողմնակալ, չեզոք, բազմակարծիք լրատվամիջոց:

Իսկ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո IREX ամերիկյան կազմակերպության կողմից արժանացանք պատվոգրի՝ «Ընտրությունները պրոֆեսիոնալ լուսաբանման համար»:

Մենք ևս կարող էինք ու ենք՝ սկանդալային շոուներ սարքել, բայց հարիր չենք գտել, գուցե դա սխալ է, բայց գտել ենք, որ առանց այն էլ լարված կյանք է, ինչո՞ւ «կրակին յուղ ավելացնել»:

 

2008 թվական

2007թ. «Շրջապատի» համարներից մեկի առաջին էջում տպագրվեց մեր քաղաքական մեկնաբան Համլետ Կիրակոսյանի «Երբ է խոսելու Լևոն Տեր-Պետրոսյանը» վերտառությամբ հոդվածը… Այդ ժամանակ ի՞նչ իմանայինք, որ այդ արտահայտությունը մարգարեական է լինելու և որոշ ժամանակ անց Առաջին նախագահը խոսելու է, ու սկսվելու է համաժողովրդական շարժում, իսկ 2008-ին արդեն Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահի թեկանածու է առաջադրվելու: Թերթն արդեն ոչ միայն իշխանությունների, այլ նաև ընթերցողների կողմից ընդդիմադիր ընկալվեց: Մենք պահում էինք մեր սկզբունքայնությունը ու մնում անաչառ, բազմակողմանի, հավասարակշռված լրատվամիջոց՝ մյուս քաղաքական ուժերին նույնպես հարթակ տրամադրելով:

2008-ի նախընտրական թոհուբոհի շրջանում թերթում տպագրվեցին քննադատական հոդվածներ, լուսաբանվեցին դեպքերն ու իրողությունները, ընդդիմության ցույցերը: Եղավ Մարտի 1… Հայտարարվեց արտակարգ դրություն: Խմբագրություն այցելեցին ԱԱԾ-ի աշխատակիցները: Հորդորեցին, որ տպագրենք միմիայն պաշտոնական տեղեկություններ: Բայց մենք ոչ թե վախեցանք այդ «այցելուներից», այլ գիտեինք, որ խմբագրություն այցելողը տպարան էլ կայցելի ու, միևնույն է, չեն թողնելու տվյալ համարը լույս տեսնի: Այդ շրջանում թերթի էջերից սկսեցին պակասել գովազդները, որոշ հաստատություններ, բաժանորդներ հրաժարվեցին բաժանորդագրությունից (հատկապես այն հաստատությունները, որոնց ղեկավարներն իշխող կուսակցության ներկայացուցիչներ էին)… Ինչո՞ւ… Ենթադրությունները թողնում ենք Ձեզ:

 

«Նիկոլ, դու մեզ մի տպաքանակ թերթ ես պարտք»

Մի դեպք պատմեմ. երբ Նիկոլ Փաշինյանը՝ գտնվելով անազատության մեջ, Ազգային Ժողովի պատգամավորի թեկնածություն էր առաջադրել, «Շրջապատում» հոդված տպագրվեց՝ առաջին էջում Նիկոլի լուսանկարով: Թերթի տարածումից հետո մարդիկ սկսեցին զանգել խմբագրություն, թե «Շրջապատ» քաղաքում չկա… Պարզվեց, որ Նիկոլի լուսանկարի համար թերթավաճառները վախենում էին թերթը վաճառել ու պահել էին կամ «տակից էին տալիս»: Դրանից հետո կատակով ասում էինք. «Նիկոլ, դու մեզ մի տպաքանակ թերթ ես պարտք» (պարոն Վարչապետ, մինչ օրս ուժի մեջ է):

«Շրջապատին» փորձել են վախեցնել, բայց վախեցող չկար: Փորձել են գնել, բայց վաճառվող չկար: Փորձել են վերագրել որևէ կուսակցության, բայց մենք անկուսակցական ենք: Փորձել են որևէ անձի հովանավորություն կպցնել, բայց չի կպել: Մենք մնացել ենք նույն սկզբունքայինները: «Շրջապատը» երբեք չի ֆինանսավորվել որևէ մի քաղաքական ուժի կողմից, որևէ կրոնական կազմակերպության կողմից, որևէ օլիգարխի գրպանից, անգամ պետական աջակցություն չի ստացել, այն դեպքում, երբ Մշակույթի նախարարությունը սուբսիդավորում էր հայաստանյան մի շարք թերթերի: Հայաստանում մատների վրա կարելի է հաշվել ինքնաֆինանսավորվող մամուլ, և հպարտ ենք, որ դրանցից մեկը մենք ենք:

2007 թվականին մասնակցել ենք «Եվրասիա համագործակցության հիմնադրամի» կողմից հայտարարված «Մարզային տպագիր մամուլի զարգացման» դրամաշնորհային ծրագրին և շահել դրամաշնորհ, որի իրականացման մեր գործունեության մասին, որպես հաջողության պատմություն, զետեղվեց «Եվրասիա ֆոնդի» կայքում:

2012 թվականին՝ ՀՀ ԱԺ ընտրություններին ընդառաջ, «Շրջապատը» մասնակցել է ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրին, որը նույնպես հաջողությամբ իրականացրել է՝ թողարկելով «ԱԺ ընտրություններ-2012 անվճար հավելվածը»:

Շատ դժվարությունների միջով ենք անցել, տուժվել ֆինանսապես, շատերի նման վարկերով կարողացել ենք թերթ պահել: Օր ու գիշեր աշխատել ենք, աշխատակազմ պահել:

15 տարիները գնացել են մեր կյանքից՝ լավ, թե վատ առումով: Թերթը հրատարակվել է առանց ընդհատումների, բացառությամբ Թավշյա հեղափոխության ժամանակ, երբ մենք, որպես ՀՀ հպարտ քաղաքացիներ՝ լսելով Նիկոլ Փաշինյանի կոչը, մեկշաբաթյա գործադուլ հայտարարեցինք:

 

Երախտագիտություն

Ի սրտե երախտագիտություն ենք հայտնում մեր բոլոր ընթերցողներին, մեզ վստահողներին, մեր լավն ուզողներին ու չուզողներին: Ներողություն ենք հայտնում, եթե ինչ-որ տեղ, ինչ-որ բան, ինչ-որ մեկի սրտով չի եղել:

Երախտագիտություն ենք հայտնում բոլոր լրագրողներին, թղթակցողներին, հրապարակախոսներին, քաղաքագետներին, վերլուծաբաններին, ովքեր թեկուզ մեկ հոդվածով տպագրվել են «Շրջապատում». Համլետ Կիրակոսյան, Աշոտ Գոմցյան, Սամվել Հունանյան, Արթուր Օգանեզով, Վարդուհի Գևորգյան, Լեւոն Բարսեղյան, Վաղարշակ Նախշքարյան, Անահիտ Կարապետյան, Մարինե Պետրոսյան, Անժելա Ճղրիկյան, Թաթուլ Հակոբյան, Շուշան Խաչատրյան, Աննա Մարտիկյան, Աննման Մինասյան, Սոնա Առաքելյան, Գուրգեն Ենգոյան, Լիլիթ Թովմասյան, Յուլիա Գրիգորյան, Նաիրա Գրիգ… Ինչպես նաեւ շնորհակալություն ֆեյսբուքյան բոլոր այն օգտատերերին, որոնց գրառումները տեղ են գտել «Շրջապատի» էջերում:

Հ.Գ. 15 տարիների ընթացքում «Շրջապատը» տեղական ու միջազգային տարբեր կառույցների կողմից արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Շնորհակալություն բոլորին:

 

ՍՅՈՒԶԻ ՄԵԽԱԿՅԱՆ

«Շրջապատ» շաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն