ՀԱՅՐԱՔԱՂԱՔ | ՄՇԱԿՈՒՅԹ

«Ոսկե Ծիրանը» կհյուրընկալվի Գյումրիում

Հուլիսի 8-ին Երևանում կանցկացվի «Ոսկե Ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս կինոսիրահարները հնարավորություն կունենան մի քանի օր շարունակ վայելել բազմաժանր ֆիլմեր, ինչպես նաև հնարավորություն կունենան հանդիպելու, տեսնելու հայտնի կինոռեժիսորների, դերասանների: Ավելի վաղ կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանն ասել էր. «…Աշխարհի մեծագույն ռեժիսորներ՝ օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ են գալու Հայաստան։ Մեծագույն ռեժիսորներ, որ գիտեն՝ մեր հոբելյանն է, ցանկություն են հայտնել ներկա լինել մեր հոբելյանին»:

«Ոսկե Ծիրանի» ծրագրերի պատասխանատու Միքայել Ստամբոլցյանն էլ ընդգծել էր փառատոնի հաջողության երաշխիք հանդիսացող երկու հիմնական հանգամանք՝ ծրագրերի մակարդակը և հրավիրված ժյուրին։ «Այս տարի կարող ենք հպարտանալ, որ լավ ժյուրի է հավաքվել։ Խաղարկային ֆիլմերի ժյուրին գլխավորելու է Ասղար Ֆարհադին, նրա մի օսկարակիր ֆիլմը՝ «Նադերի և Սիմինի ամուսնալուծությունը», մինչև «Օսկար» ստանալը «Ոսկե Ծիրան» է ստացել։ Այս տարի Կաննի փառատոնն էլ բացվեց այդ ֆիլմով։ Լարի Սմիթն է մեկ այլ կարևոր դեմք. մի շարք այլ անվանի ռեժիսորների հետ հուսով ենք նա էլ վարպետության դաս կանցկացնի»,- ասել էր նա։

Հանձնաժողովի կազմում են նաև Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ֆրանսահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանը։

Վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը, ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշևը, Լիտվայից ռեժիսոր և պրոդյուսեր Աուդրյուս Սթոնիսը, ռեժիսոր և պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը, Ֆրանսիայից կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը:

Բայց մեր նպատակը ոչ թե կինոփառատոնի Երևանում կայանալու ավետիս հայտնելն էր, այլ` հուլիսի 10-ից, 3 օր շարունակ, 3-ական սեանսներով «Ոսկե Ծիրանը» կհյուրընկալվի Գյումրիում՝ ԱՊՀ երկրների կինոծրագրով, որը կներկայացնի ԱՊՀ երկրների վերջին տարիներին ստեղծված լավագույն 20 ֆիլմերը: Ցուցադրություններում ընդգրկված են 12 խաղարկային, 6  վավերագրական, և 2 կարճամետրաժ ֆիլմեր:

Գյումրիում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի «ԱՊՀ երկրների կինոծրագրի» կազմակերպիչն է ռեժիսոր ՂԱՐԻԲ ՂԱԶԱՐՅԱՆԸ:

Պարոն Ղազարյան, այս ի՞նչ լավ նորություն եք բերում Գյումրի:

— Այո, այս տարիների ընթացքում սա առաջին անգամն է, որ Գյումրիում անցկացվում է նման միջոցառում: Ճիշտ է, 2013թ. փորձ արվել է, սակայն, անհաջող փորձ է եղել: Ինձ զանգեց իմ վաղեմի ընկեր, կինոփառատոնի համահիմնադիր, ՀՀ կինոմիության նախագահ Հարություն Խաչատրյանը և առաջարկեց ղեկավարել կազմակերպչական աշխատանքները: Ի դեպ, մի լավ լուր հայտնեմ, կինոմիության վերջերս վերանորոգված կինոդահլիճում ցուցադրեցին Սերգեյ Փարաջանովի՝ Մարտին Սկորսեզիի կինոստուդիայում վերականգնված թվային ֆիլմը:

Եվ ի՞նչ է սպասվում մշակութասեր հասարակությանը:

— Նախ՝ հուլիսի 3-ին քաղաքապետարանում ասուլիսով հանդես կգանք: Մարզպետի ու քաղաքապետի հետ հանդիպումներ ու պայմանավորվածություններ արդեն եղել են: Եվ նույն ու մնացյալ 3 օրերին, 3-ական սեանսներով ոչ խաղարկային և խաղարկային ֆիլմերն են ցուցադրվելու, բացառապես ԱՊՀ երկրների վերջին տարիներին նկարահանած լավագույն 20 ֆիլմերը: Բացի այս, մի լավ նորություն էլ ունեմ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի իմ 4 ուսանողների դիպլոմային հիանալի աշխատանքները փառատոնի շրջանակում ևս կցուցադրվեն, իհարկե, ոչ մրցութային կարգով, սակայն մասնակցությունն արդեն մեծ երաշխիք է, որ ապագա ռեժիսորներն արդեն ասելիք ունեն կինոարվեստում:

Այսպիսով. Գյումրիում «ԱՊՀ երկրների կինոծրագիրը» կմեկնարկի հուլիսի 10-ին, ժամը՝ 18:00-ին «Հոկտեմբեր» կինոթատրոնում: Բացման հանդիսավոր արարողությունից հետո կցուցադրվի 2 ֆիլմ «Իրական Կուբան» և «Հայաստանի հնագույն տաճարները» ֆիլմերը (ռեժիսոր Ստաս Նամին, Ռուսաստան): Հաջորդող օրերին կցուցադրվեն Ռուսաստանի, Բելառուսի, Մոլդովայի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի ֆիլմերը: Ծրագրի շրջանակներում Գյումրի կժամանեն ճանաչված կինոռեժիսորներ, պրոդյուսերներ, կինոգետներ և լրագրողներ՝ իրենց երկրների ֆիլմերը ներկայացնելու համար: